Յուրաքանչյուր 20 երեխայից մեկը (մոտավորապես 5%-ը) ունի սննդային ալերգիա։

Փոքրիկ երեխաների սննդային ալերգիաների ամենատարածված պատճառը կովի կաթն է, սրան հաջորդում են սոյան և ձուն: Որոշ նորածիններ կարող են արձագանքել մոր կաթում առկա սպիտակուցներին, մյուսների մոտ ալերգիա կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ ուղղակիորեն կերակրվեն տվյալ սննդով:

Եթե մտավախություն ունեք, որ ձեր երեխան կարող է ունենալ սննդային ալերգիա՝ սննդային ալերգիայի ընտանեկան պատմության կամ ձեր երեխայի մոտ առկա անհանգստացնող ախտանիշների պատճառով, ապա խոսեք ձեր մանկաբույժի հետ:

Ձեր երեխայի սննդային ալերգիա կամ զգայունություն ունենալու մասին կարող են վկայել հետևյալն դրսևորումները՝

 

 

Կոլիկներ

Կոլիկները ախտորոշում չէ, այն տերմին է, որը նշանակում է, որ ձեր երեխան անմխիթար լաց է լինում առնվազն երեք ժամ, շաբաթական երեք օր կամ առնվազն երեք շաբաթ: Բժիշկներն այժմ կարծում են, որ անդադար լաց լինող որոշ նորածիններ իրականում ունենում են թթվային ռեֆլյուքս (ԳԷՌՀ): Այդ նորածինների մի մասը կարող է ունենալ կովի կաթից ալերգիա, ինչն էլ նրանց մոտ ռեֆլյուքսի պատճառ կարող է հանդիսանալ։

Այս դեպքում ձեր մանկաբույժը կնշանակի հակառեֆլյուքսային դեղամիջոցներ կամ կառաջարկի անցնել մեկ այլ արհեստական կաթնախառնուրդի։

 

Մաշկային դրսևորումներ

  • Եղնջացան (մաշկից բարձր կարմիր ցանավորում, որը կարող է տարածվել ողջ մարմնով)
  • Էկզեմա (թեփոտվող, քոր առաջացնող ցան, որը կարող է դառնալ շատ կարմիր և պլոկվել` մասնավորապես քորելիս)
  • Տակդիրից առաջացած ծանր ցանավորում

Կրծքով կերակրումը կարող է օգնել նվազեցնել էկզեմայի ախտանիշները՝ ալերգիայի բարձր ռիսկով նորածինների մոտ։ Ալերգիայի բարձր ռիսկ ունեցող երեխան ալերգիայով առնվազն մեկ ծնող կամ քույր/եղբայր ունեցող երեխան է։ Վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ երեխայի կյանքի առաջին չորս ամիսների ընթացքում բացառապես կրծքով կամ հիպոալերգիկ հիդրոլիզացված արհեստական կաթնախառնուրդներով կերակրումը կարող է նվազեցնել էկզեմայի առաջացման դեպքերը և ծանրությունը՝ ալերգիայի բարձր ռիսկ կամ արդեն իսկ էկզեմայի ախտանիշներ ունեցող նորածինների մոտ։

Ձեր երեխայի մաշկի քորը հանգստացնելու համար մանկաբույժը կարող է առաջարկել վարսակի ալյուրով լոգանքներ, ոչ ստերոիդային լոսյոններ, ինչպիսիք են՝ նավթային գելը, սառը կամ խոնավ թրջոցներ: Ծանր քորի դեպքում ձեր մանկաբույժը կարող է առաջարկել նաև հակահիստամինային միջոցներ կամ ստերոիդ քսուքներ:

 

Աչքեր/քիթ/ականջ

  • Կարմրած և արցունքոտ աչքեր (ալերգիկ կոնյուկտիվիտ)
  • Ականջի քրոնիկ ինֆեկցիա
  • Քրոնիկ քթահոսություն (ալերգիկ ռինիտ)

 

Ալերգիայի քրոնիկ ախտանիշներն, ինչպիսիք են՝ արցունքոտ աչքերը և քթահոսությունը, կարող են պայմանավորված լինել ընտանի կենդանիներով, փոշիով կամ ձեր երեխայի շրջակայքում առկա այլ ալերգեններով: Եթե ձեր երեխայի ախտանիշները ի հայտ են եկել նոր սնունդ ընդունելուց անմիջապես հետո, ապա այն մի քանի շաբաթ նրա սննդակարգից հանելը կօգնի ձեզ պարզել, թե արդյոք սնունդն էր հանդիսանում երեխայի ալերգիայի ախտանիշների պատճառը:

 

Ստամոքս

  • Որովայնային ցավ. Որովայնի ցավի նշան կարող է լինել այն, որ ձեր երեխան անվերջ լաց է լինում և ծնկները ծալում է դեպի կրծքավանդակ:
  • Փսխում։
  • Ջրիկ կղանք, լորձի կամ արյան առկայությամբ։

Եթե ձեր երեխան ունի քրոնիկ փսխում կամ տակդիրում արյան ու լորձի առկայություն, ապա ձեր մանկաբույժը կարող է նշանակել որոշ հետազոտություններ՝ խնդրի պատճառը պարզելու նպատակով:

Ձեր բժիշկը կարող է առաջարկել նաև անցնել դեղատոմսով նշանակված հիդրոլիզացված արհեստական կաթնախառնուրդի:

Ողջ մարմնի ծանր պատասխան (անաֆիլաքսիա)

 

Նորածինների մոտ անաֆիլաքսիան հազվադեպ է հանդիպում: Այն հիմնականում առաջանում է երեխաների կողմից նոր սնունդ կամ արհեստական կաթնախառնուրդ ընդունելուց անմիջապես հետո: Կարող է առաջանալ վերը թվարկված ախտանիշներից որևէ մեկը, գումարած՝

  • Շնչառության դժվարացում
  • Դեմքի, բերանի կամ կոկորդի այտուցվածություն
  • Դեմքի գունատություն
  • Գիտակցության կորուստ

Անաֆիլաքսիան կյանքին սպառնացող արտակարգ վիճակ է: Եթե երեխան ունի շնչառության դժվարություն կամ այտուցված դեմք, լեզու կամ կոկորդ՝ անմիջապես զանգահարեք շտապօգնություն:

Մի քանի խոսք MyKid-ից

Եթե ձեր երեխան ախտորոշվել է սննդային ալերգիայով, ապա, հասկանալի է, որ ձեզ անհանգստացնում է այն, թե ինչպես կարելի է պահպանել նրա անվտանգությունն ու կառավարել ախտանիշները: Ահա մի քանի լավ նորություն՝ երեխաների ավելի քան մեկ քառորդ մասի մոտ, ի վերջո սննդային ալերգիաներն անցնում են, և որքան վաղ է ի հայտ գալիս ալերգիայի առաջին ախտանիշը, այնքան ավելի հավանական է, որ երեխայի ալերգիան կանցնի:

Բացի այդ, եթե ձեր երեխան սննդային ալերգիայի բարձր ռիսկի խմբում է, ապա երեխային հավելյալ սննդի անցկացնելիս, ցանկության դեպքում խոսեք ձեր մանկաբույժի հետ՝ ալերգիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու եղանակների մասին։