Այս հոդվածում

  • Ախտանիշներ
  • Պատճառներ
  • Բուժում
  • Կանխարգելում
  • Ե՞րբ դիմել բժշկի

Բրոնխիոլիտը թոքերի ինֆեկցիա է, որը սովորաբար առաջանում է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի (RSV) հետևանքով, այն ձեր երեխայի թոքերի մանր շնչառական խողովակներում առաջացնում է այտուցվածություն և լորձի արտադրություն: Վարակն առավել տարածված է ձմռան ընթացքում և սովորաբար ավելի հաճախ հանդիպում է մինչև երկու տարեկան երեխաների մոտ: Ախտանիշները կարող են տևել օրերից շաբաթներ, բայց երեխաների մեծամասնությունը լավանում է տնային պայմաններում:

Ախտանիշներ

Ձեր երեխայի վարակվելուց հետո պահանջվում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի ախտանիշները սկսեն ի հայտ գալ: Սա հայտնի է, որպես ինկուբացիոն շրջան: Հոսացող և/կամ լցված քթից, մեղմ հազից և 38 աստիճան կամ ավելի բարձր ջերմությունից հետո, առաջիկա մի քանի օրվա ընթացքում ձեր երեխայի հազը կվատանա և կդառնա ավելի տանջող բնույթի:

Երեխայի մոտ կդիտվեն նաև ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային վարակի (RSV) այլ ախտանիշներ, ինչպիսիք են` նեղացած շնչուղիները և դժվարացած շնչառությունը, ներառյալ 15-20 վայրկյան տևող շնչառական դադարներ: Շնչառության դժվարությունները կարող են հանգեցնել կերակրման հետ կապված խնդիրների և ջրազրկման: Հազը կարող է տևել երկու շաբաթ կամ ավելի երկար, իսկ սուլող շնչառությունը սովորաբար տևում է շուրջ մեկ շաբաթ:

Դուք պետք է այցելեք ձեր բժշկին, եթե ձեր երեխան ունի դժվարացած շնչառություն, հատկապես եթե ձեր երեխան փոքր է 12 ամսականից և/կամ անհաս ծնված երեխա է:

Ինչպե՞ս ճանաչել դժվարացած շնչառությունը

  • Երեխայի շնչառության հաճախականությունը րոպեում 60-ից 80 շնչառական ակտից ավելի արագ է:
  • Կողոսկրների արանքի կամ պարանոցի հիմքում ընկած մկանները շարժվում են ներս և դուրս (կոչվում են ներքաշումներ):
  • Շնչելիս երեխայի քթանցքները լայնանում և նեղանում են:

Պատճառներ

Սովորաբար բրոնխիոլիտը տարածվում է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս կրող անձանց արտազատուկների միջոցով: Երեխան կարող է վարակվել նաև բրոնխիոլիտով մեկ այլ նորածին երեխայից կամ վերջերս մրսածություն ունեցած մեկ այլ մեծահասակի հետ շփումից: Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով վարակվում է երկուսից երեք տարեկան հասակի գրեթե յուրաքանչյուր երեխա, բայց բրոնխիոլիտ առաջացնում են նաև այլ վիրուսներ, օրինակ՝ գրիպի վիրուսը և ադենովիրուսը:

Բրոնխիոլիտի զարգացման ռիսկը ձեր երեխայի մոտ կարող են մեծացնել որոշակի գործոններ: Դրանցից են՝

  • Երեք ամսականից փոքր երեխաներ` անբավարար իմունային համակարգի պատճառով
  • Անհաս ծնվածներ
  • Ամբոխի, հիվանդ հարազատների և երեխաների հետ շփում
  • Խաթարված իմուն համակարգ
  • Կրծքով չկերակրվող երեխաներ (քանի որ կրծքի կաթն ապահովում է հիվանդությունների դեմ իմունիտետի ստեղծումը)
  • Հիմքում ընկած որևէ խնդիր, օրինակ՝ թոքերի կամ սրտի հիվանդություններ
  • Ծխախոտի ծխի ազդեցությանը ենթարկված երեխաներ

2-ից 12 ամսական երեխաների մոտ բրոնխիոլիտն ավելի հաճախ է զարգանում: Ավելի մեծ տարիքի երեխաները նույնպես կարող են ձեռք բերել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային վարակ, բայց սովորաբար նրանց մոտ չի զարգանում բրոնխիոլիտ, փոխարենը ի հայտ են գալիս մրսածության նմանվող ախտանիշներ, ինչպիսիք են՝ քթահոսությունն ու հազը:

Բուժում

Չնայած նրան, որ բրոնխիոլիտի համար բուժում գոյություն չունի, այնուամենայնիվ, որոշ երեխաներին կարող է օգնել որոշ լուծույթով նեբուլայզերով շնչառական բուժումը։

Ձեր երեխային հանգստացնելու համար կարող եք նրան տալ ցավազրկող և ջերմիջեցնող դեղորայք, ինչպես նաև համոզվեք, որ երեխան ստանում է բավարար քանակությամբ հեղուկներ: Կարող եք նաև օգտագործել խոնավացուցիչ, կատարել քթի աղային կաթիլների հաճախակի ներփչումներ` քթի այտուցը նվազեցնելու նպատակով:

Հակաբիոտիկները բրոնխիոլիտի դեմ անարդյունավետ են, քանի որ հիվանդությունը պայմանավորված է վիրուսներով, իսկ այդ դեղերը ազդում են միայն բակտերիաների վրա: Ձեր բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ, եթե ձեր երեխայի մոտ զարգանա երկրորդային բակտերիալ վարակ, օրինակ՝ ականջի բորբոքում (հաճախ) կամ թոքաբորբ (հազվադեպ):

Որոշ մասնագետներ վիճարկում են կորտիկոստերոիդների օգտագործման արդյունավետությունը, որպես բրոնխիոլիտի բուժում, բայց դրանք կարող են օգտագործվել, եթե ձեր երեխան ունի նաև ասթմա կամ շնչուղիների ռեակտիվ հիվանդություն:

Որոշ երկրներում օրինակ՝ ԱՄՆ Սննդամթերքի և Դեղերի վարչությունը խստորեն խորհուրդ է տալիս երկու տարեկանից փոքր երեխաների դեպքում չօգտագործել հակաայտուցային և հազը ճնշող դեղամիջոցներ՝ կապված դրանց ծանր կողմնակի բարդությունների առաջացման, ներառյալ շնչառության դանդաղեցման հետ:

Կանխարգելում

Ձեռքերի հաճախակի լվացումը, ձեր տան մակերեսները մաքուր պահելը (հատկապես այն մակերեսները, որոնց դիպչել են հիվանդ մարդիկ) և այլ հիվանդ մարդկանցից խուսափելը կարող է նվազեցնել այս տարածված վիրուսով ձեր երեխայի հիվանդանալու հավանականությունը: Պետք է առանձնահատուկ ուշադիր լինեք և հեռու մնաք նույնիսկ մրսածություն ունեցող որևէ մեկից, հատկապես ձեր երեխայի կյանքի առաջին երկու ամիսների ընթացքում, մանավանդ, եթե երեխան ծնվել է անհաս, քանի որ անհաս երեխաների մոտ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով վարակվելու և լուրջ բրոնխիոլիտ զարգացնելու հավանականությունն ավելի մեծ է:

Գրիպի վիրուսը կարող է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի նման առաջացնել բրոնխիոլիտի կլինիկական պատկեր, ի հավելում ավելի ավանդական գրիպի պատկերի: Այսպիսով, եթե ձեր երեխան 6 ամսական է կամ ավելի մեծ, մտածեք գրիպի դեմ պատվաստանյութ ստանալու մասին, ինչը կարող է օգնել կանխել բրոնխիոլիտի զարգացումը: Հիշեք նաև, որ շնչառական վարակները այնքան էլ տարածված չեն կրծքով կերակրվող երեխաների շրջանում:

Գոյություն ունի կանխարգելիչ դեղամիջոց / օրինակ ԱՄՆ-ում առկա է /, որը կոչվում է Synagis (palivizumab/պալիվիզումաբ), որը տրվում է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի պիկ սեզոնի ընթացքում, ամիսը մեկ անգամ ներարկման տեսքով, անհաս երեխաների կամ բարդությունների ռիսկ ունեցող երեխաների (թոքերի և սրտի հիվանդություններ ունեցող) մոտ բրոնխիոլիտը կանխարգելելու համար:

Ե՞րբ դիմել բժշկի

Եթե ձեր երեխան բուժվում է տանը, բայց երկար ժամանակ հրաժարվում է ուտելուց և/կամ խմելուց, չի միզում սովորական հաճախականությամբ, կամ հազալիս փսխում է, անհապաղ զանգահարեք ձեր բժշկին: Կապվեք ձեր բժշկի հետ, եթե ձեր երեխան ունի տենդ՝ 38 աստիճան կամ ավելի բարձր ջերմություն, մանավանդ, եթե երեխան երեք ամսականից փոքր է:

Մինչդեռ բրոնխիոլիտ ունեցող երեխաներից շատերը կարող են բուժվել տանը, սակայն շուրջ 3%-ի դեպքում հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջանում՝ հետագա բուժման և վերահսկողության նպատակով: Եթե ձեր երեխան ունի ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային վարակ և նրա վիճակը, կարծես թե, վատթարանում է, ապա դուք պետք է անմիջապես դիմեք շտապ օգնություն:

Հիվանդանոցում բուժումը ներառում է՝ լրացուցիչ թթվածին, ներերակային (ն/ե) հեղուկների ներմուծում, եթե իհարկե կա դրա անհրաժեշտությունը, կրծքավանդակի ֆիզիոթերապիա և ավելցուկային լորձի և խորխի հաճախակի արտածծում: Երբեմն, ծանր դժվարաշնչություն ունեցող երեխաներին կարող է անհրաժեշտ լինել ինտուբացնել և շնչառությունը ապահովել արհեստական շնչառական սարքի օգնությամբ։

Ձեր երեխան պետք է մեկուսացվի ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը ուրիշներին փոխանցելուց խուսափելու համար, ինչը նշանակում է, որ երեխայի քույր-եղբայրները և ընկերները չեն կարողանա այցելել իրեն (բայց դուք կարող եք):

Ե՞րբ զանգել շտապ օգնություն

Զանգեք շտապ օգնություն, եթե դիտվում է հետևյալներից որևէ մեկը՝

  • Արագացած շնչառություն (րոպեում ավելի քան 60 շնչական ակտ)
  • Շնչառության ընթացքում արտահայտված դադարներ
  • Երեխայի մաշկի կապույտ երանգավորում (ցիանոզ)
  • 38-ից բարձր տենդ
  • Երեխան դժվարանում է շնչել կամ աղմկոտ թ շնչում
  • Հազ փսխմամբ
  • Շնչելու անկարողություն
  • Կրծքավանդակի շրջանում ներքաշումներ