Ձեր հղիության 20-րդ շաբաթը

 

 

Այս հոդվածում

  • Երեխայի զարգացումը
  • Ախտանիշներ
  • Խնամքի վերաբերյալ խորհուրդներ
  • Խորհուրդներ զուգընկերներին
  • Բժշկի այցեր
  • Հատուկ նկատառումներ

Հղիության 20-րդ շաբաթում դուք արդեն 5 ամիս է, ինչ հղի եք և անցել եք հղիության գրեթե կեսը։ Մինչ ձեր արգանդն ու երեխան շարունակում են մեծանալ, դուք կարող եք նկատել քաշի փոփոխություններ և պորտի ձևափոխություններ։

Քանի՞ ամիս է 20 շաբաթական հղիությունը։ 5 ամիս

Ո՞ր եռամսյակն է։ 2-րդ եռամսյակը

Քանի՞ շաբաթ է մնացել։ 20 շաբաթ

Ձեր երեխայի զարգացումը հղիության 20-րդ շաբաթում

Հղիության 20-րդ շաբաթականում երեխայի գլխի գագաթից մինչև հետույք ընկած հատվածը կազմում է մոտավորապես 17 սանտիմետր։ Իսկ նրա հասակը՝ հաշված գլխի գագաթից մինչև կրունկները, կազմում է մոտավորապես 24,3 սանտիմետր։ Այս շաբաթ երեխան կշռում է մի փոքր ավելի քան 330 գրամը։

 

Վերարտադրողական համակարգ

Արդեն 20-րդ շաբաթում երեխայի մոտ զգալիորեն զարգանում է նրա վերարտադրողական համակարգը։

 

  • Իգական սեռ – մարդու ձվաբջիջների զարգացումը սկսում է ծնվելուց դեռ շատ ավելի շուտ։ Ձվարաններում ձվաբջիջների քանակը հասնում է իր առավելագույնին 20-րդ շաբաթվա ընթացքում (մոտավորապես 6-7 միլիոն ձվաբջիջ)։ Այս պահից սկսած ձվաբջիջների քանակը նվազում է և շարունակում է նվազել նաև արտարգանդային կյանքի ընթացքում։
  • Արական սեռ – Ամորձիները դեռ գտնվում են որովայնի խոռոչում և պատրաստվում են տեղափոխվել դեպի աճուկային շրջան, որպեսզի սկսեն իջնել փոշտի մեջ։ Ամորձիները սովորաբար փոշտ չեն իջնում մինչև հղիության երրորդ եռամսյակը։

 

Զարգացող այլ համակարգեր

  • Մաշկի վրա սկսում է ձևավորվել պաշտպանիչ լոռանման (կազեոզ) փառի շերտ։
  • Երկարում են մազերի ֆոլիկուլները։
  • Սկսում են ձևավորվել էկրինային քրտնագեղձերը։
  • Լեղապարկը սկսում է արտադրել լեղի, որն օգնում է մարսել սննդանյութերը։

 

 

Այս շաբաթվա ընթացքում ձեր ընդհանուր ախտանիշները

Երկրորդ եռամսյակին բնորոշ ախտանիշներն, ինչպիսիք են՝ սրտխփոցը, քթի փակվածության զգացողությունը, անհագուրդ քաղցի զգացողությունը, կշարունակվեն նաև այս շաբաթվա ընթացքում։ Դուք նաև կսկսեք քաշ հավաքել, ձեր պորտի շրջանում կնկատեք որոշ փոփոխություններ, նաև կարող եք ոտքերի շրջանում ունենալ ցավեր։

 

Քաշի ավելացում

Այս շաբաթվա ընթացքում ձեր քաշը կարող է ավելանալ մոտավորապես 4,5 կգ-ով։ Քաշի ավելացման ընդհանուր ուղեցույցները ենթադրում են, որ առաջին եռամսյակում 0,5-ից 2 կգ քաշ հավաքելուց հետո՝ կարող եք սպասել, որ հետագա հղիության ընթացքում ամեն շաբաթ ձեր քաշը կավելանա մոտավորապես 0,5 կիլոգրամով։

Քաշի ավելացումը պայմանավորված չէ միայն ավելի շատ կալորիաներ ընդունելով։ Դա մի քանի տարբեր գործոնների համադրությունն է, որն իր մեջ ներառում է՝ աճող երեխայի, արգանդի,ամնիոտիկ հեղուկի,ընկերքի և նույնիսկ ձեր ավելացած արյան ծավալի ու կրծքագեղձերի հյուսվածքի քաշը։

Իհարկե յուրաքանչյուր ոք տարբեր է։ Որոշ կանայք առաջին եռամսյակի ընթացքում քաշ են կորցնում և երբեմն էլ սպասվածից ավելի արագ են քաշ հավաքում։ Քաշի վերաբերյալ հարցերի կամ անհանգստությունների դեպքում պետք է խոսեք բժշկի հետ։

 

Պորտի փոփոխությունները (ձևափոխություն)

Երբ արգանդը սկսում է մեծանալ, այն նաև սկսում է ճնշում գործադրել ձեր որովայնի պատի վրա։ Այս ճնշումը կարող է փոխել պորտի արտաքին տեսքը։ Պորտի այսպիսի ձևափոխությունը ոչ բոլորի հետ է տեղի ունենում, այնուամենայնիվ, հնարավոր է, որ ձեր ներս ընկած պորտը դառնա ավելի հարթ և նույնիսկ արտափքված։ Դուք ոչինչ չեք կարող անել պորտի արտափքումը կանխելու համար, բայց իմացեք, որ սովորաբար այս փոփոխությունը ժամանակավոր է և անվնաս։

 

 

Խնամքի վերաբերյալ խորհուրդներ

Շարունակեք սնվել սննդարար մթերքներով, բավարար քանակությամբ հեղուկներ ընդունեք, անվտանգ ֆիզիկական վարժություններ կատարեք և ընդունեք ձեր պրենատալ վիտամինները։ Հավանաբար կցանկանաք նաև այս շաբաթվա ընթացքում գտնել ոտքերի ջղաձգումների դեմ պայքարի միջոցներ, եթե դեռ չեք գտել, ապա սկսեք կողքի վրա թեքված քնելուց։

 

Խուսափեք մեջքի վրա պառկելուց

20 շաբաթականից հետո դուք այլևս չպետք է ձեր մեջքի վրա ուղիղ պառկեք։ Ձեր արգանդն ու երեխան արդեն այնքան են մեծանում, որ կարող են ճնշում գործադրել ձեր որովայնի օրգանների, ողնաշարի և ձեր մարմնի արյունատար խոշոր անոթների վրա։ Այս ճնշումը կարող է ազդել ձեր արյան շրջանառության վրա, նվազեցնել դեպի սիրտ հոսող արյան քանակը և զարկերակային ճնշումը։

Որպեսզի կանխեք մեջքի վրա պառկած մնալու հետևանքով առաջացած ցածր զարկերակային ճնշումը, կարող եք՝

  • Քնեք կողքի վրա պառկած վիճակում՝ օգտագործելով բարձեր, որոնք կօգնեն ձեզ չգլորվել դեպի հետ՝ մեջքի վրա։
  • Մի մարզվեք մեջքի վրա պառկած դիրքով, օգտագործեք մարզման փոփոխված տարբերակներ։
  • Եթե այցելեք ատամնաբույժի, պրենատալ մերսման կամ հետազոտությունների կարիք ունենաք, ապա զգուշացրեք անձնակազմին, որ հղի եք և խուսափեք մեջքի վրա պառկելուց։

 

Ինչպես ազատվել ոտքերի մկանների ջղաձգումներից

Ապագա մայրերի մինչև 45%-ն ունենում են ոտքերի մկանների ջղաձգումներ: Ոտքի մկանների ջղաձգումները կարող են խաթարել ձեր քունը։ Բժիշկները համոզված չեն, թե որն է դրանց առաջացման պատճառը, բայց դրանք կարող են անաշխատունակության կամ որոշ վիտամինների ու հանքանյութերի պակասի հետևանք լինել։ Ոտքի սպազմատիկ ցավից ազատվելու համար դուք կարող եք՝

  • Ամեն օր թեթև մարզվել
  • Զգուշորեն ձգեք սրունքի մկանները
  • Փորձեք հանգստացնող տեխնիկաներ
  • Մերսումներ արեք
  • Ձեր բժշկի հետ խոսեք կալցիումի, մագնեզիումի կամ վիտամին B-ի հավելումներ ստանալու մասին։
  • Ցավի ընթացքում ոտքը տարածեք դեպի առաջ (ոտքի մատներն ուղղելով դեպի ձեր գլուխը)

 

Խորհուրդներ զուգընկերներին

Ձեր նոր երեխայի համար սենյակի կամ տան պատրաստման ծրագրերի մեջ հավանաբար կմտնի մաքրություն անելը ու սենյակի պատերը ներկելը։ Եթե այդպես է, ապա փորձեք նվազագույնի հասցնել մաքրող միջոցների և ներկի գոլորշիների ազդեցությունը ձեր զուգընկերոջ վրա։ Մինչդեռ ուսումնասիրություններ չկան այն մասին, թե կենցաղային ներկերը բացասաբար են անդրադառնում հղիների վրա, թե ոչ, այնուամենայնիվ, հղի կանանց առաջարկվում է սահմանափակել կենցաղային ներկերի և դրանց գոլորշիների ազդեցությունը։

 

Բժշկի այցեր

Այս շաբաթ ևս հնարավոր է, որ դուք պլանային պրենատալ այցեր ունենաք։ Նախորդ այցելությունների նման, ձեր բժիշկը կամ մանկաբարձը պետք է՝

  • Գրանցի ձեր քաշը
  • Չափի արյան զարկերակային ճնշումը
  • Մեզի նմուշներ վերցնի
  • Խոսի ձեզ անհանգստացնող ախտանիշների մասին
  • Զննի ձեր մարմինը, այտուցներ հայտնաբերելու նպատակով
  • Պատասխանի ձեր հարցերին

 

Փորիկի մեծանալը և երեխայի աճելը

Այս շաբաթ բժիշկը ձեր արգանդի վերին հատվածը կշոշափի մոտավորապես ձեր պորտի մակարդակին։ Նա նաև կչափի ցայլոսկրից մինչև արգանդի վերին հատված ընկած հեռավորությունը։ Այս չափումը կոչվում է արգանդի հատակի բարձրություն և կարող է օգնել գնահատել արգանդի չափերը և երեխայի աճը։

Արգանդի հատակի բարձրությունը չափվում է սանտիմետրերով։ Չափումն հիմնականում համապատասխանում է հղիության շաբաթների քանակին (+/- 1-2 սանտիմետր)։ Այսպիսով՝ հղիության 20-րդ շաբաթում ձեր արգանդի հատակի բարձրությունը ամենայն հավանականությամբ կլինի մոտավորապես 20 սմ։

 

 

Ուլտրաձայնային հետազոտություն

20-րդ շաբաթում ձեր այցն իր մեջ կներառի նաև ուլտրաձայնային հետազոտություն (հայտնի է նաև, որպես անատոմիական սկանավորում կամ 2-րդ մակարդակի ուլտրաձայնային հետազոտություն)։

Այս ուլտրաձայնային խորը հետազոտությունը կուսումնասիրի ձեր երեխայի մարմնամասերի և օրգանների զարգացումը, պորտալարը, ընկերքը և ամնիոտիկ հեղուկը։ Ցանկության դեպքում կարող եք նաև այս հետազոտության միջոցով իմանալ երեխայի սեռը։

Առաջիկա բժշկի այցեր

Ձեր հաջորդ ռուտին պրենատալ այցը կլինի մոտավորապես 24-րդ շաբաթվա ընթացքում։

Գեստացիոն դիաբետի սքրինինգային հետազոտությունն անցկացվում է 24-28 շաբաթական ժամկետների ընթացքում։

Պորտային ճողվածք

Նորմալ է, երբ հղիության ընթացքում պորտն արտափքվում է։ Այնուամենայնիվ, հղիությունների 008%-ում կամ 1250 հղիներից 1-ի մոտ պորտի արտափքումը կարող է լինել պորտային ճողվածքի հետևանք։Պորտային ճողվածքը պորտի հատվածում առաջացող արտափքում է, որն առաջանում է, երբ ճարպային հյուսվածքը կամ աղիքները դուրս են գալիս որովայնի պատի թույլ հատվածի կամ անցքի միջով։ Հղիության ընթացքում աճող արգանդի որովայնի պատին գործադրած ճնշումը կարող է դուրս հրել ճողվածքը։ Այն կարող է լինել փոքր և առանց ախտանիշների, կամ մեծ ու ցավոտ։ Բուժումը կախված է իրավիճակից և ախտանիշներից։ Դեպքերի մեծ մասում բուժումը կարելի է իրականացնել երեխայի ծնվելուց հետո։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում կարող է ցուցված լինել ճողվածքի վիրահատական ճանապարհով վերականգնում։

Եթե պորտի շրջանում նկատում եք փափուկ արտափքված հատված, որն ունի մեծանալու հակում, կամ պորտի շրջանում նկատում եք ցավեր, ապա անպայման խոսեք ձեր բժշկի հետ։

Մի քանի խոսք Mykid-ից

Ձեր հղիությունն արդեն կիսով չափ ավարտված է։ Վերջին 20 շաբաթների ընթացքում երեխան փոքրիկ ձվաբջջի և սերմնաբջջի համադրությունից անցում կատարեց դեպի փոքրիկ մարդուկի, ում երկարությունը կազմում է մոտավորապես 24,3 սմ։

Հաջորդ 20 շաբաթների ընթացքում երեխան կշարունակի ավելի ու ավելի մեծանալ և ուժեղանալ։ Դուք ավելի ու ավելի շատ շարժումներ կսկսեք զգալ, և երկար չի տևի մինչ ձեր զուգընկերն ու այլ անձինք նույնպես կարողանան զգալ ձեր երեխայի խաղը։