Ոչինչ ծնողին կամ երեխային այնքան անհարմար դրության մեջ չի գցում, որքան «այդ խոսակցությունը»։ Եվ երբ խոսքը գնում է հատուկ կարիքներ ունեցող երեխայի մասին՝ այդ զգայուն թեմաներից խոսելը դառնում է էլ ավելի դժվար։ Ամենամեծ մտավախությունը հիմնականում լինում է այն, որ երեխան չի հասկանա, թե ինչ է տեղի ունենում իր մարմնի հետ։ Բայց ձեր օգնությամբ և պլանավորմամբ դա կարող է իրենից որևէ խնդիր չներկայացնել։

 

Հուշումներ, թե ինչպես հատուկ կարիքներ ունեցող երեխայի հետ խոսել սեռահասունացման մասին

Ահա մի քանի հուշումներ, որոնք կօգնեն ձեզ վարել այն խոսակցությունը, որը կունենանք, երբ ձեր երեխայի մարմինը սկսի փոփոխվել։

 

Խոսակցությունը սկսեք շուտ

Չնայած նրան, որ սեռահասունացման մասին խոսակցությունները կարող են երբեմն ճնշող, անհարմար կամ անհաղթահարելի թվալ, դուք պետք է համոզվեք, որ սկսել եք ժամանակին և չեք ուշացրել։ Սեռահասունացման մասին խոսակցությունը սկսելու համար մի սպասեք մինչև ձեր երեխան սկսի ենթարկվել դեռահասության հորմոնների ազդեցությանը և մարմնի փոփոխություններին։

Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հարկավոր է տրամադրել ավելի շատ ինֆորմացիա, քան նա կարող է տեսնել դպրոցում առողջ ապրելակերպի դասընթացների տեսահոլովակներում։ Այսպիսով, որոշակի ժամանակ տրամադրեք նրա հետ խոսելու համար։ Պետք չէ, որ նրա հասակակիցները լինեն ինֆորմացիայի հիմնական աղբյուրը։ Ընտրեք հանգիստ վայր՝ զերծ որևէ շեղող գործոններից, և առանց շտապելու սկսեք խոսակցությունը։

Խոսակցությունը սկսելու տարբերակներից մեկն այն է, որ կարող եք ձեր երեխային հարցնել, թե նա արդեն ինչ գիտի այդ թեմայով։ Այս ինֆորմացիան կարող է խոսակցության լավ ելակետ հանդիսանալ։ Որպես օրինակ՝ ձեր երեխան կարող է արդեն որոշակի պատկերացում ունենալ անատոմիայի կամ վերարտադրողական համակարգի մասին՝ բնագիտության կամ կենսաբանության դասընթացներից։ Որպես արդյունք, դուք կարող եք օգտագործել այդ ինֆորմացիան և խոսակցությունը կառուցել դրա շուրջ։ Կարիք չկա ամեն ինչ սկսել զրոյից։

 

Ամեն ինչ բացատրեք աստիճանաբար

Ինչպես ցանկացած բան, որը կսովորեցնեք ձեր երեխային, այս դեպքում ևս ամեն ինչ բացատրեք նրան աստիճանաբար։ Այլ կերպ ասած, մի փորձեք դեռահասության և սեռականության մասին ամեն ինչ, ինչ-որ երեխան պետք է իմանալ, միանգամից ասել նրան։

Որպես օրինակ, եթե ձեր հատուկ կարիքներ ունեցող երեխան աղջիկ է՝ խոսեք նրա հետ դաշտանի մասին։ Սկսեք բացատրել, թե ինչ է միջադիրը և ինչի համար է այն օգտագործվում։ Ցույց տվեք, թե ինչպես է այն օգտագործվում և օգտագործելուց հետո ինչպես պետք է այն փոխել։ Ավելի ուշ խոսեք ցավերի և նախադաշտանային համախտանիշի մասին։ Բացատրեք ամեն ինչ պարզ և կոնկրետ՝ մի փորձեք երեխային միանգամից ծանրաբեռնել չափից շատ ինֆորմացիայով։

Նաև շատ օգտակար կլինի խոսել սեռահասունացման 5 շրջանների մասին։ Այդ 5 շրջանները ներառում են հասակի, ձայնի, մաշկի վիճակի, տրամադրության փոփոխությունները և այլն։ Շեշտեք, որ այս ամենը տեղի չի ունենում միանգամից, այլ այս փոփոխությունները վրա են հասնում գրեթե 10 տարվա ընթացքում։

Ինչպես նաև, դուք պետք է այդ ժամանակահատվածի ընթացքում մի քանի անգամ վերադառնաք նույն թեմաներին։ Հազվադեպ չէ, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները անհանգստանում են, երբ նկատում են, որ իրենց մարմնում տեղի է ունեցել ինչ-որ նոր փոփոխություն։ Հավաստիացրեք նրան, որ բոլորի մոտ էլ լինում է այն, ինչ այժմ տեղի է ունենում իր հետ։

 

Օգտագործեք համապատասխան տերմիններ

Ամենասկզբից էլ համոզվեք, որ մարմնի մասերի կամ գործառույթների մասին խոսելիս օգտագործում եք համապատասխան գիտական տերմիններ։ Մի ամաչեք իրերն իրենց ճիշտ անուններով կոչելուց։

Որպես օրինակ՝ աղջիկները ունեն ամոթույք, արտաքին շրթեր, ներքին շրթեր, միզուկ և հեշտոց։ Մինչդեռ տղաները ունեն ամորձիներ, փոշտ, առնանդամ, շագանակագեղձ և միզուկ։

Հազվադեպ չէ, երբ մեծահասակները իրենց երեխաների հետ այս թեմաներից խոսելիս ամաչում են օգտագործել համապատասխան տերմիններ, բայց շատ կարևոր է, որ երիտասարդ երեխաները հնարավորության դեպքում հասկանան, թե այդ տերմինները ինչ են նշանակում։ Այդ ինֆորմացիային տիրապետելը հետագայում ավել հեշտ կդարձնի նրանց համար բժշկական խնդիրները տարբերակելը։

Բացի այդ, համապատասխան տերմիններն օգտագործելը կօգնի ձեր հատուկ կարիքներ ունեցող երեխային չշփոթվել։ Պատկերացրեք, թե որքան շփոթեցնող կարող է լինել հատուկ կարիքներ ունեցող երեխային ասելը, որ երեխան աճում է ինչ-որ մեկի փորում, համեմատած նրա հետ, որ ասեք երեխային, որ երեխան զարգանում է մայրիկի արգանդում։ Եթե օգտագործեք «փոր» տերմինը, ապա այն կարող է շփոթեցնել ձեր բալիկին, և նա կարող է մտածել, որ մայրիկը կուլ է տվել երեխային։ Կամ նա կարող է զարմանալ, թե ինչպես է երեխան ընդհանրապես հայտնվել ինչ-որ մեկի փորի մեջ։

Թույլ մի տվեք, որ ձեր անհարմարությունը տվյալ թեմայի շուրջ թույլ չտա ձեզ թափանցիկ խոսել ձեր հատուկ կարիքներ ունեցող երեխայի հետ։ Եղեք անկեղծ և բաց ձեր հաղորդակցման մեջ և մի՛ թաքցրեք ոչ մի բան։

 

Շեշտեք, որ դա նորմալ է

Երբ երեխայի մարմինը արագորեն փոփոխվում է, օրինակ՝ մազեր են աճում այնտեղ, որտեղ մինչ այս մազ չի եղել, որոշ երեխաների համար դա կարող է լինել վախենալու և շփոթեցնող։ Այդ իսկ պատճառով, շատ կարևոր է, որ դուք ասեք ձեր երեխային, որ այն, ինչ նա հիմա ապրում է, լիովին նորմալ է, և որ բոլորն ել անցնում են դրա միջով։ Նաև կարող եք խոսել այն փաստի մասին, որ ցանկացած մարդու մարմին փոփոխվում է այն ձևով, որը ճիշտ է հենց այդ մարդու համար։

Որպես օրինակ՝ որոշ մարդիկ սեռահասունացման ընթացքում բավականին բոյովանում են, իսկ որոշները մնում են նույն հասակի։ Որոշ մարդկանց մոտ կարող են աճել լիքը մազեր, իսկ ուրիշների մոտ մազերը կարող են շատ քիչ լինել։

Այս տարբերությունները մատնանշելը կարող է որոշակիորեն օգնել ձեր երեխային չանհանգստանալ՝ հասկանալով, որ նա չպետք է լինի մնացածի պես։ Դա նաև ցույց կտա, որ չկա որևէ տարօրինակ բան նրա մեջ, թե ինչ է տեղի ունենում իր հետ։

Գտեք ուսուցողական պահեր

 

Օգտագործեք օրինակներ ամենօրյա կյանքից՝ սեռահասունացման և սեռականության մասին խոսելու համար։ Որպես օրինակ՝ դուք կարող եք խոսել ձեր քրոջ հղիության կամ զարմիկի ամուսնության մասին՝ բացատրելու համար, թե ինչու են մարդիկ անցնում սեռահասունացման միջով։

Իրական կյանքի օրինակները կօգնեն երեխային հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իր հետ և ինչ դերակատարում դա կունենա, երբ նա դառնա մեծահասակ։

Դուք նաև կարող եք փորձել միասին կարդալ սեռահասունացման, մարմնի խնամքի և վերարտադրողական համակարգի մասին գրքեր։ Եվ մի մոռացեք շեշտել լավ հիգիենայի կարևորությունը, օրինակ՝ հաճախ լողանալը, դեոդորանտ օգտագործելը և դեմքը լվանալը։ Այս կարևոր կյանքի հմտությունները պետք է կապված լինեն սեռահասունացման և մարմնի փոփոխությունների մասին խոսակցությունների հետ։

 

Ուսումնասիրեք ձեր դպրոցի քաղաքականությունը

Եթե ունեք աղջիկ երեխա, ապա պետք է համոզված լինեք, որ գիտեք թե ինչպես է նրա դպրոցը կարողանում վարվել հատուկ կարիքներ ունեցող աղջիկների հետ՝ դաշտանի ժամանակ։ Որպես օրինակ՝ շատ դպրոցներ չեն օգնի նրան փոխել միջադիրը կամ նրա հետ անգամ չեն մտնի սանհանգույց։ Այդ իսկ պատճառով դուք պետք է ձեր աշակերտի համար ունենաք մշակած ծրագիր, հատկապես, եթե նա չի կարողանում ինքնուրույն փոխել միջադիրը։

Քննարկեք սա ձեր երեխայի ուսուցչի հետ և պարզեք, թե ինչպես են նրանք սովորաբար վարվում այս դեպքերում և միասին մշակեք ծրագիր, որը հարմար կլինի բոլորի համար՝ ինչպես նաև ձեր երեխայի։

 

Պաշտպանեք նրան ոտնձգություններից

Հատուկ կարիքներ ունեցող երեխաները հանցագործների կողմից հաճախ դիտարկվում են որպես ոտնձգության համար հեշտ թիրախ։ Որպես փաստ, հաշմանդամություններ ունեցող երեխաների նկատմամբ իրականացվող տարաբնույթ ոտնձգությունների զգալի մասը ունենում են սեռական բնույթ։

Փաստացի, հետազոտությունները ցույց են տվել, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաների 40 տոկոսը ենթարկվում են ոտնձգությունների։ Ավելին, հատուկ կարիքներ ունեցող երեխաները 3,4 անգամ ավելի հավանական է, որ կենթարկվեն ոտնձգությունների, քան նրանց հասակակիցները։ Մեկ այլ հետազոտություն փաստում է, որ զարգացման խանգարումներ ունեցող աղջիկների 68 տոկոսը, իսկ տղաների 30 տոկոսը մինչև 18 տարեկան հասնելը կենթարկվեն սեռական ոտնձգությունների։

Ծնողները, որոնք բաց հաղորդակցվում են իրենց երեխաների հետ, կարող են օգնել նրանց պահել անվտանգ։ Շատ կարևոր է շեշտել, որ երեխայի մարմինը պատկանում է միայն իրեն։

Այս միտքը ամրապնդելու համար, կարող եք բացատրել երեխային, որ նա միշտ ունի ընտրության հնարավորություն, թե ինչպես ցույց տալ իր վերաբերմունքը այլ մարդկանց նկատմամբ։ Օրինակ՝ հիշեցրեք նրան, որ նա միշտ կարող է ասել ոչ, եթե չի ուզում, որ իրեն ցտեսություն ասելիս գրկեն կամ համբուրեն, անգամ եթե խոսքը գնում է տատիկի մասին։ Նաև շատ կարևոր է, օգտագործելով համապատասխան տերմինները, նշել, թե մարմնի որ մասերն են համարվում անձնական, և շեշտել, որ ոչ մեկ իրավունք չունի առանց թույլատվության դիպչել իր մարմնի այդ հատվածներին։ Այլ կերպ ասած՝ մարմնի անձնական մասերը սովորաբար ծածկված են լինում ներքնազգեստով, կրծկալով կամ լողազգեստով։

Նաև շատ լավ միտք է կազմել վստահելի մեծահասակների ցուցակ, ում երեխան կարող է դիմել, երբ ինչ-որ մեկը դիպչել է նրա մարմնի այդ հատվածներին կամ արել է ինչ-որ բան, որը իրեն ստիպել է անհարմար զգալ։ Շեշտեք, որ ոչ մեկ չի ջղայնանա նրա վրա, եթե նա ասի ճիշտը։

 

Պատրաստն եղեք խոսակցությանը հետևող հարցերին

Այս թեմաներով խոսակցության ավարտից հետո, ձեր երեխան կունենա հավելյալ հարցեր, մտահոգություններ, կամ պարզապես կուզենա ավելի մանրամասն բացատրություն։ Խոսակցությունը ավարտելուց հետո ասացեք երեխային, որ դուք միշտ պատրաստ եք պատասխանել նրա բոլոր հարցերին։

Հավաստիացրեք երեխային, որ ոչ մի հարց սահմաններից դուրս չէ։ Այլ կերպ ասած, համոզվեք, որ նա կարող է ձեզ դիմել ցանկացած հարցով՝ առանց որևէ բանից ամաչելու։

Ինչպես նաև ասեք նրան, որ եթե դուք անմիջապես չիմանաք հարցի պատասխանը, ապա կարող եք փորձել այն գտնել միասին։ Կարևորն այն է, որ կարողանաք պահել բաց հաղորդակցում և թույլ տաք երեխային հասկանալ, որ դուք անկախ ամեն ինչից, մեկ է սիրելու եք իրեն։ Չկան արգելված հարցեր։

Անհրաժեշտության դեպքում համբերատար կրկնեք

 

Իմացեք, որ ձեր երեխայի մոտ շատ բաներ առաջին անգամ քննարկելուց հետո չի տպավորվելու։ Այպիսով շատ կարևոր է կանոնավոր կերպով ունենալ սեռահասունացման և սեռականության մասին խոսակցություններ։ Փաստացի, ամեն անգամ, երբ երեխան իր մարմնում նկատի թեթևակի փոփոխություն, հնարավոր է, որ դուք ստիպված լինեք սկսել ամենասկզբից և զրոյից խոսեք նրա հետ սեռահասունացման մասին։

Հիշեք այդ ընթացքում լինել համբերատար։ Կարող է որոշակի ժամանակ պահանջվել ձեր երեխայից՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում։ Ինչպես նաև, կախված նրա հաշմանդամությունից, կարող է որոշակի ժամանակ պահանջվել տեղի ունեցող փոփոխությունները ընդունելու համար։ Շատ կարևոր է միշտ լինել նրա կողքին և բաց լինել խոսակցությունների համար այնքան հաճախ, որքան նա ուզի։

Մի քանի խոսք MyKid-ից

Սեռականության մասին պատկերացում կազմելը և սեփական մարմինը ճանաչելը շատ կարևոր է կոգնիտիվ խանգարումներ ունեցող դեռահասների և երիտասարդ մեծահասակների համար։ Այդ իսկ պատճառով, երբ սեռահասունացումը վրա է հասնում և երեխայի մարմինը սկսում է փոփոխվել, նրա ծնողները պետք է անեն հնարավորինս ամեն ինչ, որպեսզի լինեն երեխայի ինֆորմացիայի համար մեկ աղբյուրը։

Ազնվության և համբերատարության շնորհիվ, ի վերջո, նա կընդունի իր մարմնի հետ տեղի ունեցող փոփոխությունները։