Ինչպես պայքարել երեխաների փորկապության դեմ

 

Եթե դուք ծնող եք և ունեք փոքրիկ երեխա, ապա, ամենայն հավանականությամբ, դուք շատ հաճախ նայում եք ձեր երեխայի տակդիրի մեջ՝ որպես նրա առողջության չափանիշներից մեկը։ Եթե ձեր երեխան պարբերաբար կղազատում է, ապա դա նշան է նրա, որ նա բավականաչափ սնունդ է ստանում։ Բայց եթե ձեր երեխան պարբերաբար չի կղազատում կամ դժվարանում է կղազատել, ապա նրա մոտ կարող է լինել փորկապություն։ Երեխայի փորկապության դեմ պայքարելու համար դուք նախ պետք է հաստատեք նրա մոտ փորկապության առկայությունը, այնուհետև բուժեք այն, և հետագայում քայլեր ձեռնարկեք փորկապության առաջացումը կանխարգելելու համար։

Հաստատեք երեխայի մոտ փորկապության առկայությունը

1 Իմացեք կղազատելու նորմալ պարբերականությունը։ Կյանքի առաջին ամսում երեխաների մեծ մասը ամեն օր կղազատում են։ Բայց մեծանալուն զուգընթաց՝ երեխաները աղիքները կարող են գործել մեկ օրից մինչև մեկ շաբաթ պարբերականությամբ։ Եթե մտահոգված եք, որ գուցե ձեր երեխայի մոտ կա փորկապություն, ապա հիշեք, որ ձեր երեխայի կղազատելու նորմալ պարբերականությունը կարող է լայնորեն տատանվել՝ կախված զանազան գործոններից։

  • Իմացեք, որ կրծքով կերակրվող երեխաները շատ հաճախ կարող են մեկ ամբողջ շաբաթ չկղազատել։ Նմանատիպ տատանում կարող է դիտվել նաև արհեստական կաթնախառնուրդով սնվող երեխաների մոտ։
  • Ձեր երեխայի աղիքների գործունեությունը վերահսկելու համար օգտագործեք հետևյալ միջին չափանիշները 0-4 ամսական երեխաները օրեկան կղազատում են միջինում 3-4 անգամ։ Նրանից հետո, երբ երեխաները սկսում են սնվել պինդ սնունդով՝ այդ թիվը նվազում է մինչև օրեկան մոտավորապես մեկ կղազատում։

2 Ուշադիր եղեք ֆիզիկական ախտանիշների նկատմամբ։ Դուք կարող եք կասկածել, որ ձեր երեխայի մոտ կա փորկապություն, եթե նա չի կղազատում։ Սա փորկապության հիմնական նշանն է, բայց ոչ միակը։ Եթե ձեր երեխայի մոտ նկատեք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը, ապա նրա մոտ հնարավոր է լինի փորկապություն՝

    • Պինդ փորիկ, որը ցավոտ է շոշափման ժամանակ
    • Պինդ կղանք
    • Կղանք, որը դժվարությամբ է դուրս գալիս
    • Կղանքի վրա վառ կարմիր արյան գծային հետք
    • Երեխան 10 րոպեից ավել լարվում է առանց որևէ հաջողության
    • Մանր գնդիկավոր կղանք
    • Երեխան կորացնում է մեջքը

 

  • Երեխան ձգում է հետույքի մկանները

 

3 Ուշադիր եղեք վարքային նշաններին։ Փորկապությունը ձեր երեխայի համար կարող է շատ ցավոտ և նյարդայնեցնող լինել։ Ի հավելում ֆիզիկական նշանների՝ երեխայի մոտ կարող են դիտվել նաև փորկապության վարքային նշաններ։ Եթե երեխայի մոտ նկատեք հետևյալ վարքային նշաններից որևէ մեկը, ապա նրա մոտ հնարավոր է լինի փորկապություն՝

  • Երեխան լարված դեմքեր է անում
  • Հրաժարվում է ուտելուց
  • Լաց է լինում

 

Փորկապության բուժումը դիետայի և շարժվելու միջոցով

1 Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ձեր երեխան նորածին է։ Նորածնին կամ մինչև 3 ամսական երեխային հյութ կամ ջուր տալը կարող է վտանգավոր լինել։ Դրա փոխարեն, եթե կասկածում եք, որ ձեր փոքրիկի մոտ կա փորկապություն, զանգահարեք ձեր մանկաբույժին և նրան իմաց տվեք դրա մասին։ Բժշկին տրամադրեք ցանկացած անհրաժեշտ ինֆորմացիա և մանրուք և ուշադիր լսեք նրա տված բոլոր խորհուրդներին, որպեսզի օգնեք ձեր բալիկին ազատվել փորկապությունից՝ առանց որևէ բժշկական միջամտություն։

2 Երեխային ջուր խմացրեք։ Եթե կասկածում եք, որ ձեր երեխայի մոտ կա փորկապություն, ապա նրան սովորական կերակուրներից մեկի ժամանակ խմացրեք հավելյալ ջուր։ Սկսեք 60-120 միլիլիտր ջրից, ինչից հետո փորձեք հասկանալ, թե ձեր երեխային փորկապությունից ազատվելու համար որքան ջուր է պետք՝ ավելի շատ, թե քիչ։

  • Կարող եք օգտագործել սովորական ծորակի ջուր, կամ ցանկության դեպքում չգազավորված շշալցված ջուր։ Լցրեք ջուրը ձեր երեխայի մաքուր բաժակներից մեկի մեջ։
  • Երեխային ջուրը տվեք օրեկան ընդամենը մեկ անգամ, քանզի մեծ քանակով ջուրը կարող է վտանգավոր լինել նրա համար։

3 Ձեր երեխային տվեք մրգի հյութ։ Եթե ջուրը չի օգնում ձեր երեխային, ապա անցեք մրգի հյութին։ Երեխային սովորական կերակուրներից մեկի ժամանակ, որպես հավելում խմացրեք 60-120 միլիլիտր սալորի կամ դեղձի հյութ։ Այնուհետև փորձեք հասկանալ փորկապությունից ազատվելու համար ձեր երեխային անհրաժեշտ հյութի քանակը։

  • Եթե կարծում եք, որ հյութը շատ խիտ է երեխայի համար, ապա նոսրացրեք այն՝ մեկ բաժին հյութին խառնելով մեկ բաժին սովորական ջուր։ Ինչպես նաև, եթե ձեր երեխային դուր չի գալիս սալորի կամ դեղձի հյութ, ապա կարող եք նրան տալ խնձորի հյութ։

4 Կերակրեք ձեր երեխային բջջանքով հարուստ պինդ սննդով։ Եթե ձեր երեխան արդեն ուտում է պինդ սնունդ, ապա կարող եք նրա ճաշացանկում ավելացնել բջջանքով հարուստ սնունդ։ Սա կօգնի թուլացնել կղանքը և կարող է լավացնել երեխայի աղիքների գործունեությունը։

    • Կերակուրներից մեկի ժամանակ տվեք երեխային սալորի կամ դեղձի խյուս։
    • Երեխայի ճաշացանկում բրինձը փոխարինեք գարիով։

 

  • Փորձեք անգլերեն «P» տառով սկսվող մրգեր՝ տանձ (pear), սալոր (plum) և դեղձ (peach), ինչպես նաև «B» տառով սկսվող բանջարեղեններ՝ բրոկոլի (broccoli), լոբի (beans) և Բրյուսելյան կաղամբ (Brussels sprouts):

5. Երեխայի ոտքերով կատարեք հեծանվի շարժումներ։ Շարժումներն ու ակտիվությունը կարող են խթանել երեխայի աղիքների գործունեությունը։ Երեխայի ոտքերը հեծանվի պես շարժելը կարող է շարժել նրա աղիքները և դրա շնորհիվ բերել կղազատման։

  • Զգուշորեն շարժեք երեխայի ոտքերը և այդ ընթացքում խոսեք նրա հետ՝ նրան հանգստացնելու և ցավից կամ այլ տհաճ զգացողություններից շեղելու համար։

6 Պառկեցրեք երեխային փորիկի վրա և թողեք, որ նա այդ դիրքում որոշակի ժամանակ անցկացնի։ Փորիկի վրա պառկած ժամանակ անցկացնելը շատ կարևոր է ցանկացած երեխայի զարգացման համար։ Բայց փորիկի վրա ժամանակ անցկացնելը նաև կարող է օգնել ազատվել գազերից և կարող է խթանել աղիքների գործունեությունը։ Պառկեցրեք երեխային փորիկի վրա մաքուր հատակին կամ էլ ձեր ծնկներին՝ մոտավորապես 20 րոպեով, որպեսզի տեսնեք, թե արդյոք դա օգնում է խթանել նրա աղիքների գործունեությունը։

7 Մերսեք ձեր բալիկի փորիկը։ Մերսումը կարող է հանգստացնել և հաճույք պարգևել ցանկացած երեխայի։ Դա կարող է նաև շարժել երեխայի փորիկում թակարդված գազերը և օգնել նրա աղիքներին գործել։ Փորձեք ժամ սլաքի ուղղությամբ տրորել ձեր երեխայի փորիկը՝ տեսնելու համար, թե դա օգնում է ազատվել փորկապությունից, թե ոչ։

  • Դուք կարող եք մերսել ձեր երեխային տաք լոգանքի ժամանակ։ Ջուրը պետք է լինի մինչև իր կրծքավանդակի մակարդակը։ Քանզի այս պարագայում երեխան լիցքաթափվում և հանգստանում է՝ դա նաև կարող է նպաստել, որպեսզի աղիքները գործեն։ Իհարկե, սա մի փոքր կեղտոտ միջոց է, բայց կարող է ձեր երեխային ազատել փորկապությունից։

Օգտագործեք դեղամիջոցներ և բուժում

1 Խոսեք ձեր բժշկի հետ։ Եթե սննդակարգի փոփոխությունները և շարժվելը չի օգնում ձեր երեխային ազատվել փորկապությունից, ապա հերթագրվեք նրա մանկաբույժի մոտ։ Բժիշկը կարող է ախտորոշել երեխայի խնդիրը և առաջարկել այլընտրանքային դիետա կամ դեղորայքային բուժում։

  • Երբեմն մանկաբույժները երեխաների փորկապության բուժման համար նշանակում են դեղամիջոցներ, նրանք դեպի աղիքի լուսանցք են քաշում մեծ քանակությամբ ջուր, ինչի շնորհիվ կղանքը դառնում է փափուկ և հեշտությամբ դուրս է գալիս։
  • Տրամադրեք ձեր բժշկին ցանկացած ինֆորմացիա, որը նրան անհրաժեշտ է ձեր երեխային ճիշտ ախտորոշելու և նրա խնդիրը բուժելու համար։ Ասացեք նրան թե երեխայի սննդակարգի ինչպիսի փոփոխություններ եք արել և այլ ինչ միջոցներ եք ձեռնարկել նրա փորկապությունը բուժելու համար։
  • Երեխայի մանկաբույժին կարող եք տալ ցանկացած հարց կապված նրա փորկապության, դրա բուժման և հետագայում այն կանխարգելելու վերաբերյալ։

2 Դրեք գլիցերինի մոմիկներ։ Եթե ձեր երեխան մի քանի օր է ինչ չի կղազատել, ապա կարող եք փորձել գլիցերինի մոմիկներ։ Երեխայի հետանցքի մեջ մեկ մոմիկ տեղադրելը կարող է նրան օգնել արագորեն ազատվել փորկապությունից։ Բայց իմացեք, որ գլիցերինի մոմիկները կարելի է օգտագործել շատ հազվադեպ դեպքերում։

