5 հաճախ հանդիպող հիվանդություններ, որոնք երեխաները կարող են ձեռք բերել դպրոցում

 

Երբևէ ձեզ թվացե՞լ է, որ ձեր դպրոցահասակ երեխան մի քանի շաբաթը մեկ նոր վարակ է տուն բերում: Երեխաները դպրոցում սովորում են շատ հիանալի բաներ` մաթեմատիկա և ընթերցանություն, սոցիալական հմտությունների զարգացում` ընկերանալու և ուրիշների հետ շփվելու համար, սովորում են կարգապահ և ինքնուրույն լինել, և սրանք ընդամենը մի քանիսն են: Բայց ցավալի իրողությունն այն է, որ դպրոցը կարող է կիզակետ լինել բակտերիաների և վիրուսների համար և շատ տարածված հիվանդությունների աղբյուր հանդիսանալ երեխաների համար՝ հատկապես դպրոցական տարիքի փոքր երեխաների, որոնց իմունային համակարգը դեռ հասունանում է:

 

 

Քանի որ երեխաները աշնան և ձմռան ամիսներին ավելի շատ ժամանակ են անցկացնում դասասենյակում քան դրսում, իսկ մասնավորապես փոքրիկ երեխաները ավելի հակված են միասին սերտ խաղալու և խաղալիքներ ու այլ դասասենյակային իրեր փոխանակելու, հետևաբար վարակները հեշտությամբ փոխանցվում են մի երեխայից մյուսին: «Մարդիկ կարծում են, որ ձմռանն ավելի շատ վիրուսներ կան, բայց իրականում ձմռանը մարդկանց միջև շփումներն են ավելի շատ», – ասում է Հենրի Բերնշտայնը, Նյու Յորքի Hofstra Northwell բժշկական դպրոցի մանկաբուժության պրոֆեսոր և Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի խոսնակ։ «Պատուհաններն ու դռները փակ են, ուստի վիրուսներն ավելի շատ են տարածվում»: Ահա այն հիվանդությունները, որոնք երեխաները սովորաբար ձեռք են բերում դպրոցում, և այն, ինչ ծնողները պետք է իմանան ընդհանուր ախտանիշների, կանխարգելման և բժշկին զանգահարելու ժամանակի մասին:

Գրիպ

Չնայած նրան,որ գրիպի վիրուսը բավականին տարածված է, միևունույնն է՝ այն բավականին վտանգավոր է։ Ամեն տարի այն պատասխանատու է հազարավոր մահվան դեպքերի համար, և այդ եպքերից ոչ բոլորն են գտնվում բարձր ռիսկային բնակչության շրջանում: «6 ամսական և դրանից մեծ տարիքի երեխաներին խորհուրդ է տրվում ամեն տարի պատվաստվել գրիպի դեմ», – ասում է բժիշկ Բերնստայնը: Ախտանիշները հաճախ ներառում են՝ հիվանդության սուր սկիզբ, բարձր ջերմություն (39 աստիճան կամ ավելի բարձր), մարմնի ցավեր և դողէրոցք, գլխացավ, հյուծում և ախորժակի անկում: Ձեր երեխան կարող է ունենալ նաև հազ, կոկորդի ցավ, որոշ դեպքերում` փսխում և/կամ լուծ ու որովայնի ցավ: «Շատ շնչառական հիվանդություններ, ներառյալ ստրեպտոկոերով հարուցված կոկորդացավը կամ թոքաբորբը, կարող են ընթանալ գրիպի նման, ուստի զանգահարեք ձեր բժշկին, եթե նկատում եք տվյալ ախտանիշները»,- ասում է բժիշկ Բերնստայնը:

 

 

Խորհուրդ կանխարգելման համար․ սովորեցրեք երեխաներին ճիշտ և հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո: Նրանց պետք է հիշեցնել նաև, որ պետք է միշտ լվանալ ձեռքերը փռշտալուց կամ հազալուց հետո: Երեխաները դպրոցում պետք է օգտագործեն ալկոհոլային հիմքով մաքրող միջոցներ, հատկապես մրսածության և գրիպի սեզոնին: Ի վերջո հիշեցրեք երեխաներին դպրոցում խմելու բաժակները կամ ուտելու սպասքը չփոխանակել:

Մրսածություն

Սովորաբար մրսածություն առաջացնում են ռինովիրուսները, որոնք փոքրիկ վարակիչ օրգանիզմներ են և կարող են ժամերով ապրել տարբեր առարկաների մակերեսների վրա: Այս վիրուսները կարող են մուտք գործել քթի և կոկորդի լորձաթաղանթ, աճել և բազմանալ՝ հրահրել իմունային համակարգի պատասխանի առաջացում, որը դրսևորվում է կոկորդի ցավով, հազով, գլխացավով և փռշտոցով: Ձեր երեխայի մոտ նաև կարող է առաջանալ քթի փակվածություն կամ քթահոսություն, ինչպես նաև ջերմության թույլ բարձրացում:

 

 

Խորհուրդ կանխարգելման համար․ Մրսածության փոխանցման ամենատարածված ձևերից մեկն այն է, երբ երեխան շփվում է մրսածության վիրուսի հետ, ապա դիպչում է իր աչքերին կամ քթին: Համոզվեք, որ ձեր երեխան պատշաճ և հաճախ է լվանում իր ձեռքերը, ինչպես նաև հիշեցրեք նրան չդիպչել աչքերին, քթին կամ բերանին: Դուք նաև կարող եք ձեր երեխայի իմունային համակարգը առողջ պահել՝ համոզվելով, որ նա բավականաչափ քնում է, առողջ է սնվում և շատ է մարզվում:

Կոնյուկտիվիտ

Կոնյուկտիվիտը (շաղկապենաբորբ, վարդագույն աչք) այն թափանցիկ թաղանթի բորբոքումը կամ վարակն է, որը ծածկում է ակնագնդի սպիտակ պատյանը և կոպի ներքին մակերեսը: Աչքի այս սովորական հիվանդությունը կարող է առաջանալ բակտերիալ կամ վիրուսային վարակի, ինչպես նաև ալերգենների և աղտոտիչների հետևանքով, ինչպիսիք են՝ ծուխը, կոսմետիկայում առկա քիմիական նյութերը կամ լողավազաններում առկա քլորը: Երեխան կարող է գանգատվել աչքերի գրգռվածությունից կամ լույսի նկատմամբ զգայունությունից, իսկ դուք կարող եք նկատել աչքերի կոպերի ուռածություն և կարմրություն (այստեղից էլ առաջացել է «վարդագույն աչք» անվանումը):

 

 

Խորհուրդ կանխարգելման համար․ Կոնյուկտիվիտը հեշտությամբ փոխանցվում է մի մարդուց մյուսին (երեխան կարող է վարակվել կոնյուկտիվիտով` դիպչելով ինչ-որ բանի, որին դիպչել է վարակված անձը, այնուհետև դիպչելով սեփական աչքին), այդ իսկ պատճառով երեխաներն, ում մոտ ախտորոշվել է կոնյունկտիվիտ, չպետք է հաճախեն դպրոց, քանի դեռ չեն սկսել բուժումը և այլևս վարակիչ չեն: Հիշեցրեք երեխաներին հաճախ չդիպչել իրենց աչքերին, քթին կամ բերանին, ինչը կոնյուկտիվիտը, ինչպես նաև այլ վարակները կանխարգելելու շատ արդյունավետ միջոց է:

Ստրեպտոկոկային վարակ

Երեխաների շրջանում տարածված այս հաճախ հանդիպող վարակի պատճառը բակտերիաների շտամն է, որը կոչվում է A խմբի ստրեպտոկոկ: Ստրեպտոկոկերով հարուցվող կոկորդի բորբոքումը բավականին վարակիչ է և կարող է տարածվել օդակաթիլային ճանապարհով, երբ վարակակիրը փռշտում է կամ հազում: Ստրեպտոկոկային վարակը կարող է փոխանցվել նաև ըմպելիքներ կամ սնունդ փոխանակելու միջոցով, կամ որևէ մակերեսին, օրինակ՝ դռան բռնակներին, որը պարունակում է բակտերիաներ, ապա սեփական աչքերին, քթին կամ բերանին դիպչելով: Ձեր երեխան կարող է կուլ տալու ժամանակ բողոքել կոկորդի ցավից, երեխայի մոտ կարող է լինել նաև ջերմության բարձրացում, ցան, գլխացավ, սրտխառնոց կամ փսխում, բերանի հետին պատին փոքրիկ կարմիր բծեր և մեծացած նշիկներ:

Խորհուրդ կանխարգելման համար․ Սովորեցրեք ձեր երեխային հատկապես զգույշ լինել իր հազացող և փռշտացող ընկերների կամ դասընկերների միջև իրեր փոխանակելուց։ Հիշեցրեք ձեր երեխային հաճախակի լվանալ ձեռքը, հատկապես եթե իր դասընկերներից որևէ մեկը հիվանդ է:

Գաստրոէնտերիտ

Գաստրոէնտերիտը ստամոքսի և աղիքների բորբոքումն է, որը կարող է առաջացնել փսխում, լուծ, ստամոքսային սպազմեր և ջերմության բարձրացում: Գաստրոէնտերիտի պատճառ կարող են լինել բակտերիաները, վիրուսները կամ մակաբույծները: Երբ երեխաները տառապում են գաստրոէնտերիտով, ամենակարևորը, որ պետք է հիշել՝ երեխային ջրազրկումից պաշտպանելն է: «Ջրազրկված օրգանիզմները հակված չեն լավ աշխատելու», – ասում է բժիշկ Բերնստայնը: Տվեք երեխաներին խմելու ջուր կամ ռեհիդրատացնող լուծույթներ (օրինակ՝ Pedialyte կամ Gatorade), որոնք պարունակում են էլեկտրոլիտներ։ Օրգանիզմի էլեկտրոլիտները սպառվում են երեխայի փսխման կամ փորլուծության դեպքում:

 

 

Խորհուրդ կանխարգելման համար․ Գաստրոէնտերիտը կանխելու լավագույն միջոցը ձեր երեխային խրախուսելն է, որ նա ձեռքերը հաճախ լվանա և խուսափի գաստրոէնտերիտ ունեցող անձի հետ սերտ կոնտակտից:

Երբ դիմել բժշկի

Ցանկացած հիվանդության դեպքում զանգահարեք ձեր մանկաբույժին, եթե տեսնում եք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը՝

 

 

  • Շնչառության դժվարացում
  • Բարձր ջերմություն (39 աստիճան և ավելի բարձր)
  • Եթե երեխան չի ջերմում, բայց հիվանդ տեսք ունի («Եթե երեխայի ջերմությունը շատ բարձր չէ, բայց նա հիվանդ տեսք ունի, ապա դա ավելի մտահոգիչ է, քան եթե երեխան ունենա բարձր ջերմություն, բայց իրեն պահի սովորականի նման», – ասում է բժիշկ Բերնշտայնը):
  • Ջրազրկում (ջրազրկման նշաններն են՝ մեզի քիչ քանակը կամ մեզի բացակայությունը, դանդաղկոտությունը և բերանի չորությունը)
  • Ախորժակի բացակայություն և սննդից հրաժարվել, որը տևում է ավելի քան մի քանի օր