Տղա երեխային լողացնելը շատ կարևոր է նրա առողջության և ինքնազգացողության համար։ Անհրաժեշտություն չկա նրան ամեն օր լողացնել, սակայն, եթե նա հաճույք է ստանում այդ գործընթացից, ապա կարող եք և ամեն օր լողացնել։ Դուք ժամանակ առ ժամանակ կարող եք նրան պարզապես սպունգով մաքրելով լողացնել, իսկ մի քանի օրը մեկ թույլ տաք, որ լոգանք ընդունի։ Լոգանքի համար թասի կամ լոգարանի մեջ հավաքեք տաք ջուր և զգուշորեն լողացրեք ձեր բալիկին։

Լոգանքին նախապատրաստվելը

1․ Պատրաստեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Ձեր երեխային լողացնելու համար պետք է պատրաստեք նրա համար մաքուր որևէ տարածք, օրինակ՝ թաս կամ երեխաների համար հատուկ լոգարան, երկու սրբիչ և մի քանի բամբակի կտոր (բամբակի գնդիկներ)։ Ձեզ նաև անհրաժեշտ կլինի բաժակ՝ երեխային պարզաջրելու համար, և լոգանքի համար նախատեսված սպունգ կամ քիսա։ Դուք նաև պետք է պատրաստեք մաքուր տակդիր և հագուստ՝ երեխային լոգանքից հետո հագցնելու համար։

  • Երեխայի կյանքի առաջին ամիսների ընթացքում հասարակ ծորակի ջուրը ամենալավ տարբերակն է նրա մաշկի համար։ Դրանից հետո կարող եք օգտագործել մանկական օճառ՝ ներքևի հատվածը և ոտքերի ու ձեռքերի ծալքերը լվանալու համար։
  • Եթե ձեր երեխան 12 ամսական է կամ ավելի մեծ, ապա կարող եք օգտագործել մանկական շամպուն և օճառ։

2․ Լոգարանի մեջ լցրեք գոլ ջուր։ Ջրի խորհուրդ տրվող քանակը սովորաբար տատանվում է, բայց հիմնականում ջրի բարձրությունը պետք է լինի 5-8 սմ։ Եթե օգտագործում եք այս քանակի ջուր, ապա լողացնելու ընթացքում անընդհատ պետք է տաք ջուրը լցնեք երեխայի մարմնին, որպեսզի նա չմրսի։

  • Որոշ մասնագետների պնդմամբ, եթե օգտագործեք ավելի շատ ջուր, այնպես, որ այն ծածկի երեխայի ուսերը, ապա երեխանի լոգանքի ընթացքում ավելի հանգիստ կլինի։
  • Սակայն որքան ավելի շատ ջուր եք օգտագործում, այնքան ավելի ուշադիր պետք է լինեք երեխայի նկատմամբ և ամուր պահեք նրան ամբողջ ընթացքում։
  • Ջրի ջերմաստիճանը կարող եք ստուգել ձեր դաստակով՝ համոզվելու համար, որ այն գոլ է, այլ ոչ թե տաք։

3․ Լվացեք երեխայի երեսը։ Մինչև երեխային լոգարանի մեջ դնելը դուք կարող եք լվանալ նրա երեսը։ Հանվեցրեք երեխային՝ թողնելով միայն տակդիրը, փաթաթեք նրան սրբիչի մեջ և դրեք ձեր ծնկներին կամ պառկեցրեք անկողնու վրա։ Բամբակի կտորը թրջեք լոգանքի համար նախատեսված գոլ ջրի մեջ և զգուշորեն մաքրեք նրա աչքերի շուրջը՝ սկսելով քթի կողմից և շարժվելով դեպի ականջները։

  • Այնուհետև վերցրեք բամբակի նոր գնդիկ, թրջեք այն լոգանքի ջրի մեջ և նրբորեն մաքրեք նրա ականջների շուրջը, բայց ոչ ներսը։
  • Կրկնեք նույնը նոր բամբակի գնդիկով մյուս ականջի մոտ։
  • Այնուհետև թրջեք ևս մի քանի բամբակի կտոր և մաքրեք երեխայի դեմքի այլ հատվածները, պարանոցը և ձեռքերը։
  • Նրբորեն չորացրեք նրան չոր սրբիչով։

 

4․ Հանեք նրա տակդիրը։ Լոգանքին նախապատրաստվելն ավարտելու համար պետք է հանեք երեխայի տակդիրը և մաքրեք նրա հետույքի և սեռական օրգանների հատվածը նոր բամբակի գնդիկով, որը պետք է թրջեք լոգանքի գոլ ջրի մեջ։ Շատ կարևոր է մաքրել ամբողջ կեղտը՝ երեխային լոգարանի մեջ մտցնելուց առաջ։

  • Այս քայլը արվում է պարզապես կեղտից թեթևակի մաքրելու համար։ Սա խորը մաքրում չէ՝ այն անելու եք մի փոքր հետո։

Ձեր տղա երեխային լողացնելը

1 Մտցրեք ձեր երեխային լոգարանի մեջ։ Երբ արդեն պատրաստ լինեք ձեր տղային լողացնելու՝ զգուշորեն մտցրեք նրան լոգարանի մեջ։ Օգտագործեք մի ձեռքը նրա բազկից բռնելու համար և ամբողջ ընթացքում հենված պահեք նրա գլուխը, պարանոցը և ուսերը։

2․ Լվացեք նրա մազերը։ Եթե ձեր երեխան ունի մազեր, որոնք ունեն կեղտոտ տեսք կամ երեխայի գլուխը թեփոտում է (սա հաճախ հանդիպող վիճակ է, որի ժամանակ երեխայի գլխամաշկին առաջանում են պլոկվող և թեփոտվող վահանիկներ), ապա դուք պետք է լվանաք նրա մազերը։ Մի ձեռքով պահեք նրա գլխից և ուսերից, այնուհետև մյուս ձեռքով զգուշորեն մերսեք երեխայի գլխամաշկը փոքր քանակությամբ մանկական շամպունով։

  • Մեկ ձեռքը պահեք երեխայի աչքերի վերևում, որպեսզի ջուրը չլցվի նրանց մեջ, և պարզաջրեք երեխայի գլուխը խոնավ սպունգով կամ գոլ ջրով։
  • Եթե պարզաջրելու համար օգտագործում եք ծորակի ջուրը, ապա, անպայման, սկզբից ստուգեք նրա ջերմաստիճանը։

 

3․ Լվացեք նրա մարմինը։ Թրջեք սպունգը կամ քիսան գոլ ջրի մեջ և լվացեք ձեր երեխայի պարանոցը և իրանը։ Սովորաբար երեխայի մարմնի մեծ մասը լվանալու համար չկա օճառի անհրաժեշտություն՝ սովորական ծորակի ջուրը բավարար է։ Մաքրեք նրա թևատակերը և մատերի արանքները, այնուհետև մաքրեք նրա ոտքերը և ոտքի մատերը։ Համոզվեք, որ լվանում եք երեխայի մարմնի և մաշկի բոլոր ծալքերը։

  • Սպունգ օգտագործելու հետ մեկտեղ դուք կարող եք նաև երեխայի մարմնին ջուր շաղ տալ։
  • Միշտ օգտագործեք մի ձեռքը երեխայի մարմինը ամբողջ ընթացքում պահելու համար՝ պահելով նրա գլուխը ջրից բավականին վերև։
  • Երբեք երեխային առանց ուշադրության մի թողեք լոգարանում, անգամ մեկ վայրկյան։

4․ Մաքրեք տակդիրի հատվածը։ Օգտագործեք մաքուր կտոր կամ ջրում թրջած բամբակի գնդիկ՝ երեխայի հետույքը և սեռական օրգանները զգուշորեն մաքրելու համար։ Եթե ձեր տղա երեխան թլպատված չէ, ապա մի փորձեք ետ քաշել նրա առնանդամի գլխիկի մաշկը։ Առնանդամի գլխիկի մաշկը ժամանակի ընթացքում ինքն իրեն կանջատվի առնանդամից, և դուք պետք է թույլ տաք, որ սա տեղի ունենա բնականոն ճանապարհով։

  • Եթե փորձեք թլիպը ետ քաշել՝ առնանդամի գլխիկը մաքրելու համար, ապա կարող եք անզգուշորեն պատռել մաշկը, ինչը հետագայում խնդիրների պատճառ կհանդիսանա։
  • Եթե երեխան թլպատված է, ապա հետևեք նրա բժշկի ցուցումներին։
  • Թլպատված առնանդամին վերականգնվելու համար հարկավոր է մեկ շաբաթից մինչև 10 օր։
  • Կրկին, եթե ձեր երեխան մի քանի շաբաթականից մեծ է, ապա կարող եք օգտագործել չափավոր քանակով մանկական օճառ՝ մաքրելու համար նրա հետույքը, սեռական օրգանները և մաշկի ծալքերը։ Խուսափեք բուրավետ և սպիրտ պարունակող միջոցներից։

Երեխային լոգարանից հանելը

 

1Չորացրեք նրան։ Լոգանքը վերջացնելուց հետո հանեք երեխային լոգարանի մեջից և չորացրեք նրան չոր, մաքուր սրբիչով։ Հատկապես ուշադրություն դարձրեք մաշկի ծալքերին, որտեղ կարող է կուտակվել խոնավություն։ Փոքր տարիքի երեխաների մոտ ցանը կանխարգելելու լավագույն մեթոդը լոգանքից հետո նրա մաշկի ծալքերը լավ չորացնելն է։

2Մերսեք երեխային։ Լոգանքից հետո շատ լավ պահ է երեխային արագ մերսելու համար։ Մերսումը կարող է հանգստացնել նրան և օգնել, որպեսզի նա քնի։ Եթե ձեր երեխան ունի չոր կամ էկզեմային հակված մաշկ, ապա ձեր ափերին լցրեք քիչ քանակությամբ հիպոալերգիկ լոսյոն, և շփելով ձեռքերը, տաքացրեք այն։ Այնուհետև մերսեք այդ լոսյոնով ձեր երեխայի մաշկը։

  • Մաշկի գրգռումից խուսափելու համար մի օգտագործեք որևէ լոսյոն կամ յուղ՝ մինչև ձեր երեխան չդառնա առնվազն մեկ ամսական։

3Հագցրեք երեխային տակդիր և հագուստ։ Երբ ձեր երեխան արդեն չոր է և մերսված՝ հագցրեք նրան տակդիր և հագուստ։