Ասթման ավելի տարածված է վաղաժամ ծնված երեխաների մոտ, քան այն երեխաների, որոնք ծնվել են նորմալ ժամկետներում։ Ասթման թոքերի քրոնիկ հիվանդություն է, որի հետևանքով շնչուղիները բորբոքվում են և նեղանում՝ շնչելը դարձնելով դժվար։ Ասթման առանց բուժման կարող է լինել մահացու։ Այն կարող է լինել միջինից մինչև ծանր աստիճանի և կարող է ունենալ ալերգիկ և ոչ-ալերգիկ պատճառներ։
Բժիշկներին արդեն երկար ժամանակ է ինչ հայտնի է, որ 33 շաբաթականից շուտ ծնված նորածինների մոտ ավելի հաճախ է առաջանում ասթմա, քան դրանից ուշ ծնվածների մոտ։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ նաև մինչև 38 շաբաթական ծնված երեխաների մոտ նույնպես ասթմայի զարգացման հավանականությունը ավելի մեծ է քան 38 շաբաթականից հետո։
Ասթմայի ախտանիշները, որոնք կարող եք փնտրել ձեր երեխայի մոտ
Ասթման շատ վտանգավոր հիվանդություն է, հատկապես շատ փոքր երեխաների համար։ Կան շատ տարբեր պատճառներ, որոնք կարող են բերել ասթմայի ախտանիշների առաջացման, ինչպես նաև շատ դժվար է նորածինների մոտ որոշել թոքերի ֆունկցիոնալ ցուցանիշները։ Այնուամենայնիվ, եթե դուք ձեր երեխայի մոտ նկատում եք հետևյալ ախտանիշները, ապա անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ հնարավոր ասթման ժխտելու կամ հաստատելու համար․
-
- Սուլող շնչառություն, որը իրենից սովորաբար ներկայացնում է բարձր տոնայնությամբ սուլող ձայն, որը զուգակցվում է դժվարացած շնչառության հետ։
- Չոր կամ ընդհատվող հազ՝ կոպիտ և բարձր ձայնով։
- Կրծքավանդակի ձգվածություն կամ ներքաշում, որի դեպքում երեխայի կողերի շրջանի մաշկը ձգվում և երբեմն ներքաշվում է շնչելու հետ մեկտեղ։
- Դժվարացած շնչառություն կամ հևոց, որի դեպքում առկա է արագացած շնչառություն և նորածինը չի կարողանում դանդաղեցնել շնչառությունը և խորը շունչ քաշել։
Հետևեք ախտանիշների ընթացքին
Հասկանալու համար՝ արդյոք ձեր երեխան ունի ասթմա, թե ոչ, ձեր մանկաբույժը կարող է հարցնել ձեզ, թե որ գործոններ են լավացնում կամ վատացնում ձեր բալիկի ախտանիշները։ Դրա համար հետևեք, թե երբ են ախտանիշներն առաջանում, կամ որ գործոններն են, օրինակ՝ ալերգեններ, ծուխ կամ սառը օդ, որ ավելի են վատացնում ախտանիշները։ Գրեք ինչ-որ տեղ, թե երբ և որտեղ է ձեր երեխայի մոտ առաջանում ասթմայի ախտանիշների բռնկում։ Այդ գրառումները կօգնեն ձեր բժշկին ախտորոշել և բուժել ձեր բալիկի ասթման։
Այլ ռիսկի գործոններ
Հաճախ կան որոշակի ռիսկի գործոններ, որոնք կապված են ասթմայի հետ։ Շատ ուշադիր եղեք և հետևեք ձեր նորածնի ախտանիշներին, հատկապես եթե առկա են հետևյալ ռիսկի գործոնները՝
- Ծխող մայրիկ։ Հղիության ընթացքում ծխելը և ծնվելուց հետո ծխող մայրիկ ունենալը, երկուսն էլ բարձրացնում են նորածնի ասթմա ունենալու հավանականությունը։
- Ասթմայի ընտանեկան պատմություն։ Այն երեխաները, որոնց ծնողներից մեկը կամ երկուսը ունեն ասթմա, ամենայն հավանականությամբ նույնպես կունենան ասթմա։
- Էկզեմա։ Էկզեման մաշկի ալերգիկ հիվանդություն է։ Այն երեխաների մոտ, որոնք փոքր ժամանակ ունեցել են էկզեմա, ավելի մեծ է մեծ տարիքում ասթմայի առաջացման հավանականությունը։
- Ալերգիաներ։ Այն երեխաները, որոնք ունեն այնպիսի ալերգիաներ, որոնք բերում են խցանված կամ հոսացող քթի առաջացման, գտնվում են ասթմայի առաջացման ավելի մեծ ռիսկում, քան այն երեխաները, որոնք չունեն քթային ալերգիաներ։
- Բրոնխիոլիտ։ Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը և մրսածության վիրուսը վաղաժամ ծնված երեխաների մոտ հեշտությամբ կարող են առաջացնել բրոնխիոլիտ։ Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսային բրոնխիոլիտով նորածինների մոտ մեծացած է մանկական հասակում ասթմայի զարգացման հավանականությունը։
Արդյո՞ք ձեր երեխան դուրս կգա ասթմայի տարիքից
Չնայած նրան, որ վաղաժամ ծնված նորածինների մոտ ավելի մեծ է մանկական հասակում ասթմայի հավանականությունը, նրանց որոշ մասի մոտ ախտանիշները վերանում են մինչև մեծահասակության հասնելը։ Մանկական ասթմայով վաղաժամ ծնված երեխաների մոտ մեկ քառորդի մոտ մինչև 19 տարեկանը դիտվում է ասթմայի լրիվ ախտադադար։ Զինվեք համբերությամբ, իհարկե, շատ դժվար կլինի, եթե ձեր երեխայի մոտ ախտորոշվի ասթմա, բայց եթե ուշադիր լինեք ձեր երեխայի նկատմամբ, ապա նա կարող է ունենալ ամբողջովին առողջ կյանք, երբ մեծանա։