Հավելյալ քրտնոտություն և գիշերային քրտնարտադրություն հղիության ընթացքում

 


Դուք գիտեք, թե որքան հաճախ են մարդիկ ասում, որ հղի կանայք «փայլում են»:

Այդ «փայլի» գաղտնիքը, հավանաբար, մասամբ պայմանավորված է քրտնելով: (Բայց թույլ մի տվեք, որ դա ձեզ խանգարի մտածել այդ մասին որպես հաճոյախոսություն): Իրականում, հավելյալ քրտինքը և գիշերային քրտնոտությունը շատ տարածված են, երբ սպասում եք երեխայի:

Այսպիսով, մի անհանգստացեք, եթե զգաք տաքություն և քրտինք, երբ ձեր շրջապատում բոլորն իրենց հարմարավետ են զգում, դա հղիության բնորոշ մասն է:

Շարունակեք կարդալ՝ պարզելու համար, թե ինչու է առաջանում քրտնոտությունը, ինչքա՞ն է այն տևում և խորհուրդներ այն մասին, թե ինչպես մեղմացնել:

 

Ինչու է դա տեղի ունենում


Քրտնարտադրությունը բնական միջոց է, որն օգնում է կարգավորել ջերմաստիճանը։ Հղիության ընթացքում մարմնի ջերմաստիճանը մի փոքր բարձրանում է: Սա երեխայի աճի բնական կողմնակի արտադրանք է: Հորմոնալ փոփոխությունները, արյան ծավալի մեծացումը և քաշի ավելացումը նպաստում են այս փոքրիկ աճին:


Երբ սկսում եք տաքություն զգալ, քրտինքը սառեցնում է ձեզ և կանխում գերտաքացումից, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ և ձեր երեխայի համար:

(Այս հավելյալ քրտնարտադրության կլինիկական տերմինը հիպերհիդրոզն է):

Բացի այդ, հորմոնալ փոփոխությունները կարող են ձեր գլխուղեղի հիպոթալամուսին դրդել կարծելու, որ ձեր մարմինը նույնիսկ ավելի տաք է, քան իրականում, ինչը կարող է ակտիվացնել ավելի շատ քրտինք, քան անհրաժեշտ է՝ ձեր մարմնի ջերմաստիճանը անհրաժեշտ մակարդակին պահելու համար, և գուցե հենց դա է պատճառը, որ առատ քրտնարտադրություն ունեք և զգում եք կարծես 38.7°C աստիճան, երբ ընդհամենը 36.6°C է:

 

Մեծամասամբ հղիության ընթացքում քրտնոտությունը անհանգստություն առաջացնող չէ: Այնուամենայնիվ, հավելյալ քրտինքը երբեմն, իսկապես, հղիության հետ կապ չունեցող որևէ բանի ախտանիշ է: Եթե ձեզ անհանգստացնում է քրտնոտությունը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

 

Պատճառներ

 

 

Ձեր որովայնը կարող է թվալ փոքրիկ տաքացուցիչ-և դա այդպես է։ Այնուամենայնիվ, այս ամբողջ քրտինքը առաջանում է ամբողջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններից: Հղիների օրգանիզմում քրտնարտադրության պատճառ հանդիսացող ամենատարածված գործոններից են հետևյալները՝

 

  • Հորմոնալ փոփոխություններ

Հղիության ընթացքում հորմոնների մակարդակի փոփոխությունը բազմաթիվ ախտանիշների և տհաճությունների պատճառ է հանդիսանում, ներառյալ մարմնի ջերմաստիճանի մի փոքր բարձրացում և որպես հետևանք, քրտինքի ավելացում:

 

  • Արյան շրջանառության ավելացում

Հղիության ընթացքում ձեր մարմնում ավելի շատ արյուն է շրջանառվում, ինչը կարող է ջերմության զգացում առաջացնել: Փաստորեն, երրորդ եռամսյակի սկզբում ձեր արյան ծավալը գրեթե 50%-ով կավելանա:

 

  • Բարձր նյութափոխանակություն

Երբ երեխայի եք սպասում դուք ավելի շատ կալորիա եք այրում և ավելի շատ ջերմություն առաջացնում, քանի որ ձեր օրգանիզմը ավելի շատ է աշխատում: Դուք բառացիորեն աշխատում եք երկուսի համար. պահպանում եք ձեր օրգանիզմը և աճեցնում եք նորը։

 

