Չնայած նրան, որ ձեր երեխան ի վերջո կորցնելու է իր առաջին ատամները, միևնույնն է, շատ կարևոր է խնամել նրա կաթնատամները։ Սա անելով դուք կարող եք վստահ լինել, որ ձեր բալիկի կաթնատամները կմնան առողջ՝ մինչև մշտական ատամներով փոխարինվելը։ Ինչպես նաև, եթե երեխայի ատամների խնամքը սկսեք իրականացնել վաղ մանկական տարիքից, ապա դա կօգնի երեխայի մեծանալուն զուգընթաց նրա մոտ ձևավորել ատամների և բերանի խոռոչի հիգիենայի պահպանման սովորույթ։
Երեխայի բերանի խոռոչի խնամքը ատամները ծկլթելուց առաջ և դրա ընթացքում
1․ Ստուգեք, թե արդյոք այն ջուրը, որը խմում է ձեր բալիկը, պարունակում է ֆտոր, թե ոչ։ Ֆտորը կարող է օգնել ձեր բալիկի ատամների ձևավորմանը՝ մինչև նրանց ծկլթելը։ Ընդհանուր առմամբ ֆտորը ամրացնում է ձեր երեխայի ատամների էմալը։ Շատ քաղաքներում և թաղերում ֆտորը ավելացվում է խմելու ջրի մեջ։ Եթե այն ջուրը, որը դուք խմում եք, պարունակում է ֆտոր, ապա դուք հաջողակ եք, և չկա հավելյալ քայլեր ձեռնարկելու որևէ անհրաժեշտություն։ Իսկ եթե ձեր բնակավայրի խմելու ջուրը չի պարունակում ֆտոր, ապա դուք պետք է ձեր բժշկի հետ քննարկեք ձեր երեխայի սննդակարգում ֆտոր ավելացնելու անհրաժեշտությունը։
- Որպեսզի ստուգեք, թե արդյոք ձեր խմելու ջրի մեջ կա ֆտոր՝ դուք կարող եք այցելել ձեր քաղաքի կամ թաղապետարանի կայքը, կամ անմիջապես զանգահարեք քաղաքապետարան կամ թաղապետարան և հարցնեք այդ մասին։
- Եթե դուք ապրում եք հեռավոր տարածքում, որտեղ խմելու ջուրը ստանում եք ջրհորից, ապա, ամենայն հավանականությամբ, այն չի պարունակի բավարար քանակությամբ ֆտոր, եթե իհարկե չեք տեղադրել հատուկ սարք, որը ֆտորացնում է ջրհորի ջուրը։ Սակայն բոլոր ջրի աղբյուրներում էլ բնականից կա որոշակի քանակությամբ ֆտոր, դրա համար պետք է հետազոտեք ձեր ջրհորի ջուրը՝ իմանալու համար նրա մեջ եղած ֆտորի քանակը։
2․ Ամեն օր շփեք ձեր բալիկի լնդերը։ Մինչև ձեր փոքրիկի առաջին ատամների ծկլթելը, ինչպես նաև ծկլթելու ամբողջ ընթացքում դուք պետք է ամեն օր շփեք ձեր բալիկի լնդերը մաքուր, խոնավ կտորով։ Փաթաթեք կտորը ձեր ցուցամատի վրա և այդ մատով զգուշորեն շփեք ձեր երեխային բոլոր լնդերը։
- Դուք կարող եք նաև օգտագործել փոքր և նուրբ մանկական ատամի խոզանակ՝ լնդերը մերսելու համար։ Մի օգտագործեք ատամի մածուկ։ Օգտագործեք միայն ջուր։
3․ Ամեն օր խոզանակեք երեխայի ատամները մանկական խոզանակով։ Երեխայի առաջին ատամի ի հայտ գալուն պես դուք պետք է սկսեք ամեն օր խոզանակել նրա ատամները։ Այս շրջանում դուք պետք է օգտագործեք շատ քիչ քանակությամբ ատամի մածուկ (մոտավորապես բրնձի հատիկի չափի) և ջուր։
- Ձեր բալիկի ատամները խոզանակելու համար օգտագործեք հատուկ նորածինների կամ երեխաների համար նախատեսված ֆտոր պարունակող ատամի մածուկ։
- Նաև մի մոռացեք ամեն օր շփել երեխայի լնդերը այն հատվածներում, որտեղ ատամները դեռ չեն ծկլթել։
- Ատամնաթելով մաքրեք ձեր երեխայի ատամների արանքները։ Երբ ձեր երեխան արդեն ունենա իրար կողք կողքի շարված ատամներ, որոնք հպվում են միմյանց, ապա դուք արդեն պետք է սկսեք ատամնաթելով պարբերաբար մաքրել այդ ատամների արանքները։
5․ Սովորեք ձեր երեխայի ատամները խոզանակելու լավագույն մեթոդները։ Երեխայի ատամները խոզանակելու ամենահեշտ ձևերից մեկը հետևյալն է․ երեխային պետք է նստեցնեք ձեր ծնկների՝ դեմքով դեպի առաջ, նրա գլուխը կարող եք հենել ձեր կրծքավանդակին։ Սա թույլ կտա երեխային այնպիսի դիրքում պահել, ինչպիսի դիրքով դուք ինքներդ խոզանակում եք ձեր իսկ ատամները, ինչը այս գործընթացը կդարձնի շատ ավելի հեշտ։
- Խոզանակեք ձեր երեխայի ատամները փոքր, շրջանաձև շարժումներով։
- Երբ ձեր երեխան այնքան մեծանա, որ արդեն դժվար կլինի նրան նստեցնել ձեր ծնկների, ապա դուք կարող եք կանգնեցնել երեխային ձեր առջև (անհրաժեշտության դեպքում աթոռի վրա)։ Երեխայի գլուխը պետք է փոքր ինչ ետ թեքեք, որպեսզի կարողանաք հեշտությամբ տեսնել նրա բոլոր ատամները։
6․ Երբ երեխան քնում է՝ հանեք նրա բերանից կաթի կամ հյութի շիշը։ Որքան էլ դա հարմար լինի, միևնույնն է, դուք չպետք է ձեր երեխային քնեցնեք շշով կամ թույլ տաք նրան քնել շշի հետ։ Շշի միջի կաթի կամ հյութի շաքարը կարող է վնասել ձեր երեխայի ատամների էմալը։
- Երեխաների մոտ բերանի խոռոչ այսպիսի ախտահարումը նաև անվանում են «շշային բերան» կամ «շշային կարիես»։
- Շշային բերանի զարգացման հիմնական նշաններն են ատամների խորդուբորդությունը, փոսիկների առկայությունը ատամների վրա և վերջիններիս գունաթափումը։
- Ցավոք սրտի, եթե երեխայի մոտ զարգանում է ծանր ընթացքով շշային բերան, ապա գուցե հարկավոր լինի հեռացնել ատամները ատամնաբույժի մոտ՝ մինչև նրանց բնական եղանակով ընկնելը։
- Ընդհանուր առմամբ, լավ կլինի, որ երեխայի շշի մեջ ընդհանրապես հյութ չլցնեք և նվազագույնի հասցնեք երեխայի կողմից հյութերի օգտագործումը։
7․ Առաջին ատամի ծկլթելուց հետո երեխային տարեք ատամնաբույժի մոտ։ Ընդհանրապես, կարող եք ձեր երեխային առաջին անգամ ատամնաբույժի մոտ տանել կամ նրա մի տարեկանը լրանալուց, կամ էլ առաջին ատամը ծկլթելուց հետո՝ նայած թե այս երկուսից որը ավելի շուտ կլինի։ Ատամնաբույժը ձեզ կսովորեցնի թե ինչպիսի նախազգուշական միջոցառումներ պետք է իրականացնեք, որպեսզի համոզված լինեք, որ ձեր երեխայի ատամները նրա ողջ կյանքի ընթացքում կմնան ամուր և առողջ ։
Ինչպես առողջ պահել երեխայի ատամները նրա կյանքի ողջ ընթացքում
1․ Ատամների ծկլթելու ժամանակ շփեք ձեր բալիկի ցավացող լնդերը։ Երեխաների մեծ մասի մոտ առաջին ատամը սկսում է ծկլթել 6 ամսականում (սակայն ոչ հազվադեպ այդ տարիքը կարող է էականորեն տարբերվել)։ Նորմայում սկզբից ծկլթում են երեխայի ստորին ծնոտի երկու առաջային ատամները, որին հետևում են վերին ծնոտի երկու առաջային ատամները։ Ծկլթող ատամներով երեխաների մոտ մեծանում է թքարտադրությունը, կարիք է լինում ծամել պինդ առարկաներ, նրանք լինում են գրգռված կամ նրանց լնդերը կարող են ցավել։ Ահա մի քանի գործողություն, որոնք անելով դուք կարող եք թեթևացնել ձեր բալիկի տհաճ զգացողությունները։
- Օգտագործեք ձեր մատը երեխայի լնդերը տրորելու և նրանց վրա ճնշում գործադրելու համար։ Ճնշումը կարող է կարճ ժամանակով թեթևացնել ցավը։ Բայց սկզբից համոզվեք, որ ձեռ ձեռքերը մաքուր են։
- Լնդերին սառը դնելը կարող է երբեմն թեթևացնել ծկլթելու ժամանակ դիտվող ցավը։ Դուք կարող եք ձեր երեխային ծամելու կամ ծծելու համար տալ սառը որևէ բան՝ ցավը թեթևացնելու համար։ Ամենալավ տարբերակներն են սառը կտորը, գդալը կամ ծկլթող ատամների համար նախատեսված հատուկ օղակները։ Պարզապես համոզվեք, որ այդ առարկաները շատ սառը չեն։
- Երբ երեխայի ատամները սկսեն ծկլթել՝ փորձեք նրան ծամելու համար տալ սառեցված (բայց ոչ շատ սառը) պինդ սնունդ։ Շատ լավ տարբերակներ են կլպված և սառեցված վարունգը կամ գազարը․ տեղադրեք սնունդը հատուկ այս նպատակի համար նախատեսված կերակրման ցանցի մեջ, կամ վերահսկեք երեխային այդ ընթացքում, որպեսզի սննդի մասնիկները չդառնան շնչահեղձության պատճառ։
- Կախված նրանից, թե որքան ցավոտ է ընթանում ձեր բալիկի ատամների ծկլթումը, հնարավոր է պետք լինի օգտագործել դեղորայք։ Երեխաների համար նախատեսված պարացետամոլը կամ իբուպրոֆենը կարող են օգնել թեթևացնել ցավը։ Եթե վստահ չեք ճիշտ դեղաչափի ընտրության հարցում, ապա խորհրդակցեք ձեր մանկաբույժի կամ դեղագործի հետ։ Իբուպրոֆեն կարելի է տալ միայն 6 ամսականից մեծ երեխաներին։
2․ Սկսեք խոզանակել ձեր երեխայի ատամները օրեկան 2 անգամ։ Երբ արդեն ձեր երեխայի բոլոր կաթնատամները ծկլթեն՝ դուք կարող եք սկսել խոզանակել նրա ատամները օրը 2 անգամ։ Դուք պետք է շարունակեք ամեն անգամ երեխայի ատամները խոզանակելուց օգտագործել բրնձի հատիկի չափ ատամի մածուկ մինչև նա չսովորի թքել ատամի մածուկը։
3․ Երեխան պետք է դադարեցնի բութ մատը ծծելու սովորությունը, երբ արդեն սկսեն դուրս գալ նրա հիմնական ատամները։ Բութ մատը, այլ մատերը, ծծակը, կամ այլ առարկաները ծծելը երեխաների դեպքում ամբողջովին նորմալ երևույթ է։ Սակայն, երբ արդեն սկսեն ծկլթել երեխայի հիմնական ատամները՝ բութ մատը ծծելը կարող է բերել կայուն խանգարումների առաջացման՝ բերանի ձևավորման խանգարման, ատամնաշարի թեքությունների և բերանի առաստաղի ձևավորման խանգարման։
- Ծծակները ոչնչով ավելի լավը չեն քան բութ մատը ծծելը, երբ խոսքը գնում է բերանի երկարաժամկետ, կայուն վնասվածքների մասին։
- Լավ կլին, որ համոզեք ձեր երեխայի դադարեցնել ծծել բութ մատը (կամ ծծակը) անգամ մինչև նրա հիմնական ատամների ծկլթելը։ Սա անելու համար կարող եք խրախուսել երեխային, երբ նա չի ծծում իր բութ մատը։ Նաև կարող եք երեխային տալ որևէ հանգստացնող առարկա, երբ նա հոգնած է կամ ուզում է ծծել իր բութ մատը կամ ծծակը, օրինակ՝ փափուկ խաղալիք կամ վերմակ։
- Բութ մատը ծծելը սովորաբար անապահով կամ անհարմար զգալու կողմնակի հետևանք է։ Այդ իսկ պատճառով բութ մատը ծծելը դադարեցնելու ամենալավ եղանակներից մեկը դրա հիմքում ընկած խնդրի դեմ պայքարելն է։ Եթե ձեր երեխան իրեն անապահով կամ անհարմար է զգում, ապա առաջին հերթի փորձեք պայքարել դրա դեմ, և կնկատեք, որ նա կսկսի դադարել ծծել իր բութ մատը, երբ իրեն ավելի ապահով և հարմարավետ զգա։
- Եթե դժվարանում եք երեխայի բութ մատը ծծելու սովորույթը վերացնելու հարցում, ապա կարող եք նաև կապվել ձեր ատամնաբույժի հետ, ով ձեզ հավելյալ խորհուրդներ կտա կամ անգամ այս խնդիրը լուծելու համար կնշանակի դեղորայք։
4․ Սովորեցրեք ձեր երեխային, թե ինչպես թքել ատամի մածուկը։ Երբ ձեր երեխան արդեն մոտենա իր 2 տարեկանին, դուք պետք է սկսեք նրան սովորեցնել թքել։ Դուք պետք է խրախուսեք ձեր երեխային թքել ավելորդ ատամի մածուկը՝ այն կուլ տալու փոխարեն։
- Մինչդեռ առաջին հայացքից թվում է, որ ջուր օգտագործելով կարող եք օգնել ձեր երեխայի թքել ավելորդ ատամի մածուկը, բայց իրականում ջրի զգացողությունը նրա բերանում կարող է մեծացնել ատամի մածուկը կուլ տալու հավանականությունը։ Ինչպես նաև ատամները խոզանակելուց հետո բերանի խոռոչը ջրով պարզաջրելու պատճառով կարող է նաև լվացվել ատամների վրայի ֆտորը, ինչը կչեզոքացնի ֆտորի դրական ազդեցությունը ատամների վրա։
5․ Երեխայի համար ծառայեք բերանի պատշաճ հիգիենայի պահպանման լավ օրինակ՝ թույլ տալով նրան նայել, թե ինչպես եք խոզանակում ձեր ատամները։ Նորածիններն ու երեխաները շատ բաներ սովորում են պարզապես նայելով թե ինչ են անում իրենց ծնողները։ Եթե ուզում եք սովորեցնել ձեր երեխային, որ ատամները խոզանակելը և ատամնաթել օգտագործելը լավ սովորույթ է, ապա թույլ տվեք նրան նայել, թե ինչպես եք անում այդ գործողությունները։ Դուք կարող եք նաև թույլ տաք, որ ձեր երեխան նմանակի ձեզ, երբ դուք խոզանակում եք ձեր ատամները։
6․ Շատացրեք ֆտոր պարունակող ատամի մածուկի քանակը։ Երբ ձեր երեխան արդեն սովորի ատամները խոզանակելուց հետո թքել ավելորդ ատամի մածուկը, ապա դուք կարող եք մեծացնել ատամի մածուկի քանակը՝ այն հասցնելով սիսեռի հատիկի չափի։ Սա նորմայում լինում է, երբ երեխան հասնում է մոտավորապես 3 տարեկան հասակի։
7․ Վերահսկեք ձեր երեխային ատամները խոզանակելու ընթացքում։ Անգամ երբ ձեր երեխան այնքան մեծ է, որ ինքնուրույն է խոզանակում իր ատամները, միևնույնն է, դուք պետք է վերահսկեք նրան մինչև առնվազն 6 տարեկան հասակը։ Վերահսկելու հիմնական նպատակը այն է, որ համոզվեք, որ ձեր երեխան չի օգտագործում չափից շատ ատամի մածուկ կամ կուլ չի տալիս այն։
Կերակրեք ձեր երեխային ճիշտ սնունդով, որպեսզի կանխեք կարիեսի զարգացումը
1․ Կերակրեք ձեր երեխայի կրծքի կաթով մինչև առնվազն 6 ամսականը։ Կրծքի կաթն ամենալավ սնունդ է, որով ձեր փոքրիկը կարող է սնվել։ Անգամ երբ երեխան մոտ 6 ամսականում սկսում է ուտել կոշտ սնունդ, նա միևնույնն է կարող է շարունակել խմել կրծքի կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչներ։ Եթե դուք ամեն անգամ կերակրելուց հետո մաքրեք երեխայի ատամներն ու լնդերը, ապա կաթը երեխայի ատամների վրա չպետք է թողնի որևէ բացասական հետևանք։
2․ Սնվեք առողջ և բալանսավորված սննդակարգով։ Երեխային կրծքով կերակրելու ամբողջ ընթացքում ձեր կերած ցանկացած բան կարող է ազդել երեխայի վրա։ Դրա համար դուք պետք է սնվեք առողջ և բալանսավորված սննդակարգով, որպեսզի և՛ դուք, և՛ ձեր փոքրիկը լինեք առողջ։
- Կալցիումը ամուր և առողջ ոսկրերի ու ատամների զարգացման համար ունի կենսական նշանակություն։ Սա նշանակում է, որ կրծքով կերակրելու ամբողջ ընթացքում դուք պետք է համոզվեք, որ ընդունում եք բավարար քանակությամբ կալցիում ինչպես ձեր, այնպես էլ ձեր փոքրիկի համար։
3․ Երբ ձեր երեխան դառնա 6 ամսական՝ սկսեք նրան կերակրել պինդ սնունդով։ Ձեր երեխան պետք է սկսի ուտել պինդ սնունդ մոտավորապես 6 ամսական հասակում։ Լավագույն դեպքում այս պինդ սնունդը պետք է հարուստ լինի երկաթով և չպետք է պարունակի ավելացված շաքար։
- Կաթը մատուցելով եգիպտացորենի փաթիլներով (хлопья)՝ կկարողանաք նվազեցնել շաքարի վնասակար ազդեցությունը երեխայի ատամների վրա։
- Դուք չպետք է թույլ տաք ձեր երեխային կերակուրների միջև որպես խորտիկ ուտել քաղցրացրած եգիպտացորենի փաթիլներ։ Երեխայի ատամների համար ավելի վատ է երկար ժամանակահատվածով շաքարի հետ շփումը, քան եթե այդ շաքարի ամբողջ քանակությունը օգտագործվեր միանգամից։
4․ Խուսափեք երեխային մինչև 1 տարեկանը կովի կաթ տալուց։ Երկաթպակասուրդային սակավարունությունից խուսափելու համար դուք չպետք է ձեր երեխային տաք կովի կաթ՝ առնվազն մինչև նրա մեկ տարեկան դառնալը։ Եթե ուզում եք երեխայի եգիպտացորենի փաթիլներին ավելացնել կաթ, ապա օգտագործեք ձեր կրծքի կաթը կամ արհեստական կաթնախառնուրդ, բայց ոչ կովի կաթ։ Երբ ձեր բալիկը արդեն լինի 1-2 տարեկան, ապա դուք կարող եք սկսել նրան տալ կովի կաթ՝ խմելու համար, բայց օրական ոչ ավել քան 700 մլ։
5․ Երբ ձեր բալիկը դառնա 6 ամսեկան՝ փոխեք շիշը մանկական բաժակով։ Որպեսզի վստահ լինեք, որ ձեր երեխայի մոտ չի առաջանա շշային բերան, ապա պետք է 6 ամսական հասակում արդեն անցնեք մանկական բաժակներին։ Շշից ծծելու միջոցով որևէ բան խմելը իրականում կարող է վնասել ձեր երեխայի բերանը, դրա համար ավելի անվտանգ բաժակին անցնելը լավ միտք է։
6․ Նվազեցրեք ձեր երեխայի կողմից օգտագործվող շաքարի քանակը։ Շաքարը բերում է կարիեսի զարգացման՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ։ Եթե ձեր երեխան ամեն օր ուտում է քաղցրավենիք, ապա դա էականորեն կբարձրացնի նրա մոտ ատամների կարիեսի զարգացման ռիսկը։ Նվազեցրեք ձեր երեխայի կողմից օգտագործվող շաքարի քանակը, ներառյալ քաղցր ըմպելիքները, որպեսզի խուսափեք որևէ ատամնաբուժական միջամտությունից։
- Ատամների կարիեսը կամ վնասումը կարող է առաջանալ նաև շատ թթվային ըմպելիքներից, օրինակ հյութերից։
- Հյութերի փոխարեն ձեր երեխային խմելու համար հիմնականում տվեք կաթ կամ ջուր։
- Ստուգեք մանկական սննդում շաքարի պարունակությունը և փորձեք ընտրել հնարավորինս քիչ շաքար պարունակող տարբերակը։
- Նոսրացրեք հյութերը ջրով՝ հյութի փոքր քանակին ավելացնելով 10 անգամ ավելի շատ ջուր։
- Թխվածքաբլիթների կամ քաղցրավենիքի փոխարեն խրախուսեք ձեր երեխային նախշերով, պիտակներով և այլն։
- Եթե ձեր երեխային անհրաժեշտ է տալ դեղորայք, ապա խնդրեք ձեր բժշկին նշանակել շաքար չպարունակող տարբերակը։
7․ Խուսափեք մրգերի հյութերից։ Մրգերի հյութերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար․ այս պատճառով փոքր երեխաները պետք է օրական օգտագործեն առավելագույնը 100-150 մլ հյութ։ Եթե երեխային խմելու համար տալիս եք մրգի հյութ, ապա նա ամբողջ հյութը պետք է խմի միանգամից։ Մրգի հյութը պետք է տալ միայն օրվա ընթացքում՝ բայց երբեք քնելուց առաջ։
- Փոքր երեխաները պետք է ուտեն տնային պայմաններում պատրաստված ճզմած կամ տրորած մրգեր։ Ցավոք սրտի խանութներում վաճառվող ճզմած կամ տրորած մրգեր պարունակող շատ մանկական սնունդներ պարունակում են նաև ավելացված շաքար։ Եթե դուք չեք կարող այն պատրաստել ինքնուրույն, ապա խանութներում փնտրեք առանց շաքար կամ վերջինիս քիչ պարունակությամբ տարբերակներ։
- Եթե դուք երեխային խմելու համար տալիս եք հյութ, ապա նա ամբողջ հյութը պետք է խմի միանգամից՝ կարճ ժամանակահատվածում։ Որքան երկար ատամները շփվեն շաքարի հետ, այնքան այն ավելի վատ ազդեցություն կունենա ատամների վրա։
- Մրգերի հյութերի հետ կապված ցանկացած խորհուրդ նաև տարածվում է գազավորված ըմպելիքների և, առհասարակ, ավելացրած շաքար պարունակող ցանկացած ըմպելիքի վրա (օրինակ՝ կոկա-կոլա)։
Խորհուրդներ
- Նորածին երեխաները չունեն այնպիսի բակտերիաներ, որոնք կարող են առաջացնել ատամների կարիես։ Բայց երեխայի ծնողը կամ այլ երեխա կարող է փոխանցել այդ վտանգավոր բակտերիաները ձեր բալիկին՝ գդալի, շշի կամ ծծակի միջոցով։
- Ատամները ծկլթելու ախտանիշներն են՝ առատ թքարտադրությունը, ձեռքը կամ առարկաներ կծելը, ախորժակի անկումը, ավելացած լացը կամ գրգռվածությունը և այտուցված լնդերը։