Ինչպես լվանալ երեխայի շշերը

Մանկական շշերը լվանալը կարող է անվերջանալի աշխատանք թվալ, ուստի շատ գայթակղիչ է շշերի պատշաճ մաքրման գործընթացը բաց թողնելը: Այնուամենայնիվ, մանկական շշերը պատշաճ լվանալը չափազանց կարևոր է, քանի որ նորածինների իմունային համակարգը դեռ լիովին զարգացած չէ, ինչը նրանց ավելի զգայուն է դարձնում կեղտոտ շշերի մեջ բնակվող մանրէների պատճառով հիվանդանալու նկատմամբ: Որպեսզի ձեր երեխան ապահով և առողջ լինի, սկսեք ստորև նշված քայլ 1-ից՝ մանկական շշերը պատշաճ կերպով լվանալու մանրամասն հրահանգներից:

Ինչպես լվանալ մանկական շշերը

 

1․ Օգտագործելուց անմիջապես հետո ողողեք մանկական շշերը: Երեխայի կերակրումը ավարտելուց անմիջապես հետո լվացարանի մեջ ողողեք շիշը:

  • Շիշը կարող եք ավելի մանրակրկիտ լվանալ ավելի ուշ, երբ ժամանակ գտնեք, բայց շշերը ողողելը կանխում է դրանց մեջ հին կաթի կամ կեղտի կուտակումը:
  • Շիշը ողողելիս օգտագործեք տաք ջուր, քանի որ այն ավելի արդյունավետ է մաքրելու գործում:

2․ Շշերը մաքրելու համար հավաքեք անհրաժեշտ պարագաները: Մանկական շշերը մաքրելիս կարևոր է օգտագործել ճիշտ պարագաներ: Համոզվեք, որ ունեք ՝

  • Շշի խոզանակ, որը կօգնի ձեզ մաքրել շշի հատակը և կողքերը, և ծծակի խոզանակ` ռետինե ծծակը մաքրելու համար, որը հակված է կուտակել զանազան բակտերիաներ:
  • Սպասք լվանալու հեղուկ, որը հատուկ նախատեսված է մանկական շշերի համար: Այդպիսի լվանալու հեղուկները շատ թույլ են և ոչ թունավոր և շշի վրա օճառի մնացորդներ չեն թողնում։
  • Եթե օգտագործում եք պլաստմասե մանկական շշեր, ապա համոզվեք, որ դրանք չեն պարունակում ԲՖԱ (բիսֆենոլ A)` էստրոգենին նմանակող քիմիական նյութ, որը 2012 թվականին արգելվել է Սննդի և Դեղերի Վարչության կողմից։

3․ Մաքրեք լվացարանը և լցրեք այն տաք օճառաջրով: Նախքան մանկական շշերը լվանալը, ավելի լավ է լվացարանում կուտակված բոլոր բակտերիաները կամ քիմիական նյութերը հեռացնելու համար՝ նախ մաքրել լվացարանը, ինչից հետո կարող եք հանգիստ օգտագործել այն։

  • Սպունգի կամ մաքրող կտորի օգնությամբ տաք ջրով մաքրեք լվացարանի հատակը, կողքերը և խցանի շուրջ: Անհրաժեշտության դեպքում, որպես բնական ախտահանիչ միջոց կարող եք օգտագործել նաև քիչ քանակությամբ սննդի սոդա:
  • Լվացարանը մաքրելուց և ողողելուց հետո այն լցրեք տաք ջրով (այնքան տաք, որքան ձեր ձեռքերը կարող են դիմանալ) և սպասքի օճառով:

4․ Շշի մասերն իրարից առանձնացրեք և յուրաքանչյուր մաս առանձին-առանձին լվացեք: Մանկական շշերը մաքրելիս հարկավոր է դրանց բաղկացուցիչ մասերը առանձնացնել իրարից և յուրաքանչյուր մասը լվանալ առանձին` շիշը, օղը և ծծակը (բոլորն առանձին):

