Ե՞րբ են երեխաները կարողանում լսել ձայներ արգանդում գտնվելիս

 

Ձեր հղիության առաջ գնալուն պես ամբողջովին նորմալ է, որ դուք սկսեք խոսել ձեր երեխայի հետ, նրա համար երգեք օրորոցայիններ, և խնդրեք ձեր ամուսնուն, որ նա խոսի ձեր փորիկի հետ։ Շատ մայրերի հուզում է այն հարցը, թե արդյոք անիմաստ չէ այս ամենը, կամ անգամ մի փոքր խելագար։ Եվ ի վերջո, կարո՞ղ է արդյոք երեխան լսել ձեզ։

 

Ինչպե՞ս է զարգանում երեխայի լսողությունը

Երեխայի լսողությունը հղիության ժամանակ զարգանում է բավականին շուտ։ Դրա շնորհիվ երեխան սկսում է արտաքին աշխարհից ինֆորմացիա ընկալել շատ ավելի շուտ, քան ձեզ թվում է։

 

6-րդ շաբաթը

Սկսած գեստացիոն 6-րդ շաբաթից ձեր պտղի զարգացող գլխի բջիջները արդեն սկսում են դասավորվել յուրահատուկ կերպով, ինչի արդյունքում ի վերջո զարգանալու են ուղեղը, ականջները, աչքերը և քիթը։ Չնայած նրան, որ դուք պտղի սոնոգրաֆիա անցնելիս չեք կարող տեսնել նրա ականջները, միևնույնն է այս շրջանում արդեն սկսում են ձևավորվել այն նախնական խողովակները, որոնք զարգանալով, ի վերջո, վերածվելու են ձեր բալիկի ներքին ականջների։

 

9-րդ շաբաթը

9-րդ շաբաթում երեխայի պարանոցի կողմնային հատվածներում լինելու են փոքրիկ գոյացություններ, որոնք իրենցից ներկայացնում են ապագա ականջները։ Չնայած նրանք դեռ ճիշտ տեղում չեն, սակայն ժամանակի ընթացքում կսկսեն շարժվել դեպի իրենց ճիշտ դիրքը։

Ձեր երեխայի ականջները շարունակելու են զարգանալ առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում։ Որպես օրինակ՝ ներքին ականջը կապվում է ուղեղի այն նեյրոնների հետ, որոնք պատասխանատու են ձայների մշակման համար։ Միևնույն ժամանակ սկսում են զարգանալ միջին ականջում գտնվող փոքրիկ ոսկրերը, որոնք ընկալում են ձայնային ալիքների տատանումները։

 

16-րդ շաբաթը

Հղիության մոտավորապես 16-րդ շաբաթում կա շատ մեծ հավանականություն, որ երեխայի ականջների կառուցվածքային մասերը արդեն այնքան են ձևավորվել, որ ձեր երեխան ունակ կլինի նկատել որոշ ձայներ։ Փաստացի, երեխայի լսած առաջին ձայները հիմնականում լինում են ձեր սրտի զարկերի ձայնը, ձեր ստամոքսի գռմռոցը և ձեր թոքերի մեջ մտնող և դուրս եկող օդի ձայնը։ Որքան երեխայի լսողությունը շարունակի զարգանալ, այնքան նա ավելի ու ավելի շատ բաներ կսկսի լսել արգանդից դուրս գտնվող աշխարհից։

 

24-րդ շաբաթը

24-րդ շաբաթում երեխայի ականջները արդեն ամբողջովին զարգացած են լինում, և հետազոտությունները ցույց են տվել, որ շատ երեխաներ թեքում են իրենց գլուխը ի պատասխան մարդկանց ձայների և այլ աղմուկների։ Ձեր երեխային շրջապատում են պտղաջրերը, ինչպես նաև ձեր մարմնի մնացած բոլոր հյուսվածքները։ Այդ իսկ պատճառով արգանդում լսվող ձայները խլացված են, քանզի այնտեղ չկա օդ, որը կկարողանար փոխանցել ձայնային ալիքները։ Արգանդի ներսում կատարված ձայնագրությունների արդյունքում պարզ դարձավ, որ արգանդից դուրս արձակված ձայները այնտեղ գրեթե կիսով չափ ավելի ցածր են լսվում։

 

Լսեք, թե ինչ է լսում ձեր երեխան

Որպեսզի պատկերացնեք, թե ինչ է լսում ձեր երեխան՝ դրեք ձեր ձեռքը ձեր բերանի վրա և խոսեք։ Երեխան արգանդի մեջ ձեր խոսակցությունները լսում է այդ խլացված ձայների պես։ Դուք կնկատեք, որ այդպես կարող եք փոխել ձեր ձայնի բարձրությունն ու տոնայնությունը, սակայն բառերը այդքան էլ պարզ չեն լսվում։

Եթե ծածկած բերանով երգեք, ապա ամենայն հավանականությամբ դուք կլսեք երաժշտությունը, բայց ոչ բառերը։ Որքան բարձր է ձայնը, այնքան մեծ է հավանականությունը, որ ձեր երեխան կլսի այն՝ հատկապես շան հաչոցը, մոտակայքով անցնող գնացքի ձայնը, ազդանշանների ձայները և այդպես շարունակ։ Ձեր երեխայի լսողությունը չի վնասվի այս ձայների պատճառով։

 

Ի՞նչ է երեխան լսում ամենից հաճախ

Անակնկալ չէ, որ ամենապարզ ձայնը, որ երեխան լսում է դա հենց ձեր ձայնն է։ Ձայների մեծամասնությունը, որ ձեր երեխան լսում է, սկզբից փոխանցվում է օդի միջով ապա ձեր արգանդով։ Հակառակ սրան՝ ձեր ձայնը արձագանքում է ձեր մարմնով և ոսկրերով, ինչի շնորհիվ այն մի քանի անգամ ուժեղանում է։

Հետազոտությունները ցույց են տվել, որ պտղի սրտի զարկերի հաճախականությունը մեծանում է, երբ նա լսում է իր մոր ձայնը, ինչը նշանակում է, որ ձեր երեխան ավելի զգոն է, երբ դուք խոսում եք։ Դրա համար ձեր մեծացող երեխայի հետ խոսելը շատ լավ միտք է։ Դուք նաև կարող եք կարդալ գրքեր և երգել օրորոցայիններ։

Փաստացի, հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաները լսում են, թե ինչ է ասում իր մայրը և ծնվելուց հետո ճանաչում են այդ բառերը։ Հետաքրքիր է, որ այդ հետազոտությունը նաև պարզել է, որ երեխաները կարող են նկատել չնչին փոփխություններ և մշակել բարդ ինֆորմացիաներ։

Հետազոտության ընթացքում Ֆինլանդիայի Հելսինկիի Համալսարանի հետազոտողները դիտարկել են 33 հղի կանանց և ծնվելուց հետո հետազոտել են նրանց երեխաներին։ Հղիության ընթացքում մայրերից 17-ը սկսած հղիության 29-րդ շաբաթից լսել են բարձր ձայնով մի սկավառակ, որի մեջ ձայնագրված էին հորինված բառեր, որոնք ասվում էին տարբեր եղանակներով և տարբեր տոնայնություններվ։ Ընդհանուր առմամբ մայրերն ու իրենց երեխաները այդ հորինված բառերը լսել են մոտավորապես 50-71 անգամ։

Այնուհետև՝ ծննդաբերությունից հետո, հետազոտողները զննել են բոլոր 33 երեխաների լսողությունը, այնուհետև իրականացրել են ուղեղի ԷԷԳ սկանավորում, որպեսզի տեսնեն, թե ինչպես են երեխաները արձագանքում այդ հորինված բառերին։ Արգանդում գտնվելու ժամանակ հորինված բառերը լսած երեխաների ուղեղի ակտիվությունը թռիչքաձև աճում էր, երբ նրանց համար միացնում էին այդ բառերի սկավառակը։ Իսկ այն երեխաները, որոնք չէին լսել այդ բառերը, ոչ մի ռեակցիա ցույց չէին տալիս։

Այսպիսով, հետազոտողները եզրակացրեցին, որ չծնված երեխաները կարող են սովորել և լսել նույնքան լավ, որքան նորածինները։ Այս իսկ պատճառով նրանք կարծում են, որ արժե երեխաներին մինչև ծնվելը ծանոթացնել հնարավորինս շատ ձայների հետ։

 

Բարձր ձայները և զարգացող երեխաները

Շատ մայրիկներ անհանգստանում են, որ բարձր ձայները կարող են վնասել իրենց երեխայի լսողությունը, օրինակ՝ բարձր համերգները կամ ընկերների հետ աղմկոտ երեկույթները։ Շատ դեպքերում, այս մեկ անգամյա իրադարձությունները չեն վնասի ձեր երեխայի լսողությունը։

Մինչդեռ երկարատև աղմուկի ազդեցությունը լսողության կորստի վրա այդքան լավ ուսումնասիրված չէ, սակայն աղմուկը ունի այդ հնարավորությունը ազդելու աճող երեխայի զարգացման վրա և անգամ կարող է բերել լսողության կորստի, եթե այն շատ բարձր է, երկարատև և շարունակական։ Որպես օրինակ՝ օրեկան 8 կամ ավելի ժամ աղմկոտ գործարանում աշխատելը հնարավոր է բավարար լինի ձեր երեխայի լսողությունը վնասելու համար։

 

Երեխայի հետ կապ ստեղծելը

Դուք գուցե լսած լինեք, որ հղիության ընթացքում դասական երաժշտություն լսելը կարող է մեծացնել ձեր երեխայի IQ-ն և կարող է ամուր հիմք ստեղծել նրա ուսուցման ապագայի համար։ Չնայած դրան՝ չկան այս վարկածները հաստատող հետազոտություններ։ Սակայն ձեր զարգացող երեխայի համար նուրբ երաժշտություն նվագելը կամ միացնելը ոչ-մի վնաս չի տա նրան, հատկապես եթե դուք վայելում եք այդ երաժշտությունը և այն օգնում է ձեզ հանգստանալ։

Հիշեք, որ գիտնականները հայտնաբերել են, որ երեխաները հակված են արձագանքելու այն բառերի և ձայներին, որոնք նրանք լսել են ձեր հղիության 3-րդ եռամսյակի ընթացքում, ի համեմատ այն բառերի և ձայների, որոնք նրանք հղիության ընթացքում երբեք չեն լսել։ Այդ իսկ պատճառով այժմ ճիշտ ժամանակն է խոսել ձեր մեծացող փորիկի հետ և խրախուսել ձեր ամուսնուն անելն նույնը։

Դուք նաև կարող եք կարդալ գրքեր և երգել օրորոցայիններ։ Այս ամենը ոչ միայն թույլ է տալիս ձեզ և ձեր զուգընկերոջը խթանել և աջակցել ձեր աճող երեխայի լսողությանը, այլ նաև թույլ է տալիս ձեզ երկուսիդ կապվել ձեր դեռ չծնված բալիկի հետ։

 

Լսողությունը նորածինների մոտ

waiting for the baby. boy. sonogram of the image of the fetus in the womb of a pregnant woman and a toy bunny boy, a nipple and socks for a newborn on a light wooden background.

 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն 1000 երեխայից մոտավորապես 1-3-ը ծնվում են լսողության կորստով։ Մինչդեռ սրա համար կան մի շարք պատճառներ՝ ամենատարածված պատճառներից են վաղաժամ ծննդաբերությունը, բիլիռուբինի բարձր մակարդակը, որոշ դեղամիջոցների օգտագործումը, վնասվածքները և ընտանեկան պատմությունը։

Ձեր երեխայի ծնվելուց հետո դուք կարող եք վերահսկել նրա լսողությունը՝ իմանալով, թե զարգացման ինչ հիմնաքարերի պետք է սպասեք նրա կյանքի ամեն մի փուլում։ Հասկանլը, թե ինչն է համարվում նորմալ, իսկ ինչը ոչ, թույլ կտա ձեզ իմանալ, թե երբ է պետք դիմել մանկաբույժի։

  • Ծնված օրվանից մինչև 3 ամսականը։ Ձեր երեխան պետք է արձագանքի բարձր ձայներին, ճանաչի ձեր ձայնը, զվարճալի ձայներ արձակի, հանգստանա, երբ դուք խոսում եք և տարբեր պատճառների համար ունենա լացերի տարբեր տեսակներ։
  • 4-6 ամսականում։ Ձեր երեխան պետք է հայացքով հետևի ձեզ, նկատի ձայն հանող խաղալիքները, արձագանքի ձեր ձայնի տոնայնության փոփոխություններին, նկատի երաժշտությունը և ծիծաղի։
  • 7-12 ամսականում։ Ձեր երեխան պետք է շրջվի դեպի ձայնի կողմը, լսի ձեզ, երբ խոսում եք, հասկանա մի քանի բառ, բլբլա և հաղորդակցվի՝ ձեռքերը թափահարելով կամ բարձր պահելով։

Մի քանի խոսք MyKid-ից

Այն փաստը, որ հղիության ընթացքում ձեր երեխան կարողանում է լսել այն ինչ ասում եք, կամ երգում եք, պետք է որ շատ ոգևորիչ լինի։ Ձեր աճող երեխայի հետ խոսելը իրականում շատ օգտակար է նրա համար։ Դրա համար խոսեք որքան հնարավոր է շատ։ Դրա շնորհիվ դուք կօգնեք ձեր աճող երեխայի լսողության զարգացմանը։