Ատամների ծկլթման խնամքը տնային պայմաններում

1․Տրորեք ձեր երեխայի լնդերը մաքուր մատերով։ Եթե ձեր երեխայի մոտ սկսել են ծկլթալ առաջին ատամները, երբմեն պարզապես ճնշում գործադրելը լնդերի վրա կարող է թեթևացնել ցավը։ Մաքուր մատով տրորեք երեխայի լնդերը։ Եթե մատով հարմար չէ տրորել, ապա կարող եք օգտագործել խոնավ թանզիվե կտոր։

2․Սառը պահեք ձեր երեխայի բերանը: Ձեր երեխայի բերանը թեթևակի սառը պահելը կարող է որոշ չափով մեղմացնել ծկլթման ցավը։ Դուք կարող եք օգտագործել բազմաթիվ սառը առարկաներ՝ սառեցնելու համար ձեր երեխայի լնդերը և բերանը։

  • Դուք կարող եք օգտագործել սառը կտոր, գդալ, կամ թեթևակի սառեցված, ծկթման համար նաղատեսված օղակներ։
  • Թեթևակի սառը նյութերը կարող են օգնել, իսկ շատ սառեցված ցանկածաց բան կարող է վնաս հասցնել ձեր երեխայի առողջությանը։ Շատ սառը ջերմաստիճանի հետ շփումը կարող է վնասակար լինել բերանի և լնդերի համար։ Օգտագործեք սառնարանը՝ սառցարանի փոխարեն, երբ սառեցնում եք սպասքը կամ ծկլթման համար նախատեսված օղակները։

3․Գնեք ծկլթման համար նախատեսված հատուկ սարքեր։ Դուք կարող եք գնել նմանատիպ սարեքերը առցանց, կամ մոտակա դեղատնից։ Ծկլթման համար նախատեսված սարքերը կարող են լինել պարզապես ավանդական օղակներ, որոնք իրենցից ներկայացնում են փոքր պլաստմասե սարքեր, որոնք երեխաները կարող են ծամել, երբ նրանց լնդերը քոր են գալիս կամ ցավում են։ Դուք նաև կարող եք գնել հատուկ վերմակներ, որոնք ավելի հարմար են։ Որոշ սարքեր նաև ունեն վիբրացիոն հատուկ ֆունկիցա, ինչը մերսում է երեխայի լնդերը և հավելյալ օգուտ տալիս։

 

 

4․Տվեք երեխային պինդ սնունդ։ Եթե ձեր երեխան այնքան մեծ է, որ կարողանում է ուտել պինդ սնունդ, ապա դա կարող է որոշակիորեն օգնել։ Ձեր երեխան կարող է ծամել պինդ ուտելիքներ, ինչպիսիք են վարունգը, գազարը կամ հատուկ բիսկվիտներ, և այդ ընթացքում լնդերի վրա գործադրվող ճնշումը կարող է թեթևացնել ցավը։

  • Ուշադիր եղեք երեխայի նկատմամբ, երբ նրան տալիս եք պինդ սնունդ, կամ սնունդը դրեք հատուկ երեխաների սնուցման համար նախատեսված ցանցավոր պարկերի մեջ, որպեսզի երեխան հանկարծ չխեղդվի մեծ կտորների պատճառով։

5․Չորացրեք երեխայի բերանից ծորացող թուքը։ Ատամների ծկլթման ընթացքում երեխաների թքարտադրությունը ուժեղանում է։ Եթե թուքը մեծ քանակությամբ մնա երեխայի բերանին և չորանա, ապա դա կարող է բերել մաշկի գրգռման։ Հնարավորինս փորձեք մաքուր սրբիչով չորացնել երեխայի բերանից ծորացող թուքը։

    • Բերանի շուրջը չորացող թքի պատճառով մաշկի չորացումը կանխարգելելու համար դուք կարող եք երեխայի բերանի շուրջ քսել ջուր կամ կրեմային հիմքով լոսյոններ։
    • Այն դեպքում, երբ թքի պատճառով, այնուամենայնիվ, առաջացել է ցան, երեխայի քնելու ժամանակ նրա սպիտակեղենի տակ դրեք որևէ կտոր։ Ինչպես նաև քնելուց առաջ երեխայի բերանի շուրջը և այտերին քսեք մանկական լոսյոն կամ քսուք։
    • Եթե ծորացող թուքը կրում է մշտական բնույթ, ապա օգտագործեք մանկական գոգնոցներ։

 

Բժշկական միջամտություններ

1․Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցներ։ Եթե տնային միջոցները չեն օգնում, ապա կան բազմաթիվ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցներ, որոնք նախատեսված են ծկլթող ատամներով երեխաների համար։ Եթե ատամների ծկլթալը երեխային շատ անհարմարություններ է պատճառում, ապա կարելի է մտածել ցավազրկողների մասին։

  • Պարացետամոլը կամ իբուպրոֆենը կարող են թեթևացնել ցավը։ Մինչև երեխային որևէ դեղամիջոց տալը պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ ճշտելու համար դեղի անվտանգությունը և դեղաչափը։ 6 ամսականից փոքր երեխաներին չի՛ կարելի տալ իբուպրոֆեն։
  • Խուսափեք բենզոկային (տարածված ցավազրկող) պարունակող ցանկացած դեղամիջոցի օգտագործումից։ Շատ հազվադեպ այն կարող է բերել ծանր վիճակի առաջացման, որի դեպքում արյան մեջ նվազում է թթվածնի քանակը։
  • Եթե երեխան շատ ծանր է տանում ծկլթման պրոցեսը, ապա մինչև որևէ դեղորայքի օգտագործումը պետք է դիմել բժշկի։ Պետք է համոզվել, որ ցավը առաջացել է հենց ատամների ծկլթման հետևանքով, այլ ոչ թե հիմքում ընկած այլ անհայտ պատճառով, օրինակ՝ ականջի ինֆեկցիայի պատճառով։

2․Օգտագործեք ծկլթման համար նախատեսված գելեր։ Եթե ձեր երեխային չի օգնում վերը նշված միջոցներից ոչ մեկը, ապա կարող եք մոտակա դեղատնից կամ սուպերմարկետից գնել հատուկ ծկլթման համար նախատեսված գելեր։ Այս գելերը սովորաբար պարունակում են տեղային հականեխիչ (անտիսեպտիկ) կամ անզգայացնող միջոցներ։ Օգտագործեք առանց շաքարի գելեր, որոնք նախատեսված են հենց երեխաների համար։ Գելերը սովորաբար լվացվում են երեխայի թուքի հետ, այդ իսկ պատճառով նրանց ազդեցությունը երկար չէ։ Խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ որևէ գել օգտագործելուց առաջ։

  • Կրկին հիշեցնենք -Խուսափեք բենզոկային պարունակող գելերից, ինչպես նաև մի օգտագործեք առաջարկվող քանակից շատ գել։

3․Զգույշ եղեք հոմեոպաթիկ միջոցներ օգրագործելիս։ Շատ ծնողներ երեխայի ատամների ծկլթման ժամանակ օգտագործում են հոմեոպաթիկ միջոցներ։ Մինչդեռ այս միջոցներից որոշները համեմատաբար անվնաս են, այնուամենայնիվ, չկան բավարար գիտական փաստեր, որոնք կապացուցեն դրանց արդյունավետությունը։ Հոմեոպաթիկ միջոցներից որոշները կարող են վնասակար լինել ձեր երեխայի համար։

  • Հոմեոպաթիկ փոշիները կամ գրանուլները, որոնք վաճառվում են շատ դեղատներում, համեմատաբար անվնաս են, եթե չեն պարունակում շաքար։ Սակայն նրանց արդյունավետության մասին փաստերը ծիծաղելի են։ Եթե ձեր երեխային չեն օգնում այլ միջոցներ, դուք, իհարկե, կարող եք օգտագործել նմանատիպ փոշիներ, բայց չկա որևէ երաշխիք, որ նրանք կօգնեն։
  • Որոշ խանութներում վաճառվում են սաթից (յանտար) թևնոցներ կամ վզնոցներ, որոնք իբր թե պետք է թեթևացնեն ատամների ծկլթման ընթացքը՝ երեխայի մաշկի մեջ քիչ քանակությամբ յուղ արտադրելու շնորհիվ։ Դուք պետք է շատ զգույշ լինեք, եթե որոշեք օգտագործել այս մեթոդը։ Փոքր երեխան կարող է խճճվել թևնոցների կամ վզնոցների մեջ և շնչահեղձ լինել։ Երեխաները կարող են նաև ծամել կամ ծծել այս զարդերը, ինչը նույնպես մեծացնում է շնչահեղձության ռիսկը։ Չկա որևէ գիտական փաստ, որը կապացուցի ատամների ծկլթման ժամանակ սաթի արդյունավետությունը։

4․Իմացեք, թե երբ է պետք դիմել բժշկի։ Ատամների ծկլթումը կազմում է երեխայի աճի և զարգացման մի մասը և, մեծ մասամբ, բժշկի դիմելու կարիք չի լինում։ Սակայն, եթե ձեր երեխայի մոտ առաջացել է տենդ կամ նա անհանգիստ է, ապա կա հավանականություն, որ զարգացել է որևէ ինֆեկցիա կամ այլ հիվանդություն։ Այս դեպքում հնարավորինս շուտ դիմեք բժշկի։

Ձեր հետագա քայլերը

1․ Տարեք ձեր երեխային ատամնաբույժի մոտ։ Ձեր երեխայի առաջին ատամը ծկլթալուց հետո նրան պետք է տանել ատամնաբույժի։ Բժշկի պետք է գնալ առաջին ատամը ծկլթելուց առավելագույնը 6 ամիս հետո, բայց մինչև երեխայի 1-ին տարեդարձը։ Ատամնաբույժը կստուգի երեխայի ատամները՝ համոզվելու համար, որ նրանք առողջ են և ամուր։

2․ Խնամեք ձեր երեխայի նոր ատամները։ Երեխայի ատամների ծկլթալուց հետո պետք է նրանց պատշաճ խնամել։ Առողջ լնդերն ու ատամները շատ կարևոր են ձեր բալիկի ընդհանուր առողջության համար։

  • Ամեն օր լվացեք ձեր երեխայի լնդերը մաքուր, խոնավ կտորով՝ այդպիսով կանխարգելելով բակտերիաների կուտակումը։
  • Երեխայի առաջին ատամների դուրս գալուն պես սկսեք օգտագործել փափուկ երիզով ատամի խոզանակ։ Մինչև երեք տարեկանը երեխաները չեն կարողանում թքել, այդ իսկ պատճառով, մինչ այդ պետք է օգտագործել քիչ քանակությամբ ֆտորացված ատամի մածուկներ, որոնք թույլատրված են երեխաների համար։ Մածուկի քանակը չպետք է գերազանցի բրնձի հատիկի չափսը:

3․ Կանխարգելեք ատամների փտումը՝ տալով ձեր երեխային առողջ սնունդ։ Երբ ձեր երեխան արդեն սկսի ուտել պինդ սնունդ, նրան պետք է տալ առողջ, շաքար չպարունակող ճաշատեսակներ։ Ուտելուց հետո միշտ խոզանակեք ձեր երեխայի ատամները։ Նվազագույնի հասցրեք գիշերային ժամերին կաթ տալը, ինչպես նաև մի թողեք, որ երեխան գիշերայի ժամերին շիշ ծծի, և շշի մեջ մի լցրեք հյութեր կամ շաքար պարունակող այլ հեղուկներ։