Ձեր հղիության 30-րդ շաբաթը

 

 

Այս հոդվածում

  • Երեխայի զարգացումը
  • Ախտանիշներ
  • Խնամքի վերաբերյալ խորհուրդներ
  • Խորհուրդներ զուգընկերների համար
  • Բժշկի այցերը
  • Հատուկ նկատառումներ

Հղիության 30-րդ շաբաթում ձեր երեխան շարունակում է զարգանալ, բայց նա՝ ի համեմատ անցած շաբաթների, գնալով ավելի ու ավելի է կենտրոնանում քաշ հավաքելու և ծնվելուն նախապատրաստվելու վրա։

Քանի՞ ամիս է 30 շաբաթը։ 7 ամիս և 2 շաբաթ

Ո՞ր եռամսյակն է։ 3-րդ եռամսյակ

Քանի՞ շաբաթ է մնացել։ 10 շաբաթ

Ձեր երեխայի զարգացումը 30-րդ շաբաթում

30-րդ շաբաթում երեխայի երկարությունը նրա գլխի գագաթից մինչև հետույքը կազմում է մոտ 27,4 սանտիմետր, իսկ նրա հասակը՝ հաշված նրա գլխի գագաթից մինչև կրունկները, լինելու է մոտավորապես 38,9 սանտիմետր։ Այս շաբաթ ձեր երեխան կշռելու է մոտ 1523 գրամ։

Քաշ հավաքելը

Մինչև հղիության 30-րդ շաբաթը ձեր երեխայի կարևոր օրգան համակարգերը արդեն ձևավորվել են և գտնվում են հասունացման փուլում։ Հիմա ճիշտ ժամանակն է, որ երեխան սկսի արագորեն քաշ հավաքել՝ արգանդից դուրս կյանքին պատրաստվելու համար։

Զկրտոցներն ու ուղեղը

Երեխայի մոտ ամենայն հավանականությամբ արդեն սկսել էին առաջանալ զկրտոցներ։ Բայց նրանք ավելի հաճախ են հանդիպում հղիության հատկապես 3-րդ եռամսյակում։ Այս փոքր, ռիթմիկ շարժումները իրենցից ներկայացնում են շնչառական մկանների կծկումներ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծննդաբերությունից դեռ 10 շաբաթ առաջ զկրտոցները խթանում են ուղեղը և շատ մեծ դեր են խաղում վերջինիս զարգացման հարցում։

 

 

Ապրելիությունը արգանդից դուրս

Հղիության 30-րդ շաբաթում երեխան դեռ համարվում է շատ անհաս։ Սակայն գոյատևելու շանսերը շարունակում են աճել, իսկ անհասության հետ կապված առողջական խնդիրների հավանականությունը գնալով նվազում է։ Ծնվելուց հետո ՆԻԹԲ-ում (նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք) իրականացվող հատուկ միջոցառումների շնորհիվ՝ այս երեխաների ապրելիությունը կազմում է 98%։

Այս շաբաթ ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները

Բացի 3-րդ եռամսյակի հետ կապված ախտանիշներից, օրինակ՝ արգանդի կեղծ կծկումներ (Բրեքսթոն Հիքսի կծկումներ), հոգնածություն և այտուցվածություն, դուք նաև կարող եք նկատել, որ ձեզ մոտ սկսում են վերադառնալ ձեր էմոցիոնալ ախտանիշները, օրինակ՝ տրամադրության փոփոխությունները, ինչպես նաև ֆիզիկական ախտանիշներ, օրինակ՝ դիսկոմֆորտ դաստակի շրջանում ։

Տրամադրության փոփոխություններ

Տրամադրության փոփոխությունները 1-ին եռամսյակի այն ախտանիշներից են, որոնք կարող են վերադառնալ 3-րդ եռամսյակում։ Խանգարված քունը, ֆիզիկական դիսկոմֆորտը, ծննդաբերության և ծնող լինելու կապակցությամբ ոգևորությունը կամ անհանգստությունը, մարմնի տեսքի հետ կապված ձեր մտքերը, և մի շարք այլ գործոններ կարող են դեր խաղալ ձեր տրամադրության փոփոխության մեջ։

Դաստակային (կարպալ) թունել

Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) շատ հաճախ կապակցված է լինում համակարգչային աշխատանքի հետ, սակայն այն նաև հղիության ժամանակ հանդիպող հաճախակի խնդիր է՝ հատկապես 3-րդ եռամսյակում։ Հղի կանանց մինչև 62%-ը նշում են, որ ունեն ԿԹՀ-ի ախտանիշներ։

Հղիության հետ կապված քաշի ավելացումը և օրգանիզմում ջրի պահումը կարող են ճնշում գործադրել ձեր դաստակում գտնվող միջնակ նյարդի վրա, ինչն էլ կբերի ձեռքերում և մատերում ցավի, ծակծկոցի, թմրածության կամ թուլության առաջացման։ Սրա պատճառով նաև դժվար է դառնում ձեռքով առարկաներ բռնելը։

 

 

Խնամքի վերաբերյալ խորհուրդներ

Հղիության ամբողջ ընթացքում ձեր հոգեկան և ֆիզիկական առողջության մասին հոգալը շատ կարևոր է, բայց 3-րդ եռամսյակում դուք գուցե զգաք, որ ունեք հավելյալ աջակցության կարիք, որպեսզի կարողանաք ձեզ լիարժեք լավ զգալ։

Ձեր հոգեկան առողջության մասին հոգալը

Տրամադրության բարձրացումներն ու իջեցումները հղիության կանխատեսելի և անբաժան մասն են կազմում, և սա իմանալը կարող է պարզապես օգնել ձեզ մի փոքր ավելի լավ զգալ։ Բայց նաև շատ կարևոր է հնարավորության սահմաններում անել ամեն-ինչ՝ ձեր հոգեկան և էմոցիոնալ բարեկեցությունը ապահովելու համար, ինչը շատ կարևոր է ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար։ Ձեր հոգեկան առողջության մասին հոգալու համար կարող եք անել հետևյալ պարզ բաները՝

  • Գիշերը քնելուց գտեք հարմարավետ դիրք, որպեսզի կարողանաք լիարժեք հանգստանալ
  • Օրվա ընթացքում սնվեք առողջ և բալանսավորված
  • Կատարեք որոշ անվնաս ֆիզիկական ակտիվություններ
  • Որակյալ ժամանակ անցկացրեք՝ շփվելով ձեր զուգընկերոջ, ընտանիքի և ընկերների հետ
  • Անհրաժեշտության դեպքում խնդրեք օգնություն և աջակցություն
  • Ձեր բժշկի կամ հոգեբանի հետ խոսեք այն մասին, թե ինչպես եք ձեզ զգում

Պայքարը կարպալ թունելի համախտանիշի դեմ

Կարպալ թունելի համախտանիշը հղիության 3-րդ եռամսյակում շատ հաճախ հանդիպող խնդիր է, ինչը նշանակում է, որ դուք պետք է դադար վերցնեք այն ակտիվություններից, որոնք պահանջում են ձեռքերի շարունակական շարժումներ, ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնեք ձեր ախտանիշներին, որպեսզի կարողանաք դրանց մասին պատմել ձեր բժշկին։ Կարպալ թունելի համախտանիշի հետ կապված տհաճ զգացողությունները թեթևացնելու համար դուք կարող եք փորձել՝

  • Ֆիքսեք ձեր դաստակը չեզոք դիրքում՝ նյարդի վրա ճնշումը նվազեցնելու համար։ (Սա հատկապես օգտակար կարող է լինել գիշերը, քանի որ մարդկանց մեծ մասը առանց գիտակցելու քնում են դաստակը ծալված վիճակում, ինչը բերում է ախտանիշների ուժեղացմանը և խանգարում է քունը։)
  • Խոսեք ձեզ հսկող բժշկի հետ ձեռքի մկանները ձգող և ամրացնող վարժություններ անելու մասին։
  • Եթե ձեր ախտանիշները գնալով վատանում են, ապա խոսեք ձեզ հսկող բժշկի հետ անվտանգ ցավազրկողների, ֆիզիկալ թերապիայի կամ բուժման այլ հնարավոր մեթոդների մասին։

30-րդ շաբաթի ձեր անելիքների ցանկը

  • Շարունակեք ընդունել պրենատալ վիտամինները, կերեք առողջ սնունդ և շատ քանակությամբ ջուր խմեք
  • Մի փոքր մարզվեք և մի մոռացեք անել Կեգելի վարժությունները
  • Որակյալ ժամանակ անցկացրեք ձեր ընկերների և ընտանիքի հետ
  • Դադար վերցրեք ձեռքերի շարունակական շարժումներից
  • Պլանավորեք ձեր երթուղին մինչև ծննդատուն և կատարեք փորձնական «վազք»

Խորհուրդներ զուգընկերների համար

Արդեն պլանավորե՞լ եք ձեր երթուղին դեպի հիվանդանոց կամ ծննդատուն։ Ունե՞ք արդյոք այլընտրանքային երթուղի, որը կարող եք օգտագործել արտակարգ իրավիճակներում։ Հիմա ճիշտ ժամանակն է պլանավորել դեպի հիվանդանոց կամ ծննդատուն ձեր երթուղին և փորձարկել այն, որպեսզի պատրաստ լինեք հիվանդանոց գնալուն, երբ գա դրա ժամանակը։

Դեպի հիվանդանոց կամ ծննդատուն ձեր երթուղին կազմելիս նաև համոզված եղեք, որ գիտեք, թե հիվանդանոցի կոնկրետ որ հատված պետք է մոտենաք ինչպես աշխատանքային, այնպես էլ ոչ աշխատանքային ժամերին։ Ինչպես նաև պետք է իմանաք այն բոլոր նշանները, որոնց դեպքում պետք է դուրս գաք տնից և ուղևորվեք դեպի ծննդատուն։ Եթե մինչ այս նախօրոք չեք գրանցվել ձեր և ձեր զուգընկերոջ նախընտրած ծննդատանը, ապա խոսեք այս մասին ձեր զուգընկերոջ և նրա հսկող բժշկի հետ, որպեսզի ծննդաբերության օրը հիվանդանոցում գրանցման գործընթացը ավելի հեշտ լինի։

Ձեր բժշկի աշխատասենյակում

Այս շաբաթ ձեր ռուտին պրենատալ այցի ժամանակ, ձեր բժիշկը պետք է՝

  • Չափի ձեր քաշը և զարկերակային ճնշումը
  • Ձեզնից պահանջի մեզի նմուշ
  • Ձեզ հետ քննարկի ձեր ախտանիշները
  • Հետազոտի ձեր մարմինը այտուցների կապակցությամբ
  • Լսի ձեր երեխայի սրտի զարկերը
  • Չափի ձեր արգանդի հատակի բարձրությունը (որը պետք է լինի մոտավորապես 30 սանտիմետր, հանած կամ գումարած մի քանի սանտիմետր)
  • Պատասխանի ձեր հարցերին

Զույգեր

Եթե դուք հղի եք զույգով կամ բազմաթիվ երեխաներով, ապա ի համեմատ մեկ երեխայով հղի կանանց՝ ձեզ մոտ ավելի մեծ է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը։ Այդ իսկ պատճառով ձեր բժիշկը ավելի մանրակրկիտ կհետևի ձեր հղիությանը և ձեր երեխաների աճին ու զարգացմանը։ Ինչպես նաև դուք կարող է անցնել որոշ հավելյալ հետազոտություններ, օրինակ՝ հաճախակի գերձայնային հետազոտություն, ոչ-սթրեսային թեստ կամ բիոֆիզիկական պրոֆիլ։

Առաջիկա բժշկի այցերը

Հղիության այս պահից սկսած հղի կանանց մեծ մասը սկսում են գնալ ռուտին պրենատալ այցերի 2 շաբաթը մեկ, ինչը նշանակում է, որ ձեր հաջորդ այցը գուցե կլինի 32-րդ շաբաթում։

Որոշ դեպքերում, օրինակ՝ բարձր ռիսկային հղիության դեպքում, ձեր բժիշկը ձեր հղիության 32-րդ շաբաթից հետո ձեզ կարող է նշանակել հավելյալ հետազոտություններ՝

  • Կծկումների սթրես թեստ
  • Պտղի ոչ-սթրեսային թեստ
  • Բիոֆիզիկական պրոֆիլ
  • Ձևափոխված բիոֆիզիկական պրոֆիլ
  • Պորտային զարկերակի դոպլեր հետազոտություն

Հատուկ նկատառումներ

Ձեր երեխայի պորտալարի մեջի արյունը պարունակում է ցողունային բջիջներ։ Այս հատուկ ցողունային բջիջները կարող են օգտագործվել մի շարք հիվանդությունների՝ այդ թվում նաև քաղցկեղի բուժման համար։ Դուք ունեք երեխայի ծնվելուց հետո այս արյունը հավաքելու, սառեցնելու և պաշարելու տարբերակ։

Պորտալարի արյան պաշարում

Պորտալարի արյան պաշարումը ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Շատ ծնողների համար հիմնական բացասական կողմը հանդիսանում է այս ծառայության գինը։ Սակայն եթե դուք ունեք առողջության հետ խնդիր ունեցող ընտանիքի անդամ, ում ձեր երեխայի պորտալարի արյունը կարող է օգնել, ապա սա շատ լավ տարբերակ է ձեզ համար։ Ձեր բժիշկը կարող է օգնել ձեզ՝ ձեր ընտանիքի համար կատարել ճիշտ որոշում։

Դուք կարող եք որոշել պաշարել ձեր երեխայի պորտալարի արյունը ձեր ընտանիքի անձնական օգտագործման համար, սակայն եթե հետագայում դրա կարիքը չունենաք, շատ կափսոսաք, որ անիմաստ տեղը կորում է այդ արյան միջոցով որևէ մեկին բուժելու հնարավորությունը։ Մեկ այլ տարբերակ է նվիրաբերել այդ արյունը հասարակական բանկերին։ Արյան հասարակական բանկերը անվճար են, և նրանք հատկացնելու են պորտալարի արյունը նրան, ով իսկապես ունի դրա կարիքը և համապատասխանում է բոլոր չափանիշներն։

 

Pregnancy concept with blue woman and fetus

 

Մի քանի խոսք MyKid-ից

Ամեն 2 շաբաթը մեկ պրենատալ այցերի գնալը, ինչպես նաև մինչև ծննդաբերությունը մի շարք այլ բաներ անելը, ձեր առօրյան կարող են դարձնել բավականին բուռն։ Ինքներդ ձեզ կարգավորված զգալու և վերահսկողության տակ պահելու համար փորձեք կազմել տարբեր ցուցակներ, օրինակ՝ այն իրերի ցուցակ, որոնք պետք է ձեզ հետ տանեք եկող պրենատալ այցի, կամ ձեր նպատակների ցուցակ, և այն բաների ցուցակ, որոնք դուք կարող եք հանձնարարել ձեր զուգընկերոջը, աջակցող ընկերներին և ընտանիքի անդամներին՝ ձեր հոգսերը թեթևացնելու համար։