  • Քաշի ավելացում

Տեղաշարժվելու համար կարող է ավելի շատ ջանք պահանջվել, երբ ունեք մի փոքր ավելորդ քաշ, հատկապես երրորդ եռամսյակում, և այդ լրացուցիչ ջանքերն ավելի շատ ջերմություն են առաջացնում: Բացի այդ, երեխա կրելը տեղափոխում է մարմնի ծանրության կենտրոնը, ինչը կարող է ստիպել ձեր օրգանիզմին ավելի շատ աշխատել, պահպանել հավասարակշռությունը և ավելի տաք զգալ:

 

  • Եղանակ

Կարող եք ակնկալել նույնիսկ ավելի շատ քրտնոտություն, երբ տաք և խոնավ եղանակին դրսում ժամանակ եք անցկացնում, քանի որ ավելի շատ ջանք կպահանջվի ձեր հղի օրգանիզմը սառեցնելու համար:

 

  • Ֆիզիկական ակտիվություն

Երբ հղի եք, կարող եք սովորականից ավել քրտնել՝ մարզվելիս, տունը մաքրելիս, զբոսնելիս կամ ձեր մարմնին լարող ցանկացած այլ գործողության մասնակցելիս:

  • Անհանգստություն

Քրտնոտությունը սթրեսին և նյարդայնությանն ուղղված բնական պատասխան է: Արդյունքում, հղիության ընթացքում կարող եք զգալ հավելյալ քրտնոտություն, եթե ունեք անհանգստություն կամ տրամադրության փոփոխություն:

 

  • Հիվանդություն

Տենդը՝ մրսածությունից, գրիպից կամ այլ հիվանդություններից, նույնպես կարող է բերել մարմի ջերմաստիճանի բարձրացման, ինչը կարող է հանգեցնել քրտնոտության։

 

  • Հիպերթիրեոզ

Հղիության ընթացքում նկատվում է վահանաձև գեղձի գործունեության նորմալ աճ (ի պատասխան հորմոնալ փոփոխությունների), ինչը կարող է հանգեցնել մարմնի ջերմաստիճանի բարձրացման և քրտինքի ավելացման: Այնուամենայնիվ, հիպերթիրեոզը նորմայի սահմաններից դուրս է: Գերակտիվ վահանաձև գեղձը կարող է արագացնել սրտի կծկումների հաճախականությունը և օրգանիզմի համակարգերը՝ հանգեցնելով հավելյալ քրտնոտության (բացի սպասվող բարձրացումից) և այլ ախտանիշներ:

 

  • Դեղորայք

Քրտնարտադրությունը որոշ դեղամիջոցների՝ ներառյալ սրտխառնոցի դեմ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունն է, որոնք որոշ հղիներ ընդունում են առավոտյան սրտխառնոցը կոնպենսացնելու համար:

 

  • Սնունդ և խմիչք

Կծու կերակուրները, ալկոհոլը և կոֆեինը կարող են դրդել քրտնոտությունը, ուստի ձեր սննդակարգում դրանց սահմանափակումը կարող է օգնել վերահսկել գերքրտնարտադրությունը: (Պետք է խուսափեք ալկոհոլից և ցանկացած դեպքում հղիության ընթացքում խուսափեք կամ սահմանափակեք կոֆեինը. և կծու կերակուրները կարող են առաջացնել այրոց, ինչպես նաև քրտնոտություն):

 

Երբ է այն սկսվում և ավարտվում

Հավելյալ քրտնոտությունը ամբողջ հղիության ընթացքում և հետծննդյան շրջանում նորմալ է: Այնուամենայնիվ, առաջին և երրորդ եռամսյակները այն շրջաններն են, երբ գերքրտնարտադրությունը ամենատարածվածն է և ծանրը:


Շատ կանայք հղիության ընթացքում քրտնոտություն են զգում բավականին վաղ: Հորմոնալ փոփոխությունները և արյան շրջանառության ավելացումը փոքրինչ բարձրացնում են ձեր մարմնի ջերմաստիճանը հղիանալուց անմիջապես հետո, և այս փոքրիկ բարձրացումը բավական է, որպեսզի ջերմություն զգաք և քրտնեք ավելի շատ, քան սովորաբար: Երբեմն սա հղիության առաջին նշաններից մեկն է, որը կինը նկատում է:


Որոշ կանայք երկրորդ եռամսյակում ազատվում են քրտնոտությունից: Այնուամենայնիվ, մի զարմացեք, եթե այն վերադառնա վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ մոտենում եք ծննդաբերությանը, հատկապես, եթե երրորդ եռամսյակը ակնկալվում է ամառվա տապին: Բացի այդ, ուսումնասիրությունները պարզել են, որ կանանց մոտ 35%-ը ունենում է տաքության զգացողություն հղիության և հետծննդյան ժամանակահատվածում:


Հետծննդյան քրտնոտությունը նույնպես շատ նորմալ է: Դա այն եղանակներից մեկն է, որի միջոցով ձեր օրգանիզմը ձերբազատվում է հղիության ընթացքում կրած ավելցուկային հեղուկից: Բացի այդ, գիշերային քրտնոտությունը (գիշերային հիպերհիդրոզ)՝ հետծննդաբերական հորմոնալ փոփոխությունների պատճառով, կարող է առաջանալ, երբ ձեր մարմինը երեխայի ծնվելուց հետո վերադառնա հավասարակշված վիճակի:

Ծննդաբերությունից հետո կարող եք քրտնել մի քանի շաբաթ, քանի որ ձեր հորմոնները կարգավորվում են և մարմինը վերադառնում է նախնական վիճակին:

 

Մեղմացման եղանակներ

Պարտադիր չէ տաք և քրտնած զգալու համար տոթ և խոնավ օր լինի, երբ հղի եք: Հղիները ձմռան ցուրտ ամիսներին նույնպես քրտնում են: Դուք շատ բան չեք կարող անել հղիության հորմոնների և ձեր օրգանիզմի արձագանքի վերաբերյալ, բայց կան արդյունավետ ռազմավարություններ, որոնք ձեզ կօգնեն գտնել մեղմացում:

 

Սառեցման խորհուրդներ

  • Խմեք շատ ջուր կամ այլ առողջարար հեղուկներ՝ ջրազրկումից խուսափելու և փոխարինելու համար խոնավության կորուստը:
  • Հագեք թեթև և շնչող հագուստ բնական կտորներից, ինչպիսին օրինակ բամբակն է և խուսափեք տաք նյութերից, ինչպիսին է բուրդը:
  • Ամենօրյա լոգանք կամ ցնցուղ ընդունեք գոլ ջրով, որպեսզի զովանաք և ձեզ թարմ զգաք:
  • Օգտագործեք հակաքրտինքային միջոց:
  • Միացրեք օդորակիչը կամ տեղադրեք օդափոխիչ:
  • Զերծ մնացեք այն սննդամթերքներից և խմիչքներից, որոնք հայտնի են որպես մարմնի ջերմությունն ու քրտնոտությունը բարձրացնողներ:
  • Դուրս գալուց ձեզ հետ ունեցեք ձեռքի օդափոխիչ։
  • Պայուսակում ունեցեք փոքրիկ խոնավ անձեռոցիկներ։
  • Սառը ջուր շաղ տվեք ձեր դեմքին կամ դրեք խոնավ, սառը թրջոց ճակատին:
  • Փորձեք պահպանել ձեր բժշկի ցուցումները քաշի ավելացման համար, քանի որ լրացուցիչ կիլոգրամները կարող են ստիպել ձեզ ավելի տաք զգալ:

 

 

Սառեցման խորհուրդներ տաք եղանակին

  • Փորձեք զերծ մնալ արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես օրվա ամենաշոգ հատվածում. հնարավորության դեպքում ստվեր փնտրեք:
  • Դուրս գալիս օգտագործեք արևապաշտպանիչ քսուք:
  • Պլանավորեք ձեր զբոսանքը առավոտյան կամ երեկոյան, երբ ջերմաստիճանը ավելի ցածր է:
  • Եթե մարզվում եք, մնացեք օդորակվող սենյակում կամ մարզվեք օրվա զով ժամերին:
  • Օրն անցկացրեք օդորակվող վայրերում, ինչպիսիք են առևտրի կենտրոնները կամ կինոթատրոնները:
  • Գնացեք լողի։

Գիշերային քրտնարտադրություն

Հղիության ընթացքում քնելը, հատկապես երրորդ եռամսյակում, խնդիր է ցանկացած ապագա մայրիկի համար, հատկապես նրանց համար, ովքեր ունենում են գիշերային քրտնոտություն: Գիշերային քրտնոտությունը ավելին է, քան պարզապես ջերմության և քրտինքի զգացումը: Դա կարող է լինել խոնավ քրտինք, որը կարող է թրջել ձեր գիշերազգեստը և սավանը: Դրանք ոչ միայն անհարմար են, այլև հակված են խանգարել ձեր քունը՝ արթնացնելով գիշերը և պահանջելով հագուստի ու անկողնու փոխելը: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել գիշերային քրտնոտությունը հղիության և հետծննդյան ժամանակահատվածում:

  • Անկողնում հագեք թեթև և ազատ գիշերազգեստ
  • Փոխեք ձեր սավանները ավելի թեթև գործվածքների կամ ավելի սառը
  • Փոխեք ավելի թեթև կամ բարակ բամբակե վերմակի, ծածկոցի կամ փետուրե ծածկոցի: Կարող եք նաև անկողնու մոտ դնել ձեր սեփական սավանները և ծածկոցները, որպեսզի կարողանաք օգտագործել միայն այն, ինչ ձեզ հարկավոր է գիշերվա ընթացքում:
  • Միացրեք օդորակիչը, որպեսզի սենյակը հովանա:
  • Միացրեք առաստաղի օդափոխիչը, եթե այն կա, կամ ձեր ննջասենյակի համար գնեք կամ վերցրեք հատակի օդափոխիչ:
  • Հնարավորության դեպքում բացեք պատուհանը, որպեսզի որոշակի թարմ, սառը օդ մուտք գործի սենյակ:
  • Քնեք սրբիչի կամ մի քանի սրբիչների վրա` քրտինքը կլանելու և սավանները պաշտպանելու համար: Ավելի հեշտ է լվանալ սրբիչները, քան ամեն օր կամ գիշերվա կեսին սավանները փոխել և լվանալ:
  • Օրվա ընթացքում շատ խմեք օգտակար հեղուկներ՝ լրացնելու այն քանակը, որը կորցնում եք գիշերային քրտնոտությունից:

Երբ զանգահարել ձեր բժշկին

Չնայած քրտնելն ու գիշերային քրտնոտությունը հղիության բնորոշ կողմնակի ազդեցություններ են, խորհուրդ է տրվում բժշկի հետ քննարկել ձեր ախտանիշները նախածննդյան այցերի ընթացքում: Այնուհետև ձեր բժիշկը կարող է հաստատել, թե արդյոք դա կապված է հղիության հետ, թե այլ բանի: Նրանք նաև կարող են պատասխանել ձեր ցանկացած հարցին, խորհուրդ տալ մեղմացման միջոցներ և ձեզ հետ հետևել, թե ինչպես է ձեր մարմինը (և քրտնարտադրության մակարդակը) ծննդաբերությունից հետո վերադառնում նախկին վիճակին:

Պետք է անհապաղ զանգահարեք ձեր բժշկին, եթե՝

  • Ամբողջ մարմինը քոր է գալիս, հատկապես եթե չունեք ցան։
  • Ձեր ջերմաստիճանը գերազանցում է 37.8°C է։
  • Ունեք ջրազրկման կամ հիվանդության ախտանիշներ
  • Զգում եք գլխապտույտ կամ թույլ եք
  • Չափազանց անհանգիստ եք
  • Քրտնելը չի բարելավվում երեխայի ծնվելուց հետո վեց շաբաթվա ընթացքում:
  • Ունեք որևէ լուրջ հարց կամ մտահոգություն

Հղիության բարդություններ, որոնք պետք է իմանաք

Լավագույն նյութերից

Քրտնելը հղիությանը բնորոշ անհանգստություն է: Կարող եք ունենալ կարմրություն, տաքության զգացողություն կամ արթնանալ քրտինքի քորից: Այս ամբողջ քրտինքը կարող է լինել անհարմար, բայց դա հղիության նորմալ մասն է և, որպես կանոն, անհանգստանալու առիթ չէ: Թեև դուք չեք կարող վերահսկել ձեր հորմոնները, մարնի ջերմությունը, դուք սովորաբար կարող եք որոշ միջոցներ ձեռնարկել։ Բարեբախտաբար քրտնոտության դեպքում լուրջ բարդացումները հազվադեպ են։ Քանի դեռ դուք մնում եք խոնավ և փորձում եք ձեր մաշկը պահել սառը և չոր վիճակում, պետք է կարողանաք կանխել հավանական խնդիրները, ինչպիսիք են գերտաքացումը, ջրազրկումը և մաշկային ցաները: Մեծ հաշվով քրտնոտությունը լավ նշան է, որ ձեր հղի մարմինը գործում է այնպես, ինչպես որ պետք է գործեր և դա մի բան է, որի համար պետք է ուրախ լինել։