Նորածին երեխա ունենալը կյանքի և՛ դժվար, և՛ միևնույն ժամանակ շատ հետաքրքիր էտապ է: Որպեսզի ձեր երեխան գիշերվա ընթացքում տաք ու ապահով լինի, կարևոր է ընտրել ճիշտ անկողնային պարագաներ ու հագուստ: Ձեր երեխային հագցրեք 1 շերտ հագուստ, ապա երեխային բարուրեք կամ հագցրեք նրան մանկական քնապարկ: Ձեր երեխայի շնչուղիները ազատ պահելու համար խուսափեք մահճակալում ծածկոց, բարձեր և գլխարկներ ունենալուց: Այս ամենն օգնում է ձեր երեխային պահել անվտանգ միջավայրում և խուսափել գերտաքացումից:

 

Ինչպես ընտրել համապատասխան հագուստ

 

1Ձեր երեխային հագցրեք հագուստի 1 շերտ: Նորածինները կարող են արագ գերտաքացում ստանալ, ուստի շատ կարևոր է նրանց թեթև հագցնել: Ձեր երեխային հագցնելու համար ընտրեք հագուստի ընդամենը 1 շերտ, օրինակ` 1 կտոր գիշերազգեստ կամ մի զույգ գիշերանոց: Հնարավորության դեպքում ընտրեք բնական, շնչող գործվածքներ, ինչպիսիք են օրինակ՝ բամբակը կամ բուրդը:

  • Ստուգեք հագուստի պիտակները՝ գործվածքի տեսակը ճշտելու համար:
  • Եթե ցուրտ գիշեր է, ընտրեք թեթև, բայց տաք հագուստ, օրինակ՝ ոչխարի բրդից պատրաստված:

 

  1. Եթե երեխան քնած ժամանակ շատ է օրորվում, ապա փաթաթեք ձեր երեխային բարուրի մեջ: Փաթաթեք ձեր երեխային վերմակի մեջ` հավելյալ ջերմություն հաղորդելու համար, որպեսզի երեխան իրեն հանգիստ զգա: Չնայած նրան, որ դուք չպետք է սովորական վերմակով ծածկեք ձեր նորածնին, սակայն կարելի է երեխային փաթաթել բարուրի համար նախատեսված վերմակով, քանի որ դա չի կարող ընկնել երեխայի դեմքին և փակել նրա շնչուղիները։
  • Բարուրը գործվածքի մի կտոր է, որը կարող եք փաթաթել ձեր երեխայի շուրջ:
  • Կարող եք ինքներդ պատրաստել բարուրի համար ծածկոցներ կամ դրանք գնել խանութից:
  • Նորածիններն ունեն բնական ռեֆլեքս՝ պառկած վիճակում դուրս են հրում իրենց ձեռքերն ու ոտքերը: Իրականում այդպես անելը նրանց կարող է արթնացնել քնից, որից հետո նրանց համար ավելի դժվար կլինի քնին վերադառնալը: Եթե դուք բարուրեք ձեր երեխային, ապա նա գուցե կարողանա ավելի երկար քնել, քանի որ բարուրը կրկնօրինակում է գրկում լինելու զգացողությունը:

 

  1. Եթե ցուրտ է, ապա ձեր երեխային հագցրեք մանկական քնապարկ: Եթե օդը ձեզ համար սառն է, ապա հավանաբար նույնը կզգա նաև ձեր երեխան: Տեղադրեք ձեր երեխային մանկական քնապարկի մեջ, երեխայի ձեռքերը դրեք թևքերի ներսում այնուհետև բարձրացրեք շղթան կամ կոճկեք կոճակները:
  • Սա նաև օգնում է պահպանել անխափան քունը:
  • Երբեք չօգտագործեք մեծահասակների կամ ավելի մեծ երեխաների համար նախատեսված քնապարկեր: Կարևոր է ընտրել հատուկ մանկական քնապարկ, որպեսզի ձեր նորածինն անկողնում ապահով լինի:

 

  1. Եթե ձեր երեխան քրտնում է, ապա հեռացրեք հագուստի որևէ մեկ շերտ: Ամեն անգամ ձեր երեխային ստուգելիս ձեռք տվեք նրա մաշկին, զգալու համար նրա մաշկի ջերմաստիճանը: Եթե երեխային դիպչելիս մաշկը տաք է կամ երեխան քրտնած է, ապա հեռացրեք հագուստի 1 շերտ, որպեսզի երեխան հովանա: Սա շատ կարևոր է, քանի որ նորածին երեխաները դեռևս չեն կարողանում լավ վերահսկել իրենց ջերմատվությունը:
  • Օրինակ, եթե ձեր երեխան քրտնում է, հանեք նրա բարուրը կամ քնապարկը: Բայց առավելագույնը հեռացրեք ընդամենը 1 շերտ, որպեսզի ձեր երեխան չմրսի:

 

Ինչպես երեխային պահել ապահով

 

  1. Խուսափեք սավաններից, ծածկոցներից, բարձերից և վերմակներից: Չնայած բնական է, որ ցանկանում եք այս իրերը տեղավորել ձեր երեխայի մահճակալի մեջ, բայց դրանք կարող են գիշերվա ընթացքում երեխայի շնչահեղձության պատճառ հանդիսանալ: Լավագույն տարբերակն այն է, որ այս անկողնային պարագաներն ամբողջությամբ հանեք մահճակալից և երեխային տաք պահելու համար ապավինեք միայն երեխայի հագուստին, բարուրին կամ քնապարկին:
  • Հանեք այս անկողնային պարագաները ձեր նորածնի մահճակալից մինչև նա հասնի ավելի մեծ մահճակալում քնելու տարիքի: Դրա միջին տարիքը հիմնականում մոտավորապես 18-24 ամսականն է:

 

  1. Տեղադրեք սավանը և ամուր ամրացրեք։ Ընտրեք այնպիսի սավան, որը համապատասխանում է ձեր մահճակալի չափսերին, համոզվեք, որ բոլոր անկյուններն ամուր խրված են ներքնակի տակ, որպեսզի այն շնչահեղձության համար վտանգ չներկայացնի: Խուսափեք տեղադրվող սավանի փոխարեն սովորական սավան օգտագործելուց, քանի որ այն կարող է դուրս գալ, եթե ձեր երեխան գիշերվա ընթացքում շատ շարժվի։
  • Մի օգտագործեք սավանը երեխային ծածկելու համար, քանի որ սա փոխկապակցված է մանկական հանկարծամահության համախտանիշի բարձր ռիսկի հետ:

 

  1. Խուսափեք գուլպաներից և գլխարկներից, քանի որ դրանք կարող են մեծացնել շնչահեղձության ռիսկը: Նույնիսկ եթե գիշերը ցուրտ է, միևնույնն է, ձեր երեխային մի հագցրեք ավելորդ պարագաներ, ինչպիսիք են՝ գլխարկներն ու գուլպաները: Հագուստի այս կտորները կարող են գիշերվա ընթացքում դուրս գալ և փակել երեխայի շնչուղիները, ինչը կարող է շնչահեղձության պատճառ հանդիսանալ:
  • Եթե մտահոգված եք, որ ձեր երեխայի ոտքերը կարող են մրսել, ընտրեք 1 կտորից բաղկացած քնազգեստ, որն ունի տոտիկներ:

 

Զգուշացում

 

Մանկական հանկարծամահության համախտանիշը (ՄՀՄՀ) հազվադեպ, բայց նորածինների մոտ երբեմն հանդիպող համախտանիշ է: Այս համախտանիշը կանխելու համար ձեր նորածնի օրորոցից կամ մահճակալից հեռացրեք շնչահեղձության համար վտանգ հանդիսացող հնարավոր բոլոր պարագաները։