Ակնարկ Պերտեսի հիվանդության մասին

 

 

Այս հոդվածում

  • Ախտանշաններ
  • Պատճառներ
  • Ախտորոշում
  • Բուժում

Պերտեսի հիվանդությունը ախտահարում է կոնքազդրային հոդը, այն սկսվում է մանկական տարիքից և կարող է բերել կոնքազդրային հոդի շրջանում ցավոտության, ինչպես նաև կոնքազդրային հոդի երկարատև վնասման: Պերտեսի հիվանդության պատճառը բազմաթիվ տեսությունների առարկա է դարձել, սակայն հստակ ոչինչ չի հայտնաբերվել: Մանկական հասակում Պերտեսի հիվանդությամբ տառապող շատ անձանց մոտ զարգանում է կոնքազդրային հոդի վաղ արթրիտ՝ մեծահասակ տարիքում հաճախ պահանջելով ազդրոսկրի գլխիկի փոխարինում: Բուժման լավագույն մեթոդի ընտրությունը կախված է այն տարիքից, երբ ախտորոշվել է հիվանդությունը:

Հիվանդության լրիվ անվանումն է Լեգ-Կալվե-Պերտեսի հիվանդություն (ԼԿՊՀ), ի պատիվ այն բժիշկների, որոնք առաջին անգամ նկարագրել են հիվանդությունը 1900-ականների սկզբին։ Չնայած այս ամենին հիվանդությունը դեռ լիովին պարզաբանված չէ։

Բուժման մեթոդի ընտրությունը վիճահարույց է, երբեմն մանկական հասակում պահանջվում է կատարել վիրահատական միջամտություն, երբեմն էլ հիվանդության բուժումն իրականացվում է ոչ վիրահատական եղանակով: Փոքր երեխաների դեպքում ոչ վիրահատական բուժման մեթոդն հաճախ ավելի արդյունավետ է, մինչդեռ ավելի մեծ տարիքում հիվանդությունն ախտորոշելու դեպքում, երեխաները կարիք են ունենում վիրահատական միջամտության: Հետազոտությունները շարունակվում են՝ պարզելու համար Պերտեսի հիվանդության պատճառները, կանխատեսող գործոնները և իդեալական բուժումը:

Ախտանշաններ

Պերտեսի հիվանդությունն առավել տարածված է 5-8 տարեկան երեխաների շրջանում: Այն կարող է առաջանալ նաև տարիքային ավելի լայն շրջանակում, բայց առավել հաճախ հիվանդությունն ի հայտ է գալիս մանկության այդ տարիներին: Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է տղաների մոտ, տղաների և աղջիկների հանդիպման հաճախականությունը կազմում է 5։1: Պերտեսի հիվանդությամբ ախտորոշված շատ երեխաների կմախքային համակարգը ավելի անհաս է, ի համեմատ իրենց տարիքակից այլ երեխաների: Նրանք հաճախ իրենց ժամանակագրական տարիքից ավելի փոքր են երևում:

 

 

Պերտեսի հիվանդություն ունեցող երեխաների մեծ մասը գանգատվում է կոնքազդրային հոդում թույլ անհանգստության զգացումից կամ կաղությունից, որն էլ նրանց ուղղորդում է բժշկի: Պերտեսի հիվանդության ամենատարածված նշաններն են՝

  • Կոնքազդրային հոդում թեթև անհանգստության զգացում
  • Կաղալով քայլել
  • Կոնքազդրային հոդում շարժումների շրջանակի նվազում

Այս ախտանիշներից բացի, հիվանդության ծանր դեպքերում կարող է զարգանալ նաև վերջույթի մկանային թուլություն։ Ձեր մանկաբույժը ամենայն հավանականությամբ ձեր երեխայի մոտ կստուգի Տրենդելենբուրգի ախտանիշի առկայությունը: Ախտահարված ոտքի վրա կանգնելիս կոնքի հակառակ կողմի դեպի ներքև թեքվելը խոսում է ազդրի զատող մկանների թուլության մասին: Տրենդելենբուրգի այս ախտանիշը հաճախ նկատվում է Պերտեսի հիվանդություն ունեցող երեխաների մոտ:

Պերտեսի հիվանդություն ունեցող երեխաների մոտ, կա կոնքազդրային հոդը կազմող ոսկրերի և աճառների ախտահարում: Ժամանակի ընթացքում տեղի է ունենում ազդրոսկրի գլխիկի մաշում և դեֆորմացիա: Այլ հիվանդություններ նույնպես կարող են հանգեցնել ազդրոսկրի գլխիկի մաշման և դեֆորմացիայի առաջացման, և այդ հիվանդությունները՝ Պերտեսի հիվանության հետ միասին, նույնպես պետք է դիտարկվեն որպես ախտորոշման հնարավոր տարբերակներ: Այլ հիվանդագին վիճակները, որոնք կարող են ընդօրինակել Պերտեսի հիվանդության նշանները, ներառում են՝ մանգաղաձև բջջային անեմիան և կորտիկոստերոիդներով երկարատև բուժումը:

Պատճառներ

Պերտեսի հիվանդության պատճառը լիովին հայտնի չէ, ուստի կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ՝ պարզելու համար այս հիվանդության աղբյուրը: Գոյություն ունի մի տեսակետ, ըստ որի կան որոշակի գենային մուտացիաներ և արյան մակարդելիության հետ կապված խանգարումներ, որոնք կարող են բերել Պերտեսի հիվանդության զարգացմանը: Այնուամենայնիվ, պատճառը դեռևս մնում է անհայտ:

Ի՞նչ է հայտնի

Երեխաների մոտ, ովքեր տառապում են Պերտեսի հիվանդությամբ, խանգարվում է ազդրոսկրի գլխիկի արյան մատակարարումը`առաջացնելով կոնքազդրային հոդի այս հատվածի ոսկրերի և աճառի ախտահարում: Ըստ էության, արյունամատակարարման փոփոխության հետևանքով, ոսկրային բջիջները քայքայվում են՝ հանգեցնելով կոնքազդրային հոդի մաշման: Հիվանդության ծանրությունը կախված է ազդրոսկրի գլխիկի արյունամատակարարման խանգարման աստիճանից: Ավելի ծանր դեպքերում ներգրավում է ազդրոսկրի գլխիկի ավելի մեծ մասը, ինչը հանգեցնում է կոնքազդրային հոդի ավելի լայնածավալ վնասման:

Ախտորոշում

Պերտեսի հիվանդության ախտորոշումը հիմնված է վերը նկարագրված կլինիկական ախտանիշների, ինչպես նաև ազդրոսկրի գլխիկի վնասման աստիճանը գնահատելու համար կատարվող տեսապատկերավորման հետազոտությունների արդյունքների հիման վրա: Չկա արյան որևէ հետազոտություն, որը կախտորոշի Պերտեսի հիվանդությունը: Պերտեսի հիվանդության ախտորոշումը կատարվում է ազդրոսկրի գլխիկի ախտահարման այլ հնարավոր պատճառները բացառելուց հետո:

Սովորաբար կատարվում է ռենտգեն հետազոտություն՝ կոնքազդրային հոդի ոսկրերի ախտահարման աստիճանը գնահատելու համար: Ռենտգեն հետազոտությունը նաև օգտագործվում է Պերտեսի հիվանդությունը ըստ ծանրության աստիճանի դասակարգելու համար: Չնայած նրան, որ Պերտեսի հիվանդության դասակարգումը շատ երկար ժամանակ է ինչ գոյություն ունի, սակայն այս դասակարգման հիման վրա հիվանդության բուժման եղանակի ընտրությունը և կանխատեսումներ անելու հնարավորությունը դեռևս շարունակում է մնալ վիճահարույց։

 

Այնուամենայնիվ, ՄՌՏ-ն ավելի հաճախ է օգտագործվում Պերտեսի հիվանդություն ունեցող երեխաների ախտորոշման գործում քան ռենտգեն հետազոտությունը: Կրկին, այս հետազոտությունների օգտակարությունը բուժման սխեման որոշելու հարցում ամբողջովին պարզ չէ: Չնայած այս հետազոտությունները հաճախ են արվում, բայց կան սահմանափակ ապացույցներ այն մասին, թե որքանով են այս հետազոտությունները տեղեկատվական բուժման եղանակի ընտրության և կանխատեսման առումով:

Բուժում

 

 

Ընդհանուր առմամբ, Պերտեսի հիվանդությամբ տառապող երեխաների բուժման երեք տարբերակ կա: Առաջին տարբերակը ֆիզիկական թերապիայի միջոցով բուժումն է`ազդրը շրջապատող մկանների շարժման և մկանների թուլության հետևանքով առաջացած շարժման սահմանափակումները վերացնելու նպատակով: Երկրորդ տարբերակը գիպսակապի օգտագործումն է`կոնքազդրային հոդն անշարժացնելու նպատակով: Երրորդ տարբերակը վիրահատական միջամտությունն է`կոնքազդրային հոդի ոսկրերը վերադասավորելը, ազդրոսկրի գլխիկի ախտահարված հատվածից ճնշումը վերացնելու նպատակով: Չկան արդյունավետ դեղեր, ներարկումներ կամ այլ դեղաբանական միջոցներ, որոնք կարող են օգնել այս պարագայում: Ի վերջո, բուժման նպատակն է փորձել նվազագույնի հասցնել կոնքազդրային հոդի երկարատև վնասումը՝ մինչև հիվանդությունն ինքնուրույն չանցնի:

 

Պերտեսի հիվանդության բուժման համար ամենաարդյունավետ մեթոդը ընտրելիս պետք է առաջնորդվել ախտանիշների ի հայտ գալու տարիքով: 6 տարեկանից փոքր երեխաների դեպքում բուժման ոչ վիրահատական մեթոդն ավելի արդյունավետ է: 6-8 տարեկան երեխաների շրջանում նույն արդյունքներն են եղել, ինչպես վիրահատական, այնպես էլ ոչ վիրահատական բուժման պարագայում: Վիրահատական բուժման արդյունավետությունը ավելի բարձր է, երբ կատարվում է ախտորոշումից անմիջապես հետո, այլ ոչ ախտորոշումից բավական երկար ժամանակ անց: 8 տարեկանից բարձր երեխաների դեպքում վիրահատական միջամտության արդյունավետությունն ավելի բարձր է։

Վիրահատության լավագույն ժամկետների որոշումը և այն, թե որ երեխաների դեպքում է վիրահատական միջամտությունն ավելի արդյունավետ, շարունակական ուսումնասիրության առարկաներ են: Նույնիսկ վիրահատական միջամտության դեպքում էլ Պերտեսի հիվանդությամբ տառապող երեխաներն հաճախ ունենում են կոնքազդրային հոդի մշտական ախտահարում: Այն հիմնականում ավելի լավ են տանում դեռահասներն ու երիտասարդները: Սովորաբար երիտասարդները, ովքեր մանկական հասակում ունեցել են Պերտեսի հիվանդություն, վերսկսում են իրենց բնականոն ֆիզիկական ակտիվությունը՝ առանց կոնքազդրային հոդի հետ կապված խնդիրների: Պերտեսի հիվանդությամբ տառապող անձանց մեծանալուն զուգընթաց՝ մեծամասնության մոտ 50 տարեկան հասակում, զարգանում է արթրիտ, որը հաճախ պահանջում է ազդրոսկրի գլխիկի փոխարինման վիրահատություն:

 

Մի քանի խոսք MyKid-ից

Պերտեսի հիվանդությունը նկարագրվել է ավելի քան 100 տարի առաջ, բայց մնում է փոքրիկ բժշկական առեղծված: Պերտեսի հիվանդության պատճառը դեռ պարզաբանված չէ, իսկ իդեալական բուժման մեթոդը մնում է վիճահարույց: Ընդհանուր առմամբ, փոքր երեխաների դեպքում ոչ վիրահատական բուժման մեթոդն հաճախ ավելի արդյունավետ է, մինչդեռ վիրահատական միջամտությունը լավագույն տարբերակը կարող է լինել մեծ տարիքի երեխաների համար: Նույնիսկ իդեալական բուժման պարագայում էլ Պերտեսի հիվանդություն ունեցող երեխաները հասուն տարիքում կարող են ունենալ կոնքազդրային հոդի արթրիտ։ Այս պարագայում հաճախ անհրաժեշտություն է առաջանում կատարել ազդրոսկրի գլխիկի փոխարինման վիրահատություն: