Շնորհավորում ենք ձեր կյանքի այս նոր և հրաշալի շրջանը մտնելու կապակցությամբ։ Ձեր նորածին երեխան այնքան փոքր է, որ նա ամբողջովին կախված է լինելու ձեզնից, ինչը հավանաբար ձեզ կստիպի ունենալ պատասխանատվության մեծ զգացողություն և վախ, և միևնույն ժամանակ ձեզնից կպահանջի վճռականություն։ Խուճապի մի՛ մատնվեք։ Կարդացեք այ հոդվածը, որպեսզի ծանոթանաք նորածին երեխայի խնամքի հետ կապված որոշ տարրական ուղեցույցների և խորհուրդների հետ։

 

Ինչպես գրկել և գրկում պահել նորածին երեխային

 

1․ Պահեք ձեր երեխայի գլուխը։ Երբ գրկում եք ձեր երեխային, համոզվեք, որ պահում եք նրա գլուխն ու պարանոցը։ Նորածինների մոտ այս հատվածի մկանները վատ են զարգացած, և եթե նրանց գրկելու ժամանակ չպահեք նրանց գլուխը, ապա դա կարող է հանգեցնել լուրջ վնասվածքների։ Զգուշորեն գրկեք երեխային և այդ ընթացքում պահեք նրա գլուխը։

2․ Այդքան մի անհանգստացեք գլխի վրայի այդ փափուկ հատվածի համար։ Երեխաների գանգը ամբողջովին ձևավորվում է մինչև 1,5-2 տարեկանը։ Մինչ այդ դուք կնկատեք, որ ձեր բալիկի գլխի վրա կան փափուկ հատվածներ։ Սակայն պետք չէ անհանգստանալ։ Այդ փափուկ հատվածները ծածկող շերտերը բավականին ամուր են և ձեր երեխայի գլուխը ամբողջովին ապահով է։ Դուք կարող եք դիպչել այդ հատվածներին կամ սանրել երեխայի մազերը առանց նրան որևէ վնաս պատճառելու։

3․ Երբեք մի թափահարեք ձեր երեխային։ Երբեք, ոչ մի պարագայում, մի թափահարեք ձեր երեխային։ Սա հեշտորեն կարող է բերել ուղեղի լրջագույն վնասվածքի, ողնաշարի վնասվածքի, և անգամ կարող է սպանել ձեր երեխային։ Դուք անգամ չպետք է կատակով, խաղալու ժամանակ թափահարեք նրան՝ մինչև նրա պարանոցի մկանները այնքան զարգացած չլինեն, որ կարողանան պահել նրա գլուխը։

  • Եթե դուք ջղայնացած եք ձեր երեխայի վրա (ինչը կարող է շատ հաճախ լինել, որովհետև նա շատ է լացում) և մտահոգված եք, որ ունեք ձեր երեխային թափահարելու կամ այլ որևէ բռնի ուժ գործադրելով նրան լռեցնելու ցանկություն, ապա խնդրում ենք, դիմեք ընկերների կամ մասնագետի օգնությանը։ Խնդրեք ձեր ընկերներին կամ ծնողներին, որպեսզի նրանք հետևեն երեխային կամ օգնեն ձեզ որևէ խորհրդով, մինչև դուք չհանգստանաք։ Քնի պակասը շատ ծանր բան է։

 

Ինչպես կերակրել երեխային

1. Հասկացեք, թե երբ է պետք կերակրել երեխային։ Սովորաբար երեխաները հասկացնում են ծնողներին, թե երբ են ուզում սնվել։ Ժամանակի ընթացքում դուք կկարողանաք տարբերակել երեխայի լացի տեսակները և կհասկանաք, թե որ լացն է նշանակում, որ երեխան սոված է, կամ ուզում է քնել, և այդպես շարունակ։ Թե որքան հաճախ կուտի երեխան հիմնականում կախված է նրանից, թե ինչ է նա ուտում, որքան է նա ուտում և, իհարկե, կախված է նրա նյութափոխանակության անհատական առանձնահատկություններից։

  • Ավելի մեծ տարիքի երեխաները սովորաբար ազդանշան են տալիս, երբ սոված են լինում, օրինակ՝ թափահարում են ձեռքը։

2․ Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ եք կերակրում ձեր երեխային։ Նորածինները պետք է խմեն կաթ՝ կրծքի կաթ կամ արհեստական կաթնախառնուրդ։ ՄԻ տվեք ձեր նորածին բալիկին այս երկուսից բացի այլ որևէ բան, եթե չեք ուզում, որ նա իրեն վատ զգա կամ շնչահեղձ լինի։ Մի քանի ամսեկան հասակում նա կարող է սկսել ուտել մանկական սնունդ, իսկ երբ արդեն ունենա ատամներ՝ ավելի պինդ սննդատեսակներ։

  • Ապացուցված է, որ կրծքի կաթը շատ ավելի օգտակար է երեխայի համար քան արհեստական կաթնախառնուրդը, քանզի այն երեխային ապահովում է ոչ միայն նրան անհրաժեշտ բոլոր սննդանյութերով, այլ նաև ժամանակավորապես փոխանցում է ձեր իմունիտետը ձեր փոքրիկին։

3․ Սովորեք, թե ինչպես կերակրել ձեր երեխային։ Դուք պետք է ընտրություն կատարեք կրծքով կերակրելու և շշով կերակրելու միջև։ Անկախ նրանից, թե որ եղանակն եք դուք ընտրել՝ դուք պետք է համոզված լինեք, որ ամեն-ինչ ճիշտ եք անում, որպեսզի թույլ չտաք, որ ձեր բալիկը որևէ վարակ ձեռք բերի, և նվազեցնեք փսխելու հավանականությունը։

  • Շշով կերակրելու դեպքում դուք պետք է ընտրություն կատարեք շշերի բազմաթիվ տեսակների միջև։ Դուք կարող եք գնել հասարակ, գին-որակ լավ հարաբերությամբ շշեր, կամ կարող եք ծախսել ավելի շատ գումար և գնել ավելի բարդ կառուցվածքով շշեր։ Ինչպես նաև կարող եք օգտագործել շշի մեջ տեղադրվող մեկանգամյա օգտագործման պլաստիկ ծածկոցներ, եթե չեք ուզում շատ ժամանակ ծախսել շշերը լվանալու վրա, սակայն այս դեպքում կշատանա աղբի քանակը։
  • Կրծքով կերակրելը անհամեմատ հեշտ է։ Վերջ ի վերջո, կանայք ծնվում են դա անելու համար։ Համոզվեք, որ ձեր պտուկները պահում եք մաքուր և զերծ որևէ վարակից։ Դեղորայք ընդունելու դեպքում խորհրդակցեք ձեր բժշկի հետ, իսկ եթե օգտագործում եք առանց դեղատոմսի բաց թողնվող դեղորայք, ապա կարդացեք տուփի միջի հրահանգների թերթիկը։ Ինչպես նաև դուք պետք է սնվեք հնարավորինս առողջ, քանզի դուք կիսելու եք այդ բոլոր սննդանյութերը ձեր փոքրիկի հետ։
  • Մինչդեռ երկու եղանակների համար էլ կան կերակրման բազմաթիվ դիրքեր, այնուամենայնիվ, դուք պետք է ձեր բալիկին պահեք ուղղահայաց դիրքով՝ փսխումը կանխելու համար։

4․ Պատրաստ եղեք փսխումներին։ Նորածինների ստամոքսի մկանները սկզբի ժամանակաշրջանում շատ թույլ են։ Այնքան թույլ, որ երբեմն դժվարանում են սնունդը պահել ստամոքսում։ Մի անհանգստացեք, սա ամբողջովին նորմալ է․․․պարզապես տհաճ է։ Միշտ պատրաստ եղեք փսխումներին՝ ձեռքի տակ ունենալով լաթեր՝ փսխման հետևանքները մաքրելու համար, իսկ ավելի մեծ տարիքում երեխային կարող եք գոգնոց հագցնել, և առհասարակ, միշտ երեխայի բերանի առջև պահեք լաթ, երբ կերակրելուց հետո նրան փորձում եք գխտեցնել կամ տեղափոխել որևէ տեղ։

  • Պետք է ուշադիր լինեք, եթե փսխման զանգվածը բացի սպիտակից որևէ այլ գույնի է (կարմիր, դեղին, կանաչ կամ շագանակագույն, որպես օրինակ), քանզի դա կարող է որևէ հիվանդության նշան լինել։ Եթե նկատում եք այդպիսի երևույթ, ապա երեխային տարեք բժշկի։ Նմանապես, եթե երեխան մեծ ուժով է փսխում կամ չի հավաքում քաշ, ապա դրանք նույնպես պետք է արժանանան բժշկի այցի։

5․ Գխտեցրեք ձեր երեխային։ Ուտելուց անմիջապես հետո փորձեք գխտեցնել ձեր բալիկին։ Կերակրվելու ընթացքում երեխան հեշտությամբ կարող է մեծ քանակությամբ օդ կուլ տալ, և ստամոքսում այդ օդի պղպջակները կարող են երեխային անհարմարություն պատճառել և դարձնել նրան կամակոր։ Գրկեք ձեր երեխային այնպես, որ նրա գլուխը փոքր ինչ բարձր լինի ձեր ուսից և զգուշորեն տպտպացրեք նրա մեջքին։ Սա կօգնի հանել օդը և ձեր երեխային կդարձնի երջանիկ։

6․ Զգուշացեք գազիկներից։ Եթե ձեր երեխան շատ տխուր է և դուք չեք կարողանում գտնել դրան որևէ պատճառ, ապա դա ամենայն հավանականությամբ գազիկներն են։ Դուք պետք է օգնեք երեխային հանել գազիկները իր աղիքներից։ Երեխային փորիկով ներքև պառկեցրեք ձեր ծնկներին՝ նրա տուտուզիկը մի փոքր բարձր պահելով։ Թեթևակի տպտպացրեք երեխայի մեջքը և ձեռքով շոյեք վերևից ներքև՝ գազիկների դուրս գալը հեշտացնելու համար․ ձգողության ուժը կանի գործի մեծ մասը։

 

Ապահովեք պատշաճ հիգիենան

 

1․ Իմացեք, թե երբ է պետք փոխել երեխայի տակդիրը։ Այս բանը այնքան էլ դժվար չէ։ Եթե երեխայի տակդիրը լցվել է՝ փոխե՛ք այն։ Եթե երեխայի տակդիրը թաց է՝ փոխե՛ք այն։ Կեղտոտ տակդիրից հոտ է գալիս, ինչի շնորհիվ դժվար չէ հասկանալ, որ այն փոխելու ժամանակն է։ Թաց տակդիրի հարցը մի փոքր ավելի դժվար է։ Պահեք ժամանակ և գոնե ամեն երկու ժամը մեկ ստուգեք երեխայի տակդիրը։ Սակայն, եթե նկատում եք, որ մինչև ժամանակի լռանալը տակդիրը արդեն իսկ թաց է, ապա փոխեք այն։

  • Երբեք չպետք է երկար ժամանակով երեխային թողնել կեղտոտ տակդիրով, քանզի դա կարող է բերել առողջության հետ կապված մի շարք խնդիրների։ Ինչպես նաև դա վատ է ձեր իսկ համար։ Շատ լցված տակդիրները կարող են արտահոսել, և դուք հաստատ չեք ուզի, որ ձեր գորգին կղանք թափվի։

 

2․ Սովորեք, թե ինչպես փոխել երեխայի տակդիրը։ Տակդիրը փոխելու գործընթացը շատ հեշտ է, սակայն այն սխալ անելու դեպքում կարող են ծագել բազմաթիվ խնդիրներ։ Արտահոսք, մաշկի վնասում, ճմռում՝ երևությներ, որոնք կարող են առաջանալ սխալ տեղադրված տակդիրի պատճառով։ Հետևեք այս պարզ ուղեցույցին՝ համոզված լինելու համար, որ ամեն-ինչ ճիշտ եք անում։

  • Պառկեցրեք երեխային հագուստը փոխելու մակերեսին՝ մեջքի վրա։ Երբեք առանց ուշադրության մի թողեք երեխային այդ վայրում և աշխատեք միշտ գոնե մեկ ձեռքը պահել երեխայի վրա՝ նրան այս կամ այն կողմ գլորվելուց պաշտպանելու համար։
  • Բացեք կեղտոտ տակդիրը, բայց այն միանգամից ամբողջովին մի հանեք։
  • Մանրակրկիտ մաքրեք ձեր երեխայի կեղտոտված հատվածները հատուկ թաց անձեռոցիկներով։ Արեք սա այնպես, ինչպես կմաքրեիք ինքներդ ձեզ։
  • Կեղտոտ անձեռոցիկները դրեք տակդիրի մեջ, այնուհետև բռնեք երեխայի ոտքերի կոճերից և բարձրացրեք նրա տուտուզիկը, ինչից հետո զգուշորեն քաշեք տակդիրը երեխայի տակից։ Փաթաթեք այն և դեն նետեք։
  • Վերցրեք նոր տակդիր, ամբողջովին բացեք այն և տեղադրեք համապատասխան վայրում։ Համոզվեք, որ այն ճիշտ մակերեսով եք տեղադրել։
  • Փակեք տակդիրը և ստուգեք, որ ոտքերի հատվածի էլաստիկ հատվածը ամուր կպնում է ոտքերին, բայց միևնույն ժամանակ շատ չի սեղմում կամ ճմռում երեխայի մաշկը։

 

3․ Պայքարեք տակդիրի հետևանքով առաջացող ցանի դեմ։ Տակդիրային ցանը երեխաների մոտ հաճախ հանդիպող մաշկի գրգռում է, որն առաջանում է, երբ երեխայի մաշկը չի կարողանում նորմալ չորանալ, շատ է քսվում տակդիրի կոշտ հատվածներին կամ եթե երեխայի մոտ առկա են այլ առողջական խնդիրներ։ Այն հիմնականում առաջանում է այն պատճառով, որ տակդիրը ժամանակին և հաճախ չեն փոխում, կամ տակդիրը փոքր է երեխայի համար, մի խոսքով, տակդիրային ցանը հեշտությամբ առաջացող երևույթ է, և դուք չպետք է ձեզ վատ զգաք, եթե այն առաջացել է ձեր երեխայի մոտ։

 

  • Դուք կարող եք պայքարել տակդիրային ցանի դեմ՝ երեխայի տակդիրը փոխելու ընթացքում օգտագործելով համապատասխան քսուքներ կամ փոշիներ, ինչպես նաև տակդիրը կեղտոտվելու դեպքում այն անմիջապես փոխելով։

 

  • Համոզվեք, որ երեխայի տակդիրը և հագուստը իր չափսով են, ուշադրություն դարձրեք երեխայի սննդակարգի կամ սննդատեսակների փոփոխություններին (քանզի ձեր երեխան կարող է ունենալ ալերգիաներ), և իմացեք, որ հակաբիոտիկները կարող են ձեր երեխային զգայուն դարձնել տակդիրային ցանի նկատմամբ։ Դիմեք բժշկի, եթե ցանը մի քանի օր բուժումից հետո չի անցնում։

 

4․ Լողացրեք ձեր երեխային։ Երեխաները մեծահասակների պես չեն քրտնում, դրա համար պետք չէ նրանց լողացնել նույնքան հաճախ։ Լողացրեք ձեր բալիկին շաբաթը մեկ, կամ հատկապես շատ կեղտոտ տակդիրներից հետո։ Օգտագործեք խնամքի այնպիսի միջոցներ, որոնք պիտակավորված են «երեխաների համար» նշանով, և լողացրեք ձեր փոքրիկին լվացարանի կամ մանկական լոգարանի մեջ։ Երբ երեխան ջրի մեջ է երբեք մի թողեք նրան առանց ուշադրության։

  • Մինչև նորածինների պորտալարի հավելումի ընկնելը կամ թլպատման վերքի ապաքինվելը լողացրեք նրան սպունգով։

 

5․ Մի մոռացեք խոզանակել «ատամները»։ Չնայած նրան, որ նորածինները չունեն ատամներ, մեկ է, երբ նրանք դառնան մի քանի տարեկան, դուք պետք է սկսեք խոզանակել լնդերը։ Սա կլավացնի լնդերի վիճակը և կնպաստի նրան, որ ատամները սկսեն ծկլթել։ Գնեք մանկական ատամի խոզանակներ, որոնք իրենցից ներկայացնում են ռեզինե խոզանակներ, և նրբորեն խոզանակեք երեխայի լնդերը մի քանի օրը մեկ։

 

Ինչպես քնացնել երեխային

1․ Տեղյակ եղեք, թե երբ է ձեր երեխան քնում։ Երեխաները շատ են քնում, բայց ոչ շատ երկար ժամանակահատվածներով։ Ամեն երեխա ունի իր քնելու անհատական բնական ռիթմը, որը դուք ժամանակի ընթացքում կսովորեք։ Փորձեք հարմարվել դրան և հնարավորինս շատ պլանավորեք ձեր քնելու սեփական ժամանակացույցը։

 

  • Մի փորձեք երեխային ստիպել քնել որևէ ժամանակացույցով նրա կյանքի գոնե առաջին մի քանի ամսվա ընթացքում։ Պարզապես հարմարվեք և հիշեք, որ ձեր երեխան այսքան փոքր է լինելու միայն այս կարճ ժամանակահատվածով։
  • Փորձեք քնել այն ժամանակ, երբ ձեր երեխան քնած է։ Երեխաների մոտ շատ հաճախ խառնված են լինում գիշերն ու ցերեկը, և շատ դժվար կլինի ձեզ համար, եթե չունենաք բավական քանակությամբ քուն։

 

2․ Իմացեք, թե ինչպես քնեցնել երեխային։ Քնելու համար ձեր երեխան կարող է օգնության կարիք ունենալ, դրա համար սովորեք նրան օգնելու մի քանի տարրական ձևեր։ Դուք կարող եք պահել ձեր երեխային ձեր ձեռքերում կամ ձեր ուսի վրա և կամ քայլեք, կամ էլ աթոռին նստած օրորեք նրան։ Երեխաները լավ են արձագանքում կրկնվող ձայներին, դրա համար կարող եք այդպիսի ձայներ հանել կամ օրորոցային երգել նրա համար։

 

3․ Սովորեք ինչպես բարուրել երեխային։ Բարուրելը երեխային վերմակի մեջ փաթաթելու այնպիսի եղանակ է, որ նա չկարողանա շարժվել։ Մեծահասակների համար այն կարող է տարօրինակ թվալ, սակայն երեխայի համար դա շատ հարմարավետ է, քանզի այդպես նա իրեն ապահով է զգում։ Բարուրված երեխան նաև հանկարծակիի չի գա քնած ժամանակ իր իսկ կատարած շարժումներից։ Դիտեք ներքևում տեղադրված տեսահոլովակը՝ սովորելու համար, թե ինչպես ճիշտ բարուրել ձեր երեխային։???

 

4․ Կանխարգելեք նորածինների հանկարծամահության համախտանիշը։ Նորածինների հանկարծամահության համախտանիշը կամ ՆՀՄՀ-ն շատ առեղծվածային երևույթ է, որից դուք պետք է պաշտպանվեք։ Ոչ-ոք չի հասկանում, թե ինչի հետևանքով է այն առաջանում, կամ ընդհանրապես գոյություն ունի, թե ոչ, սակայն կան որոշակի գործոններ, որոնք կապված են մահվան մեծ ռիսկի հետ։ Հետևեք այս պարզ կանոններին և ձեր երեխան կլինի ապահով՝

 

 

  • Պաշտպանեք ձեր երեխային՝ նրան միշտ մեջքի վրա քնեցնելով

 

  • Երեխայի բերանի մեջ մի դրեք ծծակ (соска)
  • Երեխայի օրորոցի մեջ տեղադրեք ամուր ներքնակ
  • Հեռացրեք փափուկ սպիտակեղենը կամ փափուկ խաղալիքները

 

 

 

Խաղացեք երեխայի հետ

1․ Նստեցրեք ձեր երեխային մանկական ճոճերի կամ նստարանների մեջ։ Սա կօգնի նրան տեսնել, թե ինչ է կատարվում իր շուրջ, ինչպես նաև կարող է հանդիսանալ քնելու համար հարմարավետ վայր, եթե երեխան օրվա ընթացքում հոգնում է։ Փորձեք գնել այնպիսի նստարաններ, որոնք շարժվում են երեխայի շարժումներին ի պատասխան և կարող են ճոճվել։ Սա կօգնի պահել երեխային զբաղված, երբ դուք այլ գործ եք անում։ Սակայն երբեք մի թողեք ձեր բալիկին առանց ուշադրության։

 

2․ Թույլ տվեք ձեր երեխային խաղալ խաղալիքներով։ Եթե ձեր երեխան արդեն այնքան մեծ է, որ կարողանում է տարբեր իրեր բռնել, ապա դուք կարող եք նրան խաղալիքներ տալ։ Գնեք նրա տարիքին համապատասխանող խաղալիքներ, որոնք նա կարող է տանել իր բերանը, քանզի սա երեխաների խաղալու ամենասիրած եղանակն է։ Այն խաղալիքները, որոնք լուսավորվում են կամ արձակում են ձայներ հատկապես զվարճալի կլինեն ձեր բալիկի համար։

 

  • Դուք կարող եք հեշտությամբ տանը եղած իրերից պատրաստեք ձեր երեխայի համար զվարճալի խաղալիքներ։ Հսկայական գումարներ ծախսելու անհրաժեշտություն չկա։ Որպես օրինակ՝ դուք կարող եք գուլպայի մեջ մտցնել լիքը պլաստիկ տոպրակներ, և կստացվի փափուկ գնդակ, որը սեղմելու դեպքում կարձակի ձայն և կճմռթվի։ Դա ձեր բալիկին շատ դուր կգա։

 

3․ Երգեք ձեր երեխայի համար։ Երգեք երեխայի համար տարբեր երգեր։ Սա նրան շատ կզվարճացնի, կօգնի ձեր երկուսի միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև կնպաստի նրա ուղեղի զարգացմանը։ Երգեք այն երգերը, որոնք ինքներդ եք սիրում, կամ ձեր իմացած մանկական երգերը։ Եթե գտնեք այնպիսի երգ, որը ձեր երկուսին շատ հոգեհարազատ է, ապա վստահեցնում ենք ձեզ, որ կստեղծեք այնպիսի հիշողություններ, որոնք չեք մոռանա ձեր ողջ կյանքի ընթացքում։

 

4․ Կարդացեք ձեր երեխայի համար։ Կարդացեք երեխայի համար շատ գրքեր։ Սա նրանց մեջ շատ շուտ կսերմանի սեր կարդալու հանդեպ, ինչպես նաև կնպաստի ուղեղի զարգացմանը՝ տարբեր հանգերի և լեզվի ձայների միջոցով։ Կարդալու գործընթացը դարձրեք ավելի զվարճալի՝ շարժելով ձեռքը էջի վրայով և օգտագործելով ձեր «ոգևորված» ձայնը։

 

5․ Սոցիալիզացրեք ձեր երեխային։ Ձեր երեխան պետք է որոշակի ժամանակ անցկացնի իր հասակակիցների և իրենից մեծ կամ փոքր երեխաների հետ։ Սա կօգնի ձեր երեխային սովորել, թե ինչպես շփվել և լինել այլ երեխաների շրջապատում։ Սահմանեք խաղալու օրեր, որոնց ժամանակ ձեր երեխան կխաղա իր ընկերոջ կամ ընկերների հետ։

 

  • Խաղացրեք ձեր երեխային փոքր խմբերում։ Ձեր բալիկը կարող է հեշտորեն ընկճվել, եթե իհարկե նա ի ծնե շատ շփվող չէ, դրա համար խաղալու օրերը սահմանեք միաժամանակ միայն մեկ կամ երկու երեխաների հետ։
  • Թույլ տվեք, որ ձեր երեխան տեսնի ձեզ այլ մարդկանց հետ շփվելիս։ Նա շատ բան կսովորի ձեզնից, եթե տեսնի թե ինչպես եք փոխազդում ձեր ընկերների կամ այլ երեխաների հետ։ Այլ մարդկանց շրջապատում փորձեք չլարվել, քանզի ձեր լարվածությունը կարող է անցնել ձեր երեխային, և իրեն կարող է թվալ, որ նա պետք է վախենա այլ մարդկանցից։ Եղեք ընկերասեր և բաց՝ այլ մարդկանց հետ խոսելու ընթացքում հաճախ ժպտացեք։ Հնարավորության դեպքում գրկեք նրանց։ Ձեր երեխան կսովորի, որ այդպես է պետք շփվել այլ մարդկանց հետ։
  • Մի եղեք չափից դուրս պաշտպանողական։ Պետք է թույլ տաք, որ ձեր երեխան ներգրավվի վեճերի մեջ իր ընկերների հետ։ Անգամ փոքրիկ ֆիզիկական կռիվը անսպասելի բան չէ։ Փորձեք թույլ տալ ձեր երեխային, որ նա իր հարցերը ինքնուրույն պարզի, քանզի այս ձևով է նա սովորում, թե ինչպես փոխազդել այլ մարդկանց հետ։ Եթե անգամ շատ փոքր վեճի ժամանակ դուք միանգամից միջամտեք, ապա ձեր երեխան այդպես էլ ոչինչ չի սովորի։

 

Հիվանդություններն հաղթահարելը

 

1․ Մի վախեցեք գլխամաշկի թեփոտումից։ Գլխամաշկի թեփոտումը նորածին երեխաների մոտ հաճախ հանդիպող նորմալ երևույթ է։ Այն ունի թեփուկավոր, սպիտակ կամ դեղնավուն մաշկային վահանիկների տեսք։ Սա լուրջ խնդիր չէ և, որպես օրենք, մի քանի ամսվա ընթացքում ինքնուրույն անցնում է։ Բայց եթե ձեզ թվում է, որ այն նորմայից ծանր է ընթանում, ապա խոսեք ձեր մանկաբույժի հետ։

 

2․ Ուշադրություն դարձրեք մրսածություններին։ Փոքր երեխաների մոտ մրսածությունը նորմալ երևույթ է և չպետք է անհանգստության պատճառ հանդիսանա։ Սովորաբար այն ինքնուրույն անցնում է 2 շաբաթվա ընթացքում։ Սակայն, եթե ձեր երեխան 2-3 ամսականից փոքր է, ապա դիմեք բժշկի, քանզի այս տարիքում մրսածությունը կարող է հանգեցնել ավելի լուրջ առողջական խնդիրների։

 

3․ Բուժեք կաթնախտը։ Կաթնախտը բերանի խոռոչի սնկային ախտահարումն է, որը սովորաբար առաջանում է հակաբիոտիկների ընդունման հետևանքով։ Այն ունի բերանի խոռոչում և դրանից դուրս գտնվող սպիտակավուն վահանիկների կամ բերանի եզրերում ճաքերի տեսք։ Դուք կարող եք կանխարգելել կաթնախտը՝ մաքուր պահելով երեխայի շշերն ու ծծակները։ Չնայած սա չի համարվում շատ վտանգավոր հիվանդություն, այնուամենայնիվ, եթե ձեր երեխայի մոտ առաջացել է կաթնախտ, ապա դուք պետք է խոսեք ձեր բժշկի հետ, որպեսզի նա նշանակի համապատասխան քսուքներ՝ հիվանդությունը բուժելու համար։

 

Երեխայի խնամքը դրսում

 

1․ Գնեք ավտոմեքենայի մանկական նստատեղ։ Մինչ երեխայի ծնվելը դուք պետք է գնեք ավտոմեքենայի մանկական նստատեղ, քանզի այն հարկավոր է ձեր նորածին երեխային ծննդատնից տուն տանելու համար։ Համոզվեք, որ միշտ օգտագործում եք ձեր երեխայի տարիքին և քաշին համապատասխան նստատեղ։ Դեպի ետ նայող նստատեղերը ամենաապահովն են՝ մինչև երեխայի 1 տարեկան դառնալը պետք է օգտագործել հենց այդպիսի նստատեղեր։

2․ Օգտագործեք զբոսասայլակ կամ մանկան կրման հարմարանք։ Ձեզ անհրաժեշտ է ընտրել ձեր երեխային տեղափոխելու միջոց, երբ առևտուր եք անում կամ պարզապես զբոսնում եք։ Կարող եք գնել զբոսասայլակ և հրել նրան, կամ եթե ուզում եք խնայել տարածք, ապա գնեք մանկան կրման հարմարանք։ Վերջինս շատ հարմարավետ է ձեր երկուսի համար էլ և միևնույն ժամանակ կօգնի ամրացնել ձեր միջև եղած կապը։

3․ Ուշադիր եղեք, թե ուր եք տանում ձեր երեխային։ Նորածինների իմունային համակարգը շատ թույլ է, այդ իսկ պատճառով նրանց շփումը տարբեր վարակիչ հիվանդությունների հետ պետք է հասցնել հնարավոր նվազագույնի։ Մի տարեք երեխային մարդաշատ կամ կեղտոտ վայրեր, խուսափեք այլ երեխաների ծննդյան տոնակատարություններին այցելելուց, և խրախուսեք այլ մարդկանց դիպչել ձեր երեխայի միայն տոտիկներին (երեսի կամ ձեռքերի փոխարեն)՝ հիվանդության տարածումը կանխելու համար։

 

Խորհուրդներ

  • Անընդհատ խոսեք ձեր նորածին երեխայի հետ։ Մի օգտագործեք սխալ խոսքեր կամ մանկական խոսք՝ որքան ավելի ճիշտ եք խոսում երեխայի հետ, այնքան ավելի արագ և լավ ձեր երեխան կկարողանա խոսել մեծանալուն զուգընթաց։
  • Չոր մաշկը նորմալ է երեխաների դեպքում։ Պետք չէ անել որևէ բան դրա դեմ պայքարելու համար, բայց եթե դա ձեզ անհանգստացնում է, ապա փորձեք օգտագործել առանց բույրի մանկական լոսյոն։
  • Խուճապի մի մատնվեք։
  • Երբ երեխային ծննդատնից բերեք տուն, շատ մի ծանրաբեռնեք ձեզ տնային գործերով։ Պարզապես կենտրոնացեք հանգստանալու և միասին ժամանակ անցկացնելու վրա։