Ակնարկ Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի մասին

Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշը սովորաբար դիտարվկում է որպես բազմաձև էրիթեմայի ծանր ձև, որն էլ իր հերթին հանդիսանում է դեղորայքի (ներառյալ` առանց դեղատոմսի բաց թողնվող դեղորայք) կամ ինֆեկցիաների (օրինակ՝ հերպես կամ Mycoplasma pneumonia-ի կողմից հարուցված քայլող թոքաբորբ) նկատմամբ գերզգայունության ռեակցիայի տեսակ։

Այլ մասնագետներ Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշը համարում են որպես բազմաձև էրիթեմայից առանձին ձև, որը նրանք փոխարենը բաժանում են փոքր և մեծ բազմաձև էրիթեմա ձևերի:

Որպեսզի իրերն ավելի շփոթեցնող դարձնենք, նշենք, որ կա նաև Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի ծանր ձև՝ տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ, որը նաև հայտնի է որպես Լայելի համախտանիշ:

Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ

1922 թ.-ին երկու մանկաբույժներ՝ Ալբերտ Մեյսոն Ստիվենսը և Ֆրենկ Չամբլիս Ջոնսոնը առաջին անգամ նկարագրեցին Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշը: Այս համախտանիշը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ կյանքի համար և առաջացնել ծանր ախտանիշներ, ինչպիսիք են՝ երեխայի մաշկին մեծ բշտիկների առաջացումը և մաշկի պլոկվելը:

Դժբախտաբար, Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ 10%-ը և տոքսիկ վերմաշկային նեկրոլիզիսով մարդկանց 40-50%-ն ունենում են այնպիսի ծանր ախտանիշներ, որոնք չեն վերականգնվում:

Այս համախտանիշը կարող է զարգանալ ցանկացած տարիքի երեխաների և մեծահասակների մոտ: Հատկապես ռիսկը բարձր է խանգարված իմունային համակարգ ունեցող անձանց մոտ, օրինակ՝ ՄԻԱՎ վարակակիրների:

Ախտանշաններ

Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշն, ընդհանուր առմամբ սկսվում է գրիպի նմանվող ախտանիշներով, ինչպիսիք են տենդը, կոկորդի ցավը և հազը: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում, այս համախտանիշով երեխայի մոտ զարգանում է՝

  • Շուրթերին, այտերի ներսային մակերեսին (թշային լորձաթաղանթ) և աչքերում այրոցի զգացողություն:
  • Հարթ կարմիր ցանավորում, որը կարող է ունենալ մուգ կենտրոն կամ վերածվել բշտիկների:
  • Դեմքի, կոպերի և/կամ լեզվի այտուցվածություն:
  • Կարմիր, արյունոտ աչքեր:
  • Լույսի նկատմամբ զգայունություն (ֆոտոֆոբիա):
  • Ցավոտ խոցեր կամ էրոզիաներ բերանի, քթի, աչքերի և սեռական օրգանների լորձաթաղանթում, որոնք կարող են վերածվել կեղևի :

Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի բարդությունները ներառում են՝ եղջերաթաղանթի խոցոտում և կուրություն, թոքաբորբ, միոկարդիտ, հեպատիտ, հեմատուրիա, երիկամային անբավարարություն և սեպսիս:

Նիկոլսկու դրական ախտանիշի առկայությունը, որի դեպքում երեխայի մաշկի վերին շերտերը տրորելիս վերջինս պլոկվում է, նշանակում է, որ գործ ունենք Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի ծանր ձևի հետ, կամ վկայում է այն մասին, որ համախտանիշը վերածվել է տոքսիկ վերմաշկային նեկրոլիզի:

Տոքսիկ վերմաշկային նեկրոլիզ ախտորոշում դրվում է նաև, եթե երեխայի մոտ առկա է մաշկի ավելի քան 30%-ի պլոկվածություն:

Պատճառներ

Չնայած նրան, որ ավելի քան 200 դեղամիջոց կարող են խթան հանդիսանալ կամ առաջացնել այս համախտանիշը, ամենատարածված պատճառները ներառում են՝

  • Հակացնցումային դեղեր (էպիլեպսիայի կամ ցնցումների բուժում), ներառյալ՝ Tegretol (Կարբամազեպին), Dilantin (Ֆենիտոին), Ֆենոբարբիտալ, Depakote (Վալպորինաթթու) և Lamictal (Լամոտրիջին)
  • Սուլֆոնիլամիդային հակաբիոտիկներ, ինչպիսիք են՝ Բակտրիմ (Տրիմետոպրիմ, Սուլֆոմետոքսազոլ), որը հաճախ օգտագործվում է միզուղիների վարակների և մեթիցիլին կայուն ստաֆիլակոկային վարակների (MRSA-ի) բուժման նպատակով:
  • Բետտա-լակտամային հակաբիոտիկներ, օրինակ՝ պենիցիլին և ցեֆալոսպորիններ:
  • Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, հատկապես օքսիկամի շարքի, օրինակ՝ Feldene (Պիրօքսիկամ) (երեխաներին հազվադեպ է նշանակվում):
  • Zyloprim (ալլոպուրինոլ), որն հիմնականում օգտագործվում է հոդատապի բուժման ժամանակ:

Կարծիքներ կան, որ Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշը, հիմնականում պայմանավորված է դեղամիջոցների նկատմամբ գերզգայունության ռեակցիաներով, բայց որոշ վարակներ նույնպես կարող են պայմանավորել համախտանիշի առաջացումը: Դրանք են՝

  • Herpes simplex virus / Հասարակ Հերպես վիրուսը
  • Mycoplasma pneumoniae
  • Հեպատիտ C
  • Histoplasma capsulatum սունկ (հիստոպլազմոզ)
  • Էպշտեյն-Բարրի վիրուս (ինֆեկցիոն մոնոնուկլեոզ)
  • Ադենովիրուս

Բուժում

Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի բուժումը սովորաբար սկսվում է այն դեղամիջոցը դադարեցնելով, որը հրահրել է ռեակցիայի առաջացումը, ապա մոտ չորս շաբաթ կատարվում է օժանդակ բուժում, մինչև հիվանդը լիովին վերականգնվի: Այս հիվանդները շատ հաճախ խնամքի կարիք են ունենում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հետևյալ բուժումներով՝

  • Ներերակային հեղուկներ
  • Սննդային հավելումներ
  • Հակաբիոտիկներ՝ երկրորդային վարակների բուժման համար
  • Ցավազրկող դեղեր
  • Վերքի խնամք
  • Ստերոիդներ և ներերակային իմունոգլոբուլին (IVIG), չնայած դրանց կիրառումը դեռևս վիճահարույց է

Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի բուժումը հաճախ համակարգվում է թիմային մոտեցմամբ՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժշկի, մաշկաբանի, ակնաբույժի, թոքաբանի և գաստրոէնտերոլոգի հետ համատեղ:

Ծնողները պետք է անհապաղ դիմեն բժշկի, եթե կարծում են, որ իրենց երեխան ունի Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ: