Երկաթ դեֆիցիտային անեմիայի վարումը հղիությունից առաջ, ընթացքում և հետո
Անկախ այն բանից, թե փորձում եք հղիանալ, արդեն հղի եք, կամ գտնվում եք հետծննդյան շրջանում, երկաթը համարվում է այն միկրոէլեմենտը, որի մակարդակն անընդհատ պետք է վերստուգվի ձեր բժշկի կողմից, հատկապես, եթե գտնվում եք ռիսկի խմբի մեջ։ Երկաթ դեֆիցիտային անեմիան/ ԵԴԱ/ համարվում է ամենատարածված անեմիայի տեսակը:
Ի՞նչ է երկաթ դեֆիցիտային անեմիան
ԵԴԱ-ն բժշկական վիճակ է, որն առաջանում է ձեր մարմնում երկաթի քանակության ցածր մակարդակի հետևանքով: Սակավարյունությունը զարգանում է այն ժամանակ, երբ ձեր օրգանիզմում բավարար քանակությամբ առողջ արյան կարմիր բջիջներ՝ էրիթրոցիտներ չի արտադրվում: Անեմիա կարող է առաջանալ նաև, եթե այս կամ այն պատճառով խանգարված է էրիթրոցիտների նորմալ ֆունկցիան:
Երկաթ դեֆիցիտային անեմիայի ախտանիշները
Երբ ձեր երկաթի մակարդակը ցածր է նորմայից դուք զգում եք տարբեր նշաններ և ախտանիշներ, որոնցից են՝
- Հոգնածություն
- Սառը վերջույթներ
- Գլխապտույտ
- Թուլություն
- Կրծքավանդակի ցավ
- Փխրուն եղունգներ
- Գունատ մաշկ
- Սրտի անկանոն բաբախման զգացողություն
- Գլխացավեր
- Մարմնի ցածր ջերմաստիճան
- Հաճախաշնչություն
Դուք կարող եք զգալ այս ախտանիշներից մեկը կամ մի քանիսը, եթե ձեր մարմինը չի սինթեզում բավարար քանակությամբ հեմոգլոբին ՝ թթվածինը ձեր մարմնի բոլոր բջիջներին հասցնելու համար:
Ընդհանուր առմամբ, սննդով երկաթի ոչ բավարար քանակությամբ ընդունումը սովորաբար հիմնական պատճառն է հանդիսանում երկաթ դեֆիցիտային անեմիայի առաջացման ժամանակ: Դա կարող է տեղի ունենալ ձեր սննդակարգով կամ հավելումների միջոցով բավարար քանակությամբ երկաթ չստանալու հետևանքով, ինչպես նաև տարբեր առողջական խնդիրները կարող են անեմիայի պատճառ հանդիսանալ, օրինակ ՝ արյան կորուստը, Ցելիակիան կամ Կրոնի հիվանդությունը, որոնք ձեր օրգանիզմի համար ավելի են դժվարացնում աղիներից երկաթի նեծծման գործընթացը։
Բացի այդ, անեմիայի այս տեսակը ավելի շատ է կանանց մոտ հանդիպում , քան տղամարդկանց։ Ամենաբարձր ռիսկի խումբ են համարվում մանկածին տարիքի և հղի կանայք։
Ինչպե՞ս է հղիությունն ազդում երկաթ դեֆիցիտային անեմիայի վրա
Հղիության նորմալ ընթացքի, պտղի նորմալ զարգացման և աճի համար պահանջվում է շատ երկաթ, հատկապես հղիության երկրորդ եռամսյակի ընթացքում:
Ըստ NewYork-Presbyterian Hudson Valley հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնի մասնագետների կանանց մոտ ԵԴԱ-ն հղիության ընթացքում զարգանում է երկու պատճառով․
Արյան ծավալը զգալիորեն մեծանում է, որը մեխանիկորեն բերում է երկաթի քանակության հարաբերական նոսրացմանը արյան մեջ:
Կանայք, ովքեր հղիությունից առաջ ունենում են ԵԴԱ, սովորաբար հղիության ընթացքում այդ վիճակը ավելի է խորանում և պահանջվում է բժշկի կողմից ավելի մանրակրկիտ հետազոտություն և վերահսկողություն իրականացնել :
Ինչու՞ է երկաթը հղիության ընթացքում այդքան կարևոր
Հղիության ընթացքում անհրաժեշտ է բավարար քանակությամբ երկաթ ստանալ ձեր սննդակարգով կամ հավելումների միջոցով: Ձեր մարմինը ոչ միայն պետք է լրացուցիչ արյան ծավալ ապահովի, որպեսզի նպաստի պլացենտայի ձևավորմանը և հետագա զարգացմանը, այլ նաև կարողանա պտղին անհրաժեշտ բոլոր սննդանյութերը մատակարարի։ Այս ամենի համար երկաթ է պահանջվում, նաև երկաթն օգտագործվում է կանխելու առողջական որոշ խնդիրները, որոնք կարող են բացասաբար ազդել ձեր և ձեր երեխայի վրա:
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան քոլեջի (ACOG) հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հղի կանանց անհրաժեշտ է կրկնակի քանակությամբ երկաթ, ի համեմատ ոչ հղի կանանց ` պտղին բավարար քանակությամբ թթվածին մատակարարելու համար:
Երկաթը այդքան կարևոր է հղիության ընթացքում, քանի որ․
- Երեխայի ծնվելուց առաջ անեմիայի շտկումը շատ կարևոր է նորմալ ծննդաբերության ընթացքում սպասվող արյան կորուստը փոխհատուցելու համար:
- Ծննդաբերությունից առաջ առկա անեմիան մեծացնում է արյան փոխներարկման անհրաժեշտության ռիսկի գործոնը:
- Ավելին, կա կապ սակավարյունության և ցածր քաշով ծնված երեխայի, վաղաժամ ծննդաբերության, պրեէկլամպսիայի, ընդհանուր մայրական և պերինատալ մահացության միջև: Թե՛ վաղաժամ ծնունդը, և թե՛ ցածր քաշը կարող են մեծացնել ռիսկը, որ ձեր երեխան ծնվելուց հետո և մանկության ընթացքում զարգացման խնդիրներ կունենա։
- Կրծքով կերակրումը կարող է ավելի բարդ լինել սակավարյունության դեպքում, և կա նաև կապ հետծննդյան դեպրեսիա զարգացնելու հետ:
Հղիությունից առաջ ԵԴԱ–յի կառավարումը
Եթե անեմիան ախտորոշվում է հղիությունից առաջ, կարևոր է պարզել սակավարյունության տեսակը: Ձեր բժիշկը կարող է հետազոտություններ անցկացնել պարզելու համար անեմիայի առաջացման տարբեր պատճառները, ինչպիսիք են վիտամին B 12-ի կամ ֆոլաթթվի անբավարար քանակությունը, էրիթրոցիտների մուտացիաների հետևանքով առաջացած հիվանդությունները, օրինակ՝ մանգաղաձև բջջային անեմիան կամ թալասեմիան:
Դաշտանային ցիկլի առատ արյունահոսության պատճառ կարող է հանդիսանալ երկաթ դեֆիցիտային անեմիան, հատկապես վերարտադրողական տարիքի կանանց մոտ, որոնք դեռ հղի չեն: Հղիությունից առաջ սակավարյունության բուժումը նույնն է, ինչ հղիության ընթացքում , այսինքն սննդակարգի և երկաթի հավելումների միջոցով: Կանայք, որոնց մոտ դիտվում է առատ դաշտանային արյունահոսություն, պետք է բժշկի հետ քննարկեն բուժման տարբերակները:
Հղիության ընթացքում երկաթ դեֆիցիտային անեմիայի բուժումը և հսկողությունը
Բժիշկների մեծամասնությունն անեմիայի առկայությունը ստուգում են հղիության սկզբում, այնուհետև կրկին երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում:
Չնայած շատ բժիշկներ հիվանդներին խրախուսում են հետևել սննդակարգին օգտագործելով երկաթով հարուստ բուսական սննդի աղբյուրները, օրինակ՝ կանաչ տերևներով բանջարեղենները, խեցեմորթները, լոբազգիները, սերմերը և քինոան, սակայն ի նկատի ունեցեք, որ այս երկաթի ձևը (ոչ հեմային երկաթ) լավ չի ներծծվում աղիներից ի համեմատ կենդանական ծագման երկաթի (հեմային երկաթ) ։ Երկաթով հարուստ կենդանական սննդի աղբյուրներն են ՝ միսը, թռչնամիսը և ձուկը:
Երկաթի նեծծումը լավացնելու համար ամերիկյան մանկաբարձության և գինեկոլոգիայի քոլեջը առաջարկում է երկաթով հարուստ սննդի հետ միաժամանակ օգտագործել վիտամին C պարունակող սննդամթերքներ, օրինակ ՝ ցիտրուսային մրգերը:
Մասնագռտները առաջարկում են, որ անհրաժեշտ է հղիանալուց առաջ սկսել օգտագործել վիտամինային կոմպլեքսներ, որոնք պետք է ընդունել ամեն օր կամ օրը մեջ: Պրենատալ վիտամինների մեծ մասը իր բաղադրության մեջ պարունակում է 27 միլիգրամ երկաթ, ինչը հղիության ընթացքում առաջարկվող նորմալ դեղաչափ է։
Եթե հղի կնոջ երկրորդ եռամսյակի զննման ընթացքում առկա է լինում երկաթ դեֆիցիտային անեմիա, ապա ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, ձեզ երկաթի հավելումներ կնշանակի: Այս պարագայում խորհուրդ է տրվում օգտագործել երկաթի պրեպարատը բերանացի տարբերակով, որը ավելի լավ է նեծծվում, եթե այն օգտագործեն ամեն օր դատարկ ստամոքսի վրա և միաժամանակ խմեն նարնջի կամ թուրինջի թթվային հյութը: Երրորդ եռամսյակի սքրինինգի ժամանակ, եթե սակավարյունությունը վատթարանում է կամ չի բարելավվում, ապա շատ բժիշկներ կքննարկեն հետևյալ բուժման տարբերակը․ երկաթի պրեպարատի ընդունումը ներերակային ներարկման ճանապարհով։
Կարևոր է հիշել, որ չնայած հղիության ընթացքում սակավարյունության ամենատարածված ձևը երկաթի դեֆիցիտն է, կան նաև այլ պատճառներ, և դրանք պետք է հաշվի առնել այն դեպքերում, երբ հիվանդը բուժմանը լավ չի արձագանքում։ Երկաթի բերանացի հաբերի կամ ներերակային ներարկումներ նշանակելուց առաջ համոզվեք , որ սակավարյունության այլ տեսակի հետ գործ չունեք:
ԵԴԱ–ն հետծննդյան ժամանակահատվածում
Ծննդաբերությունից հետո և հետծննդյան շրջանի առաջին մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում շատ կանայք կտեսնեն երկաթ դեֆիցիտային անեմիայի հետ կապված ախտանիշների բարելավում: ԵԴԱ-յի ծանրության աստիճանը հաճախ նվազում է ծննդաբերությունից հետո, քանի որ դաշտանային ցիկլի արյունահոսությունը երբեմն չի դիտվում կրծքով կերակրման ժամանակ:
Որոշ կանայք ծննդաբերությունից հետո կարող են դեռ ԵԴԱ ունենալ: Դա սովորաբար պայմանավորված է հղիության ընթացքում երկաթի ոչ ադեկվատ ընդունման հետ և ծննդաբերության ընթացքում արյան կորստով: Հետծննդյան սակավարյունությունը կարող է սրել իրավիճակը կապված կնոջ մոտ առկա հետևյալ ախտանշանների հետ՝ անհանգստություն, սթրես և դեպրեսիա: Այն կարող է նաև նվազեցնել մոր և մանկան միջև առկա էմոթիոնալ կապվածությունը։
Հետծննդաբերական շրջանում առկա շարունակական ռիսկերի պատճառով մայրերը պետք է կրկին հետազոտվեն, հատկապես, եթե նրանք ծննդաբերության ընթացքում ունեցել են արյան չափազանց մեծ կորուստ, կամ հղիության ընթացքում սակավարյունություն: Ծննդաբերությունից հետո կապված արյան մեծ ծավալների կորստի հետ, կարող է զարգանալ ծանր անեմիա, որը կարող է պահանջել երկաթի ներերակային ներարկում կամ արյան փոխներարկման կարիք:
Հետծննդայն շրջանում դեռևս կարևոր է լրացնել երկաթի պաշարները խմելով հաբերը, մայրերին առավելագույնս էներգիա ապահովելու, կրծքով կերակրելու համար, ինչպես նաև նվազեցնել հետծննդյան դեպրեսիայի ռիսկը:
Խոսք My Kid-ից
Ձեր և ձեր երեխայի առողջության համար լավագույն տարբերակը ճիշտ սննդակարգին հետևելն է և բժշկի կողմից առաջարկվող երկաթի հավելումների ընդունումը: Եթե ԵԴԱ-յի զարգացման ռիսկի խմբի մեջ եք, ապա մի մտահոգվեք, քանի որ ձեր բժիշկը ձեզ վարելու է հղիության բոլոր էտապներում, դարձնելով ձեր վիճակը բժշկական տեսանկյունից ավելի կառավարելի՝ ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ հետծննդյան շրջանում: