Ձեր հղիության 28-րդ շաբաթը

 

 

Այս հոդվածում

  • Երեխայի զարգացումը
  • Ախտանիշներ
  • Խնամքի վերաբերյալ խորհուրդներ
  • Խորհուրդներ զուգընկերների համար
  • Բժշկի այցերը
  • Հատուկ նկատառումներ

Ոչ բոլոր մասնագետներն են համաձայն այն հարցում, թե հղիության որ եռամսյակը երբ է սկսվում և վերջանում, սակայն Մանկաբարձների և Գինեկոլոգների Ամերիկական Քոլեջը համարում է, որ հղիության 28-րդ շաբաթը սկսելուն պես դուք մտնում եք ձեր հղիության 3-րդ՝ այսինքն վերջին եռամսյակի մեջ։ Ձեր ծննդաբերությանը մնացել է ընդհամենը մի քանի ամիս։

Այս ժամանակաշրջանը լի է լինելու նոր զգացողություններով, նոր ախտանիշներով և ավելի շատ պրենատալ այցերով։

Քանի՞ ամիս է 28 շաբաթական հղիությունը։ 7 ամիս

Ո՞ր եռամսյակն է։ 3-րդ եռամսյակ

Քանի շաբաթ է մնացել։ 12 շաբաթ

Ձեր երեխայի զարգացումը 28-րդ շաբաթում

Հղիության 28-րդ շաբաթում ձեր երեխայի երկարությունը նրա գլխի գագաթից մինչև հետույքը կազմելու է մոտ 25,4 սանտիմետր, իսկ երեխայի հասակը՝ հաշված նրա գլխի գագաթից մինչև կրունկները լինելու է մոտավորապես 36,1 սանտիմետր։ Այս շաբաթ ձեր երեխան կշռելու է մոտ 1189 գրամ։

Ուղեղը

Այս շաբաթ ձեր երեխայի ուղեղը գտնվում է արագ աճի շրջանում։ Ուղեղային հյուսվածքում սկսում են զարգանալ ակոսներն ու գալարները, ինչի շնորհիվ երեխայի ուղեղը սկսում է նմանվել հասուն մարդու ուղեղին՝ իրեն բնորոշ քաջ հայտնի գալարային տեսքով։

Աչքերի շարժումները

Երեխաները սկսում են շարժել իրենց աչքերը հղիության դեռ 14-րդ շաբաթում, բայց այս շարժումները գնալով հաճախանում են 28-րդ շաբաթում։ Աչքերի շարժումների այս ավելի մեծ հաճախականությունը կապված է քնի «աչքերի արագ շարժումների» փուլի (rapid eye movement-REM) և առողջ ուղեղի զարգացման հետ։

Պորտալար

Պորտալարը պատասխանատու է ձեր ընկերքի և երեխայի միջև արյան շրջանառության համար։ Այն ձեր երեխային ապահովում է սննդանյութերով և թթվածնով, ինչպես նաև օգնում է երեխային հեռացնել իր օրգանիզմի նյութափոխանակության արգասիքները։ Պորտալարը դեռ 12-րդ շաբաթում արդեն ամբողջովին ձևավորվել էր, սակայն այն շարունակում է աճել ինչպես երկարությամբ, այնպես էլ տրամագծով։

Նորմալ ժամկետներում ծնված երեխաների մոտ պորտալարի երկարությունը տատանվում է 30-100 սանտիմետր միջակայքում, իսկ նրա հաստությունը կազմում է մոտ 16 միլիմետր։

 

 

Ապրելիությունը արգանդից դուրս

Ամեն անցնող շաբաթվա հետ՝ երեխայի արգանդից դուրս գոյատևելու շանսերը գնալով աճում են, իսկ նրա առողջության հետ կապված երկարաժամկետ խնդիրների առաջացման ռիսկը նվազում։ Վաղաժամ՝ հղիության 28-րդ շաբաթում ծնված երեխաների ապրելիությունը արգանդից դուրս, հատուկ խնամքի առկայության պայմաններում, կազմում է 94%։

Այս շաբաթ ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները

2-րդ եռամսյակից անցնելով 3-րդ եռամսյակի՝ դուք կարող եք նկատել, որ ձեր մոտ սկսում են զարգանալ նոր ախտանիշներ, ինչպես նաև անցած շաբաթների ախտանիշները, որոնք անցել էին, կարող են վերադառնալ։ Մոռացկոտությունը, քթի փակվածությունը և մաշկի փոփոխությունները կարող են պահպանվել, իսկ ցավերը սովորաբար ավելի են ուժգնանում։

Մեջքի ցավ

Ձեր աճող արգանդը, ձգվող մկանները, հղիության հորմոնները, որոնք փափկեցնում են ձեր հոդերը՝ դրանք պատրաստելով ծննդաբերությանը, այս ամենը դեր են խաղում մեջքի ցավի մեջ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեջքի ստորին հատվածների ցավը դիտվում է հղի կանանց 50%-ի մոտ։ Իսկ մեջքի ցավը, որը ճառագայթում է դեպի ոտքը և կապված է նստանյարդի ճնշման հետ (այս վիճակը կոչվում է իշիազ), հանդիպում է հղիների ընդամենը 1%-ի մոտ։

Քաշի ավելացումը

Մինչև 28-րդ շաբաթը դուք հնարավոր է արդեն հավաքած լինեք ընդհուպ մինչև 8,5 կիլոգրամ։ Ըստ հղիության ընթացքում քաշի ավելացման խորհուրդ տրվող ուղեցույցերի, այն կանայք, որոնց ՄԶԻ-ն (մարմնի զանգվածի ինդեքս) մինչև հղիությունը «նորմայի» սահմաններում էր, պետք է առաջին եռամսյակում հավաքեն մոտավորապես 0,5-2,5 կիլոգրամ, իսկ ամեն հաջորդ շաբաթ 0,5-ական կիլոգրամ։

Ամեն մի հղիություն տարբեր է։ Ձեզ հսկող բժիշկը ձեր պրենատալ այցերից ամեն մեկի ժամանակ չափելու է ձեր քաշը և նա կարող է խորհուրդ տալ, որ դուք ավելի քիչ կամ ավելի շատ քաշ հավաքեք, քան ուղեցույցերի միջին խորհուրդ տրվող քաշերն են։ Իսկ եթե դուք ձեր քաշի հետ կապված ունեք որևէ հարց կամ անհանգստություն, ապա խոսեք այդ մասին ձեր բժշկի հետ։

Խնամքի վերաբերյալ խորհուրդներ

Այն առողջ սովորությունները, որոնց դուք մինչ այժմ հետևում էիք, պետք է շարունակեն մնալ ձեր առաջնահերթությունների ցուցակում, սակայն դուք նաև կզգաք, որ կարիք ունեք ձեր առօրյայում կատարել որոշակի փոփոխություններ, որպեսզի կարողանաք հարմարվել ձեր գնալով ուժգնացող ցավերին։ Նաև գուցե ցանկանաք օրեկան որոշ ժամանակ հատկացնել հանգստանալու համար, ինչպես նաև ձեր երեխայի շարժումներին հետևելով՝ ձեր և ձեր երեխայի միջև կապը ամրապնդելու համար։

 

 

Պայքարը մեջքի ցավի դեմ

Մինչ այս՝ անցած շաբաթների ընթացքում դուք երևի արդեն սկսել եք պայքարել հղիության հետ կապված մեջքի ցավերի դեմ, սակայն կանանց մեծ մասի մոտ այս ցավերը հղիության պրոգրեսիվման հետ մեկտեղ գնալով ավելի են ուժգնանում։

Մեջքի ցավի կամ իշիազի հետ կապված դիսկոմֆորտը թեթևացնելու համար կարող եք փորձել՝

  • Խուսափեք ծանր առարկաներ բարձրացնելուց
  • Գնացեք պրենատալ մերսումների
  • Մտածեք ասեղնաբուժության մասին
  • Ուշադրություն դարձրեք ձեր կեցվածքին և փորձեք բարելավել այն
  • Հանգստացեք, երբ ցավերը ուժգնանում են
  • Հետևեք քաշի ավելացման խորհուրդ տրվող ուղեցույցերին
  • Մարզվելու միջոցով ձգեք և ամրացրեք ձեր մկանները
  • Փորձեք առանց հանգստանալու երկար ժամանակ ոտքի վրա կանգնած չմնալ
  • Դիմեք ֆիզիոթերապևտի
  • Նստած ժամանակ մեջքի հետևում դրեք բարձ կամ գլանակի պես փաթաթած սրբիչ
  • Դիմեք հղիության խնամքի մեջ մասնագիտացած մանուալ թերապևտի
  • Կրեք մեջքի և փորի աջակցող գոտիներ
  • Կրեք հարմարավետ կոշիկներ և խուսափեք բարձրակրունկներից

Եթե ուրիշ ոչ-մի տարբերակ չի աշխատում, ապա խոսեք ձեզ հսկող բժշկի հետ՝ ձեզ համար անվնաս ցավազրկող ընտրելու համար։

Երեխայի հարվածների հաշիվը

Դուք կարող եք տանը մոնիտորինգի ենթարկել ձեր երեխային՝ հետևելով նրա կատարած շարժումներին։ Ամեն օր ձեր երեխայի շարժումները զգալու համար մի քիչ ժամանակ անցկացնելը նաև կօգնի ձեզ ազատվել երեխայի առողջության և բարօրության հետ կապված ձեր ունեցած տագնապային մտքերից։

Չնայած նրան, որ ձեր երեխան սկսում է շարժվել հղիության առաջին իսկ շաբաթից, առողջական ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս, որ երեխայի «հարվածների հաշիվը» սկսեք պահել 28-րդ շաբաթից սկսած։

Կա հարվածների հաշիվը պահելու (այսինքն երեխայի շարժումները հաշվելու) երկու տարբերակ։ Քննարկեք ձեզ հսկող բժշկի հետ, թե որ տարբերակն է նա խորհուրդ տալիս։

  • Պառկեք կողքի վրա և սկսեք հաշվել ձեր զգացած ցանկացած շարժում։ 2 ժամվա ընթացքում դուք պետք է հաշվեք առնվազն 10 առանձին շարժում, իսկ եթե 10 շարժումը հաշվել եք մինչև 2 ժամը լռանալը, ապա կարող եք դադարեցնել հաշվարկը։

 

Հարվածների հաշվարկի հետ կապված խորհուրդներ՝

  • Արգանդի մեջ գտնվող երեխաները նույնպես քնում են, ինչը նշանակում է, որ դուք պետք է արթնացնեք ձեր երեխային, եթե ուզում եք, որ նա շարժվի։ Հարվածների հաշվարկը սկսելուց առաջ կերեք կամ խմեք որևէ քաղցր բան, կամ պարզապես խոսեք ձեր երեխայի հետ։
  • Հաշվարկը կատարեք հարմարավետ, հանգիստ վայրում՝ առանց շեղող հանգամանքների
  • Հաշվարկը պլանավորեք կատարել ճաշելուց կամ որևէ բան ուտելուց հետո (այդ ժամանակ պտուղը ավելի ակտիվ է լինում)
  • Փորձեք հաշվարկը կատարել օրվա նույն ժամերին
  • Պարտադիր չէ, որ սպասեք հենց «հարվածների»՝ օրորվելը, բրդելը և նմանատիպ շարժումները նույնպես հաշիվ են

Ժամանակի ընթացքում դուք կսկսեք սովորել ձեր երեխայի շարժումների օրինաչափությունը։ Եթե նկատեք, որ ձեր երեխան սկսել է նորմայից քիչ շարժվել, ապա զանգահարեք ձեզ հսկող բժշկին։

Ձեր 28-րդ շաբաթի անելիքների ցանկը

  • Շարունակեք ընդունել ձեր պրենատալ վիտամինները
  • Շարունակեք օրեկան խմել 8-12 բաժակ ջուր
  • Շարունակեք ամեն օր կատարել Կեգելի վարժությունները
  • Խոսեք ձեզ հսկող բժշկի հետ ձեր ախտանիշների, ինչպես նաև մեջքի ցավի մասին
  • Սկսեք ամեն օր կատարել երեխայի հարվածների հաշվարկը՝ երեխայի շարժումները մոնիտորինգի ենթարկելու համար

Խորհուրդներ զուգընկերների համար

Բազմաթիվ ոչ-հղի զուգընկերների համար հղիությունը ընկալվում է որպես մի ինչ-որ աբստրակտ երևույթ, մինչև նրանք չեն սկսում դրսից տեսնել կամ զգալ իրենց երեխայի շարժումները, ինչը սովորաբար տեղի է ունենում 28-րդ շաբաթին մոտ։

Ձեր հղի զուգընկերը ամենայն հավանականությամբ արդեն սկսել է հաշվել երեխայի օրեկան հարվածների քանակը, և դուք նույնպես կարող եք միանալ այդ զվարճանքին։ Երեխայի շարժումները դրսից զգալու ձեր շանսերը մեծացնելու համար դուք կարող եք՝

  • Խնդրեք ձեր զուգընկերոջը փոխել իր դիրքը
  • Խոսեք երեխայի հետ կամ նրա համար նվագեք կամ միացրեք երաժշտություն
  • Փորձեք շարժումները զգալ նրանից հետո, երբ ձեր զուգընկերը ճաշել է, խմել կամ կերել է որևէ քաղցր բան (ինչը կարող է ակտիվացնել երեխային)

Եղեք համբերատար և շարունակեք փորձել։ Երբեմն դուք պարզապես պետք է ձեր ձեռքը ճիշտ ժամանակին դնեք ճիշտ տեղում։ Ժամանակի ընթացքում դուք ավելի լավ կկարողանաք զգալ ձեր երեխայի շարժումները, և անգամ կարող եք տեսնել, թե ինչպես է երեխան շարժվում ձեր զուգընկերոջ մաշկի տակ։

Ձեր բժշկի աշխատասենյակում

Այս այցը շատ նման է լինելու մինչ այս ձեր ունեցած այցերին, որի ընթացքում ձեր բժիշկը պետք է՝

  • Տա ձեզ հարցեր
  • Ձեզնից խնդրի մեզի նմուշ
  • Ստուգի ձեր մարմինը այտուցների կապակցությամբ
  • Ձեզ հետ քննարկի ձեր ախտանիշները
  • Լսի ձեր երեխայի սրտի զարկերը
  • Գրանցի ձեր քաշը և զարկերակային ճնշումը

Աճող փորիկը

Ձեզ հսկող բժիշկը կարող է շոշափել ձեր փորիկը՝ արգանդի գագաթը (կոչվում է արգանդի հատակ) գտնելու և ցայլոսկրի ու արգանդի գագաթի միջև հեռավորությունը (հայտնի է որպես արգանդի հատակի բարձրություն) չափելու համար։ Այս չափումները օգնում են ձեզ հսկող բժշկին մոտավոր պատկերացումներ կազմել ձեր արգանդի և երեխայի աճի վերաբերյալ։

Բժիշկները արգանդի հատակի բարձրությունը չափում են սանտիմետրերով։ Այդ թիվը սովորաբար համապատասխանում է նրան, թե հղիության որերորդ շաբաթում է գտնվում կինը (1-2 սանտիմետր շեղվածությամբ)։ 28-րդ շաբաթում ձեր արգանդի հատակի բարձրությունը ամենայն հավանականությամբ կկազմի մոտավորապես 28 սանտիմետր։

Ռեզուս գործոն

Ձեր հղիության դեռ վաղ շրջաններում դուք հանձնել եք արյան նմուշ՝ որոշելու համար ձեր Ռեզուս գործոնը, որը մարդկանց մեծ մասի արյան կարմիր բջիջների վրա հանդիպող սպիտակուց է։ Սակայն եթե ձեր Ռեզուս գործոնը բացասական է, իսկ երեխայինը դրական, ապա դուք Ռեզուս անհամատեղելի եք։ Սա նշանակում է, որ ձեր օրգանիզմը ձեր երեխայի արյան հանդեպ կարող է սինթեզել հակամարմիններ և այդպիսով ձեր երեխայի մոտ առաջացնել առողջական խնդիրներ։

Եթե դուք Ռեզուս բացասական եք, ապա 28-րդ շաբաթում դուք կհանձնեք արյան ևս մեկ նմուշ՝ այդ հակամարմինները հայտնաբերելու համար։ Այս շաբաթ ձեր բժիշկը ձեզ նաև կարող է խորհուրդ տալ ստանալ Ռեզուս իմունոգլոբուլինի ներարկում։ Ռեզուս իմունոգլոբուլինի այս ներարկումը սպանում է ձեր օրգանիզմի արտադրած հակամարմինները և թույլ չի տալիս, որ սինթեզվեն նորերը։ Դուք նաև կստանաք իմունոգլոբուլինի այս ներարկումը երեխայի ծնվելուց 72 ժամ անց՝ ձեր հետագա հղիությունները պաշտպանելու համար։

Առաջիկա բժշկի այցերը

Ձեր հաջորդ պրենատալ այցը ամենայն հավանականությամբ լինելու է 2 շաբաթից՝ 30-րդ շաբաթում։ Այս պահից սկսած հղի կանայք հիմնականում սկսում են բժշկի այցելել 2 շաբաթը մեկ ՝ մինչև հղիության 36-րդ շաբաթը։ Իսկ սկսած 36-րդ շաբաթից՝ մինչև երեխայի ծնվելը, դուք պետք է բժշկի այցելեք շաբաթը մեկ անգամ։

Որոշ դեպքերում, օրինակ՝ բարձր ռիսկային հղիության դեպքում, ձեր բժիշկը կարող է նշանակել հավելյալ հետազոտություններ։ Այդ հետազոտություններն են՝

  • Բիոֆիզիկական պրոֆիլ կամ ձևափոխված բիոֆիզիկական պրոֆիլ
  • Կծկումների սթրես թեստ
  • Պորտային զարկերակի դոպլեր հետազոտություն
  • Պտղի ոչ-սթրեսային թեստ

Առաջադիր պլացենտա

Առաջադիր պլացենտա նշանակում է, որ պլացենտան տեղակայված է արգանդի ստորին հատվածներում և ամբողջությամբ կամ մասնակի ծածկում է արգանդի պարանոցը։ Հղիության վաղ շրջաններում հայտնաբերված ցածր տեղակայված պլացենտաները սովորաբար արգանդի աճելու հետ մեկտեղ բարձրանում են վերև՝ գրավելով ավելի բարձր դիրք։ Եթե ձեր վաղ կատարված գերձայնային հետազոտություններից որևէ մեկի ժամանակ ձեզ ասել են, որ դուք ունեք ցածր տեղակայված պլացենտա, ապա այն գուցե արդեն բարձրացել է վերև։ Սակայն որոշ պլացենտաներ մնում են ցածր դիրքում հղիության ամբողջ ընթացքում։

Եթե ձեզ մոտ կան հեշտոցային արյունահոսություններ, ապա ձեզ հսկող բժիշկը կհետազոտի ձեզ առաջադիր պլացենտայի կապակցությամբ։ Երբեմն այն չունի որևէ նշան և հայտնաբերվում է միայն գերձայնային հետազոտության ժամանակ։

Եթե ձեզ մոտ ախտորոշվել է առաջադիր պլացենտա, ապա ձեզ հսկող բժիշկը ձեզ խորհուրդ կտա՝

  • Խուսափել սեռական հարաբերություններից
  • Խուսափել ծանր առարկաներ բարձրացնելուց
  • Խուսափել ծանր վարժություններից և ֆիզիկական ակտիվությունից
  • Գնալ հիվանդանոց՝ ավելի լավ մոնիտորինգի համար
  • Հանգստացեք երկար կանգնած մնալուց հետո, ոտքերի վրա երկար կանգնած մի մնացեք և ընդհանրապես հանգստացեք օրվա ընթացքում

Երբ պլացենտան ծածկում է արգանդի պարանոցը՝ այն նաև ծածկում է արգանդից ձեր երեխայի դուրս գալու ճանապարհը։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է լինելու իրականացնել Կեսարյան հատում։ Եթե դուք ունեք ցածր տեղակայված պլացենտա, ապա ձեզ հսկող բժիշկը 32-րդ և 36-րդ շաբաթներում իրականացվող գերձայնային հետազոտությունների միջոցով կվերահսկի դրա տեղակայումը ։

Եթե ձեր պլացենտան դեռևս ծածկի ձեր արգանդի պարանոցը, ապա ձեզ հսկող բժիշկը ձեզ կհերթագրի Կեսարյան հատման՝ սովորաբար 37-րդ շաբաթի մոտակայքում, մինչև ծննդաբերության ինքնաբերաբար սկսվելը։ Իսկ եթե ունենում եք արյունահոսություններ, ապա վիրահատությունը կնշանակվի ավելի շուտ՝ ձեր և ձեր երեխայի առողջությունը պահպանելու նպատակով։

Մի քանի խոսք MyKid-ից

Հղիության 3-րդ եռամսյակ մտնելուն պես դուք գնալով ավելի եք մոտենում ձեր երեխայի հետ առաջին հանդիպմանը։ Սակայն ձեր երեխայի և մարմնի մեծանալու հետ մեկտեղ դուք նաև կառերեսվեք նոր մարտահրավերների հետ։ Օգտագործեք ձեր հավելյալ բժշկի այցերը վերջինիս հարցեր տալու և ախտանիշների դեմ պայքարելու միջոցները սովորելու համար։ Մի խուսափեք անհրաժեշտության դեպքում աշխատանքի վայրում կամ տանը ընկերներից կամ հարազատներից օգնություն խնդրելուց։