Ինչպես պատրաստել մանկական շիլան

 

 

Ձեր երեխայի սննդակարգում պինդ սնունդ ներմուծելը շատ կարևոր իրադարձություն է: Ձեր երեխայի մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո կարող եք սկսել երեխային տալ մեկ տեսակի հացահատիկից պատրաստված մանկական շիլա՝ կրծքի կաթի կամ արհեստական կաթնախառնուրդի հետ միասին: Մանկական շիլան առաջին անգամ տալու դեպքում, այն պետք է շատ ջրիկ լինի, բայց հենց որ երեխան սովորի այն ուտել, դուք կարող եք շիլան ավելի թանձր դարձնել: Կարող եք սկսել նաև շիլային խառնել խյուսի ձևով պատրաստված մրգեր և բանջարեղեն, որպեսզի ձեր երեխան լրացուցիչ սնունդ և համ ստանա:

Ինչպես մանկական շիլան խառնել ջրի, կրծքի կաթի կամ արհեստական կաթնախառնուրդի հետ

 

1Քիչ քանակությամբ մանկական շիլան լցրեք ամանի մեջ: Երբ ընտրեք մանկական շիլայի տեսակը (օրինակ՝ բրնձի շիլա), մոտավորապես 1 ճաշի գդալ (2.5 գ) լցրեք ամանի մեջ: Ցանկալի է սկսել քիչ քանակությունից:

  • Քանի որ երեխային գդալով եք կերակրելու և այնուհետև գդալը դնելու եք շիլայի ամանի մեջ, ապա այդ ընթացքում երեխայի բերանում եղած բակտերիաները տեղափոխելու եք շիլայի մեջ, որոնք ժամանակի ընթացքում կարող են այնտեղ բազմանալ: Ահա թե ինչու դուք չպետք է պահեք և երկրորդ անգամ օգտագործեք այդ նույն շիլան:

2Մանկական շիլային մի քիչ հեղուկ ավելացրեք: Շիլայի ամանի մեջ լցրեք մոտավորապես 4-ից 5 ճաշի գդալ (60-ից 75 մլ) հեղուկ: Դուք պետք է օգտագործեք կա՛մ կրծքի կաթ, կա՛մ արհեստական կաթնախառնուրդ, կախված այն բանից, թե ձեր երեխան որին է սովոր:

  • Եթե չունեք կրծքի կաթ կամ արհեստական կաթնախառնուրդ, ապա կարող եք օգտագործել ջուր, սակայն այն պետք է լինի մաքուր և թարմ:
  • Լավ կլինի խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ՝ շիլայի պատրաստման եղանակների վերաբերյալ:

3Մանկական շիլան և հեղուկը լավ խառնեք իրար: Մանկական շիլայի հետ հեղուկ խառնեք, որպեսզի խառնուրդը դառնա ջրիկ՝ հալված պաղպաղակ պես: Հիշեք, որ չափազանց թանձր ցանկացած բանից ձեր երեխայի մոտ կարող է ակտիվանալ ործկոցի ռեֆլեքսը: Եթե մանկական շիլան ձեզ համար բավականաչափ ջրիկ չի թվում, ապա ավելացրեք նրա մեջ ևս մեկ ճաշի գդալ (15մլ) հեղուկ:

4Մատուցեք մանկական շիլան: Հենց շիլան ջրիկ լինի, կարող եք այն մատուցել: Պետք չէ տաքացնել կամ քաղցրացնել մանկական շիլան՝ նախքան ձեր երեխային ուտեցնելը, բայց երեխան կարող է հրաժարվել շիլայից, եթե այն շատ սառը լինի: Արհեստական կաթնախառնուրդով կամ ջրով պատրաստված շիլան տաքացնելու համար պարզապես միկրոալիքային վառարանում կես հզորությամբ տաքացրեք այն մոտավորապես 15 վայրկյան: Նախքան ձեր երեխային շիլա տալը, միշտ խառնեք այն և ստուգեք դրա ջերմաստիճանը։

  • Խուսափեք կրծքի կաթով պատրաստված շիլան միկրոալիքային վառարանում տաքացնելուց, քանի որ դա կարող է քայքայել կրծքի կաթում պարունակվող սննդարար նյութերը: Եթե Ձեզ անհրաժեշտ է տաքացնել կրծքի կաթը, ապա կրծքի կաթը լցրեք տոպրակի մեջ և այն մի քանի րոպեով դրեք տաք, հոսող ջրի տակ: Դրանից հետո այն կարող եք ավելացնել մանկական շիլայի մեջ:

5Ժամանակի ընթացքում թանձրացրեք մանկական շիլան: Մի քանի շաբաթ հետո կրճատեք օգտագործվող հեղուկի քանակը, երբ նկատեք, որ ձեր երեխայի կուլ տալու կարողությունը բարելավվել է: Մանկական շիլային ավելացված հեղուկի քանակը յուրաքանչյուր մի քանի շաբաթվա ընթացքում կրճատեք 1 ճաշի գդալով (15 մլ), մինչև օգտագործեք հեղուկի և մանկական շիլայի հավասար քանակություն:

6Ժամանակի ընթացքում ձեր երեխային ավելի շատ մանկական շիլա տվեք: Վեցից ութ ամսվա ընթացքում ձեր երեխան կարող է օրվա ընթացքում ուտել 3-ից 9 ճաշի գդալ (7,5-ից 22,5 գ) մանկական շիլա: Այս չափաքանակը կարող է բաժանվել երկուսից երեք կերակրումների միջև:

  • Հիշեք, որ ձեր երեխան դեռ պետք է ստանա իր հիմնական սննդանյութերը կրծքի կաթից կամ արհեստական կաթնախառնուրդից:
  • Մի անհանգստացեք, եթե ձեր երեխան սկզբում շատ չի ուտում: Ամենայն հավանականությամբ, երեխային մի փոքր ժամանակ է հարկավոր՝ նոր սննդին ընտելանալու համար: Հարցրեք ձեր մանկաբույժին, թե որքան պետք է ձեր երեխան ուտի յուրաքանչյուր կերակրման ժամանակ:

 

Ինչպես մանկական շիլան խառնել մրգերի և բանջարեղենի հետ

 

  1. Պարզեք, թե երբ պետք է սկսել երեխային տալ միրգ և բանջարեղեն: Ձեր երեխան պետք է սովոր լինի մանկական շիլան արհեստական կաթնախառնուրդի, կրծքի կաթի կամ ջրի հետ ուտելուն, նախքան կսկսեք մրգերի կամ բանջարեղենի խյուսը խառնել շիլայի հետ: Երեխաների մեծ մասը կարող է սկսել սիրել մրգեր և բանջարեղեն ուտելը, շիլա ուտելը սկսելուց մի քանի շաբաթ հետո։
  • Ձեր երեխան կարող է ավելի մեծ հաճույք ստանալ մանկական շիլա ուտելուց, երբ այն խառնվում է մրգերի կամ բանջարեղենի հետ, քանի որ դրանք շիլային մի փոքր համ են ավելացնում: Մրգերն ու բանջարեղենը նաև կարևոր սննդանյութեր են փոխանցում ձեր երեխային:

2Ընտրեք մեկ տեսակի մրգի կամ բանջարեղենի խյուս: Մանկական շիլայի հետ մրգեր կամ բանջարեղեն համատեղելիս միշտ օգտագործեք դրանք խյուսի ձևով: Սկսեք մեկ տեսակի մրգով կամ բանջարեղենով, որպեսզի կարողանաք գնահատել ձեր երեխայի մոտ հավանական ալերգիկ ռեակցիայի (օրինակ՝ եղնջացան, այտուց կամ մաշկի գրգռում) առկայությունը: Մտածեք այս դյուրամարս մթերքներից մեկից սկսելու մասին.

  • Ավոկադո
  • Բանան
  • Քաղցր կարտոֆիլ (եփած և խյուս արած)
  • Գազար (եփած և խյուս արած)
  • Տանձ
  • Սիսեռ (եփած և խյուս արած)

3Մանկական շիլան խառնեք սովորական արհեստական կաթնախառնուրդի կամ կրծքի կաթի հետ: Խառնեք մանկական շիլան արհեստական կաթնախառնուրդի կամ կրծքի կաթի հետ, այն քանակությամբ, որը սովորաբար ուտում է ձեր երեխան: Նորմալ է, եթե խառնուրդը մի փոքր թանձր է ստացվում, քանի որ մրգերի կամ բանջարեղենի խյուսը մի փոքր նոսրացնելու է այն:

  • Օրինակ՝ հինգ ամսական երեխան կարող է ուտել 2 ճաշի գդալ շիլան (5 գ)՝ 3 ճաշի գդալ (45 մլ) կրծքի կաթի կամ արհեստական կաթնախառնուրդի հետ:

4Խառնեք 1 թեյի գդալ (5 մլ) մրգի կամ բանջարեղենի խյուս: Մանկական շիլան մի փոքր կնոսրանա և ձեռք կբերի թեթև մրգային կամ բանջարեղենային համ: Դուք կարող եք ձեր երեխային առաջարկել ցանկացած միրգ կամ բանջարեղեն: Հիշեք, որ ձեր երեխան կարող է առաջին անգամ հրաժարվել մրգից կամ բանջարեղենից, բայց գուցե հաջորդ անգամ առաջարկելու դեպքում՝ հաճույքով ուտի այն: Սկզբի համար հիմնական համակցություններն են՝

  • Դդմի խյուս վարսակի կամ բրնձի շիլայով
  • Խնձորի խյուս վարսակի կամ բրնձի շիլայով
  • Ոլոռի խյուս վարսակի կամ բրնձի շիլայով

5Մանկական շիլայի հետ միասին երեխային ներկայացրեք մրգերի և բանջարեղենի համադրությունը: Երբ ձեր երեխան կսկսի փորձել մի շարք մրգեր և բանջարեղեն, դուք կարող եք սկսել դրանք համատեղել մանկական շիլայի հետ: Համեղ սնունդ ստանալու համար դուք կարող եք մրգերը և բանջարեղենը խառնել շիլայի մեջ: Դուք կարող եք նաև խյուսի քանակը հասցնել մեկ կամ երկու ճաշի գդալի: Ահա մի քանի լավ համային համադրությունների օրինակներ՝

  • Ոլոռի և գազարի խյուս մանկական շիլայի հետ
  • Կանաչ լոբու խյուսը և ճզմած կարտոֆիլը մանկական շիլայի հետ
  • Խնձորի խյուս, քաղցր կարտոֆիլի խյուս և մանկական շիլա
  • Ճզմած բանան, տանձի խյուս և մանկական շիլա
  • Գազարի խյուս, խնձորի խյուս, մանգոյի խյուս և մանկական շիլա

 

Ինչպես սկսեք ձեր երեխային մանկական շիլա տալ

 

1Խոսեք ձեր մանկաբույժի հետ մանկական շիլայի վերաբերյալ: Ձեր երեխայի 6 ամսականը լրանալուց հետո կարող եք մանկաբույժի հետ խոսել երեխայի սննդակարգում մանկական շիլա ավելացնելու մասին: Մանկական շիլան երկաթի լավ աղբյուր է, որի կարիքը գուցե այս պահից սկսած ձեր երեխան ունենա:

  • Բժիշկը ձեզ հստակ խորհուրդներ կտա այն մասին, թե ինչ քանակությամբ շիլա և որքան հաճախ այն պետք է տալ երեխային:

2Սպասե՛ք, նախքան նոր տեսակի մանկական շիլա երեխային տալը: Շատ երեխաներ սկսում են միայն մեկ տեսակի հացահատիկից պատրաստված մանկական շիլայից՝ սովորաբար բրնձից պատրաստված: Եթե ձեր երեխան սիրում է բրնձի շիլան, ապա կարող եք նրան նաև առաջարկել վարսակի, գարու կամ ցորենի շիլա: Միշտ նոր տեսակի մանկական շիլա երեխային տալուց հետո սպասեք երեք օր` նախքան մեկ այլ նոր տեսակի շիլա տալը: Սա կօգնի ձեզ տարբերակել սննդային նկատմամբ ցանկացած ալերգիա կամ գերզգայունություն:

  • Եթե երեք օր անց չի դրսևորվել որևէ ռեակցիա, ապա դուք կարող եք վստահ լինել, որ ձեր երեխան ալերգիա չունի ձեր նոր փորձած սննդի նկատմամբ: Անցեք հաջորդ սննդին՝ այն շիլայի մեջ նույն քանակությամբ խառնելով, առանց այլ մրգերի կամ բանջարեղենի:

3Ձեր երեխային կաթով կերակրելուց հետո, տվեք նրան մանկական շիլա: Մինչև երեխային մանկական շիլա առաջարկելը, նրան կերակրեք մի փոքր կրծքի կաթով կամ արհեստական կաթնախառնուրդով։ Նախքան ձեր երեխան կավարտի ուտելը, նրան առաջարկեք մանկական շիլա: Ձեր երեխան ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերի մանկական շիլայի նկատմամբ, եթե լիովին կուշտ չլինի:

  • Երբ ձեր երեխան ավարտի շիլա ուտելը, կարող եք նրան ավելի շատ կրծքի կաթ կամ արհեստական կաթնախառնուրդ տալ:

4Հետևեք ձեր երեխայի պահանջներին: Եթե ձեր երեխան չէ ցանկանում մանկական շիլան ուտել փոքրիկ գդալով, ապա փորձեք նրան շիլան կերակրել ձեր մաքուր մատի ծայրով: Եթե ձեր երեխան այս դեպքում նույնպես չի ցանկանում ուտել (լաց է լինում կամ շրջվում է), ապա մի ստիպեք նրան անել դա: Ձեր երեխան գուցե առայժմ նախընտրում է միայն կաթ կամ արհեստական կաթնախառնուրդ:

  • Դուք միշտ կարող եք դադարեցնել մանկական շիլա կերակրելը և այն նորից առաջարկեք մեկ այլ շաբաթ, և այդպես շարունակ:
  • Փորձեք կերակրման պրոցեսը խաղի վերածել: Փորձեք գդալը թռցնել, կարծես այն ինքնաթիռ է: Ձեր երեխան այնքան հետաքրքրված կլինի այդ խաղով, որ անպայման կփորձի գդալի պարունակությունը:

Խորհուրդներ

  • Խոսեք ձեր մանկաբույժի հետ ձեր երեխային միս տալու մասին, երբ երեխան արդեն 7-8 ամսական լինի: Հավանաբար, նախքան մսի հետ մանկական շիլա խառնելը՝ դուք պետք է եփած միսը վերածեք խյուսի:
  • Որոշ մանկաբույժներ խորհուրդ են տալիս շշով շիլա չտալ երեխային: Քանի որ նրանք արդեն սովորում են ինչպես է պետք պինդ սնունդ ուտել, կարևոր է, որ նրանք վարժվեն կծելուն, այլ ոչ թե պարզապես շշից խմեն: