Ինչպես պատրաստել մանկական շիլան
Ձեր երեխայի սննդակարգում պինդ սնունդ ներմուծելը շատ կարևոր իրադարձություն է: Ձեր երեխայի մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո կարող եք սկսել երեխային տալ մեկ տեսակի հացահատիկից պատրաստված մանկական շիլա՝ կրծքի կաթի կամ արհեստական կաթնախառնուրդի հետ միասին: Մանկական շիլան առաջին անգամ տալու դեպքում, այն պետք է շատ ջրիկ լինի, բայց հենց որ երեխան սովորի այն ուտել, դուք կարող եք շիլան ավելի թանձր դարձնել: Կարող եք սկսել նաև շիլային խառնել խյուսի ձևով պատրաստված մրգեր և բանջարեղեն, որպեսզի ձեր երեխան լրացուցիչ սնունդ և համ ստանա:
Ինչպես մանկական շիլան խառնել ջրի, կրծքի կաթի կամ արհեստական կաթնախառնուրդի հետ
1․ Քիչ քանակությամբ մանկական շիլան լցրեք ամանի մեջ: Երբ ընտրեք մանկական շիլայի տեսակը (օրինակ՝ բրնձի շիլա), մոտավորապես 1 ճաշի գդալ (2.5 գ) լցրեք ամանի մեջ: Ցանկալի է սկսել քիչ քանակությունից:
- Քանի որ երեխային գդալով եք կերակրելու և այնուհետև գդալը դնելու եք շիլայի ամանի մեջ, ապա այդ ընթացքում երեխայի բերանում եղած բակտերիաները տեղափոխելու եք շիլայի մեջ, որոնք ժամանակի ընթացքում կարող են այնտեղ բազմանալ: Ահա թե ինչու դուք չպետք է պահեք և երկրորդ անգամ օգտագործեք այդ նույն շիլան:
2․ Մանկական շիլային մի քիչ հեղուկ ավելացրեք: Շիլայի ամանի մեջ լցրեք մոտավորապես 4-ից 5 ճաշի գդալ (60-ից 75 մլ) հեղուկ: Դուք պետք է օգտագործեք կա՛մ կրծքի կաթ, կա՛մ արհեստական կաթնախառնուրդ, կախված այն բանից, թե ձեր երեխան որին է սովոր:
- Եթե չունեք կրծքի կաթ կամ արհեստական կաթնախառնուրդ, ապա կարող եք օգտագործել ջուր, սակայն այն պետք է լինի մաքուր և թարմ:
- Լավ կլինի խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ՝ շիլայի պատրաստման եղանակների վերաբերյալ:
3․ Մանկական շիլան և հեղուկը լավ խառնեք իրար: Մանկական շիլայի հետ հեղուկ խառնեք, որպեսզի խառնուրդը դառնա ջրիկ՝ հալված պաղպաղակ պես: Հիշեք, որ չափազանց թանձր ցանկացած բանից ձեր երեխայի մոտ կարող է ակտիվանալ ործկոցի ռեֆլեքսը: Եթե մանկական շիլան ձեզ համար բավականաչափ ջրիկ չի թվում, ապա ավելացրեք նրա մեջ ևս մեկ ճաշի գդալ (15մլ) հեղուկ:
4․ Մատուցեք մանկական շիլան: Հենց շիլան ջրիկ լինի, կարող եք այն մատուցել: Պետք չէ տաքացնել կամ քաղցրացնել մանկական շիլան՝ նախքան ձեր երեխային ուտեցնելը, բայց երեխան կարող է հրաժարվել շիլայից, եթե այն շատ սառը լինի: Արհեստական կաթնախառնուրդով կամ ջրով պատրաստված շիլան տաքացնելու համար պարզապես միկրոալիքային վառարանում կես հզորությամբ տաքացրեք այն մոտավորապես 15 վայրկյան: Նախքան ձեր երեխային շիլա տալը, միշտ խառնեք այն և ստուգեք դրա ջերմաստիճանը։
- Խուսափեք կրծքի կաթով պատրաստված շիլան միկրոալիքային վառարանում տաքացնելուց, քանի որ դա կարող է քայքայել կրծքի կաթում պարունակվող սննդարար նյութերը: Եթե Ձեզ անհրաժեշտ է տաքացնել կրծքի կաթը, ապա կրծքի կաթը լցրեք տոպրակի մեջ և այն մի քանի րոպեով դրեք տաք, հոսող ջրի տակ: Դրանից հետո այն կարող եք ավելացնել մանկական շիլայի մեջ:
5․ Ժամանակի ընթացքում թանձրացրեք մանկական շիլան: Մի քանի շաբաթ հետո կրճատեք օգտագործվող հեղուկի քանակը, երբ նկատեք, որ ձեր երեխայի կուլ տալու կարողությունը բարելավվել է: Մանկական շիլային ավելացված հեղուկի քանակը յուրաքանչյուր մի քանի շաբաթվա ընթացքում կրճատեք 1 ճաշի գդալով (15 մլ), մինչև օգտագործեք հեղուկի և մանկական շիլայի հավասար քանակություն:
6․ Ժամանակի ընթացքում ձեր երեխային ավելի շատ մանկական շիլա տվեք: Վեցից ութ ամսվա ընթացքում ձեր երեխան կարող է օրվա ընթացքում ուտել 3-ից 9 ճաշի գդալ (7,5-ից 22,5 գ) մանկական շիլա: Այս չափաքանակը կարող է բաժանվել երկուսից երեք կերակրումների միջև:
- Հիշեք, որ ձեր երեխան դեռ պետք է ստանա իր հիմնական սննդանյութերը կրծքի կաթից կամ արհեստական կաթնախառնուրդից:
- Մի անհանգստացեք, եթե ձեր երեխան սկզբում շատ չի ուտում: Ամենայն հավանականությամբ, երեխային մի փոքր ժամանակ է հարկավոր՝ նոր սննդին ընտելանալու համար: Հարցրեք ձեր մանկաբույժին, թե որքան պետք է ձեր երեխան ուտի յուրաքանչյուր կերակրման ժամանակ:
Ինչպես մանկական շիլան խառնել մրգերի և բանջարեղենի հետ
- Պարզեք, թե երբ պետք է սկսել երեխային տալ միրգ և բանջարեղեն: Ձեր երեխան պետք է սովոր լինի մանկական շիլան արհեստական կաթնախառնուրդի, կրծքի կաթի կամ ջրի հետ ուտելուն, նախքան կսկսեք մրգերի կամ բանջարեղենի խյուսը խառնել շիլայի հետ: Երեխաների մեծ մասը կարող է սկսել սիրել մրգեր և բանջարեղեն ուտելը, շիլա ուտելը սկսելուց մի քանի շաբաթ հետո։
- Ձեր երեխան կարող է ավելի մեծ հաճույք ստանալ մանկական շիլա ուտելուց, երբ այն խառնվում է մրգերի կամ բանջարեղենի հետ, քանի որ դրանք շիլային մի փոքր համ են ավելացնում: Մրգերն ու բանջարեղենը նաև կարևոր սննդանյութեր են փոխանցում ձեր երեխային:
2․ Ընտրեք մեկ տեսակի մրգի կամ բանջարեղենի խյուս: Մանկական շիլայի հետ մրգեր կամ բանջարեղեն համատեղելիս միշտ օգտագործեք դրանք խյուսի ձևով: Սկսեք մեկ տեսակի մրգով կամ բանջարեղենով, որպեսզի կարողանաք գնահատել ձեր երեխայի մոտ հավանական ալերգիկ ռեակցիայի (օրինակ՝ եղնջացան, այտուց կամ մաշկի գրգռում) առկայությունը: Մտածեք այս դյուրամարս մթերքներից մեկից սկսելու մասին.
- Ավոկադո
- Բանան
- Քաղցր կարտոֆիլ (եփած և խյուս արած)
- Գազար (եփած և խյուս արած)
- Տանձ
- Սիսեռ (եփած և խյուս արած)
3․ Մանկական շիլան խառնեք սովորական արհեստական կաթնախառնուրդի կամ կրծքի կաթի հետ: Խառնեք մանկական շիլան արհեստական կաթնախառնուրդի կամ կրծքի կաթի հետ, այն քանակությամբ, որը սովորաբար ուտում է ձեր երեխան: Նորմալ է, եթե խառնուրդը մի փոքր թանձր է ստացվում, քանի որ մրգերի կամ բանջարեղենի խյուսը մի փոքր նոսրացնելու է այն:
- Օրինակ՝ հինգ ամսական երեխան կարող է ուտել 2 ճաշի գդալ շիլան (5 գ)՝ 3 ճաշի գդալ (45 մլ) կրծքի կաթի կամ արհեստական կաթնախառնուրդի հետ:
4․ Խառնեք 1 թեյի գդալ (5 մլ) մրգի կամ բանջարեղենի խյուս: Մանկական շիլան մի փոքր կնոսրանա և ձեռք կբերի թեթև մրգային կամ բանջարեղենային համ: Դուք կարող եք ձեր երեխային առաջարկել ցանկացած միրգ կամ բանջարեղեն: Հիշեք, որ ձեր երեխան կարող է առաջին անգամ հրաժարվել մրգից կամ բանջարեղենից, բայց գուցե հաջորդ անգամ առաջարկելու դեպքում՝ հաճույքով ուտի այն: Սկզբի համար հիմնական համակցություններն են՝
- Դդմի խյուս վարսակի կամ բրնձի շիլայով
- Խնձորի խյուս վարսակի կամ բրնձի շիլայով
- Ոլոռի խյուս վարսակի կամ բրնձի շիլայով
5․ Մանկական շիլայի հետ միասին երեխային ներկայացրեք մրգերի և բանջարեղենի համադրությունը: Երբ ձեր երեխան կսկսի փորձել մի շարք մրգեր և բանջարեղեն, դուք կարող եք սկսել դրանք համատեղել մանկական շիլայի հետ: Համեղ սնունդ ստանալու համար դուք կարող եք մրգերը և բանջարեղենը խառնել շիլայի մեջ: Դուք կարող եք նաև խյուսի քանակը հասցնել մեկ կամ երկու ճաշի գդալի: Ահա մի քանի լավ համային համադրությունների օրինակներ՝
- Ոլոռի և գազարի խյուս մանկական շիլայի հետ
- Կանաչ լոբու խյուսը և ճզմած կարտոֆիլը մանկական շիլայի հետ
- Խնձորի խյուս, քաղցր կարտոֆիլի խյուս և մանկական շիլա
- Ճզմած բանան, տանձի խյուս և մանկական շիլա
- Գազարի խյուս, խնձորի խյուս, մանգոյի խյուս և մանկական շիլա
Ինչպես սկսեք ձեր երեխային մանկական շիլա տալ
1․ Խոսեք ձեր մանկաբույժի հետ մանկական շիլայի վերաբերյալ: Ձեր երեխայի 6 ամսականը լրանալուց հետո կարող եք մանկաբույժի հետ խոսել երեխայի սննդակարգում մանկական շիլա ավելացնելու մասին: Մանկական շիլան երկաթի լավ աղբյուր է, որի կարիքը գուցե այս պահից սկսած ձեր երեխան ունենա:
- Բժիշկը ձեզ հստակ խորհուրդներ կտա այն մասին, թե ինչ քանակությամբ շիլա և որքան հաճախ այն պետք է տալ երեխային:
2․ Սպասե՛ք, նախքան նոր տեսակի մանկական շիլա երեխային տալը: Շատ երեխաներ սկսում են միայն մեկ տեսակի հացահատիկից պատրաստված մանկական շիլայից՝ սովորաբար բրնձից պատրաստված: Եթե ձեր երեխան սիրում է բրնձի շիլան, ապա կարող եք նրան նաև առաջարկել վարսակի, գարու կամ ցորենի շիլա: Միշտ նոր տեսակի մանկական շիլա երեխային տալուց հետո սպասեք երեք օր` նախքան մեկ այլ նոր տեսակի շիլա տալը: Սա կօգնի ձեզ տարբերակել սննդային նկատմամբ ցանկացած ալերգիա կամ գերզգայունություն:
- Եթե երեք օր անց չի դրսևորվել որևէ ռեակցիա, ապա դուք կարող եք վստահ լինել, որ ձեր երեխան ալերգիա չունի ձեր նոր փորձած սննդի նկատմամբ: Անցեք հաջորդ սննդին՝ այն շիլայի մեջ նույն քանակությամբ խառնելով, առանց այլ մրգերի կամ բանջարեղենի:
3․ Ձեր երեխային կաթով կերակրելուց հետո, տվեք նրան մանկական շիլա: Մինչև երեխային մանկական շիլա առաջարկելը, նրան կերակրեք մի փոքր կրծքի կաթով կամ արհեստական կաթնախառնուրդով։ Նախքան ձեր երեխան կավարտի ուտելը, նրան առաջարկեք մանկական շիլա: Ձեր երեխան ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերի մանկական շիլայի նկատմամբ, եթե լիովին կուշտ չլինի:
- Երբ ձեր երեխան ավարտի շիլա ուտելը, կարող եք նրան ավելի շատ կրծքի կաթ կամ արհեստական կաթնախառնուրդ տալ:
4․ Հետևեք ձեր երեխայի պահանջներին: Եթե ձեր երեխան չէ ցանկանում մանկական շիլան ուտել փոքրիկ գդալով, ապա փորձեք նրան շիլան կերակրել ձեր մաքուր մատի ծայրով: Եթե ձեր երեխան այս դեպքում նույնպես չի ցանկանում ուտել (լաց է լինում կամ շրջվում է), ապա մի ստիպեք նրան անել դա: Ձեր երեխան գուցե առայժմ նախընտրում է միայն կաթ կամ արհեստական կաթնախառնուրդ:
- Դուք միշտ կարող եք դադարեցնել մանկական շիլա կերակրելը և այն նորից առաջարկեք մեկ այլ շաբաթ, և այդպես շարունակ:
- Փորձեք կերակրման պրոցեսը խաղի վերածել: Փորձեք գդալը թռցնել, կարծես այն ինքնաթիռ է: Ձեր երեխան այնքան հետաքրքրված կլինի այդ խաղով, որ անպայման կփորձի գդալի պարունակությունը:
Խորհուրդներ
- Խոսեք ձեր մանկաբույժի հետ ձեր երեխային միս տալու մասին, երբ երեխան արդեն 7-8 ամսական լինի: Հավանաբար, նախքան մսի հետ մանկական շիլա խառնելը՝ դուք պետք է եփած միսը վերածեք խյուսի:
- Որոշ մանկաբույժներ խորհուրդ են տալիս շշով շիլա չտալ երեխային: Քանի որ նրանք արդեն սովորում են ինչպես է պետք պինդ սնունդ ուտել, կարևոր է, որ նրանք վարժվեն կծելուն, այլ ոչ թե պարզապես շշից խմեն: