Ձեր հղիության 19-րդ շաբաթը

 

 

Այս հոդվածում

  • Երեխայի զարգացումը
  • Ախտանիշներ
  • Խնամքի վերաբերյալ խորհուրդներ
  • Խորհուրդներ զուգընկերների համար
  • Բժշկի այցերը
  • Հատուկ նկատառումներ

 

Հղիության 19-րդ շաբաթում գուցե որովայնի հատվածում սկսեք զգալ ցավեր, ինչը կապված է նրա հետ, որ ձեր արգանդը գնալով մեծանում և ձգվում է։ Իսկ այդ ընթացքում ձեր երեխայի գլխին սկսում են աճել մազերը, ինչպես նաև նրա մաշկի վրա սկսում է առաջանալ պաշտպանիչ շերտ։

Քանի՞ ամիս է 19 շաբաթական հղիությունը։ 4 ամիս և 3 շաբաթ

Ո՞ր եռամսյակն է։ 2-րդ եռամսյակ

Քանի՞ շաբաթ է մնացել։ 21 շաբաթ

Ձեր երեխայի զարգացումը 19-րդ շաբաթում

19-րդ շաբաթում ձեր երեխայի երկարությունը նրա գլխի գագաթից մինչև հետույքը կազմում է մոտավորապես 15,8 սանտիմետր։ Իսկ նրա հասակը՝ հաշված գլխի գագաթից մինչև կրունկները մոտավորապես 22,8 սանտիմետր է։ Հղիության այս շաբաթում երեխան կշռելու է մոտ 272 գրամ։

 

Մաշկի պաշտպանությունը

Ձեր երեխայի մաշկին սկսում է ձևավորվել պաշտպանիչ շերտ։ Այդ մածուցիկ, սպիտակ, մոմանման շերտը կոչվում է լոռանման կամ կազեոզ քսուք (vernix caseosa)։ Այդ քսուքը ունի մի շարք կարևոր գործառույթներ։

Ստորև ներկայացված են, թե ինչ դեր է խաղում այդ քսուքը երեխայի ներարգանդային կյանքում․

  • Ծննդաբերության ընթացքում հանդես է գալիս որպես լուբրիկանտ (քսանյութ), ինչը հեշտացնում է ծննդաբերական ուղիներով երեխայի առաջխաղացումը
  • Երեխայի մաշկի վրա առաջացնում է անջրաթափանց շերտ, որը պաշտպանում է մաշկը պտղաջրերի ազդեցությունից
  • Օգնում է կանխարգելել ինֆեկցիան
  • Օգնում է երեխային կարգավորել մարմնի ջերմաստիճանը
  • Խոնավեցնում է ձեր երեխայի մաշկը
  • Արագացնում է վերքերի լավացումը

 

 

Մազեր

Երեխայի գլխի գագաթի մաշկի մեջ արդեն ամբողջովին զարգացած է լինում մազային խողովակը կամ թունելը, որը իր մեջ պահում է մազերը։ Այս պահից սկսած մինչև 21-րդ շաբաթը արդեն սկսում են երևալ երեխայի գլխամաշկի մազերը։

 

Ավելի շատ ճարպի ավելացումը

Ձեր երեխայի մոտ արդեն սկսվել էր առաջանալ սպիտակ ճարպային հյուսվածքը, որը պահեստավորում է էներգիա։ Իսկ այժմ նրա մոտ արդեն սկսում է ձևավորվել նաև գորշ ճարպը։ Գորշ ճարպը երեխաներին անհրաժեշտ է ծնվելուց և արգանդը լքելուց հետո մարմնի ջերմությունը պահելու համար։

 

Փոքրիկ ատամներզ

Չնայած նրան, որ անգամ ծնվելուց հետո մի քանի ամիսների ընթացքում դուք չեք կարողանա նրանց տեսնել, սակայն ձեր երեխայի ատամների առաջին հավաքակազմը արդեն սկսում է զարգանալ։

Այս ամիս ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները

Դուք կարող եք ունենալ սրտխառնոց, գլխապտույտ, գլխացավեր, քթի փակվածություն, արյունահոսող լնդեր և անընդհատ սովի զգացողություն։ Ձեր հղիության այս շրջանում դուք կարող է սկսեք ձեր որովայնի կողքերում զգալ ձգվածություն, ինչպես նաև նկատեք, որ մի փոքր ցրված եք և չեք կարողանում կենտրոնանալ։

 

Կլոր կապանի ցավ

Հղիության 2-րդ եռամսյակում որովայնի ստորին հատվածում կամ աճուկային շրջանում սուր կամ ծակող ցավերը ձեզ կարող են հանկարծակիի բերել։ Կլոր կապանի ցավերը հղիության ընթացքում շատ հաճախ հանդիպող ախտանիշ են։

Այս ցավը սովորաբար առաջանում է հանկարծակի՝ երբ փոխում եք ձեր դիրքը, հազում, փռշտում կամ ծիծաղում եք։ Այն ձեր արգանդի կողքերում գտնվող կապանների ձգման և քաշման արդյունք է։ Այն շատ արագ անցնում է և բացի ցավի առաջացումից ուրիշ ոչ մի վտանգ չի պարունակում։

«Ամեն մեկը այս ցավը զգում է յուրովի։ Որոշ հղիներ սա նկարագրում են որպես կողքերում և աճուկային շրջանում քաշող ցավեր, իսկ որոշները որպես սուր, ծակող ցավ։»

 

Հղիության ուղեղ

Եթե վերջերս մի քիչ մոռացկոտ կամ ցրված եք դարձել, ապա դուք միայնակ չեք։ Անկախ նրանից, թե ինչպես դա կկոչենք՝ «հղիության ուղեղ», «մայրերի ուղեղ» թե «երեխայի ուղեղ», միևնույն է հղիների 81%-ը նշում են, որ ունենում են մոռացկոտություն, հիշողության հետ կապված խնդիրներ, դժվարանում են կենտրոնանալ, շփոթված են կամ ցրված։

Խորհուրդներ խնամքի վերաբերյալ

Հղիության ախտանիշները սովորաբար ինչպես գալիս են, այնպես էլ գնում են։ Նրանք կարող են հղի կնոջ վրա ունենալ տարբեր ազդեցություններ։ Ախտանիշները կարող են լինել մեղմ և տանելի, կամ էլ հակառակը՝ անհարմարություն պատճառել, նյարդայնացնող և անտանելի լինել։ Եթե ձեր ախտանիշները ձեզ համար դժվարություններ են առաջացնում, ապա նրանց թեթևացնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ խոսեք ձեր հսկող բժշկի հետ։

 

Պայքարը կլոր կապանի ցավի դեմ

Մինչդեռ չկա որևէ եղանակ կլոր կապանի ցավը կանխարգելելու համար, այնուամենայնիվ դուք կարող ե փորձել՝

  • Պահպանեք լավ կեցվածք
  • Ոտքի վրա երկար ժամանակ մի մնացեք
  • Մարմնի դիրքերը փոխեք դանդաղորեն
  • Կատարեք պրենատալ ձգումներ կամ վարժություններ
  • Կրեք հղիների աջակցող գոտի

Եթե չեք կարողանում խուսափել այս ցավից, ապա կան դիսկոմֆորտը թեթևացնելու մի քանի տարբերակներր։

Եթե ձեզ մոտ կա կլոր կապանի ցավ, ապա դուք կարող եք փորձել՝

  • Հարցրեք ձեր բժշկից, թե արդյոք անվտանգ է ցավազրկողի օգտագործումը
  • Թեքվեք դեպի ցավացող կողմը
  • Մի պահ դադարեցրեք այն, ինչ անում եք, և հանգստացեք
  • Ընդունեք տաք լոգանք, կամ դրեք տաք թրջոց

 

Պայքարը մոռացկոտության դեմ

Եթե սովոր չեք ինչ-որ բաներ մոռանալուն, ապա անկազմակերպ ու ցրված լինելը կարող է ձեզ համար բավականին ընկճող լինել։ Սթրեսը, քնի պակասը և վատ սննդակարգը կարող են մոռացկոտությանը նպաստող գործոններ լինել։ Դուք ամենայն հավանականությամբ չեք կարողանա ամբողջովին խուսափել դրանից, սակայն կան մի քանի հստակ փորձված միջոցներ, որոնք կարող են օգնել ձեզ, ներառյալ՝

  • Սնեք ձեր ուղեղը սննդանյութերով լի ուտելիքներով
  • Մի փոքր ավելի շատ քնեք
  • Նվազեցրեք սթրեսի մակարդակը

 

Առողջ ատամներ

Հղիության ընթացքում դուք պետք է հոգ տանեք 2 հոգու ատամների համար՝ ձեր և ձեր երեխայի։ Առողջ սնվելը երկուսիդ համար էլ շատ լավ է։ Առողջ սննդակարգը կօգնի ձեզ մոտ կանխարգելել կարիեսի զարգացումը, մինչդեռ դուք ձեր երեխային տալիս եք այն բոլոր սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են նրան ամուր և առողջ ատամներ ունենալու համար։

  • Շաքարով լի և արագ սնունդի տեղը օգտագործեք առողջարար խորտիկներ։
  • Խմեք մեծ քանակությամբ ջուր և կաթ, ինչպես նաև խուսափեք շաքարով լի հյութերից և գազավորված ըմպելիքներից։
  • Սնվեք բազմազան մթերքներով, ներառյալ՝ մրգեր և բանջարեղեն, ամբողջական հացահատիկներ, դյուրամարս սպիտակուցներ և կաթնամթերք։
  • Սննդի միջոցով ստացեք բավարար քանակությամբ կալցիում, ֆոսֆոր և D, A և C վիտամիններ։

Ձեր 19-ր շաբաթվա անելիքների ցանկը

  • Կերեք սննդարար ուտելիքներ։
  • Լավացրեք ձեր կեցվածքը։
  • Փորձեք նվազեցնել սթրեսի մակարդակը։
  • Եթե ձեր մոտ առկա որևէ ախտանիշի վերաբերյալ ունեք հարցեր կամ անհանգստություն, ապա հերթագրվեք ձեզ հսկող բժշկի մոտ։

 

 

Խորհուրդներ զուգընկերների համար

Չնայած նրան, որ ձեր հղի զուգընկերը արդեն սկսել է զգալ, թե ինչպես է երեխան շարժվում, կա շատ մեծ հավանականություն, որ դուք դեռ չեք կարողանա զգալ ձեր երեխայի ոտքերի կամ ձեռքերի հարվածները։ Ձեր երեխան դեռ պետք է մի փոքր ավելի շատ մեծանա, որպեսզի դրսից կարողանաք զգալ նրա շարժումները։ Դժվար է ասել, թե երբ ձեզ բախտ կվիճակվի զգալ դա, դրա համար պարզապես սպասեք և անընդհատ փորձեք։

Որոշ զուգընկերներ կարողանում են զգալ երեխայի շարժումները սկսած 24-րդ շաբաթից, մինչդեռ որոշները ոչինչ չեն կարողանում զգալ անգամ մինչև 3-րդ եռամսյակի ուշ շրջանները։ Պտղի շարժումների զգալը կախված է նաև՝

  • Կնոջ որովայնի մաշկի հաստությունից
  • Ընկերքի տեղակայումից
  • Ճիշտ ընտրած ժամանակից
  • Ձեր երեխայի դիրքից

 

Ձեր բժշկի աշխատասենյակում

Այս շաբաթ գուցե հերթագրվեք հետևյալ պրենատալ հետազոտություններին՝

  • Ամնիոցենտեզ, որը նաև անհրաժեշտության դեպքում իրականացվում է 15-20-րդ շաբաթներում։
  • 2-րդ աստիճանի գերձայնային հետազոտություն, որը սովորաբար իրականացվում է 18-22-րդ շաբաթների ընթացքում։
  • Մոր արյան շիճուկի սքրինինգը կամ արյան քառակի հետազոտությունը սովորաբար իրականացվում է հղիության 15-22-րդ շաբաթներում։

 

Առաջիկա բժշկի այցերը

  • Ձեր հաջորդ պրենատալ ռուտին այցը ամենայն հավանականությամբ կիրականացվի 20-րդ շաբաթում։
  • 24-28-րդ շաբաթների ընթացքում դուք պետք է անցնեք գեստացիոն դիաբետի սքրինինգային հետազոտություն։

 

Հատուկ նկատառումներ

Կախված ձեր հղիության պատմությունից և ներկայիս ախտանիշներից՝ ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ընդունել պրոգեստերոն։ Շատ կարևոր է նաև ձեր մարմնին ուշադրություն դարձնելը, և անհանգստության կամ ախտանիշների որևէ փոփոխության դեպքում ձեր բժշկի հետ կապ հաստատելը։

 

Պրոգեստերոնի հավելումներ

Պրոգեստերոնը դեղորայք է, որը ձեր բժիշկը կարող է նշանակել ձեզ՝ վաղաժամ ծննդաբերությունը կանխելու նպատակով։ Մասնագետները դեռևս ամբողջովին չեն հասկանում, թե ինչպես է աշխատում պրոգեստերոնը, բայց կան կարծիքներ, որ այն կանխարգելում է արգանդի կծկումները և արգանդի պարանոցի այն փոփոխությունները, որոնք կարող են բերել վաղաժամ ծննդաբերության։

  • Ներարկումներ։ Եթե մինչ այս ունեցել եք սպոնտան վաղաժամ ծննդաբերություն, ապա ձեզ հսկող բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ սկսեք պրոգեստերոնային ներարկումներ (նաև կոչվում է 17P)։ Բուժումը հիմնականում սկսվում է հղիության 16-20-րդ շաբաթներում և շարունակվում է մինչև 36-րդ շաբաթը։
  • Հեշտոցային մոմիկներ։ Պրոգեստերոնը նաև կարող է օգնել կանխարգելել վաղաժամ ծննդաբերությունը, եթե ունեք արգանդի կարճ պարանոց։ Կարող եք օրը մեկ անգամ պրոգեստերոնային մոմիկը տեղադրել ձեր հեշտոցի մեջ՝ մինչև չհասնեք հղիության 36-րդ շաբաթին։

Որ պարագայում զանգահարել բժշկին՝ կապված ցավի կամ այլ ախտանիշների հետ

Մեղմ ցավերը կազմում են հղիության ընթացքի նորմալ մասը։ Սակայն ցավը նաև կարող է ինչ-որ խնդրի նշան լինել։ Դուք հանգիստ կարող եք զանգահարել ձեզ հսկող բժշկին՝ խոսելու համար ձեր ունեցած ցավերի կամ ձեզ անհանգստացնող ցանկացած այլ ախտանիշի վերաբերյալ։

Չնայած նրան, որ մեղմ ցավը շատ տարածված է, սակայն եթե ցավը ժամանակի ընթացքում չի անցնում, կամ գնալով վատանում է, ապա դա կարող է հղիության ընթացքում ավելի լուրջ խնդրի առկայության նշան լինել։ Ցավը կարող է կապված լինել ձեր հղիության հետ, բայց այն նաև կարող է կապված լինել ամբողջովին այլ բանի հետ, օրինակ՝ լեղապարկի կամ կույր աղիքի որդանման հավելումի բորբոքման։

 

Երբ զանգել ձեզ հսկող բժշկին

Անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ եթե ունեք՝

  • Հեշտոցից հեղուկի արտահոսք
  • Արյունահոսություն հեշտոցից
  • Տենդ, որը ուղեկցվում է ցավով
  • Մեջքի ստորին հատվածի ցավ, կամ ձեր մեջքի սովորական ցավի վատացում
  • Դաշտանանման ցավեր
  • Ցավ միզարձակության ընթացքում
  • Վարդագույն կամ շագանակագույն արտադրություն հեշտոցից

 

Մի քանի խոսք MyKid-ից

Այս շաբաթ կարող եք ունենալ գնալով աճող ցավի զգացողություն, որը կապված է նրա հետ, որ ձեր արգանդը գնալով ձգվում է և ավելի շատ տեղ է հատկացնում ձեր աճող երեխայի համար։ Հիշեք՝ հղիության ընթացքում մեղմ ցավերը ամբողջովին նորմալ են, բայց շատ կարևոր է, որ կարողանաք տարբերակել, թե երբ է ցավը կամ այլ ախտանիշ արդեն դուրս գալիս նորմայի սահմաններից։ Ռեգուլյար այցերի ժամանակ ձեր հսկող բժշկին պատմեք ձեր ունեցած բոլոր ախտանիշների մասին, իսկ հարցերի կամ որևէ անհանգստությունների դեպքում զանգեք ձեր բժշկին։

Հաջորդ շաբաթ դուք կհասնեք ձեր հղիության կեսին։ Այն կարող է բավականին զբաղված շաբաթ լինել ձեզ համար։ Եթե մինչ այս չեք արել, ապա կարող եք գնալ ձեր հսկող բժշկի մոտ պրենատալ հետազոտությունների կամ գերձայնային հետազոտություն անելու համար։