Որքա՞ն ժամանակ անց սեռական հարաբերությունից հետո դուք կհղիանաք

 

 

Մենք գիտենք, որ սեռական հարաբերությունը կբերի հղիության։ Սեռական ակտից որքա՞ն ժամանակ անց և ինչքա՞ն շուտ կարող եք իսկապես հղիանալ: Պատասխանն այդքան էլ հստակ չէ։ Իրականում գործ ունենք ժամային որոշակի ինտերվալի հետ՝ կարող է լինել մի քանի րոպեի ընթացքում կամ կարող է տևել մի քանի օր:

Ահա, ստորև դուք կիմանաք, թե որքան ժամանակ է պահանջվում հղիանալու համար, ինչպես առավելագույնս բարձրացնել բեղմնավորման հավանականությունը և երբ կարող եք ակնկալել, որ կսկսվեն հղիության առաջին ախտանիշները ի հայտ գալ:

 

Ակնարկ

Երբ զույգերը պլանավորում են երեխա ունենալ, շատերն ակնկալում են, որ նրանց կհաջողվի անմիջապես հղիանալ: Իրականությունն այլ է․ մոտ 35 տարեկանից ցածր կանանց շրջանում հղիանալու փորձերը կարող են տևել ընդամենը մեկ տարի: Մի քանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 1400 կանանցից, ովքեր պլանավորել էին իրենց հղիությունը, 44% -ի մոտ հղիանալու փորձերը տևել է սպասվածից ավելի երկար:

Հղիանալու փորձի դրական պատասխանի երկարաձգումը հաճախ պայմանավորված է լինում սխալ ժամանակահատվածում սեռական ակտ ունենալու հետ: Այն զույգերը, ովքեր փորձում են երեխա ունենալ, նրանց համար կարևոր է իմանալ, թե երբ է կնոջ մոտ ձվարաններով օվուլյացիայի պրոցես տեղի ունենում, ապա նոր սեռական ակտ ունենան այդ ժամանակահատվածում (սովորաբար այդ փուլը հայտնի է որպես «բերրի պատուհան» անվանմամբ): Այնուամենայնիվ, նույնիսկ դա ճշգրիտ գիտություն չէ: Շատ զույգեր բեղմնավորման նպատակով փորձում են սեռական ակտ ունենալ ամեն օր։

Ձվաբջջի բեղնավորումը (երբ ձվաբջիջը միաձուլվում է սպերմատոզոիդի հետ) կարող է տեղի ունենալ սեռական ակտից երեք րոպեից մինչև հինգ օր անց: Իմպլանտացիան (երբ բեղմնավորված ձուն ամրանում է արգանդի պատին) տեղի է ունենում բեղմնավորումից 5-10 օր հետո, ինչը նշանակում է, որ դա միջինում կարող է տեղի ունենալ սեռական հարաբերությունից հետո 5-15 օրվա ընթացքում: Դուք չեք համարվում հղի, քանի դեռ ձվաբջջի իմպլանտացիա տեղի չի ունեցել:

Եթե հղիանալը սպասվածից ավելի երկար է տևում, ապա զույգերը կարող են սկսել մտածել, արդյո՞ք կան այլ տարբեր մեթոդներ, որոնք կարող են օգնել կնոջը ավելի արագ հղիանալ: Այնուամենայնիվ, հղիանալն ավելի բարդ գործընթաց է, քան կարող եք պատկերացնել , այն պարզապես մի պարզ հուշմամբ կամ հնարքով չի լուծվի։

 

Բեղմնավորում

Կարող եք մտածել, որ սեռական ակտի և բեղմնավորման միջև ընկած ժամանակահատվածն ուղիղ համեմատական է, թե երբ սպերմատոզոիդները կհասնեն ձվաբջջին, բայց որքանով դա արագ տեղի կունենա՝ անորոշ է:

Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ սերմնաբջիջներին պետք է միջինում 2 -10 րոպե ժամանակ, որ հասնեն արգանդի վզիկից դեպի արգանդափողեր, որտեղ նրանք հույս ունեն հանդիպել ձվաբջջին։

Այս գործընթացը տեղի է ունենում անկախ գրավիտացիայի տեսանկյունից: Սերմնաբջիջները կարող են «դեպի վեր» լողալ արգանդի միջով ՝ անկախ նրանից, թե ինչ դիրքում է գտնվում ձեր մարմինը: Երբ արգանդափողերում առկա լինի ձվաբջիջ, ապա կարող է տեղի ունենալ բեղմնավորում սեռական հարաբերությունից անգամ երեք րոպե անց:

Ի գիտություն ձեզ, սերմնաբջիջները մինչև հինգ օր կարող են կենսունակ լինել կանանց սեռական ուղիներում։ Սա նշանակում է, որ սեռական հարաբերության օրը պարտադիր չէ տեղի ունենա հղիություն: Եթե դուք երկուշաբթի օրը ունեցել եք սեռական հարաբերություն, իսկ հինգշաբթի օրը սկսվել է ձեր օվուլյացիան, ապա կարող է զարգանալ հղիություն, անգամ սեռական հարաբերությունից օրեր անց:

Չնայած ավելի հավանական է, որ ձեր մոտ կզարգանա հղիություն, եթե դուք սեռական հարաբերություն ունեք օվուլյացիայից երկու-երեք օր առաջ։ Դուք կարող եք հղիանալ այն սեռական ակտից, որը տեղի է ունեցել ձվարաններում ձվաբջջի ձերբազատումից մինչև վեց օր առաջ:

Երբ բուժաշխատողը հաշվարկում է ձեր հավանական բեղմնավորման օրը, ամսաթիվը կարող է չհամընկնել զույգի սեռական հարաբերության իրական օրվա հետ: Սեռական ակտի և բեղմնավորման միջև ժամանակի անհամապատասխանությունը տեղի է ունենում, եթե ձվաբջջի ձերբազատումը ձվարաններից դեռ տեղի չի ունեցել, երբ զույգի մոտ եղել է սեռական կապ։

 

 

Սաղմի իմպլանտացիա

Բեղնավորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սպերմատոզոիդը միաձուլվում է ձվաբջջի հետ։ Իմպլանտացիան տեղի է ունենում այն ժամանակ, երբ բեղմնավորված ձվաբջիջը, որն այժմ համարվում է սաղմ, ամրանում է արգանդի լորձաթաղանթի հաստության մեջ: Դուք տեխնիկապես հղի չեք համարվում, մինչև սաղմի իմպլանտացիա տեղի չունենա:

Շատերը ենթադրում են, որ բեղմնավորումը տեղի է ունենում արգանդում, բայց դա թյուր կարծիք է: Իրականում սերմնաբջիջները հանդիպում են ձվաբջջին արգանդի ֆալոպյան փողերում, և հենց այնտեղ է տեղի ունենում բեղմնավորումը։

Բեղմնավորումից հետո սաղմը պետք է անցնի զարգացման մի քանի փուլ, նախքան այն կկարողանա ներդրվել արգանդի լորձաթաղանթի հաստության մեջ : Սաղմը պետք է նաև անցնի արգանդի ֆալոպյան փողերից դեպի արգանդի խոռոչի մեջ։ Այս գործընթացը տևում է մի քանի օր:

Սեռական բջիջների միաձուլումը կամ բեղմնավորումը կարող է տեղի ունենալ սեռական ակտից հետո մի քանի րոպեից մինչև հինգ օր անց: Իմպլանտացիան, որը հաջորդում է բեղմնավորմանը, կարող է առաջանալ սեռական ակտից հետո հինգ օր անց կամ տևել մինչև 15 օր։ Իմպլանտացիան սովորաբար տեղի է ունենում բեղմնավորումից 5- 10 օրվա ընթացքում։

 

Հակաբեղմնավորման արագ միջոցներ

Որոշ զույգեր չեն փորձում հղիանալ: Ըստ սոցիալական հարցումների արդյունքների, Միացյալ Նահանգներում փաստացի հղիությունների գրեթե կեսը պլանավորված չեն եղել։

Եթե զույգը անպաշտպան սեռական հարաբերություն է ունեցել կամ եթե կարծում է, որ իրենց հակաբեղմնավորման մեթոդները ձախողվել են, ապա նրանք կարող են անհանգստանալ, թե հնարավո՞ր է ինչ-որ միջոցով կանխել բեղմնավորումը և իմպլանտացիան: Առաջին օգնության տարբերակը հանդիսանում են արագ ազդող հակաբեղմնավորիչ միջոցները:

Արագ ազդող հակաբեղմնավորիչ միջոցները, ազդում են օվուլյացիայի գործընթացի վրա՝ կանխելով կամ հետաձգելով ձվարաններից ձվաբջջի ձերբազատման պրոցեսը: Ավելի հազվադեպ, հակաբեղմնավորիչ միջոցները կարող են ազդել կանխելով ձվաբջջի բեղնավորումը, եթե արդեն տեղի է ունեցել օվուլյացիա:

Որպեսզի արագ ազդող հակաբեղմնավորիչ միջոցներն արդյունավետ լինեն, այն պետք է օգտագործել անպաշտպան սեռական հարաբերությունից հետո հնարավորինս շուտ: Եթե անձը ի վիճակի չէ անմիջապես ձեռք բերել այն, դեղամիջոցը դեռ կարող է արդյունավետ լինել, եթե օգտագործեն սեռական հարաբերությունից հետո երեքից հինգ օրվա ընթացքում։

Ըստ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA) կողմից տրված համաձայնության ՝ արագ ազդող հակաբեղմնավորիչ միջոցները նախատեսված չեն օգտագործել արդեն կայացած բեղնավորումից հետո, ինչպես նաև խորհուրդ չի տրվում ամենօրյա օգտագործման համար: Դեղամիջոցները, որոնք դասակարգվում են, որպես արագ ազդող հակաբեղմնավորիչներ, երբեմն անվանում են « հաջորդ առավոտվա դեղահաբեր »: Դեղամիջոցները պարունակում են հորմոններ ՝ էստրոգեն և պրոգեստերոն:

 

Հղիության վաղ ախտանշանները

Անկախ նրանից, թե բեղմնավորումը տեղի է ունեցել սեռական ակտից մի քանի րոպե հետո, թե օրեր անց, որոշ կանայք մտածում են ՝ արդյոք, երբ այդ պրոցեսը տեղի ունենա, նրանք իրենց հղի կզգան, թե ոչ: Այդ հարցի պատասխանը սովորաբար ոչ է, բայց ոմանք պնդում են, որ իրենք «գիտեին», որ հղիացել են սեռական ակտից մի քանի րոպե անց;

Գիտության տեսանկյունից որևէ կերպ դա իմանալը անհնար է: Այնուամենայնիվ, հղիության վաղ ախտանիշները կարող են ի հայտ գալ սեռական ակտից մոտ մեկ շաբաթ անց կամ մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում: Որոշ կանանց շրջանում հղիության վաղ նկատելի որևէ ախտանիշ չեն ունենում, ինչը նույնպես նորմայի տարբերակ է։

Սեռական ակտից հետո ամենավաղ ժամկետը, որ դուք կարող եք ակնկալել «հղիության զգալը» կլինի ոչ ավելի շուտ քան յոթ օր հետո: Ավելի հաճախ, սեռական ակտից հետո պետք է առնվազն անցնի երկուսից չորս շաբաթ, մինչ հղիության վաղ ախտանիշները նկատելի կլինեն:

Հիշեք, որ հղիության ախտանիշները չեն դրսևորվի սաղմի իմպլանտացիայից հետո: Ժամանակ է պետք, որպեսզի բեղմնավորված ձվաբջիջն անցնի ֆալոպյան փողերով դեպի ներքև՝ արգանդի խոռոչ:

Երբ սաղմն ամրանում է արգանդի պատին, որոշ կանանց մոտ նկատվում է մի փոքր քսվող բնույթի հետք կամ արյունահոսություն: Այս նշանները սովորաբար տեղի են ունենում ձեր դաշտանային ցիկլի սկսվելու մոտ ընկած ժամանակահատվածում: Իրականում, շատ հաճախ, որոշ կանայք շփոթում են իմպլանտացիայի նշանները իրենց դաշտանային ցիկլի շրջանի հետ և չեն գիտակցում, որ իրենք հղի են:

Իմպլանտացիա տեղի ունենալուց հետո ոչ բոլոր կանանց մոտ է նկատվում արյան բծեր կամ արյունահոսություն: Եթե դա ձեզ հետ պատահի, մի անհանգստացեք, դա նորմալ է և չի նշանակում, որ ձեր երեխայի հետ ինչ-որ բան այն չէ:

Հիշեք, որ, եթե տանը օգտագործել եք հղիության թեստ, ապա այն չի կարող բեղմնավորման պահին հայտնաբերել հղիությունը, կամ նույնիսկ իմպլանտացիայի օրը: Թեստը դրական արդյունք ցույց չի տա այնքան ժամանակ, քանի դեռ ձեր օրգանիզմում բավարար քանակությամբ հղիության հորմոն չի արտադրվել, իսկ դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Հղիության թեստի առավելագույն ճշգրիտ արդյունքներ ստանալու համար սպասեք, մինչև ձեր դաշտանային ցիկլը գոնե մեկ օրով ուշանա, հակառակ դեպքում, դուք կարող եք ստանալ կեղծ բացասական արդյունք, նույնիսկ եթե հղի լինեք:

 

 

Խոսք Mykid-ից

Չնայած չի բացառվում, որ դուք կարող եք հղիանալ սեռական հարաբերությունից մի քանի րոպե անց, բայց ավելի հավանական է, որ դա տեղի կունենա սեռական ակտից ժամեր կամ նույնիսկ օրեր անց: Դուք պաշտոնապես հղի չեք համարվում մինչև այն օրը, երբ տեղի չունենա ձվաբջիջի բեղնավորում և ամրացում արգանդի լորձաթաղանթի հաստության մեջ: