Այս հոդվածում․

  • Ծխախոտի ծխի դեմ պայքարը տանը և ավտոմեքենայում
  • Ինչպե՞ս տնից դուրս նվազեցնել ծխի հետ շփումը
  • Ծխախոտի ծխի ազդեցությունը երեխաների վրա
  • Խոսել երեխաների հետ ծխախոտի ծխի վտանգավոր հատկությունների մասին

Ծխախոտի ծխում կան մոտ 4000 քիմիական նյութեր: Դրանցից շատերը քաղցկեղածին են, և ենթադրվում է, որ շատ հիվանդությունների պատճառ են հանդիսանում, ներառյալ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ, քաղցկեղ և սրտային հիվանդություններ: Չնայած դրան, շատ մարդիկ շարունակում են ծխել, և պաշտպանել երեխաներին ծխախոտի ծխից կարող է շատ դժվար լինել: Այս հոդվածում մենք ձեզ կներկայացնենք, թե ինչպես կարող եք ձեր երեխաներին պաշտպանել ծխախոտի ծխից:

 

Ծխախոտի ծխի դեմ պայքարը տանը և ավտոմեքենայում

  1. Թողնել ծխելը: Եթե ծխում եք, ամենակարևոր բանը, որ կարող եք անել, ծխելու սովորությունը թողնելն է: Նույնիսկ, եթե դուք չեք ծխում երեխաների ներկայությամբ, ծուխը մնում է ձեր հագուստի, մազերի, կահույքի և մեքենայի վրա, և այդ ամենը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների առողջության վրա: Ծխած ծխախոտը թողնում է այնպիսի հետքեր, որոնք կարող են վնասակար լինել:
  • Գտեք օժանդակ միջոցներ, որոնք ձեզ համար կհեշտացնեն ծխելը թողնելը: Ծխելն առաջացնում է խիստ կախվածություն, որն հաղթահարելը դժվար է: Բարեբախտաբար, կան բազմաթիվ օժանդակ միջոցներ, որոնցից կարող եք օգտվել:
  • Մտածեք խնդրի լուծման լավ կողմերի մասին: Դուք ոչ միայն կպաշտպանեք ձեր երեխաներին ծխախոտի ծխից, այլև հոգ կտանեք ձեր սեփական առողջության մասին: Մտածեք այն փաստի մասին, որ վերջին ծխախոտը ծխելուց 20 րոպե անց ձեր սրտի զարկերը և ձեր արյան ճնշումը կնվազեն: Ծխելը թողնելուց մեկ տարի անց, սրտի կորոնար հիվանդության զարգացման ռիսկը նվազում է կիսով չափ: 20 տարի անց թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը 50%-ով պակաս կլինի, քան ծխողների մոտ:
  1. Օգնեք մյուսներին թողնել ծխելը, եթե ցանկանան: Այլ մեծահասակներ, ովքեր ծխում են և կրկին շատ ժամանակ են անցկացնում ձեր երեխաների հետ, նույնպես վտանգավոր են երեխաների համար: Սիրելիների աջակցությունը կարևոր դեր է խաղում այն մարդու համար, ով ցանկանում է թողնել ծխելը, հատկապես ծխելը թողնելուց հետո առաջին ամիսների ընթացքում: Չնայած անձը պետք է ինքնուրույն կայացնի այդ որոշումը, բայց դուք կարող եք համոզել նրան, եթե կարծում եք, որ նա արդեն բավականին մոտ է գտնվում այդ որոշումը կայացնելուն:
  • Հանգիստ բացատրեք այդ անձին, որ դուք շատ կցանկանայիք, որ նա թողնի ծխելը, քանի որ նրա ծխախոտի ծուխը ենթարկում է ձեր երեխաներին քաղցկեղածին նյութերի ազդեցությանը:
  • Բացատրեք խնդրի լուծման առավելությունները:
  • Եթե անձը որոշում է թողնել ծխելը՝ աջակցեք նրան բոլոր հնարավոր միջոցներով:
  1. Արգելեք ծխելը ձեր տանը: Սա ձեր տունն է, և դուք ունեք դրա իրավունքը: Եթե որևէ մեկը, ով եկել է ձեզ այցի, ցանկանում է ծխել, տեղեկացրեք նրան, որ ծխելը թույլատրվում է միայն փողոցում՝ երեխաներից հեռու: Նույնիսկ, եթե երեխաներն այդտեղ չեն, ծխելուց հետո մնացող ծուխը կարող է վնասել նրանց:
  2. Արգելեք ծխելը ձեր մեքենայում: Ոմանք կարծում են, որ բավական է պարզապես պատուհանն իջեցնել, և ծուխը ոչ ոքի չի անհանգստացնի: Բայց դա այդպես չէ: Իջեցված պատուհանները կարող են ծուխը ուղղել նույնիսկ հետևի նստատեղին գտնվողների երեսին:
  • Նույնիսկ, եթե երեխաները մեքենայում չեն, երբ ինչ-որ մեկը այնտեղ ծխում է, միևնույնն է ծխելուց հետո մնացած ծխի ազդեցության ռիսկը դեռևս մնում է:
  1. Ճշտեք, արդյոք ձեր շենքում ծխելը թույլատրված է: Եթե դուք բնակվում եք բազմաբնակարան շենքում, և այլ բնակիչներ ծխում են, ապա ծուխը նույնպես կարող է հասնել ձեզ: Ճշտեք, արդյոք փակ տարածքներում ծխելը թույլատրվում է ձեր երկրում:
  • Եթե դուք չեք ծխում, բայց հարևանների ծուխն հասնում է ձեզ, փորձեք բանակցել նրանց հետ:
  • Եթե ինքներդ չեք կարող լուծել խնդիրը, դիմեք շենքի պատասխանատուին կամ տարածքային ոստիկանություն:

Տնից դուրս սահմանափակեք ծխախոտի ծխի հետ շփումը

 

  1. Երեխաներին մի տարեք այնպիսի վայրեր, որտեղ շատ են ծխում: Միշտ չէ, որ հնարավոր է խուսափել այդպիսի վայրերից, բայց պետք է անեք այն ամենն, ինչ կախված է ձեզանից, այդպիսի վայրերից խուսափելու համար:
  • Եթե դուք ապրում եք այնպիսի տեղ, որտեղ սրճարաններում և ռեստորաններում ծխելն արգելված չէ, ապա այցելեք այնպիսի վայրեր, որտեղ տերերն իրենք են արգելում ծխելը:
  • Խուսափեք համերգներ և այնպիսի վայրեր այցելելուց, որտեղ ծխելը թույլատրվում է:
  • Խնդրում ենք մտապահեք նաև, որ կան տարածքներ, որոնց ներսում ծխելն արգելվում է, բայց պատշգամբներում կամ այլ բացօթյա հատվածներում թույլատրվում է: Նստեք ծխողներից հեռու, կամ էլ հաստատության ներսում՝ ուր ծխելն արգելված է:
  1. Հեռու տարեք երեխաներին այն վայրերից, որտեղ ինչ-որ մեկը ծխում է: Եթե ստիպված եք գտնվել ծխողին մոտ, խնդրեք նրան, որ երեխաների ներկայությամբ չծխի:
  • Ծխողին բացատրեք, որ դուք պարզապես մտահոգված եք ձեր երեխաների առողջությամբ: Իմացեք, որ անձը կարող է հրաժարվել չծխել:
  • Եթե անձը հրաժարվում է, փորձեք ընդունել իր որոշումը: Կարող է դժվար լինել, բայց արժե փորձել:
  • Պատրաստ եղեք անհրաժեշտության դեպքում երեխաներին հեռու տանել այն վայրերից, որտեղ ծխում են:
  1. Թույլ մի տվեք ընկերներին ու ընտանիքի անդամներին ծխել ձեր երեխաների ներկայությամբ: Գուցե դուք ունեք բարեկամներ, որոնք պատրաստ չեն թողնել ծխելը: Բացատրեք նրանց, որ դուք գնահատում եք նրանց ներկայությունը ձեր և ձեր երեխաների կյանքում, բայց դուք չեք կարող երեխաների ներկայությամբ հանդուրժել ծխելը, այնպես որ երեխաները չպետք է գտնվեն այն մարդկանց մոտ, որոնք ծխում են:
  • Օգնեք նրանց հասկանալ, որ այն մարդը, որը ծխում է, վտանգում է իրեն շրջապատող բոլորին՝ հատկապես երեխաներին, քանի որ նրանք դեռ զարգացման փուլում են գտնվում: Եղեք համառ, բայց մի կոպտեք:
  1. Մի այցելեք այն մարդկանց, ովքեր ծխում են: Եթե ձեր երեխան ցանկանում է գիշերել ընկերոջ տանը, բայց դուք գիտեք, որ ընկերոջ ծնողները ծխում են (հատկապես տանը), ապա թույլ մի տվեք երեխային գնալ նրանց տուն:
  • Այս դեպքում կարող եք ձեր երեխայի ընկերոջը հրավիրեք ձեր տանը գիշերելու:

Ծխախոտի ծխի ազդեցությունը երեխաների վրա

 

1. Իմացեք, թե ինչ ազդեցություն է թողնում ծխախոտի ծուխը երեխաների վրա: Ծխախոտի ծխի հետևանքների մասին տեղեկատվությունը և այն մասին, թե ինչպես երեխաները կարող են դառնալ պասիվ ծխողներ հանրայնորեն հասանելի է: Երեխաներին՝ այլ մարդկանց ծխախոտի ծխի բացասական ազդեցություններից պաշտպանելու համար, դուք պետք է հստակ հասկանաք, թե ինչպես կարող է երեխան շնչել այն:

2Համացանցում փնտրեք վստահելի գիտական աղբյուրներ ծխախոտի ծխի վերաբերյալ։ Համացանցում ներկայումս շատ մեծ ծավալով օգտակար ինֆորմացիա է հավաքված, որպես օրինակ՝ չկա ծխի նվազագույն քանակություն, որը կարելի է ներշնչել առանց առողջությանը վնաս հասցնելու։ Այն փոքր երեխաները, որոնք ստիպված շնչում են ծխախոտի ծուխը, գտնվում են նորածինների հանկարծակի մահվան համախտանիշից մահանալու բարձր ռիսկի մեջ։ Ծխախոտի ծուխը ներշնչելու հետևանքով երեխաների մոտ մեծանում է ականջի ինֆեկցիայի, հազի, մրսածության և ատամների հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը, ինչպես նաև, այս երեխաների մոտ հիվանդություններից հետո վերականգման գործընթացը ավելի երկար է տևում։ Ապագայում այս երեխաների մոտ մեծանում է թոքի քաղցկեղի և սրտային հիվանդությունների, ինչպես նաև թոքերի զարգացման հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը։

3․Ուսումնասիրեք ծխախոտի ծխի ազդեցությունների վերաբերյալ հետազոտությունների մասին հոդվածները։ Ամենայն հավանականությամբ, համացանցում կգտնեք այն ամենն, ինչ-որ պետք է, բայց նաև լավ կլինի, որ կարդաք հենց երեխաների վրա ծխախոտի ծխի ազդեցությունների վերաբերյալ մի քանի հոդված։

  • Google Scholar-ում կարող եք գտնել անգլերեն հոդվածներ։ Այնտեղ կարող եք ծանոթանալ հենց սկզբնաղբյուրների հետ, այլ ոչ նրանց վերահրապարակումների։

 

4․Կարող եք զանգահարել Առողջապահության Նախարարություն և խնդրեք տրամադրել ձեզ հարկավոր ինֆորմացիան։ Ամենայն հավանականությամբ, նրանք կհուշեն ձեզ, թե որտեղից կարող եք գտնել ձեզ հարկավոր տեղեկատվությունը։

Խոսեք երեխաների հետ ծխախոտի ծխի վտանգավոր ազդեցությունների մասին

1․Մի ալարեք և խոսեք ձեր երեխայի հետ ծխախոտի ծխի մասին։ Միշտ չէ, որ կկարողանաք պաշտպանել ձեր երեխաներին այլ մարդկանց վատ սովորություններից, բայց շատ կարևոր է, որ երեխաները իրենք հասկանան, թե ինչու չպետք է ծխեն և ինչու պետք է առհասարակ խուսափեն ծխախոտի ծխից։

  • Եթե համոզված չեք, թե ինչպես լավագույն ձևով քննարկել այս հարցը, ապա փորձեք գտնել այլ մոտեցումներ։ Փնտրեք տեսահոլովակներ, որտեղ բացատրում են ծխելու, ինչպես նաև պասիվ ծխող լինելու վտանգավոր ազդեցությունները։

 

2․Երեխայի համար ծառայեք լավ օրինակ՝ թողեք ծխելը և ազատվեք այդ վատ սովորությունից։ Ծնողների պահվածքը շատ մեծ ազդեցություն ունի երեխաների վրա։ Եթե ասեք ձեր երեխային, որ նա չպետք է ծխի և պետք է հեռու մնա ծխող մարդկանցից, բայց ինքներդ շարունակեք ծխել, ապա երեխան ձեր խոսքերը պարզապես լուրջ չի ընդունի։

 

3․Պարզեք, թե արդյոք ձեր երեխաներին դպրոցում սովորեցնում են ծխելու վտանգների մասին։ Դպրոցների մեծ մասը ունի այսպիսի դասաժամեր, սակայն որոշ դպրոցներում դրանց ավելի շատ ուշադրություն են դարձնում, իսկ որոշներում ավելի քիչ։ Հարցրեք ուսուցչին դպրոցական ծրագրի մասին և ճշտեք, թե արդյոք այն ներառում է ինֆորմացիա ծխախոտի ծխի վերաբերյալ, թե ոչ։

  • Եթե ձեզ դուր չի գալիս դպրոցական ծրագիրը, ապա պարզեք՝ արդյոք կարող եք այն փոխել դեպի լավը։

 

4․Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչու է ծխելը, ինչպես նաև պասիվ ծխող լինելը վնասակար։ Եթե դուք պարզապես ասեք, որ ծխելը վատ է, ապա ձեր երեխան չի հասկանա, թե ինչու պետք է խուսափի ծխախոտի ծխից։

  • Բացատրեք ձեր երեխաներին, թե ծխելը և ծուխը ներշնչելը կոնկրետ ինչպես են վնասում առողջությանը։
  • Ձեր խոսքը հաստատեք օրինակներով։ Եթե բացատրում եք, թե ինչպես է ծխելը վնասում թոքերը, ապա ցույց տվեք ձեր երեխային ծխող մարդու թոքերի նկար։
  • Բացատրեք երեխային, որ կարևոր է ոչ միայն չծխելը, այլ նաև ծխախոտի ծխից խուսափելը։
  • Որպես օրինակ նշեք, որ պասիվ ծխող լինելը կարող է առաջացնել թոքի քաղցկեղ։

 

5․Բացատրեք ձեր երեխային, որ եթե անգամ մեծահասակները, նրա ընկերները կամ հայտնի մարդիկ ծխում են, դա չի նշանակում, որ նա պետք է հետևի իրենց օրինակին։

  • Ապացուցված է, որ երեխաները պարտավորված են զգում անել ինչ-որ բան, որովհետև զգում են, որ իրենց հասակակիցները անում են դա։

 

6․Զգուշացրեք ձեր երեխաներին իրենց հասակակիցների ազդեցության մասին։ Մի կողմից, երեխան կարող է ունենալ ինչ-որ բան անելու ցանկություն իր իսկ պատճառների ազդեցության տակ, մյուս կողմից էլ ինչ-որ մեկը նրան կարող է ստիպել փորձել ծխել։

 

7․Այս դեպքում մտածեք հնարավոր տարբերակների մասին։ Մտածեք ձեր երեխայի վերաբերյալ տարբեր իրադրությունների մասին։ Երբեմն, կարող է դժվար լինել հասկանալ, թե ինչպես դուրս գալ դժվար իրավիճակից։ Եթե ամեն-ինչի մասին նախօրոք մտածեք, ապա ձեր երեխայի համար ավելի հեշտ կլինի։

  • Ձեր երեխան կարող է նմանատիպ իրավիճակներից դուրս գալ հետևյալ ճանապարհներով՝
    • Նա կարող կատակել և փոխել թեման
    • Հստակ ասել՝ «Ո՛չ, սա ինձ պետք չէ»
    • Առաջարկել ուրիշ բանով զբաղվել
    • Եթե մնացած տարբերակները չեն աշխատում, նա կարող է պարզապես քայլել և գնալ
    • Բացատրեք ձեր երեխային, որ իսկական ընկերը կհարգի իր որոշումը։ Իսկ եթե այդ «ընկերը» շարունակում է ճնշում գործադրել, ապա ավելի լավ կլինի փնտրել այլ շրջապատ։

 

8․Օգնեք երեխային հասկանալ, թե ինչպես նա կարող է քաղաքավարի կերպով խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ ստիպված է լինում շնչել այլ մարդկանց ծխախոտի ծուխը։ Ճիշտ մոտեցում ցուցաբերելը դժվար է, հատկապես եթե ծխողը երիտասարդ է։ Քննարկեք այս խնդիրը ձեր երեխային հետ և բացատրեք, թե ինչպես ինքներդ կվարվեիք այդպիսի իրավիճակում։

 

Հուշումներ

 

  • Եթե թողնեք ծխելը, ապա ձեր ավտոմեքենան տվեք քիմմաքրման և մաքրեք տունը՝ ազատվելու համար ծխախոտի բոլոր հետքերից։ Բացեք պատուհանները, օդափոխեք տարածքը, նետեք ամբողջ աղբը և փոխեք այն կահույքը, որը վնասվել է ծխախոտի ծխից։
  • Օդը թարմացնող միջոցները քողարկում են ծխախոտի հոտը, սակայն չեն վերացնում այն։
  • Եթե ծխում եք մեքենայի մեջ, ապա փոխեք օդի զտիչը։ Զտիչի վրա կարող են մնալ ծուխի հետքեր և հոտը կարող է ուժեղանալ օդորակիչը կամ փեջը միացնելիս։
  • Հիշեք, որ ծխելը բազմաթիվ ծխողների համար ցավոտ թեմա է։ Երբ քննարկում եք այս խնդիրը, փորձեք հասկանալ դիմացինին, անգամ եթե համաձայն չեք նրանց հետ։

Զգուշացումներ

  • Հիշեք, որ ծխախոտի ծուխը ներշնչելիս ձեր երեխաները ենթարկվում են վնասակար քիմիական նյութերի ազդեցությանը, ներառյալ՝ մկնդեղ, կապար, սնդիկ, դիքլորո-դիֆենիլ տրիքլորէթան, ացետոն, ամոնիակ, ֆորմալդեհիդ, ցիանիդ և ածխածնի մոնօքսիդ։ Նրանք անտեսանելի են, սակայն գոյություն ունեն։
  • Անցած տարում ծխելու, ծխախոտի օգտագործման կամ ծխախոտի ծխի հետ շփման հետևանքով մահացել է ավելի քան 480․000 մարդ։ Սա ծխախոտը դարձնում է աշխարհում մահվան ամենատարածված կանխարգելելի գործոններից մեկը։
  • Երեխաների օրգանիզմը մեծանալու ընթացքում ավելի զգայուն է ծխախոտի ծխի հետևանքով բջջային մուտացիաների նկատմամբ։ Սակայն սա չի նշանակում, որ ծխախոտի ծուխը մեծահասակաների վրա չունի որևէ ազդեցություն։