Ինչպե՞ս ազատվել մանկական ակնեից

Հավատաք, թե ոչ՝ ակնեն միայն դեռահասության կողմնակի ազդեցություններից չէ։ Եթե ձեր երեխայի դեմքին նկատել եք ակնե, ապա պետք չէ խուճապի մատնվել՝ փաստացի երեխաների 20%-ի մոտ այս, կամ այն պահի առաջանում է ակնե։ Ակնեի այս տեսակը հիմնականում առաջանում է մինչև երեխայի 6 շաբաթականը լրանալը և սովորաբար մի քանի ամսից ինքնուրույն անցնում է։ Եթե ցանկանում եք լավացման գործընթացը փոքր-ինչ արագացնել, ապա կարող եք փորձել փոխել երեխայի մաշկի խնամքի և լոգանքի միջոցները՝ տեսնելու համար, թե կա արդյոք որևէ փոփոխություն, թե ոչ։ Իսկ եթե ակնեն առաջանում է երեխայի 6 շաբաթականը լրանալուց հետո, ապա այս դեպքում պետք է դիմեք բժշկի՝ ավելի հստակ խորհուրդներ ստանալու համար։

Երեխայի դեմքը խնամքը

1 Թրջեք մաքուր կտորը գոլ ջրով և նուրբ օճառով։ Քամեք ավելորդ ջուրը և կտորի վրա ավելացրեք շատ քիչ քանակությամբ մանկական օճառ։ Լավագույն դեպքում ջրի ջերմաստիճանը պետք է լինի 21 °C, որը ձեր երեխայի զգայուն մաշկի համար համարվում է կատարյալ ջերմաստիճան։

  • Կտորի տեղը կարող եք օգտագործել բամբակի գնդիկներ
  • Օճառ գնելիս ուշադիր եղեք, որ պիտակի վրա գրված լինի «մանկական» բառը։ Այս դեպքում դուք կարող եք համոզված լինել, որ այն անվտանգ է ձեր երեխայի նուրբ մաշկի համար։ Այսպիսի օճառներ կարող եք գտնել մանկական պարագաների խանութներում։

2 Լվացեք երեխայի դեմքը՝ այն մաքուր պահելու համար։ Առանձնահատուկ խնամքով լվացեք ձեր երեխայի դեմքը, ինչը կօգնի նրա մաշկը իսկապես մաքուր պահել։ Եթե երեխայի ակնեն բավականին ծանր է, ապա դուք պետք է օրը մեկ անգամ լվանաք նրա դեմքը՝ նրա մաշկը լավ վիճակում պահելու համար։

3 Մաքուր, փափուկ կտորով զգուշորեն չորացրեք երեխայի դեմքը։ Երեխայի դեմքից զգուշորեն սրբեք օճառի մնացորդները այնպես, որ երեխայի դեմքը ամբողջովին չոր լինի։ Եթե ամեն օր լվանաք երեխայի դեմքը, ապա ժամանակի ընթացքում կնկատեք, որ նրա ակնեն գնալով լավանում է։

Խուսափեք վատ սովորույթներից և ապրանքատեսակներից

1 Մի դիպչեք ակնեին և մի քերեք այն։ Ինչպես դեռահանսերի կամ մեծահասակների ակնեի դեպքում, այս պարագայում նույնպես մաշկի պրոբլեմատիկ հատվածները քերելը կամ սեղմելը ոչ-մի լավ բանի չի բերի։ Եթե անգամ ձեզ թվում է, որ ակնեն շատ փոքր է, միևնույնն է, մի փորձեք այն քերել՝ դա անելով դուք կարող եք այն ավելի վատացնել։ Դրա փոխարեն կենտրոնացեք երեխայի մաշկը ամեն օր լվանալու վրա, և մնացած ցանկացած պահի հանգիստ թողեք նրա ակնեն։

2 Մի փորձեք ակնեն բուժել որևէ դեղորայքով, եթե իհարկե այդ դեղորայքը չի նշանակել բժիշկը։ Ակնեի դեղորայքը կարող է շատ արդյունավետ լինել դեռահասների կամ մեծահասակների համար, սակայն, ցավոք սրտի, այն չի օգնում փոքր երեխաներին։ Խոսեք ձեր մանկաբույժի կամ մաշկաբանի հետ՝ հասկանալու համար, թե կան արդյոք այնպիսի քսուքներ կամ դեղորայք, որը կարող եք օգտագործել ձեր բալիկի ակնեն բուժելու համար։ Եթե չունեք բժշկի կողմից դեղորայք օգտագործելու անմիջական թույլատվություն, ապա ավելի լավ է ակնեն հանգիստ թողնեք։

  • Ակնեի դեմ օգտագործվող դեղորայքը նախատեսված է ամբողջովին ձևավորված մաշկի համար, այդ իսկ պատճառով այն կարող է վնասել ձեր երեխայի զգայուն մաշկը։

3 Դեն նետեք ձեր մաշկի խնամքի համար օգտագործվող ցանկացած յուղոտ միջոց։ Ստուգեք, արդյոք կան այսպիսի քսուքներ, յուղեր, լոսյոններ կամ մաշկի խնամքի այլ պարագաներ, որոնք դուք օգտագործում եք։ Չնայած նրան, որ այս միջոցները կարող են բավականին դրական ազդեցություն ունենալ ձեր մաշկի վրա, պետք չէ, որ այս ճարպոտ և յուղոտ միջոցները անցնեն ձեր երեխայի մաշկին։

  • Օրինակ՝ խուսափեք ձեռքերի այնպիսի լոսյոններից կամ քսուքներից, որոնք ձեր մաշկը դարձնում են յուղոտ և ճարպոտ։

Ճանաչեք մանկական ակնեն

 

1 Երեխայի մաշկի փոքրիկ թմբկություններին վերաբերվեք որպես մանկական ակնե։ Սովորաբար ակնեի այս տեսակը առաջանում է երեխայի ծնվելուց մոտավորապես 2 շաբաթ հետո, և ինքնուրույն անհետանում է մի քանի ամսվա ընթացքում։ Ինչպես դեռահասների կամ մեծահասակների դեպքում՝ երեխաների մոտ նույնպես ակնեն ամենից հաճախ առաջանում է ճակատին, այտերին և քթին։

  • Ինչպես սովորական ակնեն՝ մանկական ակնեն նույնպես ունի կարմիր և սպիտակ գունավորում։
  • Դուք նաև կարող եք ձեր երեխայի դեմքին նկատել փոքրիկ, սպիտակ թմբիկներ։ Սրանք հայտնի են «միլիա» անվամբ, որոնք անվտանգ գոյացություններ են և չպետք է հանդիսանան որևէ անհանգստության պատճառ։

2 Մաշկի կարմիր և քոր եկող հատվածները դիտարկեք որպես էկզեմա։ Հավատաք, թե ոչ՝ երեխաների մոտ էկզեման առաջանում է բավականին արագ։ Եթե ձեր բալիկի մաշկը ունի բավականին չոր և կարմիր տեսք, ապա հնարավոր է, որ դա մանկական ակնե չէ։ Եթե կասկածում եք, որ ձեր երեխայի մոտ կա էկզեմա, ապա փորձեք նրան հեռու պահել այնպիսի գրգռող նյութերից, ինչպիսիք են՝ լվացքի փոշին, ծխախոտի ծուխը կամ տարբեր սփռեյները։

  • Նեյլոնը և բուրդը շատ փափուկ են թվում, սակայն նրանք կարող են քերծել երեխայի դեմքը։ Դրանց փոխարեն ընտրեք բամբակյա հագուստ։

3 Մաշկի կետիկավոր, թմբիկավոր և կարմիր հատվածները դիտարկեք որպես ցանավորում։ Երեխաների մոտ կարող են առաջանալ բազմաթիվ տարբեր տեսակների ցանավորումներ, որոնցից որոշները կարող են զուգորդվել թմբիկներով կամ պզուկներով։ Շատ ցանավորումներ ունեն ինքնուրույն անցնելու հակում, բայց եթե ցանը արդեն մի քանի շաբաթ կամ ամիս չի անցնում, ապա պետք է խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ։

  • Բժիշկը կօգնի ձեզ տարբերակել, թե կոնկրետ ինչ ցանավորման հետ գործ ունեք և կարող է խորհուրդ տալ, թե ինչպես այն բուժել։

4 Խորհրդակցեք բժշկի հետ՝ ավելի հստակ ախտորոշման համար։ Մանկական ակնեն կարող է լինել որպես առանձին խնդիր, սակայն որոշ դեպքերում այն կարող է լինել ավելի լուրջ հիվանդության հետևանք, օրինակ՝ մաշկի ինֆեկցիա։ Ավելի հստակ ախտորոշում ստանալու համար խոսեք բժշկի հետ։

  • Բժշկին անպայման ասացեք, թե երբ եք առաջին անգամ նկատել ցանը և որքան ժամանակ է, որ այն առկա է։

 

Խորհուրդներ

  • Սպասեք մի քանի ամիս, որպեսզի ակնեն ինքնուրույն անցնի։ Շատ դեպքերում այն ինքնուրույն անհետանում է առանց որևէ հատուկ բուժման։