Վաղաժամ ծնված երեխայի առողջության հետ կապված խնդիրները

 

 

Վաղաժամ ծնված երեխա (կամ անհաս երեխա) անվանում են այն նորածիններին, որոնք ծնվել են մինչև 37 շաբաթական գեստացիոն տարիքը։ Քանի որ հղիության ընթացքում պտուղը շատ արագ է աճում՝ վաղաժամ ծնված երեխան, որը ծնվել է նորմայից 3-4 ամիս շուտ, բավականին շատ է տարբերվում այն երեխայից, որը ծնվել է 3-4 շաբաթ շուտ։ Այդ իսկ պատճառով բժիշկները շատ հաճախ օգտագործում են հետևյալ տերմինոլոգիան՝ տարբեր ժամկետներում վաղաժամ ծնված երեխաներին տարբերակելու համար։

Ծայրահեղ վաղաժամ ծնված երեխա Վերաբերվում է 28 շաբաթական գեստացիոն տարիքից վաղ ծնված երեխաներին
Շատ վաղաժամ ծնված երեխա Վերաբերվում է 28-ից մինչև 32 շաբաթական գեստացիոն տարիքում ծնված երեխաներին
Չափավոր վաղաժամ ծնված երեխա Վերաբերվում է 32-ից մինչև 34 շաբաթական գեստացիոն տարիքում ծնված երեխաներին
Ուշ վաղաժամ ծնված երեխա Վերաբերվում է 34-ից մինչև 37 շաբաթական գեստացիոն տարիքում ծնված երեխաներին

Այստեղ մենք հիմնականում կկենտրոնանանք շատ վաղաժամ ծնված երեխաների վրա, կամ այլ կերպ ասած այն երեխաների, որոնք ծնվել են մինչև 32 շաբաթական գեստացիոն տարիքը։

Ապրելիության ցուցանիշը

Կա մի շատ լավ նորություն՝ վաղաժամ ծնված երեխաների 95%-ից ավելին գոյատևում են։ Չնայած նրան, որ այս երեխաները բավականին անհաս են և առերեսվելու են զանազան լուրջ առողջական խնդիրների հետ, միևնույնն է, նրանց մեծ մասը վերականգնվելու է այդ վաղաժամ ծնված վիճակից՝ ունենալով մի քանի երկարաժամկետ հետևանքներ։

Ի՞նչ տեսք ունեն շատ վաղաժամ ծնված երեխաները։

 

 

Եթե այցելեք նեոնատալ ինտենսիվ խնամքի բաժանմունքում (այսուհետ ՆԻԽԲ) գտնվող շատ վաղաժամ ծնված նորածնի, ապա, ամենայն հավանականությամբ, կզարմանաք, թե որքան փոքր է այդ երեխան։

30 շաբաթականում ծնված երեխան կշռում է մոտավորապես 1450 գրամ։

Շատ վաղաժամ ծնված երեխաները ունենում են բարակ մաշկ՝ տեսանելի երակներով, ինչպես նաև նրանց միացված են մի շարք բժշկական սարքավորումներ ամենից հաճախ՝

    • Շնչառությանը օժանդակող սարք։ Շատ վաղաժամ ծնված երեխաներից շատերին ծնվելուց հետո անհրաժեշտ է լինում օժանդակ շնչառություն։ Շատ հիվանդ կամ անհաս երեխաները կարող են արհեստական շնչառության կարիք ունենալ։ Իսկ այլ շատ վաղաժամ ծնված երեխաներին անհրաժեշտ է լինում միացնել շնչուղիների դրական շարունակական ճնշում ապահովող սարք (continuous positive airway pressure , CPAP) կամ թթվածին մատակարարող քթային խողովակներ (կանյուլա)։

 

  • Ներերակային մուտքեր։ Քանի որ շատ վաղաժամ ծնված երեխաների մարսողական համակարգը նույնպես անհաս է, նրանք սկզբնական շրջանում սնվում են ներերակային ճանապարհով, և հետագայում նոր աստիճանաբար սկսում են սնվել կրծքի կաթով կամ արհեստական կաթնախառնուրդով։ Ներերակային մուտք կարելի է ապահովել պորտալարի մնացորդի միջոցով (պորտային կաթետր), կամ նորածնի վերջույթների կամ գլխամաշկի վրա տեղադրված ծայրամասային կամ կենտրոնական ներերակային կաթետրների միջոցով։
  • Նազոգաստրալ կամ օրոգաստրալ խողովակներ։ Մինչև մոտավորապես 33 շաբաթական գեստացիոն տարիքը երեխաները չեն կարողանում միևնույն ժամանակ ծծել, կուլ տալ և շնչել։ Այդ իսկ պատճառով շատ վաղաժամ ծնված երեխաներին կերակրում են քթից կամ բերանից դեպի ստամոքս անցնող խողովակի միջոցով։

 

  • Կենսական տվյալները վերահսկող սարքավորումներ։ Շատ վաղաժամ ծնված երեխաների կրծքավանդակին և ձեռքերին կամ ոտքերին ամրացված են լինում հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով չափվում է երեխայի սրտի զարկերի հաճախականությունը, շնչառության հաճախականությունը և արյան թթվածնով հագեցվածությունը (սատուրացիան)։

ՆԻԽԲ-ում հնարավոր առողջական խնդիրները

Շատ վաղաժամ ծնված երեխան կարող է իր բուժումը նեոնատալ ինտենսիվ խնամքի բաժանմունքում անցնել առանց որևէ խնդիրների, կամ ընդհակառակը՝ բուժումը կարող է ունենալ շատ ծանր ընթացք։ Շատ վաղաժամ ծնված երեխաների ամենատարածված առողջական խնդիրներն են՝

    • Շնչառական դիսթրես համախտանիշ (ՇԴՀ): Շատ վաղաժամ ծնված երեխաների մոտավորապես 70-85%-ը ՇԴՀ-ի բուժման կարիք են ունենում։ Շնչառական դիսթրեսը բուժվում է շնչառությանը օժանդակող սարքերի և դեղորայքի միջոցով։
    • Բաց զարկերակային ծորան (ԲԶԾ): Զարկերակային ծորանը արյունատար անոթ է, որը թույլ է տալիս արյանը շրջանառել պտղի թոքերով։ Չնայած նրան, որ բաց զարկերակային ծորանը նորմալ երևույթ է պտուղների մոտ, ծնվելուց հետո այն պետք է փակվի։ Այն բանը, թե երեխան կծնվի բաց զարկերակային ծորանով, թե փակ, էականորեն կապված է ծնվելու պահին երեխայի քաշից։ Այս ծորանը կարող է նաև բաց մնալ նորմալ ժամկետներում ծնված երեխաների մոտ, սակայն վաղաժամ ծնված երեխաները գտնվում են ավելի մեծ ռիսկի տակ։ Հիվանդանոցում կատարված հետազոտության ժամանակ 28 շաբաթականից շուտ ծնված նորածինների 25%-ը և 28-32 շաբաթականներում ծնված երեխաների 12%-ը ունեցել են բաց զարկերակային ծորան։ ԲԶԾ-ը փակելու համար կարելի է դիմել ինչպես վիրահատական բուժմանը, այնպես էլ օգտագործել դեղորայք։

 

  • Սեպսիս։ Քանի որ վաղաժամ ծնված երեխաները ունեն անհաս իմունային համակարգ՝ նրանք ավելի զգայուն են ինֆեկցիաների նկատմամբ քան նորմալ ժամկետներում ծնված երեխաները։ Միացյալ Նահանգներում վաղաժամ ծնված երեխաների մոտ 36%-ը ծնվելուց հետո հիվանդանոցում գտնվելու ժամանակ վարակվում են առնվազն մեկ ինֆեկցիայով։

 

  • Անհասության ապնոէ: Կապված նրա հետ, որ վաղաժամ ծնված երեխաների նյարդային համակարգը նույնպես անհաս է, նրանք կարող են ունենալ ապնոէի կամ բրադիկարդիայի (հազվասրտություն) էպիզոդներ։ Սովորաբար այս վիճակը անցնում է մինչև երեխայի ՆԻԽԲ-ից դուրս գրվելը՝ դեղորայքի միջոցով։
  • Անեմիա (սակավարյունություն)։ Անեմիան (արյան կարմիր բջիջների անբավարարություն) շատ տարածված է վաղաժամ ծնված երեխաների մոտ։ Անհասության անեմիան հիմնականում հանդիպում է մինչև 32 շաբաթական գեստացիոն տարիքը ծնված նորածինների մոտ, և այն կարելի է բուժել երկաթի հավելումների, ինչպես նաև արյան փոխներարկման կամ դեղորայքի միջոցով։
  • Ներփորոքային արյունազեղում: Շատ վաղաժամ ծնված երեխաների արյունատար անոթները, հատկապես ուղեղի, բավականին փխրուն են։ Եթե այս անոթները պատռվեն, ապա արյունը կարող է լցվել ուղեղի փորոքների մեջ։ Շատ վաղաժամ ծնված երեխաների մոտ 15-20%-ի մոտ զարգանում է ներփորոքային արյունազեղում։
  • Նեկրոզացնող էնտերոկոլիտ։ Այս հիվանդությունը բնորոշվում է աղիքների լորձաթաղանթի նեկրոզով (մեռուկացում)։ Սա շատ լուրջ հիվանդություն է, որը բուժվում է դեղորայքի կամ վիրահատության միջոցով։ Բարեբախտաբար վաղաժամ ծնված երեխաների միայն շատ փոքր մասն է տառապում նեկրոզացնող էնտերոկոլիտով։ Այն կարող է ախտահարել 1250-1500 գրամ կշռող վաղաժամ ծնված երեխաների մինչև 3%-ին և 750 գրամից քիչ կշռող վաղաժամ ծնված երեխաների մինչև 11%-ին։

Հնարավոր երկարաժամկետ առողջական խնդիրները

Շատ վաղաժամ ծնված երեխաներից շատերը վերականգնվում են այդ վիճակից հետագա շատ քիչ հետևանքներով։ Առաջին մի քանի տարում նրանք գուցե հատուկ խնամքի կարիք ունենան, բայց սովորաբար նրանք ժամանակի ընթացքում դուրս են գալիս այդ վիճակից։ Շատ վաղաժամ ծնված երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպող երկարաժամկետ առողջական խնդիրներն են՝

 

  • Անհասության ապնոէ։ Շատ վաղաժամ ծնված երեխաների մեծ մասը մինչև ՆԻԽԲ-ից դուրս գրվելը բուժվում են այս հիվանդությունից, սակայն որոշները տուն գնալուց հետո դեռ ունենում են ապնոէի էպիզոդներ։ Այսպիսի երեխաները կարող են գնալ տուն ապնոէի մոնիտորով՝ համոզվելու համար, որ նրանց սրտի զարկերի և շնչառության հաճախականությունը վերահսկվում են։

 

  • Թոքերի քրոնիկ հիվանդություն։ Շնչառությանը օժանդակող սարքերը կարող են վնասել թոքերը՝ բերելով թոքերի քրոնիկ հիվանդության։ Շատ վաղաժամ ծնված երեխաներից շատերը ՆԻԽԲ-ից դուրս գրվելուց հետո հավելյալ թթվածնի անհրաժեշտություն են ունենում, և նրանցից շատերը մանկական տարիքում տառապում են ասթմայից կամ այլ շնչառական հիվանդությունից։
  • Զարգացման ուշացումներ։ Չնայած նրան, որ վաղաժամ ծնված երեխաների մոտ ծանր կոգնիտիվ խանգարումները բավականին հազվադեպ են հանդիպում, այնուամենայնիվ, զարգացման ուշացումները և խնդիրները դպրոցում շատ ավելի հաճախ են հանդիպում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ վաղաժամ ծնված երեխաները տարրական դասարաններում թերանում են հանրահաշվից, ընթերցանությունից և ուղղագրությունից։ Սակայն հավելյալ պարապմունքների շնորհիվ այս երեխաները կարող են հասնել լավ արդյունքների։

Ինչպե՞ս ես կարող եմ լավացնել իմ շատ վաղաժամ ծնված երեխայի վիճակը

Որպես ծնող դուք կարող եք շատ բաներ անել, որպեսզի օգնեք ձեր վաղաժամ ծնված երեխային հնարավորինս շուտ ապաքինվել։

  • Ստացեք վաղ պրենատալ խնամք։ Վաղ և պարբերական պրենատալ խնամքը կարող է օգնել ապագա մայրիկներին նվազեցնել վաղաժամ երեխա ունենալու ռիսկը և կանխել կամ կանգնեցնել վաղաժամ ծննդաբերությունը։
  • Կթեք ձեր կրծքի կաթը։ Անգամ եթե մայրիկը չի պլանավորում երեխային կրծքով կերակրել, մեկ է, անգամ շատ կարճ ժամանակահատվածով կրծքի կաթը կթելը և այն տալը վաղաժամ ծնված երեխային, կօգնի նրան հնարավորինս շուտ ապաքինվել։
  • Փորձեք «կենգուրուի խնամքը»։ Երեխային կենգուրուի պես պահելը կարող է օգնել վաղաժամ ծնված երեխային աճել և հասունանալ, ինչպես նաև այս մեթոդը ունի շատ դրական կողմեր ինչպես մոր, այնպես էլ վաղաժամ ծնված երեխայի համար։ Սա իր մեջ ներառում է երեխային (ում հագցրած է միայն տակդիր) կրծքավանդակի մոտ մաշկ-մաշկ շփումով գրկելը, ինչի շնորհիվ երեխան իրեն տաք և ապահով է զգում։