Ձեր երեխան մեծանում է և պատրաստ է պինդ մանկական սնունդ ընդունելուն: Բայց արդյո՞ք դուք պատրաստ եք դրան: Ուրիշի երեխային դայակություն անելիս հանկարծակի առերեսվել եք նրան կերակրելու փորձության հե՞տ։ Թե՞ ծնողական պարապմունքների ընթացքում մի քիչ անուշադիր եք եղել: Ահա ձեզ որոշ խորհուրդներ, որոնց շնորհիվ կկարողանաք ցանկացած նորածնի կամ երեխայի կերակրել պինդ սնունդ:

Իմացեք, թե երբ է պատրաստ երեխան

  1. Երեխային սկսեք կերակրել պինդ սնունդ այն ժամանակ, երբ նա դրան պատրաստ է: Ընդհանուր առմամբ առաջարկվում է, որ երեխաները կերակրվեն միայն կրծքի կաթով կամ արհեստական կաթնախառնուրդներով մինչև մոտավորապես 4-6 ամսականը: Երեխային շատ շուտ պինդ սնունդ մի կերակրեք, քանի որ դա կապված է սննդային ալերգիաների և նույնիսկ սննդային խանգարումների հետ: Պինդ սնունդ առաջարկելու ժամանակն է, եթե ձեր երեխայի մոտ առկա են հետևյալ նշանները.
  • Երեխան ի վիճակի է ինքնուրույն կամ որևէ մեկի օգնությամբ նստել։
  • Երեխան կարող է գլուխը ձեզանից հեռացնել, եթե փորձեք նրա դեմքին իր համար տհաճ գործողություն անել (օրինակ՝ քիթը սրբել):
  • Երեխան հետաքրքրություն է ցուցաբերում, երբ ուրիշներն ուտում են:
  • Երեխան քաղցի նշաններ է ցույց տալիս նույնիսկ 250 միլիլիտր կաթ խմելուց հետո:
  • Երեխան կարողանում է կշտանալու նշաններ ցույց տալ՝ գլուխը հետ շրջելով կամ բերանը չբացելով, միգուցե նաև ձեռքերով կերակուրը հեռու բրդելով։
  • Եթե դեռ ձեզ ինքնավստահ չեք զգում, ապա բացարձակ հավաստիացման համար դիմեք ձեր երեխայի բժշկին և խոսեք այն մասին, թե որ կերակուրները և երբ կարելի է տալ երեխային:

 

Ստեղծեք կերակրման համար հարմար միջավայր

 

  1. Օգտագործեք կերակրման համար նախատեսված աթոռ: Բարձր մանկական աթոռը իդեալական տարբերակ է, բայց դրա անհասանելիության պարագայում, դուք կարող եք նաև օգտագործել մեքենայի մանկական նստատեղ: Կերակրելիս թողեք երեխան նստի ձեր գրկում միայն հազվադեպ իրավիճակներում, քանի որ այս դիրքն անհարմար է և դուք կարող եք կեղտոտվել: Ուշադիր եղեք, որ նստատեղը ապահով տեղադրված լինի, որպեսզի երեխան նույնպես լինի ապահով:

 

  1. Հատակին շոր փռեք` թափված ուտելիքը որսալու համար: Խանութներում առկա են կերակրման համար նախատեսված հատուկ գորգեր, բայց այս նպատակով կարող են օգտագործվել նաև ցնցուղի վարագույրը, պատերը ներկելու ժամանակ օգտագործվող կտորները, աղբի տոպրակը կամ աթոռի ծածկը: Կամ, պարզապես պատրաստ եղեք կերակրելուց հետո ավլել և սրբել հատակը։

 

  1. Ձեռքի տակ ունեցեք մեկ կամ երկու ափսե: Սովորաբար ձեզ հարկավոր կլինի մեկ ափսե հացահատիկի համար, իսկ մյուսը`« կողմնակի ուտեստի»: Ընդհանրապես, ընտրեք չկոտրվող ամաններ, քանի որ երեխաները հակված են ամեն ինչ ձեռքերի մեջ վերցնելու և հատակին գցելու: Համոզվեք, որ օգտագործվող ցանկացած սպասք մաքուր է և անվտանգ:
  • Պետք է զգույշ լինել #7 պլաստիկից պատրաստված տարաների ընտրության հարցում՝ կապված նրանցում բիսֆենոլ A-ի (BPA) պարունակության մտավախությունների հետ, որը ենթադրվում է, որ կարող է թափանցել սննդի և ըմպելիքի մեջ և երեխայի օրգանիզմում կարող է հանդես գալ որպես հորմոնալ ակտիվ ագենտ: 2000-ականների վերջին լայնածավալ մտահոգության ալիք էր բարձրացել այս տեսակի պլաստմասե տարաների շուրջ։ Չնայած դրան, մինչ այժմ կատարված հետազոտությունները չեն կարողացել սննդի անվտանգության գլխավոր կառավարման մարմիններին ապացուցել այդ պլաստիկի ոչ լրիվ անվտանգության վարկածը: Քանի որ նորածինների իմունային համակարգը դեռ նոր է սկսում զարգանալ՝ շատ մարդիկ նախընտրում են երեխային չվնասելու համար նախօրոք զգուշանալ և գնել անվտանգ սպասք, և արդյունքում շատ արտադրողներ այժմ կամավոր կերպով նշում են, որ իրենց ապրանքատեսակներում չկա բիսֆենոլ A: Դուք պարզապես կարող եք նախապատվությունը տալ ապակյա սպասքին կամ պարզապես խուսափել պլաստիկից պատրաստված տարայի մեջ ուտելու կամ խմելու ցանկացած բան տաքացնելուց։

 

  1. Օգտագործեք մանկական գդալներ: Սովորական ճաշի գդալները կամ աղանդերի գդալները կարող են կոշտ լինել փոքրիկ երեխայի լնդերի համար: Մանկական գդալներն ունեն պաշտպանիչ ծածկույթ: Որոշները փոխում են իրենց գույնը՝ ցույց տալով սննդի վտանգավոր ջերմաստիճանը: Ցանկացած պարագայում, գդալը նույնպես պետք է լինի շատ մաքուր։

 

  1. Ձեռքի տակ միշտ պետք է ունենալ անձեռոցիկներ կամ սրբիչներ: Կապ չունի օգտագործում եք թղթից անձեռոցիկ, թե որևէ կտոր՝ դրանք միշտ պահեք ձեռքի տակ: Նորածինները սիրում են խառնաշփոթ առաջացնել:

 

  1. Օգտագործեք բաժակ: Պինդ սնունդ օգտագործող երեխաները հեղուկի կարիք ունեն: Պարզեք, արդյոք ձեր երեխան նախընտրում է օգտագործել ծծիչով բաժակ, թե պլաստմասե բաժակ (կամ պարզապես կարող եք այս ընտրությունը ինքներդ կատարել երեխայի փոխարեն): Օգտագործեք մաքուր, զտված ջուր կամ կիսով չափ նոսրացված հյութ։
  • Մի սովորեցրեք երեխային շատ քանակությամբ հյութեր խմել։ Օգտագործվող հյութի քանակը պահեք նվազագույնի սահմաններում, քանի որ այն լի է շաքարով և կարող է վնասել երեխայի աճող ատամները։

 

Ինչպես ընտրել առաջին կոշտ սննդատեսակները

1. Լվացեք ձեր ձեռքերը: Լվացեք ձեր ձեռքերը նախքան սնունդ պատրաստելը կամ մատուցելը:

2․ Ընտրեք ձեռքերով ուտելու համար նախատեսված սնունդ։ Եթե ունեք ավելի մեծ երեխա, ապա կարող եք ընտրել ձեռքերով ուտելու թույլատրված որևէ սնունդ, օրինակ՝ բրնձից քրեքեռներ, մսի ձողիկներ և նմանատիպ այլ բաներ։ Սա նաև կարող է լինել «նախուտեստ»՝ մինչդեռ դուք պատրաստում եք հիմնական ուտեստը։

