Կրծքով կերակրման հետ կապված հարցերն ու դրանց պատասխանները

 

 

Չնայած նրան, որ շատ ծնողներ և մանկաբույժներ հասկանում են, որ կրծքով կերակրելը օգտակար է ինչպես երեխայի, այնպես էլ նրա մոր համար, միևնույնն է, ներկայումս շատ բաներ խոչընդոտում են արդյունավետ կրծքով կերակրմանը։ Կրծքի կաթով կերակրման վերաբերյալ ստացեք հնարավորինս շատ ինֆորմացիա և անհրաժեշտության դեպքում խնդրեք օգնություն։

Չպե՞տք է արդյոք կրծքով կերակրելը հեշտ լինի

Չնայած նրան, որ կրծքով կերակրելը բնական երևույթ է, այն միշտ չէ, որ հեշտ է, հատկապես երեխայի ծնվելուց հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Եթե կրծքով կերակրելը հեշտ լիներ, ապա չէին լինի այսքան գրքեր և կայքեր, որոնք նախատեսված են կերակրող մայրերին օգնելու համար։ Մենք չէինք ունենա լակտացիայի խորհրդատուների կարիքը, և շատ մայրեր, որոնք նոր են սկսում կրծքով կերակրել, կշարունակեին անել դա և կհասնեին կրծքով կերակրելու հետ կապված իրենց առջև դրած նպատականերին։

Կրծքով կերակրելը ձեռքբերովի հմտություն է։ Այն պահանջում է համբերություն և փորձ։ Որոշ կանանց համար կրծքով կերակրել սովորելու շրջանները կարող են ֆրուստրացնող լինել և անհարմարություն պատճառել։ Ինչպես նաև որոշ իրավիճակներ էլ ավելի էն բարդացնում կրծքով կերակրելու գործընթացը, օրինակ եթե երեխան ժամանակից շուտ է ծնվել, մոր կամ մանկան մոտ առկա էն որևէ հիվանդություններ և այլն։ Սովորաբար կրծքով կերակրելը ժամանակի ընթացքում գնալով հեշտանում է։

 

Ինչպե՞ս կարող եմ կրծքով կերակրման ժամանակ խուսափել աղեխիթերից (կոլիկներ)

Ցավոք սրտի աղեխիթերից խուսափելը այնքան էլ հեշտ չէ՝ անկախ նրանից դուք երեխային կրծքով կերակրում եք, թե ոչ։ Սակայն, երբեմն կրծքով կերակրվող երեխան ունենում է մայրիկի սննդակարգում ներառված որոշ սննդատեսակների նկատմամբ անտանելիություն կամ զգայունություն սովորաբար այդ սննդատեսակը կովի կաթն է։ (Այն առասպելները, որ բրոկոլին, կաղամբը, ծաղկակաղամբը, շոկոլադը, սոխը կամ կծու մթերքները կրծքով կերակրվող երեխաների մոտ առաջացնում են աղեխիթ կամ այլ խնդիրներ, չեն համապատասխանում իրականությանը։)

Չնայած նրան, որ սովորաբար անհրաժեշտություն չի լինում ձեր ճաշացանկից ի սպառ հանել որոշ սննդատեսակներ, միևնույնն է, եթե դուք և ձեր մանկաբույժը կարծում եք, որ խնդիրը սննդային ալերգիայի մեջ է, ապա կարող եք փորձել էլիմինացիոն դիետա կոչվածը՝

  • Թիրախավորեք կոնկրետ մթերքներ կամ սննդատեսակներ, ներառյալ կովի կաթը (և այլ մթերքներ, որոնք պատրաստվում են կովի կաթից կամ կաթի սպիտակուցից, ներառյալ՝ կարագ, պանիր կամ պաղպաղակ և այլն), սոյա, ցիտրուսային մրգեր, ձու, ծառի ընկույզ, գետնանուշ, ցորեն, եգիպտացորեն, ելակ կամ շոկոլադ։
  • Ձեր ճաշացանկից մեկ-մեկ հեռացրեք այդ սննդատեսակները, և սպասեք, որպեսզի տեսնեք, թե արդյոք ձեր երեխայի աղեխիթի ախտանիշները (կամ այլ ախտանիշներ, օրինակ՝ լուծ կամ էկզեմա) լավանում են, թե ոչ։
  • Այդ սննդատեսակը ետ բերեք ձեր ճաշացանկի մեջ և հեռացրեք մեկ այլ սննդատեսակ, եթե 2-3 օր հետո երեխայի մոտ չեք նկատում որևէ փոփոխություն։ Չնայած, երբեմն անհրաժեշտ է լինում սպասել 2-4 շաբաթ՝ տեսնելու համար արդյոք երեխայի ախտանիշները վերանում են, թե ոչ։
  • Վերստուգեք, եթե հայտնաբերում եք այնպիսի սննդամթերք, որի նկատմամբ երեխան զգայուն է։ Եթե այն շարունակում է հանդիսանալ ախտանիշների պատճառը, ապա հանեք այդ սննդատեսակը ձեր ճաշացանկից մինչև ձեր երեխան չդառնա առնվազն 6 ամսական։

Եթե դուք ձեր ճաշացանկից վերացրել եք կաթնամթերքը, ապա ի հավելում ձեր պրենատալ վիտամինների դուք պետք է նաև սկսեք ընդունել հավելյալ կալցիում։ Եթե ձեր երեխայի մոտ կրծքով կերակրման ընթացքում առաջանում են ծանր աղեստամոքսային ախտանիշներ, ապա բացի ձեր մանկաբույժից և լակտացիայի խորհրդատուից դուք կարող եք նաև դիմել մանկական գաստրոէնտերոլոգի։

Արդյո՞ք իմ երեխան բավարար քանակությամբ կրծքի կաթ է ստանում

Կրծքով կերակրող շատ մայրերի համար առաջին շաբաթը մի մեծ մարտահրավեր է, քանզի նրանք կասկածում են, թե արդյոք իրենց երեխան բավարար քանակությամբ կրծքի կաթ է ստանում, հատկապես, եթե նկատում են, որ երեխան քաշ է կորցնում (ինչը նորմալ է)։ Այն մասին, որ երեխան բավարար քանակությամբ կրծքի կաթ է ստանում փաստում են՝

  • 2-րդ օրը առնվազն 2 թաց տակդիրը կամ առնվազն 2 անգամ աղիքների գործելը, իսկ կեղտը ամենայն հավանականությամբ դեռ կլինի կպչուն, ձյութանման և սև գույնի
  • 3-րդ օրը առնվազն 3 թաց տակդիրը կամ առնվազն 3 անգամ աղիքների գործելը, կեղտը դառնում է ավելի ջրիկ և կանաչավուն կամ դեղնավուն երանգ է ստանում
  • 4-րդ օրը առնվազն 4 թաց տակդիրը կամ առնվազն 4 անգամ աղիքների գործելը՝ ջրիկ և դեղին կեղտով
  • 5-րդ օրը առնվազն 5 թաց տակդիրը կամ առնվազն 5 անգամ աղիքների գործելը՝ դեղին, ջրիկ և հատիկավոր կեղտով

Կյանքի առաջին 3 կամ 5 օրվա ընթացքում քաշ կորցնելուց հետո ձեր նորածին երեխան պետք է սկսի օրեկան առնվազն 10-30 գրամ քաշ հավաքել։ Կերակրեք ձեր երեխային օրեկան առնվազն 8-12 անգամ։ Դիմեք բժշկի, եթե ձեր երեխան 3-5 օրեկան է և բերանով չի բռնում կուրծքը, կամ դուք զգում եք, որ ձեր կաթը չի գալիս։

Առաջին այցի ժամանակ, որը սովորաբար տեղի է ունենում, երբ երեխան 3-5 օրեկան է լինում, ձեր մանկաբույժը կօգնի ձեզ հետևել երեխայի քաշի տատանումներին։ Իմացեք, որ մանկաբույժի մոտ վաղ այցը շատ կարևոր է, հատկապես եթե ձեր երեխան հիվանդանոցից դուրս է գրվել ծնվելուց հետո 48 ժամից շուտ։ Ամերիկայի մանկաբույժների ասոցիացիայի համաձայն երեխան պետք է զննվի բժշկական ոլորտի մասնագետի կողմից ծննդատնից տուն գնալուց հետո 48 ժամվա ընթացքում։

Ի՞նչ կարող եմ անել, եթե պտուկներս ցավում են

 

Բացի նրանից, որ պետք է համոզվել, որ երեխան բերանով ճիշտ է բռնում կուրծքը, դուք նաև կարող եք՝

  • Փոխել կրծքով կերակրման դիրքերը
  • Ձեռքերով քամել մի-քիչ կաթ և քսել այն ձեր ցավացող պտուկներին
  • Երեխային կերակրելուց հետո, մինչև կրծքերը ծածկելը, թույլ տվեք, որ պտուկները չորանան
  • Կրեք փափուկ բամբակե շապիկ և խուսափեք նեղ շապիկներից և կրծքակալներից
  • Պարբերաբար փոխեք կերակրման բարձիկները
  • Պտուկներին քսեք հատուկ քսուքներ կամ բալզամներ

Եթե ձեր պտուկների ցավը սկսում է խանգարել ձեզ կերակրել ձեր երեխային, ապա դիմեք լակտացիայի խորհրդատուին։

Ինչպե՞ս կարող եմ բուժել խցանված կաթնածորանները և մաստիտը

Խցանված կամ փակված կաթնածորանները հանդիսանում են կրծքով կերակրելու ընթացքում դիտվող ցավի ամենատարածված պատճառներից մեկը։ Երբ կաթնածորանը խցանվում է այն կարող է դառնալ պինդ և բորբոքված։ Ի տարբերություն մաստիտի՝ խցանված կաթնածորանները չեն զուգորդվում տենդով և հաճախ ինքնուրույն լավանում են, եթե սկսեք կրծքով ավելի հաճախ կերակրել։ Որպես բուժման այլ մեթոդ դուք կարող եք մերսել ձեր կրծքերը կամ այդ հատվածում դնել տաք թրջոցներ։

Մաստիտի դեպքում առաջանում են խցանված կաթնածորանների նման ախտանիշներ, բայց բացի դրանից դուք նաև կարող եք ունենալ տենդ և գրիպանման ախտանիշներ։ Մինչդեռ խցանված կաթնածորանի պատճառը կաթի կանգն է (կաթը շատ երկար ժամանակ մնում է կրծքում), մաստիտը իրականում ինֆեկցիա է։ Սակայն բուժումները միանման են, ներառյալ՝ ախտահարված կրծքով ավելի հաճախ կերակրելը։ Եթե մաստիտը գնալով չի լավանում, ապա գուցե կարիք լինի, որ ընդունեք հակաբիոտիկներ։

Ե՞րբ պետք է օգտագործեմ պտուկի վրադիր

Պտուկի վրադիրը հագնում են պտուկի և արեոլայի վրա՝ երեխային կրծքով կերակրելու ընթացքում։ Այն կարող է անհրաժեշտ լինել հետևյալ դեպքերում՝

  • Գեր պտուկներ
  • Ներս ընկած պտուկներ
  • Անհաս երեխայիմ կերակրելիս

Պարզապես հիշեք, որ այդ վերադիրները չի կարելի շատ երկար օգտագործել և պետք է օգտագործել լակտացիայի խորհրդատուի հսկողությամբ։ Խորհրդատուն կարող է օգնել ձեզ ճիշտ օգտագործել պտուկի վրադիրը և այդպիսով լուծել կերակրման հետ կապված հիմքում ընկած խնդիրները։

Ի՞նչ կարող եմ անել կրծքերի լցվածության դեպքում

Կրծքերի լցվածության ախտանիշներն են՝ պինդ, ցավոտ կրծքեր, տափակած պտուկներ և անգամ ցածր աստիճանի տենդ։ Կրծքերի լցվածությունը սովորաբար առաջանում է, երբ սկսում է արտադրվել կաթ՝ երեխայի 2-5 օրեկան հասակում։

Կրծքերի լցվածության հիմնական բուժման եղանակներն են՝ երեխայի պահանջի դեպքում, օրեկան առնվազն 8-12 անգամ կրծքով կերակրել նրան, կրծքերին դնել տաք թրջոցներ, նրբորեն մերսել կրծքերը, կրծքերին սառը թրջոցներ կամ սառցե պարկեր դնել։ Կրծքերին կաղամբի թերթիկներ դնելը նույնպես կարող է օգտակար լինել, սակայն այս մեթոդը չպետք է օգտագործել կերակրման առաջին օրերի ընթացքում, քանզի այն կարող է նվազեցնել կաթի արտադրությունը։

Որոնք են լակտացիային օգնող սարքի օգտագործման դրական ազդեցությունները

Լակտացիային օգնող սարքը կարող է օգնել խուսափել նրանից, որ երեխան կհրաժարվի կրծքից, ինչպես նաև այն կարող է խթանել, որ ձեր կրծքերը ավելի շատ կաթ արտադրեն։ Սա երեխային շշով կթած կրծքի կաթ կամ արհեստական կաթնախառնուրդ տալու շատ լավ այլընտրանք է։

Լակտացիային օգնող սարքը իրենից ներկայացնում է սնուցող խողովակ, որը մի եզրը պետք է ամրացնեք շշին, իսկ մյուսը ձեր պտուկին այնպես, որ երբ երեխան բերանով բռնի կուրծքը և փորձի ծծել՝ նա բացի ձեր կրծքի կաթից նաև ստանա շշում եղած կաթը։ Լակտացիային օգնող սարքը նաև ներառված է կերակրելու օժանդակ համակարգերի մեջ (SNS)՝ կերակրման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման ներարկիչների հետ մեկտեղ։

Արդյո՞ք գենցիան վիոլետով բուժումը արդյունավետ է կաթնախտի դեպքում

Կաթնախտը բերանի ինֆեկցիա է, որը հարուցվում է Candida albicans կոչվող բորբոսասնկով։ Կաթնախտով տառապող նորածիններին հիմնականում նշանակվում են բերանացի ընդունման Նիստատին կամ Ֆլուկոնազոլ դեղամիջոցները, որոնք վաճառվում են բժշկի կողմից տրվող դեղատոմսով։

Կրծքով կերակրող որոշ մայրեր կաթնախտի բուժման համար նախընտրում են գենցիան վիոլետը, քանզի այն կարելի է գնել առանց դեղատոմսի, շատ հաճախ արդյունավետ է հենց առաջին օգտագործումից և նաև կարելի է օգտագործել սեփական ինֆեկցիան բուժելու համար։ Սակայն այն ունի որոշ բացասական կողմեր։ Գենցիան վիոլետը կարող է հետքեր թողնել հագուստի կամ մաշկի վրա (ոչ մշտական)։

Ի՞նչ է կրծքով կերակրման դեղնուկը

Շատ ծնողներին քաջ հայտնի է, որ նորածին երեխաների մոտ կարող է առաջանալ դեղնուկ՝ արյան մեջ բիլիռուբինի բարձր քանակի պատճառով (հիպերբիլիռուբինեմիա) երեխայի մաշկը և աչքերը ընդունում են դեղնավուն երանգ։ Սակայն մայրիկները հաճախ զարմանում են՝ լսելով, որ կա դեղնուկի մի քանի տեսակ՝

    • Կրծքով կերակրման դեղնուկ դեղնուկ, որը կաթի քիչ արտադրության կամ երեխային կրծքով ոչ ճիշտ կերակրելու պատճառով գնալով վատանում է նրա կյանքի առաջին շաբաթի ընթացքում, ինչը կարող է բերել ջրազրկման և քաշի արտահայտված նվազման։ Սա ֆիզիոլոգիական դեղնուկի տեսակ է, որը նաև հանդիպում է արհեստական կաթնախառնուրդով սնվող երեխաների մոտ, որի դեպքում այն նույնպես կարող է ավելի վատանալ, եթե երեխան լավ չի սնվում և բավականին շատ քաշ է կորցնում։

 

  • Կրծքի կաթի դեղնուկ․ ի տարբերություն կրծքով կերակրման դեղնուկի՝ այս երեխաները նորմալ են սնվում և նրանց մոտ դեղնուկը մեղմ է արտահայտված, և այն կարող է տևել 2-3 ամիս։

 

Անկախ նրանից, թե որն է դեղնուկի պատճառը, այն չպետք է կրծքով կերակրման խոչընդոտ հանդիսանա։ Դրա փոխարեն աշխատեք ձեր մանկաբույժի և/կամ լակտացիայի խորհրդատուի հետ, որպեսզի ձեր երեխային կրծքով ավելի արդյունավետ կերակրեք և լավացնեք ձեր կաթի արտադրությունը։ Եթե առաջանա հավելյալ սնուցման անհրաժեշտություն, ապա զրուցեք ձեր մանկաբույժի հետ՝ շշի փոխարեն լակտացիային օգնող սարք օգտագործելու վերաբերյալ։

Ի՞նչ է իրենից ներկայացնում մատով կերակրումը

Մատով կերակրումը երեխայի կերակրման տեխնիկա է, որի միջոցով կարող եք խուսափել նրանից, որ երեխան կհրաժարվի կուրծքը բռնելուց և կուրծք ուտելուց։ Այն շշով կերակրման այլընտրանք է։

Կերակրելու օժանդակ համակարգերն օգտագործելու նման, մատով կերակրելու դեպքում դուք նույնպես պետք է ներմուծեք սնուցման խողովակը երեխայի բերանի մեջ՝ ձեր մատի հետ միասին, որպեսզի երեխան ծծելով ձեր մատը՝ այդ խողովակի միջոցով ստանա կաթ։ Կարող եք խողովակի ծայրին ամրացնել կաթով լի ներարկիչ, ինչը կօգնի կաթը ավելի հեշտ մղել երեխայի բերանի մեջ։ Կրծքով կերակրման խորհրդատուն կարող է օգնել ձեզ այս հարցում։

Պե՞տք է արդյոք դադարեցնեմ կրծքով կերակրելը, եթե հիվանդ եմ

Շատ հազվադեպ է լինում, երբ հիվանդ կամ որոշակի դեղորայք ընդունող կրծքով կերակրող մայրը պետք է դադարեցնի կրծքով կերակրելը։ Այդ դեպքերից են՝

  • Որոշ ինֆեկցիաներ, օրինակ՝ ՄԻԱՎ, չբուժված, ակտիվ տուբերկուլոզ (կարելի է կթել), չբուժված բրուցելյոզ, կրծքի վրա ակտիվ հերպեսային ախտահարման օջախ (կարելի է կթել), և այն մայրերը, որոնց մոտ հայտնաբերվել է մարդու T-բջջային լիմֆոտրոֆ վիրուս տիպ I կամ II
  • Թմրանյութերի օգտագործման դեպքում
  • Քիմիոթերապևտիկ բուժման կուրս անցնելիս
  • Այնպիսի դեղերի ընդունման դեպքում, որոնք վտանգավոր են երեխային կրծքով կերակրելու համար (փորձեք գտնել երեխայի համար անվտանգ այլ արդյունավետ դեղամիջոց)

Հասարակ մրսածությունը, տենդը, ստամոքսի ցավը կամ այլ հիվանդություններ չեն կարող երեխային կրծքով կերակրելը դադարեցնելու պատճառ հանդիսանան։ Շատ ավելի հաճախ կարիք է լինում ժամանակավորապես դադարեցնել երեխային կրծքով կերակրելը, եթե մայրը հիվանդ է կամ ընդունում է երեխայի համար վտանգավոր որևէ դեղորայք։ Այս դեպքերում մայրը պետք է կթի իր կրծքերը, որպեսզի պահպանի կաթի արտադրությունը։

Ե՞րբ պետք է դադարեցնել երեխային կերակրել կրծքի կաթով

Կան կրծքով կերակրման մի քանի հակացուցումներ։ Հիմնական գոյություն ունեցող հակացուցումը նորածին երեխայի մոտ հայտնաբերված գալակտոզեմիայի կլասիկ տարբերակն է (հազվադեպ հանդիպող հիվանդություն, որի դեպքում երեխան չի կարողանում մարսել կրծքի կաթում եղած շաքարներից մեկը)։

Չնայած նրան, որ կրծքով կերակրելը խրախուսվում է երբ երեխայի մոտ կա աղեստամոքսային վիրուս՝ անգամ եթե նա փսխում է, սակայն, երբեմն երեխան կարող է իրեն այնքան վատ զգալ, որ կարիք է լինում նրան հոսպիտալիզացնել, և այս պարագայում կրծքով կերակրելը դառնում է անհնարին։ Այս ժամանակահատվածում դուք պետք է կթեք ձեր կրծքերը, որպեսզի պահպանեք կաթի արտադրությունը։ Երբ ձեր երեխան դադարի ստանալ ներերակային հեղուկներ՝ դուք պետք է արդեն կարողանաք նրան կրծքով կերակրել։

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում կրծքի սեղմումը

 

Կրծքի սեղմումը տեխնիկա է, որի միջոցով դուք կարող եք օգնել ձեր երեխային ստանալ ավելի շատ կաթ, եթե նա ճիշտ բռնել է կուրծքը, սակայն բավարար քանակությամբ կաթ չի ուտում։ Եթե ձեր երեխան քաշ դանդաղ է հավաքում, կամ ուտելու ժամանակ քնում է, ապա կրծքի սեղմումը կարող է օգնել ձեզ։

Համոզվեք, որ երեխան լավ բռնել է կուրծքը։ Երբ նկատում եք, որ երեխան նորմալ չի ուտում կամ ծծում, ապա նրբորեն բայց ամուր սեղմեք կուրծքը և տեսեք, թե արդյոք երեխան նորից սկսում է խմել, թե ոչ։ Դադարեցրեք սեղմել կուրծքը, երբ երեխան նորից սկսի ծծել, սպասեք մի փոքր, այնուհետև կրկին սեղմեք։ Կրծքով կերակրման խորհրդատուն կարող է օգնել ձեզ այս տեխնիկայի հարցում, ինչպես նաև նա կարող է օգնել, որպեսզի երեխան ավելի լավ բռնի կուրծքը։

Կարող է արդյո՞ք աշխատող մայրը կրծքով կերակրել

Այո՛։ Ձեզ անհրաժեշտ է կրծքի լավ պոմպ, նախընտրելի է որակյալ կրկնակի էլեկտրական պոմպ, ինչպես նաև աշխատանքի վայրում որոշակի անձնական տարածք՝ կաթը կթելու համար։ Ամենայն հավանականությամբ աշխատանքային օրվա ընթացքում կարիք կլինի 2-3 անգամ կթել կաթը։ Ձեզ նաև անհրաժեշտ կլինի աշխատանքի վայրում կաթը պահելու համար որևէ տարածք (օրինակ՝ սառնարան կամ փոքր թերմոտոպրակ)։

Ի՞նչ կարող եմ անել այն մարդկանց հետ, որոնք խոչընդոտում են իմ երեխային կրծքով կերակրելուն

Շատ դժվար է կրթել ձեզ շրջապատող այն մարդկանց, որոնք դեմ են հասարակական վայրերում կրծքով կերակրելուն և խոչընդոտում են դրան։ Դրա փոխարեն, դուք կարող եք աջակցման այլ աղբյուրներ գտնել, օրինակ՝

  • Կրծքով կերակրման աջակցող խմբակ
  • Լակտացիայի խորհրդատու՝ եթե ունեք կրծքով կերակրելու հետ կապված օգնության կարիք
  • Մանկաբույժ

Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել դոմպերիդոն՝ իմ կաթի արտադրությունը ավելացնելու համար

Դոմպերիդոնը հաճախ նշանակվում է այն կանանց, որոնք ունեն կաթի իրական, քրոնիկ թերարտադրություն։ Սա կարող է լինել հորմոնալ խնդիրների, գեղձային հյուսվածքների անբավարարության, լայն տեղադրված կրծքերի կամ բազում այլ պատճառներով։

Առողջության համաշխարհային կազմակերպությունը և Միացյալ Նահանգների սննդի և դեղերի վարչությունը զգուշացնում են, որ դոմպերիդոնը կարող է վտանգավոր լինել՝ հատկապես նրա ներերակային տարբերակը, որը ապացուցված է, որ կարող է առաջացնել սրտային առիթմիաներ և սրտի կանգ։ Դոմպերիդոնի այս տեսակը վերացվել է շուկայից։

Սննդի և դեղերի վարչությունը նաև զգուշացնում է՝ «դոմպերիդոնը անցնում է կրծքի կաթի մեջ, ինչը կրծքով կերակրվող նորածնին ենթարկում է անհայտ ռիսկերի»։ Այսպիսով, փորձեք կաթի արտադրությանը նպաստող այլ՝ ավելի անվտանգ մեթոդներ։

Կարո՞ղ եմ արդյոք կրծքի կաթով կերակրել 1-3 տարեկան երեխային

Ինչի՞ համար պետք է որևէ մեկը կրծքի կաթ տա 1-3 տարեկան երեխային։ Այս հարցին կարելի է այլ կերպ նայել՝ իսկ ինչու՞ ոչ։ Ամերիկայի մանկաբույժների ակադեմիայի ներկայիս ուղեցույցների համաձայն՝ «կրծքով կերակրումը պետք է շարունակվի առնվազն մինչև երեխայի 12 ամսական հասակը, իսկ դրանից հետո այնքան ժամանակ, որքան երկու կողմերը ուզում են»։

Կարո՞ղ եմ արդյոք կրծքով կերակրել որդեգրված երեխային

Գոյություն ունի որդեգրված երեխային կրծքով կերակրելու մի քանի եղանակ, դրանցից են՝

  • Դուք կարող եք ձեր որդեգրած երեխայի համար կաթի որոշ մասը, կամ անգամ ամբողջ կաթը ստանալ կաթի դոնորների բանկից
  • Կամ կարող եք աշխատել կրծքով կերակրման խորհրդատուի հետ, որպեսզի կրծքերը պարբերաբար կթելով խթանեք կաթի արտադրությունը՝ մինչև երեխային որդեգրելը

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում կրծքից հրաժարվելը

Ձեր երեխան կարող է ժամանակավորապես դադարել սնվել և հրաժարվել կրծքով կերակրվելուց։ Սա կարող է տեղի ունենալ, երբ երեխայի մոտ ծկլթում են ատամները, նա մրսել է կամ պարզապես նրա առօրյայում փոփոխություն է տեղի ունեցել։ Կրծքից հրաժարվելը սովորաբար տևում է մի քանի օր և դա չի նշանակում, որ երեխան արդեն պատրաստ է հավելյալ սնունդ օգտագործել կամ պետք է դադարեցնել նրան կրծքով կերակրելը։

Կարո՞ղ է արդյոք իմ երեխան ալերգիա ունենալ իմ կրծքի կաթից

Գրեթե հաստատ՝ ՈՉ։ Եթե երեխայի մոտ կրծքի կաթ ուտելիս առաջանում է ալերգիկ ռեակցիա, ապա այդ ռեակցիան կարող է լինել ձեր կերած որևէ մթերքի նկատմամբ, որը անցել է ձեր կաթի մեջ։

Որպես օրինակ, եթե ձեր երեխայի մոտ լինում է արյունոտ կղանք, որը շատ հաճախ ալերգիկ կոլիտի նշան է, որը հանդիսանում է կաթի սպիտակուցի նկատմամբ ալերգիկ ռեակցիա, ապա դա կախված է կովի կաթի սպիտակուցների հետ, որը դուք ուտում կամ խմում եք։ Այս սպիտակուցները անցնում են ձեր կաթի մեջ և երեխայի մոտ հրահրում ալերգիկ ռեակցիա։ Սովորաբար սրա լուծումը պարզ է՝ պետք է դադարեցնել ընդունել կաթ կամ կաթնամթերք և շարունակել երեխային կրծքով կերակրել։

Նորածինների մոտ նաև կարող է ալերգիկ ռեակցիա զարգանալ գետնանուշի կամ այլ մթերքների նկատմամբ, որը ուտում է կրծքով կերակրող մայրը, բայց այդ պարագայում ալերգիկ ռեակցիան սովորաբար շատ շուտ է առաջանում՝ կրծքով կերակրելուց հետո րոպեների կամ ժամերի ընթացքում։

 

Կարո՞ղ է արդյոք ինձ մոտ չափից դուրս շատ կաթ արտադրվել

Կաթի գերարտադրությունը լավ բան չէ, հատկապես եթե ձեր կրծքերը շատ լցված և ցավոտ են դառնում։ Կաթի գերարտադրությունը կարող է նաև բերել կաթի դուրս բերման գերակտիվ ռեֆլեքսի առաջացման (որի պատճառով կաթը մեծ ուժգնությամբ դուրս է ծորում կրծքերից)։

Այս դեպքում երեխան կարող է դժվարանալ կուրծքը բռնելիս, քաշել այն, կամ կուրծք ուտելու ժամանակ խեղդվել և հազալ։ Երբեմն սա բերում է նրան, որ ծնողները մտածում են, որ երեխայի մոտ կա ռեֆլյուքս։ Եթե ձեր կաթի գերարտադրությունը այսպիսի ախտանիշների պատճառ է հանդիսանում, ապա աշխատեք լակտացիայի խորհրդատուի հետ՝ կաթի արտադրությունը վերահսկելու համար։

Որո՞նք են կրծքով կերակրման հետ կապված տարածված առասպելները

Կրծքով կերակրման հետ կապված տարածված առասպելներից են՝

    • Դուք չեք կարող կրծքով կերակրել, եթե ունեք ներս ընկած պտուկներ։ Սովորաբար դա այդպես չէ։
    • Դուք պետք է ձեր երեխային ամեն կրծքով կերակրեք 10-ական րոպե։ Կերակրումների ժամանակը հաշվելու փոխարեն երեխային կերակրեք այնքան, որքան նա կարողանա, այնուհետև փոխեք կողմը։ Ժամանակով կերակրելը կարող է բերել առաջնային/հետին կաթի հավասարակշռության խախտման և երեխայի մոտ գազիկների առաջացման։
    • Դուք չեք կարող կրծքով կերակրել, եթե տարել եք կրծքի վիրահատություն։ Շատ հաճախ դուք կարող եք, սակայն մինչև երեխային ծնվելը պետք է խոսեք բժշկի հետ

 

  • Դուք չեք կարող կրծքով կերակրել երկվորյակներին կամ եռվորյակներին։ Դուք կարող եք կրծքով կերակրել բազմաթիվ երեխաների։

 

  • Դուք չպետք է կրծքով կերակրեք հասարակական վայրերում։ Դուք կարող եք և պետք է կրծքով կերակրեք ձեր երեխային, երբ ժամանակը եկել է։
  • Դուք չեք կարող կրծքով կերակրել, եթե կրկին հղի եք։ Դուք կարող եք։
  • Դուք չեք կարող հղիանալ, եթե կրծքով կերակրում եք։ Դուք կարող եք։
  • Հայրիկները չեն կարող օգնել երեխային կերակրել, եթե կրծքով եք կերակրում։ Նրանք կարող են, և դա չի նշանակում երեխային պարզապես կթած կաթով կամ արհեստական կաթնախառնուրդով լի շիշ տալ։ Կան կրծքով չկերակրող ծնոնղների՝ իրենց կրծքով կերակրող զուգընկերներին օգնելու և աջակցելու բազում այլ տարբերակներ։
  • Կրծքով կերակրելու ընթացքում դուք պետք է ձեր ճաշացանկից հեռացնեք բազմաթիվ սննդատեսակներ։ Դա այդպես չէ։
  • Կրծքով կերակրելու ընթացքում դուք չեք կարող օգտագործել սուրճ կամ կոֆեին պարունակող այլ ըմպելիքներ։ Դուք կարող եք, պարզապես չափավոր՝ օրեկան 2-3 բաժակից ոչ ավել։
  • Դուք չեք կարող օգտագործել ալկոհոլ կրծքով կերակրելու ժամանակ։ Դուք միանշանակ չեք կարող և չպետք է օգտագործեք ալկոհոլ հղիության ընթացքում, սակայն կրծքով կերակրելու ընթացքում՝ շատ հազվադեպ (ոչ ամեն օր), կարող եք օգտագործել ալկոհոլ՝ կերակրումից առնվազն 2 ժամ առաջ։
  • Գիշերային ժամերին կերակրելը կբերի նրան, որ երեխայի ատամները ծկլթելուց հետո նրա մոտ կառաջանա կարիես։ Չկա որևէ հաստատված կապ կրծքով կերակրելու և կարիեսի միջև։
  • Երեխայի լեզվի սանձիկը կտրելը կլուծի կրծքով կերակրման հետ կապված բոլոր խնդիրները։ Սա կարող է լուծել շատ խնդիրներ, բայց ոչ բոլորը։
  • Դուք պետք է դադարեցնեք կրծքով կերակրելը երբ ձեր երեխայի մոտ ծկլթեն ատամները և նա սկսի կծել։ Դա այդպես չէ։
  • Դուք չեք կարող պատվաստվել գրիպի դեմ, եթե կրծքով կերակրում եք։ Դուք կարող եք և պետք է պատվաստվեք։

Մի նոր առասպել է, որ կրծքով կերակրելը թանկ հաճույք է։ Դա այդպես չէ, և հաստատ այն ավելի թանկ չէ քան մեկ տարի շարունակ արհեստական կաթնախառնուրդ առնելը։ Այս միտքը սկսել է տարածվել մի գրողի կողմից, որը 6 ամիս իր երեխային միայն կրծքի կաթով էր կերակրում և իր պնդմամբ այդ ընթացքում «կրծքով կերակրելը և կուրծքը կթելը հեշտացնելու և ավելի հարմարավետ դարձնելու համար տարբեր ապրանքատեսակների և ծառայությունների վրա ընդհանուր առմամբ ծախսել է մոտավորապես 2000$»։

Սակայն նրա ծախսերի մեջ ներառված է եղել նաև երեխայի լեզվի սանձիկը հատելու վիրահատության ծախսը։ Նա նաև գնել է հիվանդանոցային մակարդակի կրծքի պոմպ և բազմաթիվ անգամ դիմել է լակտացիայի խնդիրներով զբաղվող մասնագետի օգնությանը։ Սրանք այն ծախսերը չեն, որ անում է միջին վիճակագրական կրծքով կերակրող մայրը։

Նաև միջին վիճակագրական կրծքով կերակրող մայրիկի ծախսերի մեջ չեն մտնում այն բոլոր «դեղերն ու հավելանյութերը, գումարած քսուքները, պտուկի վրադիրը և ցավն ու ինֆեկցիան բուժելու համար նախատեսված հատուկ սառեցնող պարկը»։ Այդ կնոջ մնացած ծախսերը ավելի մտածված են, օրինակ՝ «կերակրման համար նախատեսված կրծքակալ կամ վերնահագուստ, որոնք իջնում են ներքև կամ քաշվում են մի կողմ՝ կուրծքը հեշտորեն մերկացնելու համար, հասարակական վայրերում կերակրման համար նախատեսված ծածկոցներ, մեկանգամյա և բազմանգամյա օգտագործման կերակրման հատուկ բարձիկներ, որոնք թույլ չեն տալիս կաթին արտահոսել, ինչպես նաև հատուկ կրծքակալներ, որոնք թույլ են տալիս միաժամանակ և՛ աշխատել և՛ կթել կաթը»։