Եթե երեխայի եք սպասում, ապա նրա համար սենյակը պատրաստելը և ձևավորելը ժամանցի զվարճալի միջոց կարող է լինել, որը ձեզ կօգնի ձեր տունը պատրաստել նրա ժամանման համար: Ձեր նորածնի համար նախատեսված սենյակը պատրաստելու համար հարկավոր է այն մանրակրկիտ մաքրել, այնուհետև տեղադրել կահույք, ապա զարդարել և ձևավորել այն: Անկախ նրանից, թե դուք նախընտրում եք դասական, հարմարավետ դիզայն կամ ցանկանում եք ժամանակակից լուծումներով սենյակ, միևնույնն է, մի փոքր պլանավորումը ձեզ կօգնի ստեղծել անվտանգ, ջերմ միջավայր ձեր ընտանիքի նոր անդամի համար:

 

Ի՞նչպես պատրաստել սենյակը

1 Մաքրեք այն սենյակը, որտեղ ապագայում ապրելու է ձեր նորածինը։

Նորածնի համար սենյակ պատրաստելիս ավելի լավ է սկսել զրոյից, այնպես որ սենյակից հանեք հնարավորինս շատ իրեր, նույնիսկ եթե ի վերջո պլանավորում եք դրանք նորից տեղավորել սենյակում: Սա ձեզ հնարավորություն կտա մանրակրկիտ մաքրել սենյակը նախքան կահույքը տեղադրելը:

  • Եթե սենյակում կա օգտագործվող մեծ չափսերի կահույք, ապա ավելի լավ է մաքրելիս այն թողնել սենյակում։

 

2 Մաքրեք սենյակի բոլոր մակերեսները, ներառյալ՝ պատերն ու հատակը: Նորածինները շատ ավելի ընկալունակ են ալերգենների նկատմամբ, ինչպիսիք են՝ փոշին, բորբոսը և ընտանի կենդանիների մազերը, այնպես որ դուք պետք է սենյակը հնարավորինս լավ մաքրեք: Պատերը մաքրելու համար օգտագործեք սպունգ և օճառաջուր, ավլեք և լվացեք հատակը, իսկ եթե ունեք գորգեր, ապա դրանք մաքրեք հատուկ անվտանգ լվացող միջոցներով։

 

Սենյակը մաքրելու համար մի օգտագործեք կոպիտ քիմիական նյութեր: Օգտագործեք պարզ օճառ և ջուր, տնական մաքրող միջոցներ, ինչպիսիք են՝ սոդան կամ քացախը, բնական մաքրող միջոցներ, որոնք պատրաստված են ոչ թունավոր բաղադրիչներով։

  • Եթե գորգը այնքան կեղտոտ է, որ լվանալու դեպքում ամբողջ կեղտը դուրս չի գա, ապա, եթե կարող եք, մտածեք այն փոխարինելու մասին։ Հավատացեք, կատարված ծախսն արժե ձեր երեխայի առողջությանը:

 

3 Եթե սենյակի լույսերը պայծառ են՝ տեղադրեք դիմեր անջատիչ (հատուկ սարք, որը թույլ է տալիս կարգավորել լույսի ուժգնությունը): Եթե ձեր սենյակի միակ լույսը առաստաղից կախված մեկ լուսավոր լամպն է, ապա մտածեք լույսի անջատիչը դիմերային անջատիչով փոխարինելու մասին։ Լույսն անջատելուց հետո անջատեք ապահովիչը, ապա հանեք լույսի անջատիչի պտուտակներն ու անջատիչին միացված լարերն հանեք նրա մեջից: Դրանից հետո լարերն արդեն միացրեք ձեր նոր դիմեր անջատիչին և պտուտակեք նոր անջատիչի ափսեն իր տեղում:

  • Դուք պետք է ձեր լամպերը փոխարինեք այնպիսի լամպերով, որոնք գործում են դիմեր անջատիչով:
  • Թույլ լուսավորմամբ էլեկտրական լամպը կամ LED լույսերը նույնպես լավ տարբերակ են ձեր նորածնի սենյակում մեղմ լուսավորություն ստեղծելու համար:

 

4․Յուղեք դռան փեղկերը, որպեսզի դրանք չճռճռան: Կարող եք օգտագործել կենցաղում շատ հանդիպող WD-40 յուղը, որը պետք է փչեք նորածնի սենյակի դռան փեղկերից յուրաքանչյուրի վրա, որպեսզի այն չճռճռա։ Երբ վերջապես պառկեցնեք երեխային քնելու, և դուռը ձեր հետևից անձայն փակեք, ապա վստահեցնում ենք ձեզ, որ շատ ուրախ կլինեք, որ ժամանակ եք տրամադրել սա անելու համար:

  • Դուք կարող եք գնել յուղող նյութեր ցանկացած կենցաղային խանութից, ինչպես նաև մի շարք սուպերմարկետներից։

 

5 Տեղադրեք անվտանգության հարմարանքներ, ինչպիսիք են ծխի և ածխածնի մոնօքսիդի դետեկտորները: Գուցե սա անելը այնքան էլ հավես չէ, որքան սենյակի ձևավորումը, բայց շատ կարևոր է, որ համոզվեք, որ անվտանգության բոլոր անհրաժեշտ հարմարանքներն առկա են: Սենյակի համար ընտրեք համակցված ծխի և ածխածնի մոնօքսիդի դետեկտոր, ամրացրեք բոլոր ծանր կահույքները պատերին և պաշտպանեք էլեկտրական վարդակները պլաստիկ ծածկոցներով:

  • Ցանկության դեպքում կարող եք տեղադրել առանձին ծխի և ածխածնի մոնօքսիդի դետեկտորներ։

 

6 Ցանկության դեպքում ներկեք սենյակը։ Նորածնի սենյակի համար թեմա ընտրելուց հետո՝ ցանկության դեպքում կարող եք ներկել պատերը: Համոզվեք, որ ընտրել եք ոչ թունավոր ներկեր, որոնք չեն պլոկվի, հետևաբար ձեր երեխան չի կարողանա պատերից քերել ներկը և ուտել այն, երբ դառնա հետաքրքրասեր փոքրիկ:

  • Եթե արդեն տեղադրել եք կահույքը, ապա պատերը ներկելուց առաջ տեղափոխեք այն սենյակի կենտրոն և ծածկեք հատուկ ծածկոցներով կամ հին կտորներով, որպեսզի այն չներկոտվի։

Սենյակի կահավորումը

1 Եթե կահույքը դռան միջով չի անցնում՝ հավաքեք այն սենյակում։ Ավելի վատ ոչինչ չկա, քան այն, երբ ժամեր եք ծախսում կահույքը հավաքելու վրա, ապա վերջում նոր պարզում, որ այն դռան միջով չի անցնի։ Խնայեք ինքներդ ձեր ժամանակը, ջանքերը և սթրեսը` կահույքը սենյակի ներսում հավաքելով, մանավանդ մեծ կահույքը, ինչպիսին է օրորոցը:

 

2 Օրորոցը հավաքեք արտադրողի ցուցումների համաձայն։ Նորածնի սենյակը պատրաստելիս, ձեր երեխայի քնելու համար անվտանգ միջավայր ստեղծելը ամենակարևոր գործերից մեկն է, որը պետք է անել։ Օրորոցը տեղադրելիս կարդացեք հրահանգների ձեռնարկը և համոզվեք, որ այն ապահով է նախքան ձեր երեխայի տուն գալը: Եթե դուք վստահ չեք ձեր կառուցողական հմտությունների վրա, ապա դիմեք մասնագետի, ով կհավաքի օրորոցը ձեր փոխարեն:

  • Մի օգտագործեք օրորոց, որը ավելի քան 10 տարեկան է, և երբեք մի օգտագործեք այնպիսի օրորոց, որը կոտրված կամ որևէ կերպ ձևափոխված է:
  • Փնտրեք ամուր ներքնակով օրորոց, և համոզվեք, որ ներքնակի եզրերի և օրորոցի կողմերի միջև ընկած հատվածի տարածությունը երկու մատնաչափից ավելի չէ:
  • Անվտանգությունից ելնելով ձեր օրորոցի կողքի ձողերը պետք է իրարից լինեն ոչ ավելի, քան 6 սմ հեռավորության վրա:
  • Ցանկության դեպքում, երբ ձեր երեխան առաջին անգամ գա տուն, կարող եք նրան քնեցնել հատուկ մանկական մահճակալում, որը կցվում է ձեր անկողնուն։

 

3 Օրորոցը տեղադրեք երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի ամիս առաջ: Իհարկե, ամենևին անհրաժեշտ չէ, որ վերջնական բոլոր դետալները տեղում լինեն, բայց եթե ձեր երեխան ժամանակից շուտ ծնվի, ցանկալի է, որ առնվազն օրորոցը պատրաստ լինի, ինչպես նաև երեխայի փոխվելու սեղանը, եթե, իհարկե, ցանկանում եք ունենալ այդպիսին։

  • Անհաս նորածինները հաճախ ստիպված են լինում որոշ ժամանակ մնալ հիվանդանոցում, և դուք, ամենայն հավանականությամբ, բավականին շատ ժամանակ կծախսեք նրան այցելելու համար: Այսպիսով, հնարավորինս շուտ սենյակը կահավորելով՝ դուք գոնե մեկ հոգս քիչ կունենաք, եթե երեխան ժամանակից շուտ ծնվի։

 

4 Սենյակում հարմարավետ աթոռ դրեք, որպեսզի կարողանաք հեշտությամբ երեխային քնեցնել: Երբ երեխան գիշերվա կեսին արթնանա, կամ անհրաժեշտ լինի գիշերվա կեսին վեր կենալ երեխային կերակրելու համար, ապա ձեր նորածնով զբաղվելու ընթացքում երախտապարտ կլինեք հարմարավետ նստելու տեղ ունենալու համար։ Պարզապես համոզվեք, որ աթոռը ձեզ համար հարմարավետ տեղում է, քանի որ առաջին մի քանի ամիսների ընթացքում ամենայն հավանականությամբ շատ ժամանակ կանցկացնեք այդտեղ:

  • Պտտվող և ճոճվող աթոռները հաճախ օգտագործվող տարբերակներ են, բայց կարող եք նաև մտածել մեծ չափսի բազկաթոռների ու փափուկ աթոռների մասին:
  • Եթե դուք նորածնի սենյակը ձևավորում եք բյուջետային տարբերակով, օգտվեք second-hand խանութներից կամ հարցրեք ընտանիքի անդամներին և ընկերներին, թե արդյոք նրանք ձեռքի տակ ունեն որևէ անպետք աթոռ: Պարզապես համոզվեք, որ այն լավ մաքրել եք:

 

5 Ձեր հարմարության համար սենյակում տեղադրեք երեխայի հագուստը և տակդիրը փոխելու համար նախատեսված սեղան և զգեստապահարան: Որպես սեղան դուք կարող եք կա՛մ օգտագործել բավականաչափ մեծ մակերեսով զգեստապահարան, կա՛մ կարող եք գնել առանձին սեղան: Ամեն դեպքում, դուք կցանկանաք մի տեղում հավաքել բոլոր մանկական հագուստները, ինչպես նաև փոխելու սեղանը կփրկի ձեր մեջքը՝ մի քանի տարիներ շարունակ տակդիր փոխելու ընթացքում։

  • Որոշ մարդիկ նախընտրում են տակդիրը փոխելու համար նախատեսված սեղան չունենալ, իսկ մյուսները նախընտրում են օգտագործել պահարան մանկական հագուստը պահելու համար: Ամեն դեպքում դա ձեր ընտրությունն է։
  • Եթե սենյակում չկա տեղ երեխայի շորերը փոխելու սեղանի համար, ապա կարող եք օգտագործել ձեր երեխայի զգեստապահարանի վերևի մասը՝ նրա վրա փափուկ որևէ բան փռելով :
  • Համոզվեք նաև, որ տեղ եք հատկացրել ձեր երեխայի կեղտոտ տակդիրները դնելու համար:

 

6 Ստուգեք և համոզվեք, որ կահույքը բավարարում է անվտանգության դաշնային բնութագրերին: Եթե նկատեք, որ կահույքը անվտանգ չէ, կամ ունի վնասված հատվածներ, ապա կարող եք այն ետ վերադարձնել։ Ստուգեք երեխայի սենյակի ամբողջ կահույքը՝ համոզվելու համար, որ նրանք բավարարում են անվտանգության բոլոր պայմաններին, հատկապես եթե գնել եք արդեն օգտագործված կահույք։

Ձևավորեք սենյակը

 

1 Սենյակի ձևավորման համար ընտրեք որևէ թեմա։ Թե ինչ թեմա կընտրեք՝ ամբողջովին կախված է ձեզանից: Այն կարող է շատ պարզ լինել, օրինակ՝ պատերը և առաստաղը որևէ գույնի ներկել, բայց միևնույն ժամանակ կարող եք ընտրել յուրահատուկ ձևավորում, օրինակ՝ սենյակը ձևավորեք ձեր սիրելի ֆիլմի հիման վրա։ Եթե չեք ուզում, ապա ամենևին էլ պարտադիր չէ սենյակի համար որևէ թեմա ընտրել: Այնուամենայնիվ, որևէ մի ուղեցույցի հանգելը կօգնի ձեզ նեղացնել ձեր ընտրության շրջանակը՝ սենյակի համար իրեր և կահույք գնելիս։

  • Հաճախ օգտագործվող թեմաներն են՝ մանկական կենդանիները, նախշերը, օվկիանոսը և թռչունները: Այնուամենայնիվ, ազատ եղեք ձեր սեփական ընտրության մեջ:

 

2 Ընտրեք պատի պաստառը` ձեր թեմային համապատասխան: Չնայած ձեր նորածինը չի նկատի պատի ձևավորումը, բայց մեծանալիս նրան դուր կգա զվարճալի որևէ բանի նայելը։ Փնտրեք մոնոգրամներ, շրջանակված նկարներ կամ նույնիսկ վինտաժ ոճի խաղալիքներ՝ պատին փակցնելու համար։

Ձեր սիրելի պատմվածքների նկարազարդ գրքերից շրջանակված էջերը հիասքանչ տեսք կտան մանկական սենյակին:

  • Պատի վինիլային զարդարանքները հիանալի միջոց են սենյակին յուրօրինակ տեսք պարգևելու համար՝ առանց նրա պատերը վնասելու:

 

3 Լույսի մուտքը սահմանափակելու համար կախեք վարագույրներ, որոնք համապատասխանում են սենյակի դեկորին: Երբ ձեր երեխան օրվա ընթացքում քնում է՝ դուք պետք է նրա համար ստեղծեք հաճելի մթնշաղային միջավայր, որպեսզի նա ավելի հանգիստ քնի: Դրա համար ընտրեք այնպիսի վարագույր, որը սահմանափակում է լույսի մի մասի մուտքը, բայց խուսափեք լույսը ամբողջովին սահմանափակող վարագույրներից, քանզի կարևոր է հնարավորինս շուտ սովորեցնել ձեր երեխային գիշերվա և ցերեկվա տարբերությունը:

  • Խորհուրդ չի տրվում մանկական սենյակում կախել շերտավարագույրներ, քանի որ դրանց պարանները լուրջ վտանգ են ներկայացնում փոքր երեխաների համար:

 

4 Օրորոցի մեջ դրեք միայն ներքնակ և սավան: Իհարկե, հրապուրիչ է օրորոցը երեխայի համար փափուկ, հաճելի տարածություն դարձնելը, որտեղ նա սիրով կքնի, բայց նորածինների հանկարծամահությունը (նորածինների հանկարծամահության համախտանիշ) կանխելու համար երեխայի օրորոցը պետք է լինի պարզ՝ առանց ծածկոցների, խաղալիքների կամ բարձերի, մինչև նա չդառնա առնվազն 1 տարեկան:

  • Ձեզ հարկավոր է առնվազն 2 սավանների հավաքածու, այն դեպքերի համար, երբ գիշերվա ընթացքում երեխայի տակդիրը արտահոսի կամ հանկարծակի բացվի:

 

5․Եթե ուզում եք՝ կարող եք օրորոցից կախել պտտվող խաղալիքներ։ Այս պտտվող խաղալիքները հանգստացնում են որոշ երեխաների, սակայն որոշները, ընդհակառակը, ակտիվանում են այդ շարժումներից և դժվարանում են քնել, երբ խաղալիքը միացված է։ Դուք չեք կարող իմանալ, թե արդյոք օրորոցի խաղալիքները լավ ընտրություն են ձեր երեխայի համար, թե ոչ՝ մինչև երեխան չծնվի, այդ իսկ պատճառով լավ կլինի պահեք անդորրագիրը՝ անհրաժեշտության դեպքում խաղալիքը խանութ վերադարձնելու համար։

  • Եթե որոշեք օրորոցի համար պտտվող խաղալիքներ առնել, ապա ընտրեք այն, որը ձեզ է դուր գալիս։ Եթե այն դուր չգա երեխային, ապա ցանկացած պահի կարող եք այն փոխել մեկ այլ խաղալիքով։

 

Դասավորեք երեխայի իրերը

1․Խուսափեք սենյակում խառնաշփոթ ստեղծելուց։ Բացի նրանից, որ սենյակը կունենա թափթփված տեսք՝ չափից շատ խառնաշփոթը կարող է վտանգավոր լինել, երբ գիշերը մթության մեջ մտնեք երեխայի սենյակ։ Կան մի շարք հարմարանքներ, որոնք կարող եք օգտագործել սենյակի իրերը դասավորելու համար, ներառյալ՝ խցիկներ, դարակներ կամ տարաներ՝ որոնք կարող եք դնել պահարանի վրա։

  • Փորձեք նմանատիպ իրերը դնել իրար հետ։ Որպես օրինակ՝ երեխայի լոգանքի բոլոր պարագաները պետք է գտնվեն մի վայրում, կոշիկները մեկ այլ վայրում և այլն։

 

2․Տակդիրները դասավորեք երեխայի հագուստը և տակդիրը փոխելու վայրից ձեռքի հեռավորության վրա։ Երբ փոխեք բավականին շատ կեղտոտված տակդիրը՝ վերջին բանը, որ կուզեք անել այդ պահին, դա դեպի անձեռոցիկ ձգվելն է։ Տեղադրեք տակդիրները, յուղերը, քսուքները, փոշիներն ու անձեռոցիկները այնպիսի հեռավորության վրա, որ հեշտությամբ կարողանաք հասնել նրանց մեկ ձեռքով։

  • Սա, երևի թե, երեխայի սենյակի ամենակարևոր մասն է, որը պետք է շատ լավ դասավորված լինի, քանզի դուք այն օգտագործելու եք օրվա ընթացքում մի քանի անգամ։
  • Նաև լավ կլինի, որ տակդիրների համար նախատեսված աղբամանը նույնպես մոտ լինի փոխվելու սեղանին, որպեսզի երեխային փոխելիս հեշտությամբ կարողանաք ազատվել կեղտոտ տակդիրից։

 

3․Երեխայի սենյակում տեղադրեք մանկական տեսախցիկ և/կամ խոսափող (baby monitor), իսկ ընդունիչը դրեք այնպիսի վայրում, որտեղ անցկացնում եք ձեր օրվա մեծ մասը։ Այս սարքերը ձեզ թույլ կտան հանգիստ լինել, երբ երեխան քնած լինի իր սենյակում։ Դուք հեշտությամբ կկարողանաք լսել երեխայի լացը կամ նվնվոցը, ինչը ձեզ հնարավորություն կտա ժամանակին արձագանքել՝ մինչև երեխայի նյարդային դառնալը։

  • Կան հատուկ տեսախցիկով սարքեր, որոնք թույլ կտան ձեզ հետևել երեխային օրորոցում քնած ժամանակ։
  • Եթե ապրում եք փոքր տանը, ապա ձեզ գուցե հարկավոր չլինեն նմանատիպ սարքեր։ Սակայն, եթե ունեք մեծ տուն, կամ սիրում եք դրսում ժամանակ անցկացնել, ապա լավ կլինի ձեռք բերեք նման սարք։
  • Որոշ սարքերի ձայնը կարող է լսվել մոտակայքում գտնվող մարդկանց մոտ, որոնք օգտագործում են նույն հաճախականությամբ որևէ ռադիոընդունիչ, այդ պատճառով պետք չէ այդ սարքերի մոտ խոսել որևէ անձնական ինֆորմացիաների մասին։

 

4․Մինչև դարակի մեջ դնելը լվացեք երեխայի բոլոր շորերը։ Հագուստ արտադրող ընկերությունները շատ հաճախ նոր շորերը պատում են քիմիական նյութերով, որոնց շնորհիվ հագուստը խանութում ունենում է նոր տեսք, ու մինչդեռ սրա շնորհիվ ձեր երեխայի շորերը պահարանում կունենան հիասքանչ տեսք, այդ քիմիական նյութերը կարող են գրգռել ձեր երեխայի նուրբ մաշկը։ Հագուստի վրայից հեռացրեք բոլոր պիտակները և լվացեք նրանք՝ պահարանում կամ դարակում դնելուց առաջ։

  • Օգտագործեք նորածինների հագուստների համար նախատեսված լվացող միջոցներ՝ համոզվելու համար, որ դրանք զուրկ են որևէ բուրավետ կամ ներկող նյութերից, որոնք նույնպես կարող են գրգռել երեխայի մաշկը։

 

5․Գտեք տեղ երեխային անհրաժեշտ մնացած բոլոր իրերի համար։ Եթե սա ձեր առաջին երեխան է, ապա ամենայն հավանականությամբ կզարմանաք, թե որքան իրեր է նա կուտակում անգամ մինչև ծնվելը։ Օգտագործեք զգեստապահարան, դարակներ, խցիկներ և այլ հնարավոր տարածքներ՝ ձեր երեխայի գոգնոցները, անձեռոցիկները, լոսյոնները, սրբիչները, խաղալիքները, գրքերը և մնացած իրերը դասավորելու համար։

  • Այլ իրերը, որոնք գուցե կուզենաք ունենալ ձեր նորածնի սենյակում ներառում են՝ տակդիրների աղբաման, կեղտոտ շորերի համար նախատեսված զամբյուղ, ճոճվող նստարան և ձայնային սարք, որը կխլացնի շրջակայքի անցանկալի աղմուկը։