  • Սա շատ կարևոր է, քանի որ օղակի և ծծակի միջև հաճախ կարող է հին կաթ կուտակվել՝ հանգեցնելով այդ հատվածում բակտերիաների աճի:
  • Մանկական շշի բոլոր մասերը դրեք տաք օճառաջրի մեջ և առանձին լվացեք: Օգտագործեք շշի խոզանակը շշերի համար, իսկ ծծակի խոզանակը՝ պլաստիկե ծծակի և օղակների համար:

5․ Այլընտրանքային տարբերակ է շշերը աման լվացող մեքենայի մեջ լվանալը: Եթե ձեր երեխայի շշերի վրա նշված է, որ նրանք աման լվացող մեքենայում լվանալու համար անվտանգ են, ապա կարող եք լվանալ դրանք աման լվացող մեքենայում:

  • Շշերը գլխիվայր տեղավորեք աման լվացող մեքենայի վերին դարակում՝ տաքացվող հատվածից ավելի հեռու:
  • Մանկական պարագաների խանութներից կարող եք նաև ձեռք բերել ծծակների և օղակների՝ աման լվացող մեքենայի համար նախատեսված հատուկ զամբյուղ:

6․ Թույլ տվեք, որ շշերը լավ չորանան: Շշերը լվանալուց հետո դրանց առանձին մասերը մանրակրկիտ ողողեք տաք հոսող ջրի տակ, որպեսզի հեռացնեք պղպջակները կամ օճառի մնացորդները:

  • Շշի առանձին մասերը դրեք շշի չորացման դարակաշարերի վրա (հասանելի են մանկական պարագաների խանութներում՝ մի շարք գեղեցիկ դիզայններով):
  • Համոզվեք, որ շշերը թողել եք լավ օդափոխվող վայրում, որպեսզի դրանք լավ չորանան: Երկար ժամանակ խոնավ մնացող շշերի վրա կարող են բորբոս կամ այլ սնկեր աճել:

7․ Նախքան ձեր երեխային շշով կերակրելը՝ լվացեք ձեր ձեռքերը: Շշերը չորացնելուց հետո հիշեք, որ նախքան շիշը վերցնելը կամ երեխային կերակրելը, պետք է տաք ջրով և օճառով լավ լվանաք ձեր ձեռքերը:

Ինչպես ախտահանել մանկական շշերը

1․ Հիշեք, որ անհրաժեշտ չէ ախտահանել շշերը՝ ամեն անգամ դրանք օգտագործելուց հետո: Չնայած ժամանակին ծնողներին խորհուրդ էր տրվում ամեն անգամ օգտագործելուց հետո մանրէազերծել շշերը, բայց այս մոտեցումն այլևս պարտադիր չի համարվում:

  • Ըստ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի՝ շշերը տաք օճառաջրով լվանալը բավական է դրանք արդյունավետ մաքրելու համար՝ քանի դեռ ջուրը մաքուր է և խմելու համար անվտանգ:
  • Այնուամենայնիվ, անհրաժեշտ է մանրէազերծել նոր գնված շշերը՝ մինչև դրանց առաջին օգտագործումը, և այն շշերը, որոնք յուրաքանչյուր օգտագործումից հետո լվացվում են ջրհորի ջրով:

2․ Օգտագործեք շշերի ստերիլիզատորներ: Եթե անհրաժեշտ է ախտահանել մանկական շշերը, ապա կարող եք օգտագործել էլեկտրական ստերիլիզատորի գոլորշու միջոցով կամ միկրոալիքային վառարանում գոլորշու միջոցով մանրէազերծման տարբերակները:

  • Երկու ախտահանման եղանակների դեպքում էլ շշերն ընկղմվում են 100 °C ջերմաստիճանով գոլորշու մեջ, ինչի արդյունքում ոչնչանում է ցանկացած մանրէ:
  • Շշերի էլեկտրական ստերիլիզատորով ախտահանելիս պետք է լցնեք ջուրը, այնուհետև շշերը, օղակները և ծծակները ընկղմեք այդ ջրի մեջ(տեղադրեք միմյանցից հեռու), ծածկեք կափարիչը և միացրեք սարքը: Ախտահանման գործընթացը տևում է մոտավորապես 10 րոպե:
  • Շշերի միկրոալիքային վառարանով ախտահանելու դեպքում գործընթացը հիմնականում նույնն է լինում: Շշերը ստերիլիզատորի մեջ դնելուց հետո այն տեղադրեք միկրոալիքային վառարանի մեջ և միացրեք ամբողջ հզորությամբ 4-8 րոպե՝ կախված ձեր միկրոալիքային վառարանի հզորությունից:

3․ Շշերն ախտահանեք եռացող ջրի մեջ: Շշերի ախտահանման հին տարբերակը պարզապես իրենից ներկայացնում էր շշերը ջրի մեջ եռացնելը:

  • Մի մեծ կաթսայով ջուր եռացրեք, ապա մեջն ընկղմեք շշի առանձին մասերը, ծածկեք կափարիչով և եռացրեք առնվազն 5 րոպե։
  • Այս մեթոդը լավագույնն է ապակյա մանկական շշերի ախտահանման համար, բայց այն կարելի է կիրառել նաև պլաստմասե շշերի պարագայում (այն պայմանով, որ դրանք չպարունակեն բիսֆենոլ A):

Ինչպես լվանալ շշերը ճամփորդելիս

1․ Եղեք պատրաստված։ Ճամփորդելիս շշերի լվանալու հետ կապված խնդիրներին բախվելիս՝ լուծման լավագույն միջոցը պատրաստված լինելն է:

  • Ամուր փակվող պլաստիկե տոպրակի մեջ միշտ ձեզ հետ վերցրեք մի փոքրիկ շշով սպասքի օճառ և շշի խոզանակ:
  • Օգտագործեք շշի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման պարկեր, որպեսզի միայն մեկ շիշ վերցնելու անհրաժեշտություն լինի: Այդ պարկերը կարող եք փոխվել յուրաքանչյուր կերակրման ավարտից հետո, այնպես որ շիշը կարելի է լվանալ միայն գիշերը:
  • Եթե ինչ-որ տեղ եք մնում, որտեղ կա միկրոալիքային վառարան, ապա ճանապարհորդելիս ձեզ հետ վերցրեք միկրոալիքային վառարանի շարժական ստերիլիզատոր:

2․ Շշերը լվացեք հյուրանոցի լվացարանում կամ հասարակական զուգարանում: Եթե պատրաստված եք եկել և ձեզ հետ վերցրել եք սպասքի օճառը և շշերի խոզանակը, ապա կարող եք շշերը լվանալ ցանկացած լվացարանում:

  • Պարզապես համոզվեք, որ առաջին հերթին ողողել եք լվացարանակոնքը և մաքրել ցանկացած տեսանելի կեղտ:
  • Շշերը լվանալուց հետո, դրա առանձին մասերը դրեք մաքուր սրբիչի վրա, որպեսզի դրանք չորանան:

3․ Ախտահանեք շշերը՝ օգտագործելով ճամփորդական թեյնիկ: Եթե ճանապարհորդելիս խմելու համար չնախատեսված ջրով լվացարան եք օգտագործել, ապա անհրաժեշտ է ախտահանել շշերը:

  • Ինչպես արդեն նշվել է վերևում, դա անելու ամենադյուրին ճանապարհը միկրոալիքային վառարանի դյուրակիր ստերիլիզատոր օգտագործելն է, բայց եթե միկրոալիքային վառարանի հասանելիություն չունեք, ապա կարող եք բավարարվել ճամփորդական թեյնիկով և մի զույգ շշի աքցանով:
  • Պարզապես թեյնիկը լցրեք ջրով, միացրեք այն և սպասեք մինչև եռա: Եռացրած ջուրը լցրեք լվացարանի մեջ դրված (լվացված) շշերի վրա: Աքցանն օգտագործեք շշի առանձին մասերը լվացարանից հանելու և մաքուր սրբիչի վրա տեղավորելու համար։ Սպասեք մինչև շշի առանձին մասերը չորանան: