Ձեր երեխայի կյանքի առաջին տարին շատ հուզիչ և միևնույն ժամանակ, երբեմն, ճնշող ժամանակահատված է։ Քանի որ օր առ օր, շաբաթ առ շաբաթ և ամիս առ ամիս տեղի են ունենում նոր զարգացումներ՝ կարող է բավականին բարդ լինել այդ ամենին պատշաճ կերպով հետևելը։

 

 

Որպես նորաթուխ ծնող, դուք շատ զբաղված կլինեք սովորելով, թե ինչպես խնամել ձեր բալիկին և միևնույն ժամանակ վայելել նրա կյանքի ամեն մի փուլի հրաշք պահերը։ Չնայած նրան, որ ամեն մի երեխայի զարգացումը մի փոքր տարբեր է, մեր ուղեցույցը նախատեսված է նրա համար, որպեսզի օգնի ձեզ հասկանալ, թե հիմնականում ինչ սպասելիքներ պետք է ունենալ և ինչպես ղեկավարել ձեր և ձեր բալիկի կյանքում տեղի ունեցող փոփոխությունները՝ նրա կյանքի առաջին տարվա ընթացքում։

 

Առաջին տարվա ամեն մի փուլի համար՝ սկսած առաջին 8 շաբաթվա ընթացքում շաբաթ առ շաբաթ, իսկ այնուհետև ամիս առ ամիս, մենք մեր ուղեցույցի մեջ ներառել ենք հետևյալ կարևոր ինֆորմացիաները՝

  • Ձեր երեխայի աճը
  • Ֆիզիկական և զարգացման հիմնաքարերը
  • Ինչին պատրաստ լինել ձեր բժշկի մոտ այցերի ժամանակ
  • Հատուկ նկատառումներ, որոնց մասին պետք է իմանալ
  • Ձեր երեխայի կյանքի մեկ օրը
  • Կերակրելու և սնուցման վերաբերյալ խորհուրդներ
  • Քնի վերաբերյալ նկատառումներ
  • Երեխայի խնամքի վերաբերյալ խորհուրդներ
  • «Պետք է իմանալ»՝ ամեն փուլի համար

 

 

Դուք կարող եք մեզ հետ միասին հետևել ձեր երեխայի զարգացման ամբողջ առաջին տարվա ընթացքին և ստանալ ցանկացած հարցի պատասխան՝ անգամ գիշերվա կեսին։ Մենք ձեր կողքին կլինենք, երբ դուք ուզեք հասկանալ, թե արդյո՞ք այդ տարօրինակ ցանավորման համար երեխային պետք է տանել բժշկի, թե՞ ոչ, կամ բոլոր այն պահերին, երբ դուք ինքներդ ձեզ հարցնեք, թե ինչի մեջ եք ընկել (այո, այսպիսի զգացողություններն ամբողջովին նորմալ են)։

Մենք կօգնենք ձեզ հաղթահարել ձեր երեխայի կյանքի առաջին տարին, գլուխ հանել զանազան շփոթեցնող ինֆորմացիաների մեջ և կատարել այնպիսի որոշումներ, որոնք ճիշտ կլինեն ինչպես ձեր, այնպես էլ ձեր երեխայի համար։ Դե ինչ, պատրա՞ստ եք։ Սկսեցի՛նք։

1-ին շաբաթ

Ինչի՞ց է ընդհանրապես պետք սկսել նորածնի հետ կյանքին պատրաստվելիս։ Մեկ գիշերվա ընթացքում ձեր կյանքը ամբողջովին փոխվեց։ Այս շաբաթը հարմարվելու, գոյատևելու և հնարավորինս շատ հանգիստանալու համար է, որպեսզի կարողանաք աստիճանաբար ճանաչել միմյանց։ Այս շաբաթվա ընթացքում պետք չէ մտածել երեխայի համար ժամանակացույց կազմելու մասին՝ դրա համար դեռ լիքը ժամանակ կունենաք։

Այս շաբաթվա ընթացքում կարող եք սպասել, որ ձեր բալիկը օրվա մեծ մասը քնած է լինելու, ինչի շնորհիվ դուք բավական ժամանակ կունենաք ծննդաբերությունից հետո վերականգնվելու համար։ Դուք կարող եք սովորել նորմալ ռեֆլեքսների մասին, որոնք կարող են ի հայտ գալ ձեր երեխայի մոտ և սկզբնական շրջանում, գուցե, վախեցնեն ձեզ, կամ ուսումնասիրել անկանոն շնչառության ձևերը, որոնք կդրսևորվեն ձեր նորածնի մոտ՝ հատկապես քնած ժամանակ, և լավ կլինի, որ սկսեք հետևել ձեր երեխայի համար անվտանգ քնի ուղեցույցներին։

 

 

Այս շաբաթ հիմնականում պետք է կենտրոնանաք ձեր փոքրիկին կերակրելու վրա, այդ իսկ պատճառով կարող եք նախօրոք ուսումնասիրել այն ամենն, ինչ պետք է իմանաք ձեր երեխային կրծքի կաթով կերակրելու համար, ինչպես նաև ծանոթանաք կրծքով կերակրման հիմնական խնդիրներին, ինչպիսիք են՝ երեխայի կողմից պտուկի սխալ կծվածք, կրծքագեղձի կոշտացում, պտուկների ցավոտություն և/կամ արհեստական կաթնախառնուրդի ընտրություն։

Դուք նաև կարող եք ուսումնասիրել, թե ինչ անել, եթե երեխայի մոտ կա դեղնուկ, կամ նա ինքնուրույն չի արթնանում սնվելու համար, և որքան ժամանակ դեռ պետք է սպասել մինչև չվերանա այդ դժվար մաքրվող մեկոնիումը։

2-րդ շաբաթ

2-րդ շաբաթվա ընթացքում դուք կարող եք սովորել ձեր երեխայի սոված լիելու նշանները, թե ինչ են նշանակում լացի տարբեր տեսակները, և թե ինչու ձեր երեխան պետք է վերադառնա իր ծնված օրվա քաշին՝ առաջի շաբաթում մի քանի գրամ կորցնելուց հետո։

Գուցե արդեն ձեր երեխայի համար լոգարան պատրաստելու ժամանակը լինի՝ այն բանից հետո, երբ նրա պորտալարի մնացորդը ընկնի, կամ ձեր փոքրիկի արագ աճի պատճառով դուք կառերեսվեք այսպես կոչված կլաստերային կամ փնջային կերակրման հետ՝ երբ երեխան օրվա ընթացքում շատ հաճախ և կարճ ժամանակահատվածներով սնվելու անհրաժեշտություն է ունենում։

 

 

2-րդ շաբաթը նաև շատ կարևոր ժամանակահատված է բոլոր այն ֆիզիկական խնդիրները լուծելու համար, որոնք անտեսվել են առաջին շաբաթվա ընթացքում՝ սկսած մաստիտից և հետծննդյան սթրեսից, վերջացրած ձեր երեխայի սխալ կծվածքի ուղղումով։

 

3-րդ շաբաթ

Այս շաբաթ ձեր երեխայի մոտ կարող են սկսվել կոլիկաներ, այսպիսով սովորեք, թե ինչպես հաղթահարել այն, ինչերին պատրաստ լինել, և որ դեպքերում է ձեր երեխայի լացը ավելին քան պարզապես լաց։ 3 շաբաթականում արդեն կարող եք սկսել կանոնավոր կերպով ձեր երեխային փորիկի վրա պառկացնել, որպեսզի նա կարողանա զարգացնի իր պարանոցի մկանները, որոնք ի վերջո պետք կգան նրան գլուխը պահելու համար։

Ուզու՞մ եք հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ վիտամին D-ի հավելումները, որոնք բժիշկը նշանակել է ձեր երեխային։ Նրանք շատ կարևոր են, հատկապես եթե ձեր երեխան կրծքով է կերակրվում, այդ իսկ պատճառով դուք պետք է ամեն օր ձեր երեխային տաք այդ հավելումները՝ դարձնելով դա սովորույթ։

 

 

Եթե ձեր նորածինը ունի մաշկի հետ կապված որևէ խնդիր, ինչպիսիք են գլխամաշկի թեփոտումը կամ մանկական ակնեն, ապա դուք կարող եք փորձարկել մի քանի տակտիկա, օրինակ՝ երկարացրեք լոգանքների միջև ժամանակահատվածը, օգտագործեք նուրբ, երեխաների համար նախատեսված մաքրող միջոցներ և խուսափեք յուղոտ քսուքներց և լոսյոններից։

 

4-րդ շաբաթ

Տառապու՞մ եք տակդիրների հետևանքով առաջացող ցանից։ Այժմ շատ լավ ժամանակ է սովորելու, թե տակդիրների հետևանքով առաջացող ցանի դեմ որ քսուքներն է պետք գնել ձեր երեխայի համար, և ինչպես դրանք ճիշտ օգտագործել։ Դուք նաև կարող եք սովորել, թե ինչպես պոմպի միջոցով հավաքել կրծքի կաթը այն պահելու համար՝ եթե ուզում եք այն պահեստավորել սառցարանում, կամ պարզապես ցանկանում եք մի օրով կրծքով կերակրելուց արձակուրդ վերցնել։

 

 

Ձեր 4 շաբաթական կամ 1 ամսական փոքրիկը բժշկի այցի ժամանակ պետք է ստանա իր հերթական պատվաստումը՝ ներառյալ հեպատիտ B պատվաստման երկրորդ դեղաչափը։ Խոսեք ձեր բժշկի հետ ձեզ անհանգստացնող ցանկացած խնդրի մասին և պարզեք, թե ինչպես նվազեցնել երեխայի հանկարծակի մահվան համախտանիշի ռիսկը։

5-րդ շաբաթ

Ձեր փոքրիկը գուցե դեռ չկարողանա փորձարկել իր բոլոր մանկական խաղալիքները, բայց նա մոտենում է դրան։ Այս շաբաթ ձեր երեխան գուցե կարողանա բռնել խաղալիքները և արդեն կսկսի մոտենալ զարգացման այլ կարևոր հիմնաքարերին։

 

Եթե պլանավորում եք մոտակա շաբաթների ընթացքում վերադառնալ ձեր աշխատանքին, ապա դուք կարող եք մի շարք հուշումներ, խորհուրդներ և ոգեշնչում ստանալ այլ մայրիկներից, որոնք եղել են նմանատիպ իրավիճակում։ Եկեք նաև խոսենք կլաստերային կերակրումների մասին ի՞նչ են նրանք իրենցից ներկայացնում և որքա՞ն հաճախ ձեր երեխան կունենա դրանց կարիքը։

 

6-րդ շաբաթ

Այս կամ եկող մի քանի շաբաթների ընաթցքում շատ մայրիկներ վերադառնում են իրենց աշխատանքին։ Դուք կարող եք տարբեր ապրումներ ունենալ աշխտանաքի վերադառնալու մտքի հետ կապված, սակայն անկախ նրանից, թե ինչ եք զգում, դուք կարող եք ձեզ համար պարզաբանել մայրանալուց հետո աշխատանքի վերադառնալու մասին բոլոր միֆերը, նախապատրաստվեք աշխատանքին վերադառնալուն՝ անգամ եթե աշխատում եք տնից, և սովորեք, թե ինչպես պոմպի միջոցով ճիշտ հավաքել և պահել կրծքի կաթը, որպեսզի աշխատանքի վայրում գտնվելու ժամանակ ձեր բալիկը կարողանա սնվել կրծքի կաթով։

 

Եթե ձեր զուգընկերոջից բացի ձեր երեխային խնամելու է մեկ այլ մարդ, ապա համոզվեք, որ ցանկացած մարդ, ով ժամանակ է անցկացնելու ձեր երեխայի հետ, տիրապետի նորածինների սիրտ-թոքային վերակենդանացման (CPR) հմտություններին։

 

7-րդ շաբաթ

Եթե երեխային խնամում եք ձեր զուգընկերոջ հետ, ապա այս շաբաթ փորձեք սատարել մեկդ մյուսին, խոսեք ծնող լինելու դժվարությունների մասին և հարմարվեք այդ ամենին միասին։ Եթե դուք շարունակում եք սեռական հարաբերություններ ունենալ, ապա ճիշտ կլնի քննարկել հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը, և համզվեք, որ շարունակում եք բաց և անկեղծորեն խոսել միմյանց հետ հետծննդյան դեպրեսիայի նշանների և ախտանիշների մասին։

 

 

Շատ կարևոր է նախապես՝ մինչև ախտանիշների ի հայտ գալը, պլանավորել, թե ինչ բժշկական օգնության եք դիմելու, քանզի ցանկացած հիվանդագին վիճակի դեպքում վաղ բուժումը ամենաարդյունավետն է։

Իսկ ինչ վերաբերվում է ձեր փոքրիկին, ապա տրամադրեք նրան փորի վրա գտնվելու համար բավարար ժամանակ, որպեսզի նա կարողանա ամրացնել այդ կարևոր մկանները և խուսափել դիրքային պլագիոցեֆալիայից։ Ձեր բալիկի մեծանալու հետ մեկտեղ գուցե արդեն մսուր/մանկապարտեզ ընտրելու կարիք ունենաք, կամ սկսեք օգտագործել մանկական կրիչներ՝ երեխային ձեր իրանի առջևում պահելու համար (մի անհանգստացեք, սկզբնական շրջանում այս կրիչների օգտագործումը բոլորի համար էլ դժվար է լինում)։

 

2-րդ ամիս

2 ամսականում բժշկի այցի ժամանակ ձեր բալիկը կստանա մի քանի շատ կարևոր պատվաստումներ։ Եվ անկախ նրանից, թե այժմ ինչ եղանակ է դրսում, դուք և ձեր ամուսինը աշխատանքի և մսուրի միջև ժամանակահատվածներում պետք է երեխային հանեք մաքուր օդի, ինչպես նաև պետք է տեղեկացված լինեք երեխայի հետ ավտոմեքենայում գտնվելու անվտանգության կանոնների՝ հատկապես երեխային ավտոմեքենայում թողնելու ռիսկի մասին։

 

 

Դուք հնարավոր է կարծեք, որ ձեզ հետ այդպիսի բան տեղի չի ունենա, սակայն, ավտոմեքենայի մեջ թողնելու պատճառով տարեկան մահանում է ավելի քան 50 երեխա։ Կան որոշակի ռազմավարություններ, որոնք կօգնեն ձեզ նվազեցնել ձեր երեխային տաք ավտոմեքենայում հանկարծակի թողնելու հավանականությունը, ինչպիսին է՝ The Child Minder համակարգը։

 

3-րդ ամիս

Լավ նորություններ՝ դուք կարող եք ակնկալել, որ ձեր երեխայի երեկոյան անհանգստությունը կսկսի նահանջել այս ամիս, և ձեր փոքրիկը անգամ կարող է սկսել քնել ամբողջ գիշերը։ Այո՛, դա հնարավոր է։ Ձեր երեխայի մեծանալու հետ մեկտեղ դուք կսկսեք նկատել, որ նրա կղանքի գույնը սկսում է փոփոխվել, այդ իսկ պատճառով ճիշտ կլինի սովորել, թե ինչպես վերծանել կղանքի տարբեր գույների նշանակությունը։

 

Եթե դեռևս կերակրում եք կրծքով, ապա հնարավոր է օգնության կարիք ունենաք, եթե բախվել եք կաթի քանակի քչացման, պոմպով կաթը հավաքելու ռեսուրսների սղության կամ այնպիսի բժշկական վիճակների հետ, որոնք պահանջում են այնպիսի դեղորայքային բուժում, որը անհամատեղելի է կրծքով կերակրելու հետ։

4-րդ ամիս

Ձեր երեխան գնալով ավել և ավելի կսկսի վայելել իր խաղալիքները, այդպիսով ոգևորեք նրան հնարավորինս շատ խաղալ և ինքներդ մասնակցեք այդ ամենին։ Խաղացեք հատակի վրա, պատմեք ձեր երեխային ձեր առօրյայի մասին և նվիրեք նրան տարբեր տեսակի խաղալիքներ։

 

Դուք նաև կարող եք օգտագործել կրծքով կերակրման համար նախատեսված բարձիկ, որը կօգնի ձեր երեխային զարգացնել այն մկանները, որոնք կօգնեն նրան ինքնուրույն նստել՝ երեխայի զարգացման կարևոր դրվագ, որը վրա կհասնի ավելի շուտ, քան դուք սպասում եք։

 

5-րդ ամիս

Մտածում եք, թե ո՞ր դեպքերում պետք է ձեր երեխային չտանեք մսուր/մանկապարտեզ։ Հիվանդագին վիճակները, ինչպիսիք են՝ տենդը, շարունակական հազը կամ դժվարացած շնչառությունը, փսխումը, փորլուծությունը կամ վարակիչ հիվանդությունները, ինչպիսին է կապույտ հազը, բոլորը մսուրից բացակայելու հիմնավոր պատճառներ են։

Երեխաների մոտ հիվանդությունները բուժելը բավականին բարդ գործ է, դրա համար սովորեք, թե ինչպես բնական ճանապարհով իջեցնել ձեր երեխայի ջերմությունը։ Ինչպես նաև միշտ հիշեք, որ մինչև 1 տարեկանը երեխային արգելվում է տալ ասպիրին, քանի որ կարող է զարգանալ կյանքին վտանգ սպառնացող Ռեյի համախտանիշ։

 

6-րդ ամիս

Դուք հասաք ձեր երեխայի կյանքի առաջին տարվա կեսին, ինչը փոքր քայլ չէ՝ հաշվի առնելով այն բոլոր անքուն գիշերները, որ մինչ այժմ անցկացրել եք։ Տոնեք այդ ամենը՝ փորձելով տալ ձեր երեխային նոր սննդատեսակներ, կամ փորձեք ինքներդ պատրաստել ձեր երեխայի համար մանկական սնունդ։

Երբ երեխան սկսի գնալով ավելի շատ կոշտ սնունդ ուտել՝ կրծքով կերակրող մայրերի մոտ հնարավոր է վերսկսվի դաշտանային ցիկլը, կամ գուցե այն արդեն սկսվել է շատ ավելի շուտ։ Եթե մոտակա ժամանակները չեք պլանավորում կրկին հղիանալ, ապա ճիշտ կլինի ձեր զուգընկերոջ հետ քննարկեք հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը, քանի որ իրականում դուք կարող եք հղիանալ շատ ավելի շուտ, քան կարծում եք։

 

7-րդ ամիս

Ո՞րն է ձեր բալիկին էկրանների հրաշքի հետ ծանոթացնելու ճիշտ ժաանակը։ Դուք հնարավոր է ուզենաք նրա համար միացնել ուսուցողական որևէ ծրագիր, գրկախառնվեք երեկոյան ֆիլմ դիտելիս, կամ պարզապես ծնող լինելուց հանգիստ վերցնեք՝ երեխայի համար մուլտֆիլմ միացնելու միջոցով, բայց անկախ այն փաստից, որ ձեր երեխան օր օրի մեծանում է, իմացեք, որ Մանկաբույժների Ամերիկական Ակադեմիան խորհուրդ է տալիս մինչև 2 տարեկան բոլոր երեխաներին թույլ չտալ ժամանակ անցկացնել ցանկացած տեսակի էկրանների առջև։

Ամենայն հավանականությամբ ձեր երեխայի մոտ արդեն սկսել են ծկթել ատամները, դրա համար կարող եք կարդալ նորածինների ատամների ծկթելու մասին մեր հոդվածը և որքան հնարավոր է շուտ սկսեք իրականացնել ձեր երեխայի ատամների հիգիենան։ 7-րդ ամիսը նաև շատ կարևոր ժամանակահատված է հետծծնդյան դեպրեսիայի սքրինինգի համար՝ խոսեք ձեր ընտանեկան բժիշկի հետ և փորձեք հնարավորինս բաց և անկեղծորեն խոսել ձեր խնդիրների մասին ձեր ընկերների և ընտանիքի անդամների հետ։

Շատ հաճախ բավականին դժվար է լինում ինքներդ ձեզ մոտ հայտնաբերել հետծննդյան դեպրեսիայի նշաններն, այդ իսկ պատճառով շատ օգտակար կլինի ձեր զուգընկերոջ կամ սիրելի մարդկանց հետ քննարկել, թե ինչ տեսք ունեն այդ նշաններն ու ախտանիշները՝ անգամ մինչև երեխայի ծնվելը։

8-րդ ամիս

Արդյո՞ք ձեր երեխան իր տարիքի համար ունի նորմալ քաշ։ Դուք կարող եք պարզել, թե որքան է իր տարիքում երեխաների միջին քաշն ու հասակը, բայց հիշեք, որ բոլոր երեխաների զարգացումը ընթանում է տարբեր արագություններով, և կան բազմաթիվ գործոններ, որոնք դեր են խաղում այդ հարցում։ Այս ամիս կենտրոնացեք ինտերակտիվ խաղալիքների վրա, որոնք ձեր երեխան մեծանալու հետ մեկտեղ ավելի շատ կսկսի սիրել և ավելի շատ խաղալ դրանց հետ։ Եվ նաև մի մոռացեք իջնել հատակին և խաղալ ձեր փոքրիկի հետ միասին։

 

8 ամսականում ձեր երեխան արդեն ամենայն հավանականությամբ ավելի շատ կոշտ և սեղանի սնունդ է սկսում ուտել, այդ պատճառով կարող է որոշակի փոփոխություններ նկատեք ձեր բալիկի աղիքների գործունեության մեջ։ Եթե կոշտ սնունդ ուտել սկսելու հետ մեկտեղ նկատում եք, որ ձեր փոքրիկը դժվարանում է այդ սնունդը ծամել և կուլ տալ հարմարվելուն, ապա խոսեք ձեր բժշկի հետ՝ բացառելու համար բոլոր այն բժշկական բարդությունները, որոնք կարող են այդ ամենի պատճառ հանդիսանալ։

Դուք կարող եք նաև պարզել, թե ինչպես պայքարել բաժանման տագնապի դեմ, ինչպես տունը երեխայի համար սարքել անվտանգ միջավայր և սովորել, թե ինչպես երեխային ներկայացնել սեղանի պարագաները՝ սկսած դանակ-պատառաքաղից, վերջացրած ծծակով բաժակներով։ Ինչպես նաև ունեցեք փոքր փոշեկուլ, որը ձեզ պետք կգա երբ ձեր երեխան սկսի զարգացնել իր բարձր աթոռից սնունդը ցած նետելու հմտությունը։ Սա պարզապես խորհուրդ է։

 

9-րդ ամիս

Դեռևս անդադար օգտագործու՞մ եք ծծակ։ Մինչդեռ ծծակը սկզբի ժամանակահատվածում բավականին օգնում էր ձեր երեխային ինքն իրեն հանգստանալ և նվազեցնում էր երեխայի հանկարծակի մահվան համախտանիշի ռիսկը, այժմ եկել է ձեր երեխային ծծակից բաժանելու մասին մտածելու կամ գոնե օրվա ընթացքում նրա օգտագործման քանակը նվազեցնելու ժամանակը։

 

Եթե գնալով ավելի շատ նոր սննդատեսակներ եք սկսում տալ ձեր երեխային, ապա համոզված եղեք, որ գիտեք սննդային ալերգիաների նշանները, որոնք կարող են ներառել ցան, փորլուծություն, գազիկներ, ուտելիքը թքել և փսխել։

Այս ամիս ձեր երեխայի քունը հնարավոր է խանգարվի ատամների ծկթման կամ արագացած աճի պատճառով, բայց պետք չէ հուսահատվել․ հետևեք ձեր կանոնավոր քնելու ժամանակացույցին և փորձեք գտնել նոր մեթոդներ՝ ձեր երեխային հանգստացնելու համար, օրինակ՝ կարող եք քնելու ժամանակ միացնել հանգստացնող ձայներ կամ երաժշտություն։

 

10-րդ ամիս

10 ամսական երեխաները զբաղված փոքրիկ մեղուներ են։ Նրանց ակտիվության ավելացման հետ մեկտեղ նաև մեծանում է փորձանքների մեջ ընկնելու հավանականությունը, օրինակ՝ գրեթե ամենինչը դեպի բերան տանելու սովորույթը։

 

Հեռու պահեք ձեր բալիկին մինչև մեկ տարեկան երեխաների խեղդվելու հիմնական պատճառ հանդիսացող առարկաներից և խուսափեք նրան խեղդելու հավանականություն ունեցող սննդատեսակներ տալուց՝ ադիբուդի, չամիչ, գետնանուշ, ծծովի կոնֆետ, խաղող և հոթ դոգ։ Եթե մինչ այս չեք արել դա, ապա անպայման գրանցվեք սիրտ թոքային վերակենդանացման սերտիֆիկացման դասընթացներին և համզովեք, որ ձեր շրջապատում բոլոր այն մարդիկ, որոնք զբաղվում են ձեր երեխայի հետ, նույնպես տեղեկացված են, թե ինչ պետք է անել, եթե երեխան հանկարծակի սկսում է խեղդվել։

Երբ ձեր երեխան արդեն սկսում է մոտենալ իր առաջին տարեդարձին (ինչպե՞ս է դա ընդհանրապես հնարավոր), դուք պետք է սկսեք մտածել որոշակի մեծ անցումային գործողություններ կատարելու մասին, օրինակ՝ կրծքից կտրելու, կամ օրվա ընթացքում 2 անգամ քնելու փոխարեն անցնել մեկ երկար ցերեկային քնի։

 

11-րդ ամիս

Ժամանակն է պլանավորել այդքան սպասված առաջին տարեդարձը։ Անկախ նրանից, թե ցանկանում եք կազմակերպել Instagram-ում հրապարակելու համար արժանի մեծ խնջույք, կամ ցանկանում եք համեստորեն նշել այդ առիթը տանը, միևնույնն է՝ միասին անցկացրած ձեր առաջին տարին շատ մեծ իրադարձություն է, որը միանշանակ արժանի է տորթի։

 

 

Երբ ձեր երեխան սկսի անել իր առաջին քայլերը, դուք կարող եք ստանալ որոշ հաճախ տրվող հարցերի պատասխաններ, օրինակ՝ արդյո՞ք նորմալ է ոտերի մատների ծայրերին քայլելը և արդյո՞ք երեխաները կոշիկ հագնելու կարիք ունեն։ Քայլել սկսելու հետ մեկտեղ նաև մեծանում է ձեր փոքրիկի ախորժակը, այդպիսով կարող եք նոր սննդատեսակներ սկսել փորձարկել, ինչպիսին են բանջարեղենային սպիտակուցները, բայց շարունակեք խուսափել ձեր երեխային հյութեր տալուց։ Ջուրը ջրազրկման դեմ պայքարելու ամենալավ միջոցն է (օրենք, որը գործում է նաև մեծահասակ տարիքում)։

Ամենից կարևորը՝ այս ամիս շնորհավորեք ինքներդ ձեզ ծնող լինելու առաջին տարին հաղթահարելու կապակցությամբ։ Իմացեք, որ մենք միշտ այստեղ ենք ձեր ցանկացած հարցին պատասխանելու համար՝ ձեր ծնող լինելու ճանապարհի ամբողջ ընթացքում։