3. Ընտրեք հացահատիկային սնունդ: Նույնիսկ փորձառու երեխաները պետք է ընդունեն հացահատիկային սնունդ օրեկան գոնե մեկ կերակրման ընթացքում։

Հացահատիկը ամենասննդարար մանկական պինդ սնունդներից մեկն է: Հացահատիկը պետք է կազմի կերակուրի հիմնական մասը։

  • Սովորաբար փորձառու երեխաներն ուտում են մի քանի տեսակի հացահատիկներ՝ վարսակ, գարի կամ բրինձ: Պատրաստեք ըստ ցուցումների:
  • Դուք կարող եք համը լավացնելու համար ավելացնել մի փոքր մանկական սնունդ, կամ մրգերով կամ բանջարեղենով խյուս:
  • Սովորաբար առաջին անգամ կերակրման համար առաջարկվող սնունդ է համարվում բրինձը՝ խառնված արհեստական կաթնախառնուրդի կամ կրծքի կաթի հետ:
  • Սկսնակ երեխաների դեպքում համոզվեք, որ սնունդը բավականին ջրիկ է՝ հեշտ կուլ տալու համար:
  • Միշտ, նախքան երեխային կերակրելը, ստուգեք ցանկացած տաքացված սննդի ջերմաստիճանը:

 

4. Ընտրեք մանկական սնունդ: Սովորաբար փորձառու երեխաները ունենում են որոշ տեսակի պատրաստված մանկական սնունդ: Վաճառվող մանկական սննդի ամանի վրա հաճախ նշվում է տարիքային համապատասխան սահմանափակումը: Դուք կարող եք եփել բանջարեղենը կամ մրգերը առանց շաքարի և աղի, և այն վերածել խյուսի: Եթե նախընտրում եք տաքացնել սնունդը, ապա համոզվեք, որ սնունդն անվտանգ ջերմաստիճան ունի:

 

5. Խուսափեք աղտոտված կամ ժամկետանց սնունդ օգտագործելուց: Չբացված տարաների վրա ստուգեք կափարիչների հերմետիկությունը: Ստուգեք վաճառվող սննդամթերքի օգտագործման ժամկետը: Հնարավորության դեպքում լվացեք տարան: Եթե սնունդը պատրաստվում եք կերակրել անմիջապես նրա բանկայից կամ տարայից, ապա այդպես վարվեք միայն այն դեպքում, եթե այդ սնունդը չի պահվելու: Իսկ եթե պատրաստվում է այն պահել, ապա մի բաժին լցրեք ամանի մեջ, մնացորդը ծածկեք և դրեք սառնարանը: Հակառակ դեպքում երեխայի թուքը և կեղտոտ գդալը կարող են բակտերիաներ և վիրուսներ ներմուծել այդ սննդի մեջ: Օգտագործեք ամբողջ սնունդը 48 ժամվա ընթացքում:

 

Ինչպես կերակրել երեխային

  1. Երեխային հագցրեք մանկական գոգնոց: Որքան մեծ, այնքան լավ: Կերակրելու ընթացքում գուցե ավելի հարմար լինի անջրանցիկ մի բան ունենալը, որպեսզի հեղուկները չթրջեն գոգնոցի տակի հագուստը:

 

  1. Սկսեք կերակրել: Սովորաբար փորձառու սոված երեխան բացում է իր բերանը՝ ցույց տալու համար, թե որտեղ պետք է դրվի գդալը: Վերցրեք մի գդալ սնունդ և կերակրեք երեխային: Սպասեք մինչ երեխան կուլ տա՝ նախքան նրան հաջորդ չափաբաժին սնունդ տալը: Երեխան, որը նոր է սկսում պինդ սննդատեսակներ ուտելը, ուտելու է միայն մոտ մեկ ճաշի գդալ սնունդ, այնպես որ մի սպասեք ավելին, քան մի քանի փոքրիկ գդալը:

 

  1. Երեխային տվեք հեղուկներ: Ամեն 5-10 պատառ կծելուց կամ ուտելուց հետո մոտեցրեք բաժակը: Անհրաժեշտության դեպքում բաժակը նրբորեն բերեք շրթունքների մոտ և երեխային 1-2 կում խմացրեք: Այս պրոցեսը հաճախ մեծ խառնաշփոթ է ստեղծում:

 

  1. Զգուշացեք բռնող ձեռքերից: Հետաքրքրասեր երեխաները հակված են բռնել ձեռքի տակ եղած ամեն ինչ, ներառյալ սննդի ամանը, գդալը, բաժակը և նույնիսկ ձեզ: Երեխան նույնիսկ ուրախ կլինի դիտել, թե ինչպես են իրերը ընկնում (հենց դրա համար էլ ձեզ հարկավոր է օգտագործել կամ չկոտրվող սպասք, կամ էլ սպասքի համար ապահովել փափուկ վայրէջք):

 

  1. Թողեք երեխան օգնի: Ավելի մեծ երեխաները հաճախ կարող են իրենք իրենց կերակրել: Քիչ փորձառու երեխաները կարող են փորձել բռնել գդալը կամ բաժակը, մինչդեռ նրանց կերակրում եք: Անգամ եթե դա ստեղծում է խառնաշփոթ՝ միևնույնն է, խրախուսեք երեխային «օգնել» ձեզ, եթե իհարկե դա չի դժվարացնում կերակրելու պրոցեսը:

 

  1. Իմացեք, երբ է բավական: Եթե երեխան գլուխը հետ է շրջում, փնթփնթում է, լաց է լինում, գդալը հրում է կամ սնունդը նետում է, ապա նա, ամենայն հավանականությամբ, կշտացել է: Կամ հեռացրեք երեխային կերակրման վայրից, կամ տվեք նրան որևէ խաղալիք, կամ այլ շեղող միջոցներ ձեռնարկեք (օրինակ՝ տվեք նրան մաքուր գդալ կամ պլաստմասե բաժակ, ափսե), մինչև ավարտեք կերակրման հետևանքները մաքրելը:

 

  1. Ցանկության դեպքում գրանցեք կերակրումները: Շատ ծնողներ գրանցում են, թե ինչ, երբ և որքան է կերել երեխան: Օգտակար է մատյան, օրացույց կամ նման այլ բաներ պահելը: Սա օգտակար է հնարավոր սննդային ալերգենները վերահսկելու, բազմաթիվ երեխաներ ունենալու դեպքում նրանց կազմակերպված պահելու և հատուկ սննդային կարիքները վերահսկելու համար: Այնուամենայնիվ, դա կարող է լինել նաև ևս մեկ լրացուցիչ առաջադրանք՝ ձեր երեխայի խնամքի արդեն շատ ծանրաբեռնված օրվա ընթացքում, այնպես որ, եթե չեք ցանկանում կամ չեք կարող դրա համար ժամանակ գտնել՝ օրագիր պահելը պարտադիր պայման չէ: Ամեն ոք չէ, որ հաճույք է ստանում նման մանրուքներով զբաղվելուց, իսկ որոշները պարզապես լավ հիշողություն ունեն և փոխարենը ապավինում են դրան:

 

  1. Մաքրեք։ Մաքրեք երեխային սրբիչով, հատկապես դեմքը և ձեռքերը: Օգտագործեք գոլ, ոչ տաք ջուր: Ամանեղենն ու տարաները պատրաստեք լվանալու համար: Մաքրեք մանկական աթոռի տարածքը թույլ լվացող միջոցներով և ջրով: Լվացքի համար նախապատրաստեք սրբիչները, մանկական գոգնոցները և ցանկացած այլ կեղտոտ հագուստ:

 

Խորհուրդներ

  • Իսկապես թափթփվածություն առաջացնող սնու՞նդ է: Եթե տանը բավականաչափ տաք է, ապա կարող եք երեխային մերկացնել մինչև տակդիր և կերակրել նրան առանց ավելորդ հագուստ կեղտոտելու: Այդ ամենից հետո երբեմն ավելի հեշտ է պարզապես լողացնել երեխային, քան փորձել մաքրել:
  • Եթե դայակություն եք անում, ապա խորհրդակցեք երեխայի ծնողի հետ, թե ինչ կա նրա ճաշացանկում:
  • Մանկական սնունդը կարող է խյուսի տեսքով ավելացվել որոշ ընտանեկան ճաշատեսակներին, ինչի շնորհիվ կարելի է խուսափել սննդի ավելորդ վատնումից, և բարձրացնել վերջինիս սննդային արժեքը։
  • Համոզված չե՞ք, թե երեխան ինչ է սիրում։ Երեխաների հաճախ սիրված ուտելիքներն են՝ խնձորը, բանանը և գազարը:
  • Երեխան լա՞ց է լինում, բայց միևնույն ժամանակ դեռ բացում է իր բերանը ուտելու համա՞ր: Հնարավոր է շատ դանդաղ եք կերակրում: Գուցե ժամանակն է փոխել տակդիրը: Ստուգեք՝ արդյոք ինչ որ բան սեղմում է երեխային: Հնարավոր է նաև, որ երեխան կարոտում է մայրիկին, հոգնած է կամ ինչ-որ բանից հիասթափված:
  • Փնտրեք կահույքի կամ գորգի համար համապատասխան մաքրող միջոց, եթե այդ հատվածում կերակրում եք ձեր երեխային: Պահեք դրանք երեխաներից հեռու վայրում և մի ուշացրեք հետքերը մաքրելու հարցում, այլապես կունենաք սննդի չմաքրվող հետքեր: Հնարավորության դեպքում երեխային կերակրելու ժամանակ ծածկեք այս տարածքները հին սրբիչներով, սավաններով և նման բաներով:
  • Նախապես գումար ծախսեք հետքերի մաքրման համար նախատեսված ցողացիրներ ձեռք բերելու համար, ինչպիսիք են՝ Zout-ը կամ Spray and Wash-ը` հագուստը և լվացվող վարագույրները մաքրելու համար:
  • Ձեռքի տակ պահեք խոնավ որևէ սրբիչ կամ շոր և հնարավորինս արագ սրբեք ցանկացած թափված սնունդ և խառնաշփոթություն: Սրա շնորհիվ կերակրումը ավարտելուց հետո ավելի քիչ մաքրելու բան կունենաք: Հանարավոր է, որ այդ ամենից հետո դուք դեռ մաքրելու որոշ բաներ ունենաք, բայց շատ ավելի հեշտ է մաքրել թափված սնունդը նախքան այն կչորանա կամ կկարծրանա:
  • Հոգնե՞լ եք «ընկնող իրերից»: Երեխաները սիրում են իրենց բարձր աթոռից նետել առարկաները և տեսնել, թե ինչ է պատահում դրանց հետ: Սա ունիվերսալ մանկական խաղ է, որն անվերջ ուսուցանող և զվարճալի է երեխաների համար, բայց նաև տհաճ է մեծահասակների համար: Այս խաղը կարող է ավարտվել մեծ թափթփվածությամբ, քմահաճ երեխայով (ով այժմ ցանկանում է նետել շիլայով ամանը), գեր տնային կենդանիներով և նյարդայնացած ծնողներով: Այս դիլեմայի համար հայտնի «բուժում» չկա, բայց տեղյակ եղեք, ինչումն է կայանում գործի էությունը, առաջարկեք գցել չկոտրվող խաղալիքներ, մի փորձեք կերակրել կուշտ երեխային և, ամենից առաջ, համբերություն ունեցեք:
  • Կարող եք փորձել լվանալ երեխայի ձեռքերը նախքան նրան կերակրելը, քանի որ նա կտեսնի, թե ինչպես եք դուք դա անում, և գուցե ցանկանա ինքն էլ փորձել: Ուշադիր եղեք, որ երեխան չփորձի կուլ տալ օճառը: Լվացեք նրա մատների արանքները, եղունգների տակ և ձեռքերն առջևից և ետևից: Մի օգտագործեք շատ տաք կամ շատ սառը ջուր, քանի որ երկուսն էլ կարող են վնասել երեխային: Եթե նրա մոտ զարգացած են շարժողական հմտությունները, ապա թույլ տվեք նրան ինքնուրույն չորացնել ձեռքերը սրբիչով, այլապես դա կարող եք դուք անել: