Այս հոդվածում`

  • Տարածվածություն
  • Ախտանշաններ
  • Պատճառներ
  • Ախտորոշում
  • Բուժում

 

Ասթման և սննդային ալերգիան շատ ավելի սերտ են կապված, քան կարծում էին նախկինում: Նույնիսկ մի կողմ թողնելով այն փաստը, որ սննդային ալերգիա ունեցող մարդկանց մոտ ասթմայի առաջացման ռիսկն ավելի մեծ է, քան առանց սննդային ալերգիայի, կան նաև փաստեր, որ ասթմա ունենալը մեծացնում է ծանր ալերգիկ ռեակցիայի ռիսկը, այդ թվում նաև` կյանքի համար վտանգավոր, ողջ մարմնի պատասխան հանդիսացող անաֆիլաքսիան:

Հետզհետե աճող հետազոտությունները ենթադրում են, որ ասթման և սննդային ալերգիաները խանգարումների ավելի մեծ խմբաքանակի մաս են կազմում, որը հայտնի է որպես «ատոպիկ երթ» անվամբ, որում մեկ ատոպիկ (ալերգիկ) խանգարում սկիզբ է տալիս մյուսի առաջացմանը: Այս հանգամանքը կարող է ոչ միայն փոխել ասթմայի և սննդային ալերգիաների բուժման մոտեցումները, այլ նաև առաջարկում է միջոցներ, որի շնորհիվ կյանքի սկզբնական շրջանում հնարավոր է կանխել երկու հիվանդություններն էլ:

Տարածվածություն

Ասթմայի և սննդային ալերգիայի միջև կապը բարդ է: Ըստ 2017 թ-ին մանկաբուժության սահմաններում անցկացված ուսումնասիրության, ասթմա ունեցող երեխաների 4%-8%-ը ունի սննդային ալերգիա, մինչդեռ սննդային ալերգիա ունեցող երեխաների մոտ 50%-ը ալերգիկ ռեակցիայի ընթացքում ունենում են շնչառական ախտանիշներ, ներառյալ՝ սուլող և դժվարացած շնչառություն։

Չնայած ասթմայով տառապող երեխաների մոտ սննդային ալերգիայի հանդիպման հաճախականությունը բոլորովին էլ չի տարբերվում ընդհանուր բնակչության երեխաների մոտ նկատվող դեպքերից, որը նույնպես տատանվում է մոտ 8%-ի սահմաններում, սակայն ալերգիկ ռեակցիայի ժամանակ այս դեպքում շնչառական համակարգն ավելի շատ է տուժում։

2016 թ-ին Իտալիայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում եզրակացվեց, որ ասթման ոչ միայն սննդի նկատմամբ ծանր անաֆիլակտիկ ռեակցիայի ռիսկի գործոն է, այլև երեխաների մոտ սննդային անաֆիլաքսիայով պայմանավորված մահվան հիմնական պատճառն է:

Անաֆիլաքսիայի ռիսկը սերտորեն կապված է ասթմայի ծանրության հետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թույլ ասթմայով տառապող մարդիկ անաֆիլաքսիայի զարգացման կրկնակի ռիսկի տակ են՝ ընդհանուր բնակչության համեմատ, մինչդեռ ծանր ասթմայով տառապող մարդկանց մոտ անաֆիլաքսիայի զարգացման ռիսկը աճում է ավելի քան երեք անգամ։

Ռիսկն ավելի մեծ է ինչպես ասթմա, այնպես էլ սննդային ալերգիա ունեցող մարդկանց մոտ:

Ալերգիայի Համաշխարհային Կազմակերպության ամսագրում հրատարակված 2015 թ.-ին կատարված ուսումնասիրությունը հաղորդում էր, որ գետնանուշով միջնորդված անաֆիլաքսիայի զարգացման ռիսկը թույլ ասթմա ունեցող մարդկանց մոտ ընդհանուր բնակչության համեմատ կրկնակի մեծ է, մինչդեռ ծանր ասթմա ունեցող մարդկանց մոտ այն վեց անգամ ավելանում է:

Ըստ ասթմայի տեսակի

Չնայած ասթման ատոպիկ խանգարման տարատեսակ է, բայց ասթմայի ոչ բոլոր ձևերն են ալերգիկ: Ասթմայի և սննդային ալերգիայի միջև կապը դրանից ելնելով, կարծես թե, տարբերվում է։

Ըստ 2020 թ.-ին Ֆինլանդիայում կատարված ուսումնասիրության, որի ժամանակ պատահական մի խումբ հիվանդների մոտ ալերգիկ և ոչ ալերգիկ ասթմայի ախտորոշմամբ դեպքերը գրեթե հավասարապես բաժանվել են, 52%-ը ունեցել են ալերգիկ և 48%-ը ոչ ալերգիկ ասթմա:

Հատկապես ուշագրավ էր այն հանգամանքը, որ սննդային ալերգիայի տարածվածությունն այս անձանց մոտ սերտորեն համընկել էր ալերգիկ, բայց ոչ ոչ-ալերգիկ ասթմայի հետ:

Սովորաբար սննդային ալերգիաները զարգանում են վաղ մանկական տարիքում (մինչև 9 տարեկանը), իսկ հետագայում՝ տարիքի մեծացմանը զուգընթաց, ալերգիաները ավելի ու ավելի քիչ են հանդիպում երեխաների մոտ, քանի որ նրանք «հաղթահարում են» իրենց ալերգիաները: Սա նվազման միտում է, որը շարունակվում է նաև հասուն տարիքում ՝ թվով աճելով միայն 60 տարեկանից հետո:

Նույն կերպ, ալերգիկ ասթմայի դեպքում էլ 9 տարեկանից փոքր երեխաները հիվանդությունից առավել տուժած խումբն են հանդիսանում։ Հիվանդացության թիվը կայունորեն նվազում է հասուն տարիքում և աճում է միայն 60-ից հետո:

Ոչ ալերգիկ ասթմայի դեպքում օրինաչափությունը ճիշտ հակառակն է: Այս հիվանդության պարագայում դեպքերի ամենաքիչ քանակը նկատվում է վաղ մանկական շրջանում, որից հետո դեպքերի թվի կայուն աճ է նկատվում մինչև 60 տարեկան հասակը։

Ախտանշաններ տարբերություններ և նմանություններ

Ասթմայի և սննդային ալերգիայի ախտանիշների միջև կան որոշակի համընկնումներ: Այնուամենայնիվ, սննդային ալերգիայի դեպքում գրեթե երբեք շնչառական ախտանիշները ինքնուրույն չեն առաջանում: Փոխարենը, դրանք կա՛մ նախորդում, կա՛մ ուղեկցվում են մաշկային և ստամոքս-աղիքային ախտանիշներին:

Երբ ասթմայի ախտանիշները առաջանում են սուր սննդային ալերգիային զուգընթաց, դրանք գրեթե միշտ վատթարացնում են ռեակցիան և, որոշ դեպքերում, հանգեցնում անաֆիլաքսիայի:

Ասթմայի ախտանիշներ՝

  • Սուլող շնչառություն (շնչուղիների նեղացում)
  • Հևոց
  • Հազ
  • Կրծքավանդակի ցավ

Սննդային ալերգիայի ախտանիշներ՝

  • Շուրթերի քոր
  • Եղնջացան կամ ցանավորում
  • Քոր
  • Քթի փակվածություն
  • Ստամոքսի ցավ
  • Վքնածություն
  • Սրտխառնոց կամ փսխում
  • Փորլուծություն
  • Շնչառության դժվարացում

Սննդային ալերգիկ ռեակցիա ունեցող մարդկանց շնչառության հետ կապված դժվարությունները երբեմն թույլ են՝ արտահայտվում են շնչարգելության անցողիկ դրվագներով: Այլ դեպքերում, դրանք կարող են սկսվել թույլ, բայց րոպեների կամ ժամերի ընթացքում փոխարինվել անաֆիլակտիկ արտակարգ իրավիճակով:

Անաֆիլակտիկ ռեակցիայի ախտանիշները ներառում են՝

  • Ցան կամ եղնջացան
  • Հևոց
  • Սուլող շնչառություն (շնչուղիների նեղացում)
  • Շնչառության հաճախացում
  • Շշմածություն կամ գլխապտույտ
  • Դեմքի շառագունում
  • Սրտի զարկերի արագացում
  • Սրտխառնոց կամ փսխում
  • Կուլ տալու դժվարություն
  • Շփոթվածություն
  • Դեմքի, լեզվի կամ կոկորդի այտուց
  • Սպասվող մահվան զգացողություն

Անաֆիլաքսիան համարվում է բժշկական արտակարգ իրավիճակ: Անհապաղ չբուժվելու պարագայում, անաֆիլաքսիան կարող է հանգեցնել ցնցումների, կոմայի, սրտային կամ շնչառական անբավարարության և մահվան:

Պատճառներ

Ատոպիկ խանգարումները, որոնցից ընդամենը երկուսն են ասթման և սննդային ալերգիան, այն խանգարումներն են, երբ անձն ունի գենետիկ նախատրամադրվածություն ալերգիկ կամ գերզգայուն ռեակցիայի նկատմամբ: Չնայած ալերգիա և գերզգայնություն հասկացությունները կարող են փոխարինվել, սակայն ալերգիան վերաբերում է կլինիկական ռեակցիային, մինչդեռ գերզգայունությունը նկարագրում է ալերգիայի հիմքում ընկած իմունաբանական պատասխանը:

Չնայած սննդային ալերգիան ուժեղ նախատրամադրում է մարդուն դեպի ասթմայի առաջացում, կա կարծիք, որ այս երկու հիվանդությունները ավելի երկար շղթայի մաս են կազմում: Ատոպիկ երթը, որը երբեմն անվանում են նաև ալերգիկ երթ, նկարագրում է ատոպիկ հիվանդությունների բնական պրոգրեսիա, երբ մեկ հիվանդությունը հանգեցնում է մյուսին:

 

Ատոպիկ երթ։ Դոմինոյի էֆեկտ

Ընդհանուր առմամբ, ատոպիկ երթը, սկսվում է կյանքի սկզբից՝ դասական օրինակով: Շատ դեպքերում, ատոպիկ դերմատիտը (էկզեմա) դրա հրահրող գործոնն է: Այն հակված է սկսվել կյանքի շատ վաղ շրջանում, սովորաբար մինչև 3 տարեկանը, այն երեխաների մոտ, ում մոտ հետագայում կարող է զարգանալ ալերգիա:

Ատոպիկ դերմատիտն առաջանում է այն ժամանակ, երբ մաշկի պատնեշային գործառույթը խախտվում է, ինչն էլ թույլ է տալիս նյութերին (և՛ վնասակար, և՛ անվնաս) մուտք գործել օրգանիզմ՝ նախքան իմունային համակարգի հասունանալը: Ենթադրվում է, որ գենետիկան կենտրոնական դեր է խաղում պատնեշային ֆունկցիայի նվազեցման գործում:

Երբ այս նյութերը մուտք են գործում օրգանիզմ, անբավարար իմունային համակարգը գեր-պատասխան է տալիս դրանց և լցնում օրգանիզմը հակամարմիններով, որոնք հայտնի են, որպես իմունոգլոբուլին E (IgE)։ IgE-ն ոչ միայն օգնում է չեզոքացնել ընկալվող սպառնալիքը, այլև իր հետևից թողնում է «հիշողության» բջիջներ՝ սպառնալիքի սպասվող վերադարձի և այն հայտնաբերելու դեպքում արագ արձագանքելու համար։

Նույնիսկ այն ժամանակ, երբ իմունային համակարգն արդեն լիովին հասուն է, իմունային պատասխանը արդեն փոխվել է: Ինչի արդյունքում էլ մարմինը ավելի գերզգայուն կարող է դառնալ նոր ներկայացրած սննդամթերքի, օրինակ՝ կովի կաթի, ձվի կամ ընկույզների նկատմամբ՝ դրսևորելով մեկ կամ մի քանի սննդային ալերգիա:

Ուսումնասիրությունները ենթադրում են, որ կյանքի վաղ շրջանում ատոպիկ դերմատիտ ունեցած երեխաների 81%-ը կունենան սննդային ալերգիա: Որքան ծանր է ատոպիկ դերմատիտը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ կզարգանա (ավելի ծանր) սննդային ալերգիայի:

Սննդային ալերգենների նկատմամբ գերզգայունությունն իր հերթին հարուցում է իմունային պատասխանի փոփոխություններ, որոնք կարող են բարձրացնել անհատի զգայունությունը ներշնչած ալերգենների նկատմամբ, ինչն էլ կարող է հանգեցնել ալերգիկ ռինիտի և ասթմայի առաջացմանը:

Ինչպես սննդային ալերգիաների դեպքում, ասթմայի առաջացման ռիսկը նույնպես սերտորեն կապված է ատոպիկ դերմատիտի ծանրության հետ: Ըստ 2012 թ.-ին «Ալերգիա, ասթմա և իմունոլոգիա»-ում տեղ գտած տեսության՝ թույլ ատոպիկ դերմատիտ ունեցող երեխաների միայն 20%-ի մոտ կարող է զարգանալ ասթմա, մինչդեռ ծանր ատոպիկ դերմատիտ ունեցողների մոտ այդ թիվը հասնում է 60%-ի:

Ի վերջո, ատոպիկ դերմատիտը ընդհանուր հայտարար է, որը սննդային ալերգիան կապում է ասթմայի հետ:

Տարածված սննդային տրիգերներ

Սննդային տրիգերները կարող են բնութագրվել ըստ ալերգիայի սկսվելու միջին տարիքի և այն միջին տարիքի, երբ ռեակցիաները սկսում են անցնել:

 

Սնունդ Սկսվելու տարիքը Անցնելու տարիքը
Ձու Նորածին / փոքրիկ երեխա Վաղից ուշ մանկական տարիքում
Կովի կաթ Նորածին / փոքրիկ երեխա Վաղից ուշ մանկական տարիքում
Սոյա Նորածին / փոքրիկ երեխա Վաղից ուշ մանկական տարիքում
Ցորեն Նորածին / փոքրիկ երեխա Վաղից ուշ մանկական տարիքում
Գետնանուշ Նորածին / փոքրիկ երեխա Վաղից ուշ մանկական տարիքում
Ծառի ընկույզ Վաղ մանկական տարիք

Ավելի հավանական է, որ կպահպանվի
Չափահաս տարիք Ամենայն հավանականությամբ կպահպանվի
Ձուկ Չափահաս տարիք Ամենայն հավանականությամբ կպահպանվի
Ծովամթերք Չափահաս տարիք Ամենայն հավանականությամբ կպահպանվի

Ձկներով և ծովամթերքներով պայմանավորված ալերգիաները հակված են զարգանալ կյանքի ավելի ուշ շրջանում, քանի որ հաճախ դրանք միայն վաղ մանկական տարիքից հետո են սննդակարգի մեջ ներմուծվում:

Սննդային տրիգերները ասթմա ունեցող անձանց մոտ կարող են առաջացնել սրացումներ, կարող են ունենալ նաև մի շարք այլ ազդեցություններ:

 

Ոչ ալերգիկ ասթմայի տեսակները

Բոլոր վերը շարադրվածից հարկ է նշել, որ ոչ բոլոր ասթմայով տառապող երեխաների մոտ է հավասարապես առաջանում սննդային ալերգիա: Թեև ասթմայի ծանրությունը կարող է որոշակի դեր խաղալ՝ տվյալ անձի ասթմայի տեսակը նույնպես կարևոր է:

Ոչ ալերգիկ ասթմայի տեսակները ունեն տարբեր կենսաբանական մեխանիզմներ, որոնք հրահրում են ասթմայի նոպան: Որպես այդպիսին, ոչ ալերգիկ ասթմայով տառապողներից ոմանց մոտ ալերգիկ ռեակցիայի ընթացքում (սննդի կամ այլ ալերգենի հետևանքով) կարող է միայն թույլ քոր առաջանալ, առանց շնչառական ախտանիշների:

Ի տարբերություն ալերգիկ ասթմայի, ոչ ալերգիկ ասթման ավելի շատ հրահրվում է սթրեսով, ֆիզիկական վարժություններով, ցրտով, խոնավությամբ, ծխով և շնչառական վարակներով, քան սննդով կամ սննդային ալերգենների միջոցով: Որոշ դեղամիջոցներ և սննդային հավելումներ կարող են հարուցել ասթմայի գրոհ, բայց դրա պատասխանը ավելի շատ կախված կլինի ոչ-IgE անհանդուրժողականության հետ, քան բացահայտ ալերգիայի:

 

Ախտորոշում

 

Սննդային ալերգիայի թեստերը համարվում է կենսական նշանակության թեստեր ալերգիկ ասթմայով երեխաների և մեծահասակների մոտ սննդային ալերգիայի հայտնաբերման համար: Թեստերի համար գործում են սահմանափակումներ, հատկապես փոքրիկ երեխաների պարագայում:

5 տարեկանից փոքր երեխաներ

Նորածինների և փոքրիկների շրջանում սննդային ալերգիայի թեստերն ունեն կեղծ դրական արդյունքների բարձր հավանականություն և կարող են պատճառ հանդիսանալ սննդակարգում կատարվող փոփոխությունների, որոնք ոչ միայն ավելորդ են, այլև վնասակար են երեխայի առողջության համար (այսինքն՝ դրանք կարող են սահմանափակել երեխայի աճի և զարգացման համար կարևոր սննդանյութերի ընդունումը):

Թեստերի սահմանափակումների պատճառով Ամերիկյան Մանկաբուժների Ակադեմիան (ԱՄԱ) խորհուրդ է տալիս նորածինների և փոքրիկների շրջանում սննդային ալերգիայի հետազոտություններ իրականացնել միայն այն պարագայում, եթե սննդային ալերգիայի ախտանիշներն առաջանում են սնունդ ընդունելուց րոպեների ընթացքում:

Մինչև 5 տարեկան երեխաների համար առաջարկվող երկու ալերգիայի թեստերն հետևյալն են՝

  • Արյան մեջ IgE-ի ստուգում, որի միջոցով կարելի է մի շարք սննդամթերքներին հատուկ IgE հակամարմիններ հայտնաբերել (մասնավորապես՝ կաթի, ձվի, գետնանուշի, ցորենի և սոյայի, քանի որ սրանք նորածինների և փոքրիկների մոտ հանդիպող ամենատարածված սննդային ալերգեններն են):
  • Սննդի բերանային ընդունման թեստեր, որոնց ժամանակ կասկածելի սնունդը վերահսկողության պայմաններում կերակրում են երեխային (այսինքն՝ բժշկի սենյակում կամ հիվանդանոցում)` տեսնելու համար, արդյոք պատասխան կլինի, թե ոչ:

Նույնիսկ, եթե արյան թեստը խիստ դրական է, այն չպետք է լինի նորածինների կամ փոքրիկների մոտ ախտորոշման միակ մեթոդը: Ենթադրյալ արդյունքների հիման վրա ախտորոշումը հաստատելու նպատակով պետք է իրականացվի նաև բժշկի կողմից վերահսկվող սննդի բերանային ընդունման փորձը:

Սննդային ալերգիայի թեստերի այլ ձևերը խորհուրդ չի տրվում կատարել մինչև 5 տարեկան երեխաների շրջանում:

Ավելի մեծ երեխաներ ու չափահասներ

Այս անձանց պարագայում արյան մեջ IgE-ի ստուգման և սննդի բերանային ընդունման թեստերի հետ մեկտեղ կարող են օգտագործվել հետևյալ թեստերը՝

  • Մաշկային փորձեր, որի ժամանակ սննդային փոքր ալերգեններ են տեղադրվում մաշկի տակ՝ տեսնելու համար, արդյոք առաջանում է ռեակցիա, թե ոչ։
  • Էլիմինացիոն դիետաներ, որի ընթացում որոշ մթերքներ ժամանակավորապես հանվում են սննդակարգից, այնուհետև աստիճանաբար ներմուծվում են սննդակարգ մեկ առ մեկ՝ տեսնելու համար, արդյոք ալերգիա կառաջանա, թե ոչ։

Կան որոշ բժիշկների կողմից օգտագործվող այլ թեստեր, որոնք ԱՄԱ-ի կամ Ալերգիայի, Ասթմայի և Իմունոլոգիայի Ամերիկյան Ակադեմիայի կողմից (ԱԱԻԱՄ) չեն առաջարկվում: Սրանք ներառում են՝ սննդի IgG-ի հետազոտությունները, կիրառական կինեզիոլոգիան, պրովոկացիայի չեզոքացումը, մազերի հետազոտությունը և էլեկտրոդերմալ հետազոտությունները: Սրանցից ոչ մեկը չունի որևէ գիտական ապացույց` սննդային ալերգիայի ախտորոշման մեջ դրանց օգտագործումը հաստատելու համար:

Միշտ օգնություն խնդրեք սերտիֆիկացված ալերգոլոգից/իմունոլոգից, եթե փնտրում եք ծանր ալերգիայի ախտորոշում կամ բուժում:

Բուժում

 

Եթե ունեք և՛ ասթմա, և՛ սննդային ալերգիա, պետք է ջանք գործադրել երկու վիճակներն էլ կառավարելու համար: Բուժման պլանի նպատակները երկկողմանի են՝

  • Դեղերի միջոցով ձեր ասթման հսկողության տակ պահելով՝ շնչուղիների հիպերռեակտիվականությունը կարող է նվազել` ասթմայի տրիգերների հանդեպ ձեր զգայունության հետ միասին:
  • Ձեր սննդային ալերգիայի առաջացման պատճառը պարզելով, դուք կարող եք սովորել խուսափել դրանցից և ձեռքի տակ ունենալ դեղամիջոցներ՝ պատահական առաջացած ծանր ռեակցիան կանխարգելելու համար:

Սա կարևոր է՝ անկախ այն բանից, թե որքանով են սննդային ալերգեններն ազդում ձեր ասթմայի ախտանիշների վրա։ Սա հատկապես կարևոր է, եթե ծանր ալերգիկ ռեակցիաներ եք ունենում:

Ասթմայի բուժում

 

Ասթմայի դեղերի ընտրությունը մեծապես կախված է ասթմայի ախտանիշների սրությունից: Ընդմիջվող թույլ ասթմայի դեպքում կարող է միայն փրկիչ ինհալատորի անհրաժեշտություն լինել`սուր նոպաները բուժելու համար: Կայուն ասթմայի դեպքում կարող է ասթման վերահսկող դեղերի անհրաժեշտություն լինել, որոնք նվազեցնում են շնչուղիների հիպերռեակտիվականությունը և բորբոքումը:

Ասթմայի բուժման ստանդարտ տարբերակներից են՝

  • Կարճ ազդեցության բետտա ագոնիստները (ԿԱԲԱ), որոնք հայտնի են նաև փրկիչ ինհալյատորներ անվամբ։
  • Ինհալացիոն կորտիկոստերոիդները (ստերոիդներ), օգտագործվում են ամեն օր՝ բորբոքումը նվազեցնելու համար։
  • Երկարատև ազդեցության բետտա ագոնիստները (ԵԱԲԱ), որոնք բրոնխոլայնիչ են, օգտագործվում են ամեն օր ինհալացիոն ստերոիդների հետ միասին՝ հիպերռեակտիվականությունը նվազեցնելու նպատակով։
  • Լեյկոտրիենների անտագոնիստներ, օրինակ՝ Սինգուլեար (մոնտելուկաստ)
  • Մաստ բջիջների կայունացուցիչներ, ինչպիսիք են՝ քրոմոլին նատրիումը և նեդոկրոմիլը։
  • Թեոֆիլին՝ ավելի հին դեղամիջոց է, որը երբեմն օգտագործվում է որպես հավելում, երբ բուժման այլ միջոցներն անարդյունավետ են լինում։
  • Կենսաբանական դեղամիջոցներ, օրինակ՝ Xolair (օմալիզումաբ)
  • Օրալ կորտիկոստերոիդներ, որոնք սովորաբար նշանակվում են ծանր ասթմայի դեպքում։

Ասթմային հատուկ այս դեղամիջոցներից բացի, կարող է դիտարկվել նաև առանց դեղատոմսի վաճառվող հակահիստամինային դեղամիջոցների նշանակումը: Հակահիստամինային դեղամիջոցները երբեմն օրեկան նշանակվում են ալերգիայի սեզոնի ընթացքում` ծաղկափոշուց ալերգիա ունեցող մարդկանց մոտ ասթմայի ծանր գրոհը կանխելու համար: Կան ապացույցներ, որ նույն մոտեցումը կարող է օգտակար լինել ասթմա և սննդային ալերգիա ունեցող մարդկանց շրջանում:

2012-ին Շվեդիայում կատարված ուսումնասիրությունը հաղորդեց, որ ծաղկափոշուց ծանր ալերգիա ունեցող երեխաների մոտ սննդային անաֆիլաքսիայի զարգացման ռիսկն ավելի մեծ է, քան ծաղկափոշուց ալերգիա չունեցող երեխաների մոտ:

Դա հիմնավորում է այն փաստը, որ ալերգիայի սեզոնի ընթացքում ամենօրյա հակահիստամինային դեղամիջոցների կիրառումը կարող է նվազեցնել ասթմայի ծանր դեպքերի առաջացման ռիսկը, եթե սննդային և սեզոնային ալերգիաները համակցված են: Պարբերաբար խորհրդակցեք ձեր բժշկի հետ, մասնավորապես, եթե ունեք անաֆիլաքսիայի պատմություն:

 

Սննդային ալերգիայի բուժում

Ալերգիայի հետազոտությունների (կամ ալերգիայի հետազոտության վերջնական արդյունքի) բացակայության դեպքում անհրաժեշտ է ջանք գործադրել` պարզելու համար, թե որ սննդամթերքներից եք ալերգիկ: Դա պարզելու միջոցներից մեկն այն է, որ պահեք սննդի օրագիր, որում նշված կլինեն օրվա ընթացքում ձեր կերած բոլոր մթերքները՝ ունեցած բոլոր ոչ նորմալ ախտանիշների հետ միասին։

Քանի որ շատ ալերգեններ, ինչպիսիք են՝ գետնանուշը, ցորենը և կաթնամթերքը, թաքնված են պատրաստի սննդում, սննդի օրագիր պահելը կարող է օգնել ձեզ ճշգրտորեն նշել, թե որ մթերքներն են առավել հաճախ ախտանիշներ առաջացնում: Դրանից հետո կարող եք ստուգել ապրանքի պիտակները` համոզվելու համար արդյոք կասկածելի ալերգենները կան բաղադրիչների մեջ, թե ոչ:

Չնայած առանց դեղատոմսի վաճառվող հակահիստամինային միջոցները կարող են օգտակար լինել սննդային ալերգիայի ախտանիշների դեպքում, բայց բոլորովին այլ հարց է, եթե առաջանում են շնչառության հետ կապված խնդիրներ: Հակահիստամինային դեղերը, նույնիսկ դեղատոմսով դուրս գրվողները, չեն կարող բուժել ծանր ալերգիկ ռեակցիան:

Ի վերջո, ցանկացած շնչառական ախտանիշ, որն ուղեկցում է սննդային ալերգիային, պետք է լուրջ ընդունվի: Որոշ դեպքերում սննդային ալերգիան կարող է զարգանալ ժամանակի ընթացքում և արտահայտվել անընդհատ վատթարացող ախտանիշներով: Այլ դեպքերում, սպառված ալերգենի քանակը կարող է առաջացնել ոչ անաֆիլակտիկ և անաֆիլակտիկ դեպքերի միջև տարբերություններ:

Եթե սննդային ալերգիայի ընթացքում ունենում եք սուր շնչառական ախտանշաններ, ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, ձեզ կնշանակի շտապ ներարկելու գրիչներ, որոնք կոչվում են EpiPen կամ ադրենալինի գրիչ-ներարկիչներ։ Դրանք պարունակում են էպինեֆրինի (ադրենալին) որոշակի դեղաչափ: Մեծ մկաններում ներարկելիս՝ EpiPen–ը կարող է արագորեն նվազեցնել անաֆիլաքսիայի ախտանիշները, մինչ շտապօգնության ժամանելը: Էպինեֆրինի ներարկումից հետո՝ շնչուղիները բաց պահելու համար, կարող է օգտագործվել նաև փրկիչ ինհալյատոր:

Ալերգենների չնչին քանակությամբ ներարկումները, որոնք իմունոթերապիայի ձև են և նախատեսված են շրջակա միջավայրի կամ սեզոնային ալերգենների նկատմամբ ձեր զգայունությունը նվազեցնելու համար, չեն օգտագործվում սննդային ալերգիայի դեպքում՝ անաֆիլաքսիայի բարձր ռիսկի պատճառով:

Կանխարգելում

Կան ապացույցներ, որ գետնանուշի և ձվի նման սննդամթերք երեխայի սննդակարգ ներմուծելը 4-6 ամսականից շուտ, կարող է նվազեցնել երեխայի մոտ սննդային ալերգիայի զարգացման ռիսկը:

Նույն կերպ, նորածինների և մանկահասակ երեխաների մաշկին ամեն օր խոնավեցուցիչ կամ կրեմ քսելը կարող է օգնել պահպանել մաշկի պատնեշային գործառույթը և նվազեցնել ատոպիկ դերմատիտի ռիսկը: Այս կերպ կարող է կանխվել ատոպիկ երթի սկիզբը։

Տեսականորեն ավելի քիչ է հավանական, որ երեխայի մոտ կզարգանա ալերգիկ ռինիտ կամ ասթմա, եթե ատոպիկ երթը դադարեցվի նախքան էկզեմայի կամ սննդային ալերգիայի զարգացումը,: Այնուամենայնիվ, սա երաշխիք չէ:

 

Ալերգիան հաղթահարելով

Ասթմայով և սննդային ալերգիաներով ապրելը կարող է բարդ լինել, բայց կան որոշ բաներ, որոնք կարող եք անել ալերգիան ավելի լավ հաղթահարելու և ծանր գրոհ հրահրող գործոններից խուսափելու համար։ Ձեզ առաջարկվում է՝

  • Ընդունեք ասթմայի դեղերն այնպես, ինչպես նշանակված է: Ընդհանուր առմամբ ասթմայով տառապող մարդկանց մոտ առօրյա դեղամիջոցների հանդեպ կախվածությունը բացակայում է, օգտագործողների շուրջ 66%-ը նշում է թույլ կախվածության մասին: Ամեն օր ձեր դեղորայքն ընդունելով այնպես, ինչպես նշանակված է, դուք կարող եք նվազեցնել և՛ ասթմայի տրիգերների նկատմամբ ձեր գերզգայունությունը, և՛ սննդային անաֆիլաքսիայի առաջացման ռիսկը:
  • Սովորեք կարդալ սննդի բաղադրիչների պիտակները: Համաձայն 2004 թ.-ի «Սննդային ալերգենի պիտակավորման և սպառողների պաշտպանության մասին» օրենքի՝ սննդի գործարանները պարտավոր են սննդի բաղադրիչների պիտակում նշել ամենատարածված ութ սննդային ալերգենները։ Պիտակները ստուգելը կօգնի ձեզ խուսափել թաքնված ալերգեններից:
  • Խուսափեք խաչաձև աղտոտումից: Եթե ունեք ծանր սննդային ալերգիա, ապա ալերգենի նույնիսկ ամենափոքր քանակությունը կարող է ալերգիկ գրոհի պատճառ դառնալ: Խաչաձև աղտոտումից խուսափելու համար մակերեսները մաքուր պահեք, ալերգեն պարունակող սնունդը պահեք առանձին տարաների մեջ, սպասքը մի կիսեք այլ անձանց հետ և հաճախ լվացեք ձեռքերը:
  • Նախքան դրսում ճաշելը ստուգեք մենյուն: Միշտ առցանց վերանայեք ռեստորանի մենյուն՝ նախքան ճաշելը: Եթե չգիտեք, ինչ է ուտեստի մեջ, ապա՝ հարցրեք: Ավելի լավ է, ձեզ սպասարկող մատուցողին ասեք ձեր ալերգիայի մասին, որպեսզի խուսափեն սխալներից կամ կատարեն ճշգրտումներ: Երբեք ուտելիք մի կիսեք ձեր հյուրերի հետ:
  • Միշտ ձեզ հետ ունեցեք ձեր էպինեֆրինի գրիչ-ներարկիչը: Կյանքին սպառնացող անաֆիլակտիկ արտակարգ իրավիճակների մեծ մասը էպինեֆրինի բաց թողնված դոզայի արդյունք է: Միշտ ձեր էպինեֆրինի ներարկիչը պահեք ձեզ մոտ և եթե ինքներդ չեք կարող, ապա սիրելի մարդկանց սովորեցրեք ինչպես ներարկել:

Մի քանի խոսք MyKid-ից

Ո՛չ ասթման, ո՛չ էլ սննդային ալերգիան կայուն վիճակներ չեն: Երկուսն էլ ժամանակի ընթացքում կարող են առաջընթաց գրանցել և բուժման մեջ պահանջել փոփոխություններ` ախտանիշների վերահսկողությունը պահպանելու համար: Միևնույն ժամանակ, որոշ սննդային ալերգիաներ կարող են ինքնաբերաբար անցնել և այլևս ձեր առողջության համար վտանգ չներկայացնել:

Պարբերաբար ձեր բժշկին այցելելով, դուք կարող եք ինչպես ձեր ասթմայի, այնպես էլ սննդային ալերգիայի դեմ համապատասխան բուժում ստանալ, որպեսզի ոչ մի վիճակն էլ թերի կամ չափից ավելի բուժում չստանա: Հետևողական բժշկական օգնությունը գրեթե միշտ բարելավում է ասթմայի ախտանիշների երկարատև վերահսկումը: