Պենիցիլինի նկատմամբ ալերգիկ ռեակցիաները երեխաների մոտ
Այս հոդվածում
- Ախտանիշներ
- Ախտորոշում
- Բուժում
- Պետք է իմանալ
Պենիցիլինային ալերգիաները հանդիսանում են դեղորայքի նկատմամբ ալերգիաների և մաշկային ցանի ամենահաճախ հանդիպող պատճառը, բայց շատ դժվար է հասկանալը, թե իրոք դա է մաշկի ցանի պատճառը, թե ոչ։ Ցանը կարող է առաջանալ այլ պատճառներով։
Պենիցիլինային ալերգիայի ախտանիշները
Պենիցիլինային ալերգիան կարող է առաջացնել կյանքին վտանգ սպառնացող ալերգիկ ռեակցիաներ, բայց, բարեբախտաբար, պենիցիլինային ալերգիայով երեխաների մեծամասնության մոտ ռեակցիան չափավոր է լինում, որը բերում է մաշկային հասարակ ցանի առաջացման, ինչպիսին է եղնջացանը։
Ավելի ծանր ախտանիշներից են եղնջացանը՝ ուղեկցվող շնչուղիների նեղացմամբ, դժվարաշնչությամբ կամ կուլ տալու դժվարությամբ, բերանի կամ կոկորդի այտուցվածությունը, ինչպես նաև անաֆիլաքսիան՝ ծանրագույն ալերգիկ ռեակցիա։
Եթե ձեր երեխայի մոտ կա միայն եղնջացան (հայտնի նաև որպես ուրտիկարիա), ապա դուք ձեր երեխայի մաշկին կնկատեք կարմիր կամ վարդագույն, մաշկից բարձր հատվածներ, որոնք քոր են գալիս, տարբերվում են չափսերով և մի քանի ժամվա ընթացքում առաջանում և անհետանում են։ Սակայն, շատ հաճախ ցանը ամբողջովին չի անցնում։ Դրա փոխարեն երեխայի մարմնի մի հատվածում ավելի հին ցանային էլեմենտները անհետանում են, իսկ ուրիշ հատվածներում շարունակում են առաջանալ նորերը։ Մեկ առանձին վերցված եղնջացանը չպետք է մնա 24 ժամից ավելի։ Եթե այն չի անցնում 24 ժամ անց, ապա շատ հավանական է, որ ձեր երեխայի մոտ կա մեկ այլ նմանատիպ ցանավորում, օրինակ՝ բազմաձև էրիթեմա, բայց ոչ հասարակ եղնջացան։
Բազմաձև էրիթեման ալերգիկ ռեակցիայի մեկ այլ տեսակ է, որը նույնպես կարող է առաջանալ պենիցիլինային ալերգիայի հետևանքով, ինչպես նաև շատ այլ պատճառներով՝ այլ դեղորայք, բակտերիալ վարակ կամ վիրուսային ինֆեկցիա։ Ի տարբերություն եղնջացանի, որը շատ շուտ անհետանում է, բազմաձև էրիթեմայի ցանավորումը գնալով տարածվում է և կարող է մնալ 1-2 շաբաթ։ Բազմաձև էրիթեմայի այլ ախտանիշներից են տենդը, հոդացավը, բերանում խոցերը և աչքերի կարմրությունը։
Արդյո՞ք դա պենիցիլինային ալերգիա է
Ցավոք, պենիցիլինային ալերգիաների ախտորոշումը ավելի բարդ է, քան շատ ծնողներ պատկերացնում են։ Pediatrics ամսագրում տպագրված հոդվածում ասվում է, որ այն երեխաները, ում ծնողները կարծում էին, որ նրանց երեխաներն ունեն պենիցիլինային ալերգիա հիմնվելով միայն ալերգիայի ընտանեկան պատմության կամ հետազոտողների կողմից այսպես կոչված ցածր ռիսկի ախտանիշների (ցան, քոր, փսխում, փորլուծություն, քթահոսություն կամ հազ) առկայության վրա, իրականում չունեին պենիցիլինի նկատմամբ ալերգիա։
Շատ հաճախ նաև դժվար է հասկանալ, թե երեխայի մոտ իսկապես առաջացել է ալերգիկ ռեակցիա, թե դա պարզապես որևէ վիրուսային ցան է։ Վարդացանը (ռոզեոլա), որպես օրինակ, դասական վիրուսային ինֆեկցիա է, որը առաջացնում է մի քանի օր տևող տենդ, որի ավարտից հետո հետևում է ցանը։
Կան նաև որոշ դեղամիջոցների նկատմամբ ռեակցիաներ, որոնք նույնպես առաջացնում են ցանավորումներ, սակայն կապված չեն հակամարմինների առաջացման հետ։ Այս դանդաղեցված գերզգայունության ռեակցիաները, որոնք իրենցից ներկայացնում են բջջային պատասխան, սովորաբար առաջանում են, երբ երեխան ընդունում է հակաբիոտիկներ և միևնույն ժամանակ ունի վիրուսային վարակ։ Դեղորայքային ցանի այս տեսակը կարող է լինել քոր եկող, և հաճախ նկարագրվում է որպես «լայն տարածված, վարդագույնից մինչև սաղմոնի գույնի բծեր կամ հանգույցներ, որոնք սովորաբար սկսվում են գլխից, պարանոցից կամ իրանի վերին հատվածից, այնուհետև հավասարաչափ տարածվում են դեպի ներքև և միաձուլվում են»։
Եվ պարտադիր հիշեք, որ եթե անգամ ձեր երեխայի մոտ իսկապես առաջացել է ալերգիկ ռեակցիա, ապա այն կարող է առաջացած լինել ամբողջովին այլ պատճառով, և պենիցիլինի ընդունումը կարող է պարզապես զուգադիպություն լինել։ Բացի պենիցիլինից շատ այլ բաներ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա և եղնջացան, ներառյալ՝
- Սնունդ, հատկապես գետնանուշ, ձու, ծառի ընկույզ, կաթ, ծովամթերք, ցորեն, սոյա և այլն
- Այլ դեղամիջոցներ
- Դեղորայքի կամ սննդի մեջի հավելումներ, օրինակ` սննդային ներկ տարտրազին (դեղին No. 5)
- Ինֆեկցիաներ, հատկապես վիրուսային վարակներ
- Միջատների խայթոցներ
- Լատեքս
- Մարզանք
- Սթրես
- Շփում տաքության, սառնության կամ ջրի հետ, անկախ ջերմաստիճանից
- Դերմոգրաֆիզմ՝ ֆիզիկական եղնջացան, որի դեպքում ցանը առաջանում է մաշկը քորելու հետևանքով
Քանզի պենիցիլինային ալերգիաները շատ հաճախ են հանդիպում, ապա եթե ձեր երեխան ընդունում է պենիցիլին և նրա մոտ զարգանա ալերգիկ ռեակցիա՝ ձեր մանկաբույժը ամենայն հավանականությամբ կենթադրի, որ ալերգիան առաջացել է պենիցիլինի հետևանքով և պարզապես կխուսափի ապագայում այդ հակաբիոտիկը նշանակելուց։
Եթե ձեր երեխայի մոտ արդեն կա ալերգիա մի քանի հակաբիոտիկների նկատմամբ, կամ եթե ուզում եք հաստատել, թե իսկապես ձեր երեխան ալերգիկ է պենիցիլինի նկատմամբ, թե ոչ, ապա մանկաբույժ ալերգոլոգը կարող է իրականացնել ալերգիայի մաշկային թեստ, որը կօգնի ախտորոշման հարցում։
Բուժում
Բացի նրանից, որ պենիցիլինային ալերգիայի դեպքում անհապաղ պետք է դադարեցնել պենիցիլինի ընդունումը, ձեր երեխային ամենայն հավանականությամբ նաև կնշանակեն հակահիստամինային որևէ դեղամիջոց, օրինակ՝ Բենադրիլ (դիֆենհիդրամին), եղնջացանի և քորի դեմ պայքարելու համար։
Ավելի ծանր ռեակցիաների դեպքում գուցե ստերոիդներով կամ ադրենալինային ներարկումներով բուժման կարիք լինի։
Ի՞նչ պետք է իմանաք պենիցիլինային ալերգիաների մասին
Ստորև ներկայացված են, թե ուրիշ ինչ պետք է իմանաք պենիցիլինային ալերգիաների մասին․
- Եթե ձեր երեխան ալերգիկ է պենիցիլինի նկատմամբ, ապա դուք նաև պետք է խուսափեք ամոքսիցիլինից, Աուգմենտինից կամ այլ պենիցիլինային շարքի հակաբիոտիկներից։
- Շատ մասնագետներ կարծում են, որ այն երեխաները, որոնք ալերգիկ են պենիցիլինի նկատմամբ, կարող են ընդունել ցեֆալոսպորինային շարքի հակաբիոտիկներ, չնայած կա նաև այս տեսակի հակաբիոտիկների նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առաջացման փոքր ռիսկ։
- Չնայած նրան, որ ալերգիկ ռեակցիան սովորաբար առաջանում է պենիցիլին ընդունելուց րոպեներ կամ ժամեր անց, ձեր երեխայի դեպքում հնարավոր է պահանջվեն օրեր կամ շաբաթներ մինչև հակաբիոտիկը հրահրի եղնջացանի առաջացումը։ Ինչպես նաև հնարավոր է, որ ձեր երեխան նախկինում ընդունել է պենիցիլին, սակայն չի ունեցել ալերգիկ ռեակցիա, բայց հաջորդ անգամ ընդունելիս ունենա։
- Մանկաբույժի մոտ նշանակումներ ստանալիս ամեն անգամ հիշեցրեք նրան, որ ձեր երեխան ունի ալերգիա պենիցիլինի նկատմամբ։ Չնայած նրան, որ մանկաբույժը երեխայի անկետայում պետք է ունենա ալերգիայի մասին գրառում, ավելի ապահով կլինի, որ, այնուամենայնիվ, հիշեցնեք նրան այդ մասին։
- Հակաբիոտիկները նշանակվում են միայն հատուկ դեպքերում։ Երեխային չպետք է տալ հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման, կամ վիրուսային ինֆեկցիաների դեպքում, քանզի դա կարող է բերել անցանկալի կողմնակի ազդեցությունների և բարդությունների առաջացման։
Եվ ի վերջո հիշեք, որ շատ ծնողներ կարծում են, որ իրենց երեխաները ալերգիկ են պենիցիլինի նկատմամբ, մինչդեռ դա այդպես չէ։ Մանկաբույժ ալերգոլոգը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ձեր երեխան իսկապես ունի պենիցիլինային ալերգիա, թե ոչ։