Նկարներ, որոնք կօգնեն ձեզ տարբերակել եղնջացանը այլ տեսակի մաշկային ցաներից
Եղնջացանը իրենից ներկայացնում է մաշկային բծեր կամ մաշկի այտուցված տեղամասեր, որոնք առաջանում են, երբ մարդու մոտ առկա է մոլաքոր։ Մոլաքորը շատ տարածված վիճակ է, որը առաջանում է բոլոր մարդկանց 20 տոկոսի մոտ՝ կյանքի այս կամ այն պահին։
Այն կարող է ախտահարել ցանկացած ռասայի և տարիքի մարդկանց, կարող է առաջանալ մարմնի ցանկացած հատվածում՝ տարվա ցանկացած եղանակին, բայց ավելի հաճախ այն առաջանում է երեկոյան կամ վաղ առավոտյան (արթնանալուց անմիջապես հետո)։ Ցանի հետ մեկտեղ կարող է առաջանալ քոր, որը սովորաբար ավելի է վատթարանում գիշերային ժամերին և անգամ կարող է խանգարել քունը։
Երբեմն եղնջացանը նաև կարող է ծակծկել կամ լինել ցավոտ։ Եղնջացանը կարող է լինել ինչպես շատ փոքր (ինչպես, օրինակ՝ գրիչի ծայրի չափի), այնպես էլ շատ մեծ (ինչպես, օրինակ՝ ճաշի ափսեի չափի)։
Եղնջացանի նկարների պատկերասրահում դուք կգտնեք եղնջացանի տարբեր տեսակների բազմաթիվ նկարներ՝ նրանցից յուրաքանչյուրի կարևոր բնութագրերի հետ մեկտեղ։
Առաջին նկարում ցուցադրված է, թե ինչպիսի տեսք ունի եղնջացանի բնորոշ դեպքը։
Ինֆեկցիայի հետևանքով առաջացած եղնջացան
Եղնջացանը համարվում է իդիոպաթիկ ցանավորում, ինչը նշանակում է, որ այն կարող է առաջանալ ինքնաբուխ և պատճառը ոչ միշտ է հայտնի։ Եթե հնարավոր լինի գտնել պատճառը, ապա ամենայն հավանականությամբ այն կլինի ինֆեկցիան։ Այս նկարում պատկերված է վիրուսային ինֆեկցիայի հետևանքով առաջացած եղնջացանի օրինակ։
Այլ հնարավոր պատճառներն են ալերգիկ ռեակցիան, սթրեսը, մարզանքը, արևի հետ շփումը, մաշկի վրա գործադրված ճնշումը կամ քիմիական նյութերի ազդեցությունը։
Քրոնիկ եղնջացան
Եղնջացանը հիմնականում ախտորոշվում է ելնելով նրա տեսքից, այդ իսկ պատճառով, հարկավոր չէ իրականացնել բազմաթիվ թանկարժեք արյան կամ մաշկի հետազոտություններ։ Այնուամենայնիվ, եթե դուք ունեք սուր եղնջացանի կրկնվող դեպքեր, կամ քրոնիկ եղնջացան, որոնց պատճառը ակնհայտ չէ, ապա հնարավոր է կարիք լինի իրականացնել հավելյալ հետազոտություններ՝ պարզելու համար, թե ինչն է առաջացնում ցանավորումը։
Բժիշկը կարող է խորհուրդ տալ ընդունել հակահիստամինային դեղամիջոցներ՝ քորը թեթևացնելու համար, կամ հնարավոր է խորհուրդ տա ընդունել մեկ այլ դեղամիջոց՝ եղնջացանը բուժելու համար։ Բարեբախտաբար, եղնջացանի դեպքերի մեծամասնությունը ինքն իրեն անցնում է։
Սուր եղնջացան
Եղնջացանը դասակարգվում է որպես սուր և քրոնիկ՝ կախված նրանից, թե որքան ժամանակ է այն առկա՝ 6 շաբաթից քիչ, թե շատ։
Նկարում պատկերված է սուր եղնջացանի օրինակ։ Քրոնիկ եղնջացանը սովորաբար նման չէ դասական եղնջացանի։ Նրանք ավելի շատ նման են կարմրած հատվածների՝ կարծես ինչ-որ մեկը քերծած լինի։
Սպունգանման եղնջացան
Երբ ինչ-որ բան ստիպում է մաշկի բջիջներին արտադրել հիստամին, ապա դրա հետևանքով մազանոթներից (բարակ արյունատար անոթներ) հեղուկը արտահոսում է դեպի մաշկի վերին շերտ՝ վերնամաշկ (էպիդերմիս)։ Սրա հետևանքով մաշկի որոշակի հատված այտուցվում է և վերածվում եղնջացանի։
Կախված նրանից, թե ինչ քանակությամբ հեղուկ է արտահոսել, եղնջացանը կարող է ունենալ այսպիսի «սպունգանման» տեսք։ Համեմատեք այս նկարը եղնջացանի հաջորդ նկարի հետ։
Տափակ եղնջացան
Եղնջացանը առաջանում է բարդ շղթայական ռեակցիաների հետևանքով, որոնց արդյունքում մեծ քանակությամբ հիսատմին անցնում է դեպի շրջակա հյուսվածքներ։ Հիստամինի պատճառով արյունատար անոթների թափանցելիությունը մեծանում է, և նրանց մեջից հեղուկը արտահոսելով՝ կուտակվում է մաշկում։
Կախված նրանից, թե ինչ քանակությամբ հեղուկ է արտահոսել և մաշկի որ հատվածում է այն կուտակվել, եղնջացանը կարող է լինել հաստ և «սպունգանման», ինչպես նախորդ նկարում, կամ այն կարող է լինել համեմատաբար հարթ (տափակ), ինչպես այս նկարում։
Վերադրվող պոլիցիրկուլյար եղնջացան
Եղնջացանի այս ձևը նկարագրվում է որպես պոլիցիրկուլյար։ Սա նշանակում է, որ այն կազմված է բազմաթիվ շրջաններից։ Կարո՞ղ եք այս նկարում տարբերել եղնջացանի վերադրվող շրջանների եզրագծերը։ Դիտեք հաջորդ նկարը՝ արդյունքը տեսնելու համար։
Եզրագծված պոլիցիրկուլյար եղնջացան
Այս նկարում, որի վրա կան նշումներ, կարող եք հստակ տեսնել եղնջացանին բնորոշ բազմաթիվ վերադրվող շրջանների եզրագծերը։
Այժմ, երբ նայեցիք եղնջացանի տարբեր նկարներ, ձեր մաշկը դեռ քոր չէ գալի՞ս։