  • Գնեք մոմիկները տարածքային դեղատնից։ Այս մոմիկները հասանելի են առանց դեղատոմսի։ Դուք կարող եք գնել նաև հեղուկ գլիցերին, որը պետք է կաթեցնեք ձեր երեխայի ուղիղ աղիքի մեջ։
  • Համոզվեք, որ օգտագործում եք ձեր երեխայի տարիքին համապատասխանող մոմիկի տեսակն ու չափսը։
  • Մտցրեք մոմիկը ձեր երեխայի հետանցքի մեջ այնքան խորը, որքան հնարավոր է։ Երեխայի հետույքի թշերը մի քանի րոպե սեղմած պահեք իրար՝ մինչև մոմիկը ամբողջովին չլուծվի։ Մոմիկը մտցնելու և երեխայի հետույքը սեղմած պահելու ընթացքում խոսեք նրա հետ և հանգստացրեք նրան, որպեսզի երեխան չվախենա այդ պրոցեսից։

3 Զգուշացեք հանքային յուղերից, խթանիչ լուծողականներից և հոգնաներից։ Գոյություն ունեն իրարամերժ տեղեկություններ կապված այն բանի հետ, թե արդյոք բացի գլիցերինի մոմիկներից այլ լուծողականներ օգտագործելը անվտանգ է երեխաների մոտ փորկապությունը բուժելու համար։ Այդ իսկ պատճառով մինչև որևէ դեղորայք օգտագործելը խոսեք երեխային մանկաբույժի հետ, որպեսզի համոզվեք, որ այն անվտանգ է ձեր երեխայի փորկապությունը բուժելու համար։

4 Երեխային գդալով տվեք եգիպտացորենի օշարակ։ Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս երեխաների փորկապության բուժման համար նրանց տալ եգիպտացորենի օշարակ։ Սա ունի մրգեր ուտելու կամ մրգերի հյութ խմելու նման ազդեցություն։ Փորձեք երեխային ամեն օր տալ 1-2 ճաշի գդալ եգիպտացորենի օշարակ՝ փորկապությունը բուժելու համար։

5 Աղիքների գործունեությունը լավացնելու համար կարող եք օգտագործել կտավատ։ Կտավատի ձեթը կարող է օգնել երեխային ազատվել փորկապությունից։ Որպես հավելում, այն նաև կարող է լավացնել այն վիտամինների և սննդանյութերի ներծծումը, որոնք երեխան կորցնում է փորկապության պատճառով։

  • Փորկապության դեմ պայքարելու համար երեխային ամեն օր տվեք մեկ թեյի գդալ կտավատի ձեթ։

Ինչպես կանխարգելել փորկապությունը երեխայի մոտ

1 Ճանաչեք երեխաների մոտ փորկապություն առաջացնող պատճառները։ Երեխաների մոտ փորկապություն կարող է զարգանալ զանազան պատճառներով՝ սկսած սննդակարգի փոփոխությունից, վերջացրած հուզական դիսթրեսով։ Հայտնաբերելով հնարավոր պատճառը՝ դուք կկարողանաք գտնել երեխայի փորկապությունը բուժելու և այն կանխարգելելու ճիշտ եղանակը։ Երեխաների մոտ փորկապության առաջացման պատճառներն են՝

    • Նոր սննդատեսակի կամ կաթի ավելացումը
    • Հուզական դիսթրեսը
    • Ջրի ոչ բավարար օգտագործումը
    • Բջջանքի ոչ բավարար օգտագործումը
    • Կաթնամթերքը, օրինակ՝ պանիր կամ յոգուրտ
    • Շատ քանակությամբ խնձորի խյուսը, բանանը կամ հացահատիկները

 

  • Ավելի լուրջ խնդրի առկայություն, օրինակ վահանաձև գեղձի հիվանդություն, ցիստիկ ֆիբրոզ կամ Հիրշպրունգի հիվանդություն (չնայած սա շատ հազվադեպ է հանդիպում)

 

2 Շատ ուշադիր եղեք երեխայի սննդակարգում փոփոխություններ կատարելիս։ Երեխային պինդ սնունդ տալ սկսելը, կամ նոր տեսակի կաթ կամ կաթնախառնուրդ տալը կարող է առաջացնել փորկապություն։ Երեխայի սննդակարգում որևէ փոփոխություն կատարելուց հետո մի քանի շաբաթ ուշադրություն դարձրեք երեխայի աղիքների գործունեությունը՝ փորկապության նշանները վաղ հայտնաբերելու համար, մինչև այն չդառնա ցավոտ խնդիր։

  • Այսպիսի փոփոխություններ կատարելիս ուշադիր եղեք երեխայի կղանքի և վարքային փոփոխություններին։ Ջրիկ կղանքի փոխարեն տակդիրի վրա անգամ մի քանի պինդ գնդիկների առկայությունը արդեն կարող է ահազանգել փորկապության սկսվելու մասին։

3 Սահմանափակեք այնպիսի սնունդը, որը կարող է առաջացնել փորկապություն։ Երեխայի սննդակարգում որոշ սննդատեսակներ կարող են նրա մոտ փորկապության առաջացման պատճառ հանդիսանալ՝ հատկապես եթե երեխան այդ սննդատեսակները շատ է ուտում։ Եթե երեխային կերակրում եք ձեր կրծքի կաթով, ապա դուք նույնպես պետք է ուշադիր լինեք, թե ինչ եք ուտում՝ փորձեք որոշ ժամանակով բացառել կաթնամթերքը և դրա փոխարեն օգտագործեք սոյայից պատրաստված մթերք։ Նվազեցնելով հետևյալ սննդատեսակների օգտագործումը ձեր երեխայի մոտ կօգնի նրան նվազեցնել փորկապության ցավոտ էպիզոդների հաճախականությունը

  • Յոգուրտ
  • Պանիր
  • Խնձորի խյուս
  • Բանան
  • Հացահատիկ, հատկապես բրինձ
  • Սպիտակ բրինձ
  • Սպիտակ հաց
  • Սպիտակ մակարոն

4 Երեխայի ճաշացանկում ավելացրեք բջջանքով հարուստ սննդատեսակներ։ Բջջանքը օգնում է կղանքին աղիքներով ավելի արագ շարժվել։ Եթե ձեր երեխային, որպես նրա սննդակարգի մի մաս տաք բջջանքով հարուստ մեծ քանակությամբ սննդատեսակներ, ապա կնվազեցնեք նրա մոտ փորկապության զարգացման հավանականությունը։ Հետևյալ սննդատեսակները պարունակում են մեծ քանակությամբ բջջանք և կարող են օգնել կանխարգելել ձեր երեխայի մոտ փորկապության առաջացումը

  • Թեփ
  • Բջջանքով հարուստ հացահատիկներ
  • Ամբողջական ցորենից պատրաստված մակարոն
  • Գորշ (շագանակագույն) բրինձ
  • Տանձ
  • Սալոր
  • Դեղձ
  • Սալորաչիր
  • Բրոկոլի
  • Լոբի
  • Բրյուսելյան կաղամբ

 

Խորհուրդներ

  • Իմացեք, որ արյան գծային հետքը կղանքի վրա կարող է երեխայի հետանցքի մոտ գտնվող փափուկ հյուսվածքների պատռվածքի նշան լինել, ինչը կարող է առաջանալ երբ երեխայի մարմինը սկսում է սովորել նոր սննդատեսակներին։ Ամենայն հավանականությամբ այս դեպքում անհանգստանալու կարիք չկա, այնուամենայնիվ, այս հարցով խորհրդակցեք ձեր երեխայի մանկաբույժի հետ։
  • Եթե ձեր երեխայի փորկապությունը բավականին ծանր է, կամ չնայած բուժմանը այն չի անցնում, ապա երեխայի մանկաբույժը կարող է ձեզ ուղղորդել ստամոքսաղիքային խնդիրներով զբաղվող կամ անգամ հենց միայն փորկապությամբ զբաղվող մասնագետի մոտ։ Շատ հազվադեպ՝ փորկապության պատճառը հայտնաբերելու համար, կարիք է լինում իրականացնել որոշ հետազոտություններ։

Զգուշացումներ

  • Մինչև երեխայի ճաշացանկի մեջ նոր սննդատեսակ, մրգի հյութ կամ ջուր ավելացնելը խորհրդակցեք նրա մանկաբույժի հետ։