Երբեմն, ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ անհրաժեշտ է լինում իրականացնել ալերգիաների թեստեր, չնայած նրան, որ հակալաերգիկ դեղամիջոցներից շատերը կարելի է օգտագործել շատ փոքր տարիքում՝ սկսած 6 ամսականից։ Ի՞նչ պետք է իմանալ թեստերի հասանելի տեսակների մասին։

Ալերգիայի մաշկային թեստ

 

Շատ ծնողներ կարծում են, որ իրենց երեխան պետք է հասնի որոշակի տարիքի, օրինակ՝ երբ սկսի հաճախել դպրոց, մինչև կարելի լինի իրականացնել ալերգիայի թեստ։ Սա հիմնականում կապված է նրա հետ, որ նրանք կարծում են, որ ալերգիայի թեստերը՝ հատկապես մաշկային թեստը, ցավոտ են։ Ալերգիայի մաշկային թեստ իրականացնելու համար չկան որևէ տարիքային սահմանափակումներ։

Սակայն, բժիշկների մեծամասնությունը շատ հազվադեպ են 6 ամսականից փոքր երեխաների մոտ իրականացնում ալերգիայի մաշկային թեստեր, իսկ իրականացնելու դեպքում ստուգվում են մի քանի սննդամթերքների՝ կաթի, սոյայի, ձվի, կամ էլ կենցաղային փոշիների նկատմամբ ալերգիայի առկայությունը՝ կախված երեխայի կլինիկական պատմությունից։

Ալերգիայի արյունով թեստավորում

 

Ալերգիայի արյունով թեստավորումը սովորաբար ավելի քիչ զգայուն է քան մաշկայինը, բայց այն որոշ դեպքերում ունի առավելություններ։

Նրանք նաև ավելի արդյունավետ են, երբ խոսքը գնում է սննդային ալերգիաները պարզելու մասին։ Ալերգիայի արյունով թեստերի դեպքում չկա ալերգիկ ռեակցիայի զարգացման որևէ վտանգ, և չկա անհրաժեշտություն մինչև հետազոտության իրականացումը դադարեցնել հակաալերգիկ դեղորայքի օգտագործումը։

Մեկ այլ առավելություն այն է, որ այս հետազոտությունը կարող է իրականացնել ձեր մանկաբույժը, այսինքն` ստիպված չեք լինի առանձին ժամագրվել ալերգոլոգի մոտ։ Գոյություն ունի ալերգիայի արյունով թեստավորման 2 հիմնական տեսակ։

RAST (ռադիոալերգոսորբենտային թեստ)

 

Ռադիոալերգոսորբենտային թեստավորումը, կամ պարզապես RAST-ը համարվում է թեստավորման տեսակներից մեկը, սակայն այն, համեմատած այլ մեթոդների հետ, ինչպիսին է ImmunoCAP-ը, համեմատաբար հին է։

Որոշ բժիշկներ, այնուամենայնիվ, իրականացնում են այս հետազոտությունը։ RAST-ի բացասական կողմերից մեկն այն է, որ ի տարբերություն մաշկային թեստերի, որի ժամանակ ալերգիայի առկայության դեպքում մաշկին առաջանում է եղնջացան, այս դեպքում պարզապես արյան մեջ չափվում են հակամարմինների քանակը, և նրանց ցածր մակարդակը միշտ չէ, որ նշանակում է, որ երեխայի մոտ իսկապես կա այդ ալերգենի նկատմամբ ալերգիա։

Այսպիսով` ձեր բժիշկը պետք է մանրակրկիտ ուսումնասիրի և վերծանի RAST հետազոտության արդյունքները, այլապես ձեզ կարող են ասել, որ ձեր երեխան ալերգիկ է հնարավոր ամենինչի նկատմամբ, քանզի նրա մոտ կարող են շատ տարբեր բաների նկատմամբ լինել քիչ քանակությամբ հակամարմիններ, ինչը կարող է նորմալ լինել։ Այլ կերպ ասած կարող են լինել կեղծ դրական պատասխաններ։

ELISA (ֆերմենտ կապակցված իմունոսորբենտային հետազոտություն)

 

Ֆերմենտ կապակցված իմունոսորբենտային հետազոտությունը (ELISA) լայնորեն փոխարինել է RAST հետազոտությանը՝ ալերգիաների թեստավորման համար։

Այն բազմաթիվ առավելություններ ունի RAST-ի նկատմամբ՝ զերծ է ռադիոակտիվությունից և ավելի զգայուն է։ Ինչպես և RAST-ը, այս հետազոտությունը նույնպես ավելի լավ է հայտնաբերում սննդային ալերգիաները, քան ալերգիայի մաշկային թեստը։

Ե՞րբ պետք է երեխաները հանձնեն ալերգիայի թեստ։

Որոշելուց հետո, թե ալերգիայի թեստավորման որ եղանակն է ավելի լավ ձեր երեխայի համար, դուք պետք է որոշեք, թե երբ այն իրականացնել։ Ինչպես նշված է վերևում, երեխաները կարող են հանձնել ալերգիայի թեստ անգամ նորածին հասակում։ Հարցը կայանում է նրանում, թե ինչի նկատմամբ և ինչու եք պլանավորում թեստավորել ձեր երեխային։ Մտածեք հետևյալ պատճառների մասին, և թե ինչպես թեստավորումը՝ և դրա արդյունքում ալերգիայի պատճառը պարզելը, կարող է ձեզ օգնել։

Մի քանի պատճառ, թե ինչու ձեր երեխային պետք է ալերգիայի թեստ հանձնել

Միայն այն, որ ձեր երեխան ունի ալերգիաներ, դեռ չի նշանակում որ նա ունի ալերգիայի նկատմամբ թեստավորման կարիք, հատկապես եթե նրա ախտանիշները հեշտորեն կառավարվում են հակաալերգիկ դեղորայքի միջոցով, օրինակ՝ Կլարինեքս, Կլարիտին, Սինգուլեյր կամ Զիրտեկ, կամ էլ պարզապես ալերգիայի պատճառ հանդիսացող գործոնից խուսափելով, անգամ եթե դուք վստահ չեք, թե կոնկրետ ինչն է հրահրում ձեր երեխայի մոտ ալերգիկ ռեակցիայի առաջացումը։ Արդյո՞ք ձեր երեխայի սեզոնային ալերգիաները այնքան ծանր են, որ դուք մտածում եք ալերգիայի թեստ հանձնելու մասին։

Բացի ակնհայտ պատճառներից կան ևս մի քանի պատճառ, թե ինչու պետք է մտածեք ձեր երեխային ալերգիաների նկատմամբ թեստավորելու մասին։ Այդ պատճառներն են՝

  • Սննդային ալերգիաներ նորածինների և փոքր երեխաների մոտ սննդային ալերգիաները թեստավորման հիմնական պատճառներն են։
  • Էկզեմա (ատոպիկ դերմատիտ) էկզեման՝ սննդային ալերգիաների հետ մեկտեղ, ալերգիայի թեստ հանձնելու տարածված պատճառներից մեկն է, հատկապես, եթե այն դժվարությամբ է կառավարվում։
  • Ասթմա․ ասթման հրահրող գործոնները պարզելը կարող է շատ օգտակար լինել երեխայի ախտանիշները կառավարելու հարցում։
  • Կրկնվող մրսածություն կամ քրոնիկ սինուսիտ․ եթե ձեր երեխայի քիթը միշտ հոսում է, կամ նա ունի գանգի ծոցերի կրկնվող ինֆեկցիաներ, ապա շատ դժվար է հասկանալ, թե իրականում դա կրկնվող վարակ է, թե դրա փոխարեն երեխայի մոտ առկա է ալերգիա։ Սա հատկապես դժվար է պարզել այն դեպքում, երբ երեխան հաճախում է մանկապարտեզ և շփում է ունենում բազմաթիվ ինֆեկցիաների հետ։

Երեխաները և սննդային ալերգիաները

 

 

Ինչպես նշվեց վերևում, ալերգիայի արյունով թեստավորումները սննդային ալերգիաները հայտնաբերելու լավ եղանակ են, և բացի նրանից, որ կարող եք իմանալ, թե կոնկրետ որ սննդատեսակի նկատմամբ է ձեր երեխայի ալերգիան, դուք կարող եք նաև պարզել ալերգիկ ռեակցիայի ուժգնությունը՝ կախված արյան մեջ հակամարմինների քանակից։

Եթե ալերգիայի հնարավոր պատճառը չեն հանդիսանում գետնանուշը կամ ծովամթերքը, ապա ալերգիայի թեստ հանձնելու փոխարեն կարող եք փորձել բացառող դիետան, որը երբեմն կարող է տալ հարցի պատասխանը առանց անհարմարություն պատճառելու և ալերգիայի թեստի համար ծախսեր իրականացնելու։