Ինչպես երեխաներին կատարել սիրտ-թոքային վերակենդանացում

 

Չնայած սիրտ-թոքային վերակենդանացումը պետք է իրականացվի առաջին բուժօգնության սերտիֆիկացված դասընթացներին մասնակցած անձանց կողմից, միևնույն է, սովորական անցորդները նույնպես կարող են զգալի ներդրում ունենալ սրտի կանգով երեխային փրկելու հարցում։ Հետևեք այս քայլերին, որպեսզի սովորեք, թե ինչպես երեխաներին անել սիրտ-թոքային վերակենդանացում։ 1 տարեկանից մեծ երեխաների դեպքում հետևեք երեխաների սիրտ-թոքային վերակենդանացման ուղեցույցերին, իսկ մեծահասակների դեպքում հետևեք մեծահասակների համար նախատեսված ուղեցույցերին։

 

Ինչպես ախտորոշել իրավիճակը

 

 

1Ստուգե՛ք, արդյոք երեխան գիտակից է: Ամենալավ միջոցն այն է, որ ձեր մատներով կտրուկ հարվածեք երեխայի ոտքերին: Եթե երեխան չի արձագանքում, ապա խնդրեք որևէ մեկին շտապ օգնություն զանգահարել, մինչ դուք անցնեք հաջորդ քայլին: Եթե դուք երեխայի հետ միայնակ եք, ապա 2 րոպե շարունակ կատարեք ստորև նկարագրված քայլերը (անհապաղ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար)՝ մինչ շտապ օգնությունը կժամանի:

2. Եթե երեխան գիտակից է, բայց խեղդվում է, ապա սիրտ-թոքային վերակենդանացում անելուց առաջ ցուցաբերեք առաջին բուժօգնություն: Ձեր գործողության ընթացքը կախված է այն բանից, թե արդյո՞ք երեխան շնչում է, թե ոչ.

  • Եթե երեխան խեղդվելու ընթացքում հազում է կամ որձկում, ապա թողեք նա շարունակի ինքնուրույն հազալ և որձկալ: Հազալը և որձկալը իրականում լավ նշաններ են, դա նշանակում է, որ երեխայի շնչուղիները միայն մասամբ են խցանված:
  • Եթե երեխան չի հազում, ապա դուք պետք է պատրաստ լինեք թեթևակի հարվածել նրա թիկունքին և կրծքավանդակին՝ դուրս մղելու համար այն, ինչը խցանում է երեխայի շնչուղիները:

3. Ստուգե՛ք երեխայի անոթազարկը: Կրկին ստուգեք երեխայի շնչառությունը, և այս անգամ ձեր ցուցամատը և միջնամատը դրեք նրա ձեռքի ներսային մակերեսին՝ արմունկի և ուսի արանքում՝ բազկին:

  • Եթե երեխայի անոթազարկը շոշափվում է և նա շնչում է, ապա մարմինը բերեք անվտանգ դիրքի: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար նայեք, թե ինչպես կարելի է ինչ-որ մեկին անվտանգ դիրքի բերել:
  • Եթե անոթազարկը չի շոշափվում և երեխան չի շնչում, ապա հաջորդ քայլով շարունակեք կատարել սիրտ-թոքային վերակենդանացում, որը իրենից ներկայացնում է սեղմումների և ներփչումների համադրություն:

 

 

Ինչպես իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացում

 

1. Բացե՛ք շնչուղիները: Զգուշորեն թեքեք երեխայի գլուխը դեպի հետ և բարձրացրեք կզակը` շնչուղիները բացելու համար: Երեխաների շնչուղիները փոքր են, ուստի կտրուկ շարժումներ անելու կարիք չկա: Այս ընթացքում կրկին ստուգեք շնչառությունը, բայց դրա համար հատկացրեք 10 վայրկյանից ոչ ավել ժամանակ:

2. Կատարեք երկու ներփչում: Հնարավորության դեպքում երեխայի դեմքի վրա պաշտպանիչ դիմակ դրեք՝ մարմնական հեղուկների փոխանակումը կանխելու համար: Քիթը փակեք, գլուխը հետ տարեք, կզակը բարձրացրեք և կատարեք երկու ներփչում, յուրաքանչյուրը մոտ մեկ վայրկյան տևողությամբ: Զգուշորեն ներփչեք՝ մինչև երեխայի կրծքավանդակը չբարձրանա։ Շատ ուժեղ ներփչելը կարող է վնասել երեխայի շնչուղիները։

  • Հիշեք, որ ներփչումների արանքում պետք է դադար տալ, որպեսզի օդը կարողանա դուրս գալ։
  • Եթե զգում եք, որ օդը ներս չի գնում (կրծքավանդակը ընդհանրապես չի բարձրանում), ապա շնչուղիները խցանված են, և երեխան հնարավոր է, որ խեղդվում է։

3․ Առաջին երկու ներփչումները իրականացնելուց հետո բազկի վրա ստուգեք անոթազարկը։ Եթե անոթազարկը չի շոշափվում, ապա սկսեք իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացում։

4. Մի քանի մատով 30 անգամ սեղմեք երեխայի կրծքավանդակը։ Երկու կամ երեք մատները միմյանց սեղմած դրեք երեխայի կրծքավանդակի կենտրոնում՝ պտուկներից մի փոքր ներքև։ Զգուշորեն, սահուն կերպով կատարեք երեխայի կրծքավանդակի 30 սեղմում։

  • Եթե ձեր մատները հոգնել են, և կարիք ունեն հանգստանալու, ապա օգտագործեք 2-րդ ձեռքր՝ գործընթացին աջակցելու համար։ Մնացած դեպքերում օգտագործեք ձեր 2-րդ ձեռքը երեխայի գլուխը պահելու համար։
  • Փորձեք կրծքավանդակի սեղմումները կատարել րոպեում մոտավորապես 100 սեղմում արագությամբ։ Առաջին հայացքից դա շատ է թվում, բայց իրականում դա ընդամենը մի փոքր ավել է քան վայրկյանում մեկ սեղմումը։ Ամեն դեպքում փորձեք պահպանել կրծքավանդակի սահուն սեղմումները։
  • Սեղմեք երեխայի կրծքավանդակի խորության 1/3-ից մինչև 1/2-ի չափով։ Սա միջինում 3-4 սանտիմետր է։

5․ Կատարեք 2 ներփչումների և կրծքավանդակի 30 սեղմումների ցիկլը այնքան, մինչև ուժասպառ չլինեք, կամ երեխայի մոտ չնկատեք կենդանության նշաններ։ Ճիշտ արագության դեպքում, դուք 2 րոպեի ընթացքում պետք է կարողանաք կատարել ներփչումների և կրծքավանդակի սեղմումների 5 ցիկլ։ Սիրտ-թոքային վերակենդանացումը սկսելուց հետո այն կարող եք դադարեցնել միայն եթե՝

  • Երեխայի մոտ նկատում եք կենդանության նշաններ (երեխան շարժվում է, հազում է, տեսանելի շնչում է կամ ձայներ է հանում)։ Փսխումը կենդանության նշան ՉԷ։
  • Մեկ այլ որակավորված մարդ զբաղեցնում է ձեր տեղը։
  • Դեֆիբրիլյատորը պատրաստ է օգտագործման համար։
  • Դեպքի վայրը հանկարծակիորեն դառնում է վտանգավոր։

 

6․ Սիրտ-թոքային վերակենդանացման փուլերը հիշելու համար հիշեք՝ «ABC» հապավումը: Միշտ հիշեք այս հապավումը՝ սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնելը ավելի հեշտ դարձնելու համար։

  • A – airway՝ շնչուղի։ Բացեք կամ համոզվեք, որ շնչուղիները բաց են։
  • B – breathing՝ շնչառություն։ Սեղմեք քիթը, գլուխը թեքեք հետ և կատարեք երկու ներփչում։
  • C – circulation՝ արյան շրջանառություն։ Ստուգեք, արդյոք երեխայի մոտ առկա է անոթազարկ, եթե ոչ, ապա կատարեք կրծքավանդակի 30 սեղմում։

Զգուշացում

  • Շատ ուժեղ մի սեղմեք երեխայի կրծքավանդակին՝ դուք կարող եք վնասել նրա ներքին օրգանները։
  • Ներփչեք միայն այնքան, որ կրծքավանդակը մի փոքր բարձրանա՝ հակառակ դեպքում դուք կարող եք ծակել երեխայի թոքերը։