Ձեր հղիության 26-րդ շաբաթը

 

 

  • Երեխայի զարգացումը
  • Այս շաբաթ ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները
  • Ախտանիշներ
  • Խնամքի վերաբերյալ խորհուրդներ
  • Խորհուրդներ զուգընկերների համար
  • Խորհուրդ տրվող միջոցներ
  • Հատուկ նկատառումներ

 

Ձեր հղիության 26-րդ շաբաթը

Հղիության 26-րդ շաբաթում ձեր երեխայի աչքերը արդեն ամբողջովին ձևավորված են լինում, և նա արդեն սկսում է օգտագործել իր գրեթե տեսանելի կոպերն ու թարթիչները։ Մինչդեռ այս ընթացքում ձեր մարմնի վրա արդեն ավելի ու ավելի արտահայտիչ են դառնում ձեր մեջ աճող և զարգացող երեխայի հետևանքները՝ ձեր մաշկը ձգվում է և հնարավոր է առաջանան նոր մաշկային զոլեր։

 

Քանի՞ ամիս է 26 շաբաթական հղիությունը։ 6 ամիս և 2 շաբաթ

Ո՞ր եռամսյակն է։ 2-րդ եռամսյակը

Քանի՞ շաբաթ է մնացել։ 14 շաբաթ

 

Ձեր երեխայի զարգացումը 26-րդ շաբաթում

26-րդ շաբաթում երեխայի երկարությունը նրա գլխի գագաթից մինչև նրա հետույքը կազմում է մոտ 23,5 սանտիմետր, իսկ երեխայի հասակը՝ հաշված նրա գլխի գագաթից մինչև կրունկները կազմում է մոտավորապես 33 սանտիմետր։ Այս շաբաթ երեխան կշռում է մոտավորապես 900 գրամ։

 

Աչքեր

Այս շաբաթ ձեր երեխայի աչքերը արդեն ամբողջովին ձևավորված են։ Ձեր երեխան արդեն անգամ ունի տեսանելի կոպեր և թարթիչներ։

 

Ռեֆլեքսներ

Երեխայի մոտ սկսում է դրսևորվել վախի ռեֆլեքսը (երբ նա արձագանքում է բարձր ձայներին), ինչպես նաև սկսում են զարգանալ ոտքի թաթի և ձեռքերով առարկաներ բռնելու ռեֆլեքսները՝ սրանք այն բոլոր ռեֆլեքսներն են, որոնք դրսևվորվում են նորածին երեխաների մոտ։

 

Վերարտադրողական համակարգ

Եթե հղի եք տղա երեխայով, ապա նրա ամորձիները այս շաբաթ կարող են սկսել իջնել նրա փոշտի մեջ։

 

Աղիքներ

Ձեր երեխայի աղիքները նույնպես շարունակում են աճել և զարգանալ։ Նրա աղիքները գնալով ավելի և ավելի սննդանյութեր են սկսում կլանել ամնիոտիկ հեղուկից, և արտադրում են ֆերմենտներ, որոնք ճեղքում են շաքարները, սպիտակուցները և ճարպերը՝ դրանք մարսելու համար։

 

Ապրելիությունը արգանդից դուրս

Չնայած նրան, որ երեխան դեռ բավականին շատ աճելու և հասունանալու տեղ ունի, միևնույնն է ժամանակակից բժշկության ձեռքբերումների շնորհիվ հղիության 26 շաբաթականում ծնված երեխաները ունեն ապրելիության բավականին մեծ ցուցանիշ։ Այս երեխաները դեռ ծայրահեղ անհաս են, բայց ՆԽԻԲ-ում իրականացվող հատուկ խնամքի շնորհիվ այս երեխաների ապրելիության ցուցանիշները կազմում են մոտ 85%։ Ամեն անցնող շաբաթի հետ երեխան ավելի ու ավելի է մոտենում իր ծնվելու նորմալ ժամկետին, և դրա հետ մեկտեղ աճում է նաև արգանդից դուրս նրա գոյատևելու հնարավորությունը և նվազում են առողջության հետ կապված երկարատև խնդիրների ռիսկը։

 

 

Այս շաբաթ ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները

Մոտենալով ձեր 2-րդ եռամսյակի վերջին՝ դուք ձեզ դեռևս շատ լավ եք զգալու։ Բայց ձեզ մոտ նաև կարող են դրսևորվել այս շաբաթում հաճախ հանդիպող ախտանիշներ՝ արգանդի կեղծ կծկումներ (Բրեքստոն Հիքսի կծկումներ), քթի փակվածություն, ոտքերի մկանների սպազմներ, ոտքերի մեղմ այտուցվածություն կամ մեջքի ցավ։ Ձեր փորիկի և երեխայի մեծանալու հետ մեկտեղ ձեզ մոտ նաև կարող է առաջանալ կողերի ցավ և մաշկի ձգվածության հետևանքով հղիության զոլեր։

 

Կողերի ցավ

Ձեր երեխան գնալով մեծանում և սկսում է ավելի ու ավելի շատ տեղ զբաղեցնել ձեր որովայնի խոռոչում։ Կախված երեխայի դիրքից՝ դուք կարող եք ձեր կողերի տարբեր հատվածներում ունենալ ճնշման զգացողություն, ինչպես նաև կարող եք զգալ, թե երեխան ինչպես է ոտքերով և ձեռքերով հարվածում ձեր փորին։

 

Հղիության մաշկային զոլեր

Հղիության զոլերը մաշկի վրա գծերի կամ ժապավենների տեսքով առաջացող սպիերն են։ Նրանք առաջանում են, երբ մաշկը կարճ ժամանակում բավականին շատ ձգվում է։ Չնայած նրան, որ մաշկային այսպիսի զոլեր կարող են առաջանալ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ՝ կյանքի ցանկացած ժամանակահատվածում, սակայն նրանք ամենից հաճախ հանդիպում են հղիության ընթացքում և կարող են առաջանալ հղի կանանց մոտավորապես 55-90%-ի մոտ։

Մինչդեռ հղիության մաշկային զոլերը չեն առաջացնում որևէ առողջական խնդիր, սակայն նրանք կարող են գրգռվել և բերել քորի կամ այրոցի զգացման առաջացման։

 

Խնամքի վերաբերյալ խորհուրդներ

Ձեր մարմինը աճող մարդ էակի հետ կիսելը կարող է բավականին անհարմար լինել, հատկապես եթե երեխան գնալով ավելի շատ տեղ է զբաղեցնում ձեր որովայնում՝ բերելով ֆիզիկական դիսկոմֆորտի և ձեր մարմնի տեսքի փոփոխությանը։

 

Պայքարը կողերի ցավի դեմ

Հղիության հետ կապված կողերի ցավը սովորաբար մինչև անցնելը գնալով վատանում է։ Բայց երբ երեխան մի փոքր իջնի ներքև այդ ցավը կթեթևանա, իսկ երեխայի ծնվելուց հետո այն ամբողջովին կվերանա։ Բայց միևնույն ժամանակ դուք նաև կարող եք փորձել՝

  • Փոխեք ձեր դիրքը ավելի հարմարավետ դիրքի
  • Զգուշորեն սեղմեք ձեր որովայնին, որպեսզի երեխան էլ չշարժվի
  • Զբաղվեք հղիների յոգայով կամ պրենատալ մարմնամարզությամբ
  • Պահպանեք առողջ քաշ
  • Գնեք հարմարավետ, աջակցող կրծքկալ
  • Կրեք փորը պահող (աջակցող) գոտի
  • Պառկելիս կամ նստելիս օգտագործեք հավելյալ բարձեր՝ ավելի հարմարավետ դիրք գրավելու համար
  • Կարող եք դիմել այլընտրանքային բժշկությանը, ինչպիսի են՝ ասեղնաբուժությունը կամ մանուալ թերապիան
  • Անհրաժեշտության դեպքում խոսեք ձեր հսկող բժշկի հետ՝ անվնաս ցավազրկող դեղամիջոց ընտրելու համար։

 

 

Պայքարը հղիության զոլերի դեմ

Հղիության զոլերը կարող են դիսկոմֆորտ առաջացնել, իսկ նրանց աչքի ընկնող տեսքը կարող է ազդեցություն թողնել մարմնի ընդհանուր տեսքի վրա։ Հղիության զոլեր առաջանալու հավանականությունը կապված է մի շարք գործոնների հետ, օրինակ՝ ժառանգականությունը, տարիքը և քաշը։ Մինչդեռ հղիության զոլերի նկատմամբ նախատրամադրվածություն ունենալու պարագայում չկան այնպիսի միջոցներ, որոնք կարող են կանխել դրանց առաջացումը, սակայն կան որոշ բաներ, որ դուք կարող եք անել՝ հղիության ընթացքում զոլերի առաջացումը նվազագույնի հասցնելու համար, դրանք են՝

  • Ձեր հղիության քաշը հավաքել դանդաղ և կայուն
  • Սնվեք առողջ և բալանսավորված՝ բավարար սնուցումը ապահովելու համար
  • Խոնավ պահեք ձեր մաշկը

Դուք կարող եք ձեր հղիության զոլերին վերաբերվել որպես արիության մեդալի։ Ի վերջո դրանք ձեր ներսում երեխա ձևավորելու ահռելի աշխատանքի ֆիզիկական ապացույցն են։ Բայց միևնույն ժամանակ ամբողջովին նորմալ է, եթե դուք ուզում եք նվազեցնել նրանց առաջացումը։

Ժամանակի ընթացքում այդ զոլերի գույնը ինքնըստինքյան անհետանալու է։ Այդ գործընթացին նպաստելու համար, ձեր երեխայի ծնվելուց հետո դուք կարող եք նաև դիմել մաշկաբանի՝ բուժման տարբեր եղանակներ ընտրելու համար, նեռարյալ՝ քսուքներ, լազերային բուժում և լուսային բուժում։

 

 

Կազմեք ձեր ծննդաբերության ծրագիրը

Եթե մինչ այս չէիք արել, ապա հիմա շատ լավ ժամանակ է ձեր ծննդաբերության նախընտրած տարբերակի մասին մտածելու, ինչպես նաև ձեր ծննդաբերության ծրագրի նախնական տարբերակը կազմելու համար։ Ծննդաբերության ծրագիրը ըստ էության իրենից ներկայացնում է ձեր ծննդաբերության նախընտրած ընթացքի վերաբերյալ ձեռագիր փաստաթուղթ։ Այն իր մեջ կարող է ներառել, թե ինչպես են ձեր հսկող բժիշկը, հիվանդանոցի անձնակազմը, զուգընկերը և ձեր նախընտրած աջակցող թիմի ցանկացած այլ անձ օգնելու ձեզ ունենալ բարեհաջող և դրական լիցքերով լի ծննդաբերություն։

Դիտարկեք սա որպես տարբեր տարբերակներ ուսումնասիրելու լավ հնարավորություն։ Բացահայտեք, թե ինչ եք ուզում և ինչից եք ուզում խուսափել, հստակեցրեք, թե ինչ հարցեր կարող եք ունենալ և, ի վերջո, ավելի հստակ կիմանաք, թե ինչ է ձեզ սպասվում։

26-րդ շաբաթի ձեր ստուգաթերթը

  • Շարունակեք սնվել առողջ և բալանսավորված
  • Շարունակեք կատարել պրենատալ վարժությունները և Կեգելի վարժությունը
  • Խոնավեցրեք ձեր հղիության աճող մաշկային զոլերը
  • Սկսեք ուսումնասիրել և կազմել ձեր ծննդաբերության ծրագիրը

 

Խորհուրդներ զուգընկերների համար

Հղիության 27 և 36 շաբաթների ընթացքում ձեր հղի զուգընկերը պետք է պատվաստվի կապույտ հազի դեմ, ինչը ապահովում է, որ մայրիկի հակամարմինները կփոխանցվեն երեխային՝ ծնվելուց հետո երեխային պաշտպանելով այս հիվանդությունից։

Բայց միայն ապագա մայրերը չեն, որ պետք է պատվաստվեն։ Բոլոր դեռահասները և մեծահասակները, ովքեր երեխայի ծնվելուց հետո նրա հետ սերտ շփման մեջ են լինելու, ներառյալ նաև երեխային խնամողները, պետք է ըստ ազգային ժամանակացույցի ստացած լինեն բոլոր պատվաստումները։ Զանգահարեք ձեր առաջին օղակի բժշկին՝ ճշտելու համար, թե արդյոք պետք է պատվաստվեք, ինչպես նաև տարածեք այս ինֆորմացիան այն բոլոր մարդկանց հետ, որոնք սերտ շփում են ունենալու ձեր երեխայի հետ։

 

Առաջիկա այցեր բժշկին

Ձեր հաջորդ պրենատալ այցը բժշկի մոտ լինելու է մոտավորապես 28 շաբաթականում (առաջին եռամսյակի բազմաթիվ այցերից առաջինը)։

Ձեր բժիշկը կարող է առաջարկել ձեզ կապույտ հազի դեմ պատվաստում՝ 27-36 շաբաթների ընթացքում՝ երեխային ծնվելուց հետո պաշտպանելու համար։

Եթե ձեր հղիությունը համարվում է բարձր ռիսկային, ապա հնարավոր է կարիք լինի իրականացնելու այլ հետազոտություններ, ներառյալ՝

  • Կծկումների սթրես թեստ
  • Պտղի ոչ-սթրեսային թեստ
  • Բիոֆիզիկական պրոֆիլ
  • Ձևափոխված բիոֆիզիկական պրոֆիլ
  • Պորտային զարկերակի դոպլեր հետազոտություն

 

Խորհուրդ տրվող միջոցներ

Ձեր փորիկի մեծացման հետ մեկտեղ դուք կարող եք նկատել, որ ձեր անընդհատ ձգվող մաշկը խոնավ պահելը օգնում է ազատվել գրգռվածությունից և քորից։ Գուցե ձեր սիրած մարմնի լոսյոնը կամ յուղը օգնում է, սակայն ապագա մայրերի համար կան հատուկ մշակված միջոցներ, որոնք միաժամանակ անում են երկու գործ՝ խոնավեցնում են մաշկը և դրա շնորհիվ օգնում են նվազեցնել մաշկային զոլերի առաջացումը։

Եթե նախընտրում եք մաշկային զոլերի դեմ օգտագործել խոնավեցնող միջոցներ, ապա համոզվեք, որ դրանք անվտանգ են հղիության ժամանակ օգտագործման համար։ Իսկ եթե վստահ չեք, ապա ձեր բժշկի հետ քննարկեք այդ միջոցների բաղադրությունը։

 

Հատուկ նկատառումներ

Առողջական խնդիրներից մեկը, որը ձեր հսկող բժիշկը պետք է ստուգի ձեզ մոտ հղիության ընթացքում գեստացիոն դիաբետն է։ Առաջին սքրինինգային հետազոտությունը սովորաբար իրականացվում է հղիության 24-28 շաբաթների ընթացքում։ Եթե հետազոտության արդյունքները նորմայի սահմաններից դուրս են, ապա բժիշկը կնշանակի ևս մեկ հետազոտություն, որը հայտնի է 3 ժամյա գլյուկոզի տոլերանտության թեստ անվանմամբ։ Այս 2 հետազոտությունների արդյունքում կպարզվի, թե արդյոք դուք ունեք գեստացիոն դիաբետ, թե ոչ։

 

Գեստացիոն դիաբետ

Հղիության ընթացքում դրված ցանկացած նոր ախտորոշում կարող է վախենալու լինել, և գեստացիոն դիաբետը կարող է ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխային դնել վաղաժամ ծննդաբերության և ծննդաբերության ընթացքում և դրանից հետո բարդությունների զարգացման ռիսկի տակ։ Բայց հետևելով ձեր բժշկի ցուցումներին և մանրակրկիտ հսկողության շնորհիվ՝ դուք կարող եք աշխատել այդ ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Եթե ձեզ մոտ ախտորոշվել է գեստացիոն դիաբետ, ապա ամենալավ բանը, որ կարող եք անել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար, արյան մեջ գլյուկոզի մակարդակը նորմայի սահմաններում պահելուն միտված քայլերն են։

  • Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դուք աշխատեք սերտիֆիկացված սննդաբանի հետ, որը ունի դիետայի միջոցով գեստացիոն դիաբետը վերահսկելու փորձ։
  • Աշխատեք ձեր հսկող բժշկի հետ՝ համոզվելու համար, որ դուք ամեն կերակուրի հետ ընդունում եք ածխաջրածինների, սպիտակուցների և ճարպերի առողջ չափաքանակ, ինչպես նաև սովորեք նոր բաղադրատոմսեր, որոնք համապատասխանում են այս չափանիշներին։
  • Քայլեք, լողացեք կամ այցելեք պրենատալ ֆիթնեսի խմբակ։ Կայուն չափավոր մարզանքը կարող է օգնել ձեր մարմնին ավելի լավ վերահսկել ինսուլինի արտադրությունը և արյան մեջ նորմալացնել շաքարի մակարդակը։

Կախված ձեր բուժող բժշկի խորհուրդներից դուք նաև կարող է կարիք ունենաք տանը չափել և վերահսկել ձեր արյան գլյուկոզի մակարդակը։ Եթե այս չափումները չեն օգնում արդյունավետ կերպով վերահսկել ձեր արյան գլյուկոզի մակարդակը, ապա ձեր բժիշկը ձեզ կարող է նշանակել ինսուլին։

Գեստացիոն դիաբետը սովորաբար ինքնուրույն անցնում է ծննդաբերությունից հետո։ Սակայն, եթե ձեր մոտ առաջացել է գեստացիոն դիաբետ, ապա մեծանում է նաև հաջորդ հղիությունների ընթացքում դրա զարգացման հավանականությունը

 

Մի քանի խոսք MyKid-ից

Այս շաբաթ ձեր երեխան շարունակում է աճել, և եթե նայեք ձեր փորիկից ներս, ապա կարող եք տեսնել, որ նրա մոտ սկսում են դրսևորվել այն ռեֆլեքսները, որոնք դիտվում են նորածին երեխաների մոտ։ Հաջորդ շաբաթ ձեր հղիության 2-րդ եռամսյակի վերջին շաբաթն է և ձեր ուշադրությունը կարող է արդեն սկսել հղիությունից տեղափոխվել ծննդաբերության վրա, և դուք արդեն կարող եք սկսել կազմել ծննդաբերության ծրագիրը։