mykid.am
Ամենօրյա Խնամք

Ինչպես հոգ տանել վաղաժամ ծնված երեխայի մասին

 

Վաղաժամ ծնված տերմինը վերաբերում է հղիության 37-րդ շաբաթից շուտ ծնված ցանկացած երեխայի: Վաղաժամ ծնված երեխաները բարդությունների զարգացման ավելի մեծ ռիսկի տակ են և հաճախ հատուկ խնամքի կարիք ունեն նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այն ծնողները, որոնք ցանկանում են ներգրավված լինել իրենց երեխայի խնամքի հարցերում, պետք չէ ամեն բան թողնեն մասնագետներին: Ծնողները շատ բաներով կարող են օգնել իրենց վաղաժամ ծնված նորածնի խնամքի հարցում և, որպես այդպիսին, նրանք պետք է դառնան իրենց երեխայի խնամքի ակտիվ մասնակիցը, երբ երեխան դեռ գտնվում է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

 

Տվեք շատ հարցեր

 

  1. Խոսեք մասնագետների հետ ձեր երեխայի առջև ծառացած խնդիրների մասին: Ծնողների համար շատ ճնշող և դժվար կարող է լինել հասկանալը, թե կոնկրետ ինչ ռիսկերի տակ է իրենց փոքրիկը: Ծննդատան աշխատակազմը տեղյակ է այս ամենի մասին և, ընդհանուր առմամբ, ձեզ տարբեր բաներ այնպես կբացատրի, որ ձեր ցանկացած հարցի կամ մտահոգության պատասխան ձեզ համար լինի ամբողջովին հասկանալի։
  2. Տվեք այնքան հարցեր, որքան անհրաժեշտ է, որպեսզի լիովին հասկանաք ձեր երեխային ցուցաբերվող աջակցության էությունը: Ձեր երեխային ամրացված տարօրինակ սարքավորումները, հատուկ լուսավորությունը, մոնիտորներն ու խողովակները կարող են վախեցնել ձեզ: Խնդրեք անձնակազմին ձեզ բացատրել, թե ինչի համար է օգտագործվում յուրաքանչյուր սարքավորում, և թե ինչի համար է ձեր երեխային հարկավոր այդ ամենը։
  3. Պահանջեք խոսել բոլոր այն բժիշկների և բուժքույրերի հետ, որոնք ներգրավված են ձեր երեխայի խնամքի հարցերում: Ձեր երեխան միաժամանակ կարող է վերահսկվել մի քանի տարբեր մասնագետների կողմից: Նեոնատոլոգները պատրաստված են վաղաժամ ծնված նորածինների խնամքի հարցերով զբաղվելու համար: Ձեր երեխայի առողջության պահպանման համար կարող է պահանջվել հատուկ մասնագետ, որը զբաղվում է շնչառության հետ կապված հարցերով, աչքերի խնամքի համար՝ ակնաբույժ կամ սրտի խնդիրների դեպքում՝ սրտաբան: Ծանոթացեք յուրաքանչյուր մասնագետի և նրանց մատուցած ծառայությունների հետ:
  4. Անձնակազմի հետ քննարկեք ձեր երեխային կերակրելու հնարավորությունը, եթե, իհարկե, դուք ի սկզբանե պլանավորել էիք այդպես վարվել: Եթե այս պահին ձեր երեխան չի կարողանում ծծել, հարցրեք, թե ինչպիսին պետք է լինեն կերակրման հետ կապված ձեր հետագա գործողությունները: Գուցե հնարավոր լինի կթել ձեր կրծքի կաթը և այն այլ եղանակով կերակրել երեխային: Աշխատակազմը ձեզ կկարողանա ճիշտ խորհուրդներ տալ:

 

Սովորեք կանոնների մասին

 

  1. Ժամանակ տրամադրեք՝ սովորելու համար այն ընթացակարգերը, որոնք իրականացվում են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Հիվանդանոցների կանոնները և ընթացակարգերը կարող են տարբեր լինել, այնպես որ դուք պետք է ծանոթանաք ձեր երեխայի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի աշխատանքի ձևին և այն ուղեցույցներին, որոնք ակնկալվում է կատարել, մինչդեռ ձեր երեխան գտնվում է այնտեղ:
  2. Սովորեք տարբեր սարքավորումների, հավելումների և ահազանգող ազդանշանների մասին, որոնք օգտագործվում են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բարձր տեխնոլոգիական սարքավորումները կարող են առաջին հայացքից սարսափելի թվալ, բայց երբ գիտակցում եք, թե ինչ է անում ամեն մի սարքավորումը և ինչու է դա պետք ձեր երեխային, կարող եք սովորել մի փոքր հանգստանալ՝ այն նոր միջավայրում, որում հիմա գտնվում եք:

 

Ձեր երեխայի հետ շփումը

  1. Եղեք հնարավորինս ներգրավված ձեր երեխայի խնամքի հարցերում: Հպվեք ձեր երեխային որքան հնարավոր է ավելի հաճախ: Շոյեք նրա դեմքը կամ գլուխը։ Ցանկացած տեսակի շփում, որը կօգնի ձեզ կապ հաստատել ձեր երեխայի հետ և կնպաստի նրա վիճակի բարելավմանը, խրախուսվում է։
  2. Խոսեք ձեր երեխայի հետ: Ձեր ձայնը կարևոր է փոքրիկի համար և կարող է հարմարավետության զգացողություն առաջացնել նրա մոտ: Շշնջացեք նրա ականջին կամ մեղմորեն երգեք:
  3. Հարցրեք, արդյոք կարող եք փոխել ձեր երեխայի տակդիրը: Հաճախ անձնակազմը խրախուսում է այս առաջարկը և անպայման կօգնի ձեզ տակդիրը փոխելու հարցում` անհրաժեշտության դեպքում անջատելով սարքավորումները:
  4. Հնարավորության դեպքում մաքրեք ձեր երեխային տաք կտորով:
  5. Խնդրեք գրկել ձեր երեխային: Գուցե երեխային ամրացված բոլոր լարերի և սարքավորումների պատճառով անհանգստանաք նրան գրկելիս, սակայն հիշեք, որ եթե անձնակազմը կասկածեր, որ դա կարող է վտանգ հանդիսանալ ձեր երեխայի համար, ապա միանշանակ թույլ չէր տա նրան գրկել: Շատ դեպքերում անձնակազմը աթոռը բերում և տեղադրում է ձեր երեխային բավականին մոտ, և հսկում, որպեսզի կարողանաք ապահով նստել և գրկել ձեր երեխային:
  6. Առաջարկեք կրծքով կերակրել ձեր երեխային, եթե իհարկե երեխային հնարավոր է կերակրել: Սա ևս մեկ առաջարկ է, որի դեպքում անձնակազմը սիրով կօգնի ձեզ խնամել ձեր նորածնին:
  7. Հարցրեք «կենգուրուի» խնամքի մասին: Սա տեխնիկա է, որի ժամանակ տակդիր հագցված երեխան տեղադրվում է մայրիկի վերնաշապիկի ներսում` մայրիկի և երեխայի միջև մաշկից մաշկ շփում ստեղծելու համար: Ձեր երեխան ավելի մոտ կլինի ձեր սրտի բաբախյունին և ձեր մարմնի ջերմությանը: Սա ևս մեկ լավ տեխնիկա է մայրիկի և երեխայի միջև կապվածություն ստեղծելու համար:
  8. Բարձրաձայնեք, եթե որևէ փոփոխություն նկատեք երեխայի ֆիզիկական կամ հոգեկան վիճակում:

 

Ավելացրեք որոշ անձնական իրեր

Ձեր տնից բերեք յուրահատուկ իրեր՝ ձեր երեխայի տարածքն ավելի հարմարավետ դարձնելու համար: Փափուկ վերմակը, փափուկ խաղալիքը կամ ընտանիքի անդամների նկարը օգնում է լուսավորել և անհատականացնել տարածքը:

 

Մի մոռացեք անձնական խնամքի մասին

 

  1. Ժամանակ տրամադրեք ինքներդ ձեր մասին հոգ տանելու համար: Հեշտ է մոռանալ ձեր կարիքների մասին, հատկապես այսպիսի սթրեսային իրավիճակներում: Երեխային պետք է, որ դուք ուժեղ և առողջ լինեք, որպեսզի կարողանաք հետագայում խնամել իրեն:
  2. Պահպանեք առողջ սննդակարգը և շարունակեք ընդունել ձեր վիտամինները: Համոզվեք, որ հեղուկներ շատ եք օգտագործում:
  1. Հնարավորինս շատ հանգստացեք` խթանելու համար ձեր օրգանիզմի պատշաճ ապաքինումը ծննդաբերությունից հետո:
  2. Հնարավոր է տարբեր աստիճանի հույզեր զգաք: Փորձության ժամանակ է, ուստի զարմանալի չէ, որ դուք կարող է արագ անցում կատարեք ուրախություն և զարմանք զգալուց դեպի զայրույթ, վախ կամ հիասթափություն զգալը:
  3. Գերծանրաբեռնվածության դեպքում ինքներդ ձեզ թույլ տվեք հանգստանալ։ Թույլ տվեք որևէ մեկին ժամանակավորապես օգնել ձեզ, մինչդեռ որոշ ժամանակ կհատկացնեք ինքներդ ձեզ:
  4. Թույլ տվեք, որ շրջապատը հնարավորինս օգնի ձեզ ցանկացած հարցում: Ճաշ եփելը, մաքրություն անելը, երեխաների խնամքին հետևելը այնպիսի առաջադրանքներ են, որոնք հեշտությամբ կարող են անել ձեր ընտանիքի անդամները և ձեր ընկերները:
  5. Այնքան հուզական աջակցություն ստացեք ուրիշներից, որքան կարող եք: Խոսեք նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող այլ երեխաների ծնողների հետ կամ միացեք վաղաժամ ծնված երեխաների ծնողների աջակցության խմբին:
  6. Մասնագիտական օգնություն փնտրեք, եթե զգում եք, որ ընկճված եք կամ դժվարանում եք կարգավորել ձեր հույզերը և հաղթահարել նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում երեխա ունենալու սթրեսը:

 

Պատրաստվեք ձեր երեխային տուն բերելու համար

 

  1. Նախքան ձեր երեխային տուն բերելը մտածեք սիրտ թոքային վերակենդանացման դասընթաց անցնելու մասին: Այն ոչ միայն օգտակար կլինի ձեր նորածնի համար, եթե դրա կարիքը լինի, այլ նաև կօգնի ձեզ ավելի վստահ զգալ ձեր երեխայի խնամքի հարցում, երբ դուրս գաք հիվանդանոցից և ձեր երեխային բերեք տուն:

 

  1. Ձեր երեխային տուն բերելիս սպասելի է, որ ձեզ ինչպես հուզված, այնպես էլ անհանգիստ կզգաք: Ձեր երեխան բավական երկար ժամանակ գտնվելով նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ էր, որպեսզի դուք կարողանաք ձեզ ապահով զգալ նրա խնամքի հարցում: Երեխային իր համար անվտանգ միջավայրից հեռացնելը կարող է մի փոքր անորոշության և վախի մթնոլորտ ստեղծել ծնողների համար:

 

  1. Եթե շատ անհանգիստ եք նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքից ձեր երեխային տուն տեղափոխվելու կապակցությամբ՝ վարձեք մասնագետի, ով տանը կօգնի ձեզ: Թերևս կարող եք կազմակերպել մասնագետի հետագա տնային այց, որը կօգնի ձեզ մի փոքր հանգստանալ:

 

Զգուշացում

Համոզվեք, որ հետևում եք մասնագետների ցուցումներին: Եթե նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքից դուրս գրվելուց հետո ձեր երեխան ինչ-որ անհանգստության նշաններ է ցույց տալիս, ապա ձեր հետագա գործողությունները իմանալու համար անհապաղ կապվեք ձեր բժշկի հետ կամ ձեր երեխային շտապ տեղափոխեք հիվանդանոց:

Related posts

Ինչպես երեխաների մոտ հայտնաբերել դեպրեսիան

mykid
4 years ago

Ինչպես հանգստացնել երեխային

mykid
4 years ago

Ինչպես խնամել ձեր երեխայի ատամները

mykid
4 years ago