Եթե ձեր երեխան ունի ծնկի ցավ, ապա նա կարող է ունենալ Օսգուդ-Շլատտերի հիվանդություն։ Այս վիճակը երբեմն բնութագրվում է որպես «ծնկի աճող ցավեր», և այն հիմնականում ախտահարում է 10-15 տարեկան երեխաներին։

Եթե դուք կասկածում եք, որ ձեր երեխան ունի Օսգուդ-Շլատտերի հիվանդություն, ապա որո՞նք պետք է լինեն ձեր առաջին քայլերը այդ հիվանդությունը բուժել սկսելու համար։ Հասկանալով, թե ինչից պետք է սկսեք՝ դուք կկարողանաք համոզված լինել, որ ձեր երեխայի հիվանդության համար իրականացնում եք անհրաժեշտ բուժում՝ անհրաժեշտ ժամանակին։

 

Օսգուդ-Շլատտերի հիվանդության ախտանիշները

 

 

Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ ձեր երեխան ունի Օսգուդ-Շլատտերի հիվանդություն։ Օսգուդ-Շլատտերի հիվանդության նշաններ ու ախտանիշներն են՝

  • 10-15 տարեկան երեխան գանգատվում է մեկ կամ երկու ծնկներում ցավի զգացողությունից
  • Երեխայի ոտքի առջևի հատվածում առկա է նկատելի ոսկրայի թմբիկ՝ ծնկան հոդի հոդաշապիկից մի փոքր ներքև
  • Ծնկան առաջային հատվածը շոշափելիս՝ հատկապես ծնկահոդի հոդաշապիկից անմիջապես ներքև, առկա է ցավոտություն
  • Ցավ վազելիս, ցատկոտելիս, կքանստելիս կամ ֆիզիկական ակտիվությունից հետո

Եթե ձեր երեխայի մոտ առկա է այս ախտանիշներից որևէ մեկը, կամ եթե երեխայի ծունկը սկսում է ցավալ ֆիզիկական ակտիվության ժամանակ, ապա լավ կլինի դիմել երեխայի մանկաբույժին, որպեսզի հնարավորինս շուտ սկսել ճիշտ բուժումը։

 

Օսգուդ-Շլատտերի հիվանդություն․ բուժման առաջին քայլերը

 

 

Եթե ուզում եք Օսգուդ-Շլատտերի հիվանդությամբ ձեր երեխային ցուցաբերեք հնարավորինս լավ բուժօգնություն, ապա ստորև նշված կետերը այն առաջին քայլերն են, որոնք ձեզ կօգնեն այդ հարցում՝

 

  • Խուճապի մի մատնվեք։ Առաջին հերթին՝ պետք չէ խուճապի մատնվել։ Չնայած նրան, որ այս հիվանդությունը կարող է առաջացնել ծնկի բավականին ուժեղ ցավ, ինչը կխոչընդոտի ձեր երեխայի մասնակցությունը սպորտային միջոցառումներին, սակայն, այն համեմատաբար բարորակ հիվանդություն է։ Եթե այն մատնվի անուշադրության և մնա չբուժված, ապա ամենայն հավանականությամբ այն ինքնուրույն կանցնի 12-24 ամսվա ընթացքում։ Բուժման հիմնական նպատակը այն է, որ երեխան շատ չանհանգստանա և փորձի մշակել ծրագրեր, թե ինչպես ինքնուրույն պայքարի այդ վիճակի դեմ, որպեսզի կարողանա մասնակցել տարբեր սպորտային միջոցառումներին և ֆիզկուլտուրայի դասընթացներին։

 

    • Գնացեք մանկաբույժի մոտ։ Եթե ձեր երեխան ունի ծնկի ցավ (կամ ցանկացած այլ ցավ), որը սահմանափակում է նրա մասնակցությունը սպորտային միջոցառումներին կամ սահմանափակում է նրա շարժունակությունը, ապա դուք պետք է երեխային տանեք մանկաբույժի մոտ։ Օսգուդ-Շլատտերի հիվանդությունը ախտորոշելու համար բավական է միայն կատարել հասարակ ռենտգեն հետազոտություն։ Սակայն, դեպքերի մեծամասնությունը ախտորոշվում է միայն կլինիկական զննման միջոցով։ Ռենտգեն հետազոտությունը օգնում է բացառել ծնկի ցավի այլ հնարավոր պատճառները։ Ձեր երեխայի մանկաբույժը կարող է խորհուրդ տալ նրան որոշ ժամանակով սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը կամ գուցե Օսգուդ-Շլատտերի հիվանդությունը բուժելու համար նախատեսված հատուկ ֆիզիոթերապևտիկ վարժությունների կուրս անցնել։
    • Ժամանակավորապես դադարեցրեք սպորտային կամ այլ բարձր ինտենսիվությամբ ակտիվությունը։ Այստեղ առանցքային բառը «ժամանակավորապես»-ն է։ Եթե ձեր երեխան ունի Օսգուդ-Շլատտերի հիվանդություն, ապա բարձր ինտենսիվությամբ սպորտային ակտիվությունը նրա համար կարող է դժվար կամ ցավոտ լինել։ Այդպիսի ակտիվությունից մի քանի շաբաթ արձակուրդ վերցնելը թույլ կտա ձեր երեխայի ծնկներին ստանալ այդքան անհրաժեշտ հանգիստը։ Պարզապես մի մոռացեք հիշեցնել ձեր երեխային, որ այդ արձակուրդը ժամանակավորապես է, և որ նա կարճ ժամանակ անց կրկին կկարողանա վերադառնալ իր նախկին սպորտային խմբակներին և ակտիվությանը։ Օսգուդ-Շլատտերի հիվանդության ժամանակ խորհուրդ չի տրվում երկար տևացող անգործությունը։

 

  • Այցելեք ֆիզիոթերապևտի։ Չնայած նրան, որ գոյություն չունի Օսգուդ-Շլատտերի հիվանդության բուժում՝ ֆիզիոթերապևտի մոտ մի քանի սեանս անցնելը կօգնի ձեր երեխային սկսել ճիշտ բուժումը։ Ֆիզիոթերապևտը կարող է ստուգել ձեր երեխայի ճկունությունը, ուժը և հավասարակշռությունը, որպեսզի կարողանա նրա համար կազմել անհատականացված վարժությունների ծրագիր, որոնք կօգնեն այս հիվանդության բուժման հարցում։ Ձեր ֆիզիոթերապևտը նաև կարող է խորհուրդներ տալ կապված երեխայի սպորտային ակտիվություններին մասնակցելու կամ դրանց վերադառնալու վերաբերյալ։
  • Մոռացեք բուժման պասիվ մեթոդների մասին։ Պասիվ մեթոդները, ինչպիսին են տաքությունը կամ սառույցը կարող են ժամանակավորապես թեթևացնել Օսգուդ-Շլատտերի հիվանդության հետևանքով առաջացող ցավը, բայց այդպիսի բուժումները պարզապես անիմաստ են։ Այս հիվանդության ամենալավ բուժումը կլինի շարժումը՝ ճիշտ ձգող և ուժային վարժություններ կատարելը։

 

  • Մի անհանգստացեք ոսկրային թմբիկի մասին։ Օսգուդ-Շլատտերի հիվանդության ժամանակ սովորաբար ծնկան հոդի հոդաշապիկից մի փոքր ներքև առաջանում է ոսկրային թմբիկ։ Այն սովորաբար մշտական է, բայց երեխայի մոտ չի առաջացնում որևէ նշանակալի ֆունկցիոնալ սահմանափակում։ Թողեք այն հանգիստ և ամեն ինչ լավ կլինի։

Մի քանի խոսք MyKid-ից

Օսգուդ-Շլատտերի հիվանդությունը մի վիճակ է, որը հիմնականում հանդիպում է 10-15 տարեկան երեխաների մոտ։ Այս հիվանդության ժամանակ մեկ կամ երկու ծնկներում առաջանում է ցավ, որը սահմանափակում է երեխայի մասնակցությունը սպորտային կամ բարձր ինտենսիվությամբ այլ ակտիվություններին, օրինակ՝ վազք կամ ցատկ։ Ի սկզբանե իմանալով, թե ինչ պետք է անել Օսգուդ-Շլատտերի հիվանդությամբ երեխայի հետ, դուք կկարողանաք արագորեն կանգնել հիվանդության բուժման ճիշտ ճանապարհին։ Դրա շնորհիվ ձեր երեխան կկարողանա հնարավորինս շուտ և անվնաս վերադառնալ իր նորմալ սպորտային ակտիվությանը։