Ինչպես հանգստացնել երեխային
Քանի դեռ երեխան չի սովորել խոսել, նա հաղորդակցվելու է լաց լինելու միջոցով: Չնայած սա կարող է նյարդայնացնող լինել, բայց խնամողը պետք է հասկանա, թե ինչն է խանգարում երեխային: Երբեմն մենք հասկանում ենք, թե ինչումն է խնդիրը և կարողանում ենք հեշտությամբ շտկել այն: Այլ դեպքերում՝ նախքան կկարողանանք խնդիրը շտկել, մենք ստիպված ենք լինում մի քանի ապարդյուն փորձ կատարել` պատճառը գտնելու համար: Դուք կարող եք հանգստացնել նորածնին՝ հասկանալով լացի պատճառը, ապահովելով նորածնի ֆիզիկական հարմարավետությունը, օգտագործելով հանգստացնող ձայներ և վերացնելով երեխային անհարմարություն պատճառող գործոնները:
Ինչպես հասկանալ լացի հիմքում ընկած պատճառը
1․ Հասկացե՛ք, արդյո՞ք կա երեխայի տակդիրը փոփոխելու կարիք: Շատ երեխաներ նյարդայնանում են, երբ տակդիրը փոխելու կարիք են ունենում: Կեղտոտ կամ թաց տակդիրի հպման զգացողությունը նրանց մաշկի վրա տհաճ երևույթ է: Երեխայի տակդիրը երկար ժամանակ չփոխելը կարող է տակդիրի հետևանքով առաջացող ցանավորման պատճառ դառնալ, ինչը նույնպես շատ տհաճ է:
-
- Եթե օգտագործում եք մեկանգամյա օգտագործման տակդիրներ, ապա տակդիրը կսկսվի կախվել կամ լցված տեսք ընդունել:
- Եթե դուք օգտագործում եք կտորե տակդիրներ, ապա հպվեք տակդիրի արտաքին մասին՝ հասկանալու համար, թե արդյոք այն լիքն է, թե ոչ:
- Որոշ մեկանգամյա օգտագործման տակդիրներ, ինչպես օրինակ՝ Pampers Swaddlers- ը, ունեն ցուցիչ գոտի, որը դառնում է կապույտ, երբ տակդիրը թրջվում է:
- Ուշադրություն դարձրեք ոտքերի մոտակայքում կամ տակդիրի վերևի մասում արտահոսքին:
- Հայացք գցեք երեխայի տակդիրի հետևի մասի մեջ՝ ստուգելու համար, թե արդյոք երեխան կեղտոտել է, թե ոչ։
2․ Պարզեք, թե արդյոք ձեր երեխան քաղցած է: Երեխայի սնվելու կարիքները մի քանի անգամ փոփոխվում են իր կյանքի առաջին երկու տարիների ընթացքում: Սոված լինելու նշանները, որոնց դուք պետք է ուշադրություն դարձնեք նորածնի մոտ, ներառում են՝ շրթունքներով ճպճպացնելը, թաթիկները կամ բռունցքները ծծելը: Դուք կարող եք գուշակել, թե արդյոք ձեր նորածին երեխան բավականաչափ կերել է՝ նայելով նրա թաթիկներին: Եթե նորածնի թաթիկները բռունցք արած են և դեմքի մոտ են, ապա նա բավականաչափ չի կերել: Իսկ եթե նրա թաթիկները բաց են ու հանգիստ, ապա նա գոհ է: Ավելի մեծ՝ կրծքով կերակրվող երեխաները, սոված ժամանակ կարող են փորձել կերակրման դիրք ընդունել կամ կախվել ձեր հագուստից: Երեխան կարող է դառնալ անհանգիստ, հարվածել ձեզ կամ գլուխը շրջել մի կողմից մյուսը։
3. Պարզեք, թե արդյոք ձեր երեխան հոգնած է: Ցանկացած տարիքի երեխա դառնում է անհանգիստ և կամակոր, երբ հոգնած է լինում: Երբ երեխաները չափազանց հոգնած են լինում, ապա նրանց շատ դժվար է հանգստացնելն ու քնեցնելը: Դուք կարող եք նրա մոտ նաև քնկոտության նշաններ նկատել, ինչպիսիք են՝ հորանջելը կամ աչքերը տրորելը:
4. Ստուգեք հիվանդության նշանների առկայությունը: Միշտ պետք է ուշադրություն դարձնեք այն նշաններին, որոնք կհուշեն, որ ձեր երեխան հիվանդ է և ոչ թե միայն անհանգիստ: Եթե ձեր երեխան հիվանդության նշաններ է ցույց տալիս` գուցե բժշկին դիմելու անհրաժեշտություն լինի:
- Տարեք ձեր երեխային բժշկի մոտ, եթե երեխան ունի 38 ° C-ից բարձր ջերմություն և 3 ամսականից փոքր է, կամ եթե ունի 38,9 ° C-ից բարձր ջերմություն և 3 ամսականից մինչև 3 տարեկան է:
- Դիմեք բժշկի, եթե ձեր երեխան չի ուտում կամ չի խմում: Ուշադիր եղեք ջրազրկման նշաններին, ինչպիսիք են՝ օրական 6-ից քիչ փոխվող տակդիրները կամ լացը՝ առանց արցունքների:
- Հանդիպում նշանակեք բժշկի հետ, եթե երեխան ունի հազ, որը տևում է մի քանի օրից ավել է տևում:
- Անմիջապես դիմեք բժշկի, եթե ձեր երեխան շնչառության հետ կապված խնդիրներ ունի:
- Ականջները քաշելը կամ խռպոտ ձայնով լաց լինելը կարող են լինել բակտերիալ վարակի նախանշաններ, որի դեպքում կարող է հակաբիոտիկներով բուժման կարիք առաջանալ:
- Վստահեք ձեր ինտուիցիային: Եթե կարծում եք, որ ձեր երեխայի հետ ինչ-որ բան այն չէ, ավելի լավ է նրան տանեք բժշկի:
5․ Ուշադրություն դարձրեք ատամների ծկլթելուն: Նորածինների մոտ ատամների ծկլթումը հաճախ կրկնօրինակում է հիվանդության նշաններին: Երեխայի ատամների ծկլթման ժամանակ սովորական երևույթ է, երբ երեխան թույլ աստիճանի ջերմություն ունի, նրա քիթը հոսում է կամ նա քաշում է իր ականջները: Հնարավոր է դուք կարողանաք նկատել նաև, թե ինչպես են ձեր երեխայի լնդերը սկսում այտուցվել կամ ճեղքվել այն հատվածում, որտեղից ատամը դուրս է գալիս: Փորձեք հաջորդ մի քանի օրերի ընթացքում ձեր երեխային հնարավորինս հանգիստ պահել, մինչ չթուլանա ատամների ծկլթման պատճառով առաջացած ցավը:
- Ապահովեք ձեր երեխային ծկլթման համար նախատեսված խաղալիքներով, որոնք նա կկարողանան ծամել:
- Խոսեք երեխայի մանկաբույժի հետ` ցավը մեղմելու համար նրան Tylenol կամ Motrin տալու վերաբերյալ:
- Երեխային սառը ըմպելիքներ կամ սնունդ տվեք՝ ցավը մեղմելու նպատակով: Մի շիշ սառը ջուրը կամ սառեցված բանանը նույնպես կարող են օգնել: Ձեր երեխային կոշտ սնունդ տվեք միայն այն դեպքում, երբ նա արդեն ունակ է նստել և ինքնուրույն ձգվել դեպի սնունդը: Միշտ համոզվեք, որ երեխան ուտելիս գտնվում է մեծահասակների վերահսկողության տակ:
6․ Այցելեք ձեր բժշկին, եթե չեք կարողանում պարզել երեխայի լաց լինելու պատճառը: Բժիշկը կարող է համոզվել, որ իսկապես ձեր երեխային անհանգստացնող որևէ հիմնավոր պատճառ չկա: Չնայած շատ հավանական է, որ ձեր երեխան լաց է լինում առանց որևէ պատճառի, սակայն ավելի լավ է լինել զգուշավոր:
Ինչպես ապահովել երեխայի ֆիզիկական հարմարավետությունը
1․ Օրորեք ձեր երեխային: Ձեր երեխային օրորելը կարող է օգնել հանգստացնել նրան, երբ նա կամակորություն է անում: Օրորելու շարժումը երեխային հիշեցնում է իր մոր արգանդում լինելու ժամանակահատվածը: Դա նույնիսկ կարող է օգնել երեխային քնել:
- Օրորեք ձեր երեխային ճոճվող կամ օրորվող աթոռի մեջ
- Ձեր երեխային օրորելու համար օգտագործեք մանկական օրորոց կամ զամբյուղ
- Զգույշ եղեք, որ երեխային շատ ուժեղ չօրորեք կամ ցնցեք
2․ Ձեր երեխային տարեք զբոսանքի: Երեխային նստեցրեք իր մեքենայի մանկական նստատեղի կամ մանկասայլակի մեջ և գնացեք զբոսանքի: Նստատեղի վիբրացիան հաճախ հանգստացնում է երեխաներին: Եթե ձեր երեխան չի ուզում իր մանկասայլակում մնալ, ապա մտածեք նրան գրկելու և բակով արագ զբոսնելու մասին: Ձեր երեխային սցենարի այսպիսի փոփոխությունը անպայման դուր կգա:
3․ Բարուրեք ձեր երեխային: Ճիշտ բարուրելը կարող է շատ օգտակար լինել ձեր երեխայի համար, հատկապես քնած ժամանակ: Բարուրված երեխաները ավելի երկար են քնում, քանի որ նրանք ավելի քիչ են շարժվում: Բարուրն ընդօրինակում է հպումը և հիշեցնում է երեխային իր մոր արգանդի մասին: Այն նաև օգնում է երեխային սովորել ինքնուրույն հանգստանալ։
- Սովորեք ճիշտ բարուրել ձեր երեխային: Զգույշ եղեք, որ երեխային շատ ամուր չբարուրեք: Ձեր երեխային միշտ բարուրեք ձեռքերը կրծքին դրած դիրքում: Երեխայի ձեռքերը կողքի դրած բարուրելը կարող է հոդերի հետ կապված խնդիրներ առաջացնել։
- Բարուրված երեխային միշտ պառկեցրեք մեջքի վրա: Դուք պետք է դադարեցնեք երեխային բարուրել, երբ նա արդեն կարողանում է գլորվել:
4․ Փորձեք մանկական կենգուրու (մանկական կրման հարմարանք) կրել: Հնարավոր է, որ ձեր երեխան ցանկանում է, որ դուք իրեն ավելի հաճախ գրկեք: Շատ դժվար է որևէ այլ բան անելը, երբ ձեր երեխան անընդհատ ցանկանում է, որ իրեն գրկեք: Եթե դուք բախվում եք այս խնդրի հետ, ապա մտածեք կենգուրու գնելու մասին: Կենգուրուն շատ անվտանգ մեթոդ է երեխային պահելու համար, որն կիրառվում է ամբողջ աշխարհում: Այն ձեր երեխային ապահովում է անհրաժեշտ հարմարավետությամբ ու ուշադրությամբ, մինչ դուք ձեր երկու ազատ ձեռքերով զբաղվում եք այլ գործերով:
- Մանկական կենգուրուն երեխային կրելու հարմարանքների ամենատարածված տեսակն է։ Այն իրենից ներկայացնում է ձգվող կտորի երկար հատված, որը տարբեր ձևերով կարող եք կապել ձեր մարմնի վրա՝ տարբեր չափսերի երեխաներին կրելու համար։
- Նորածինների և մինչև 3 տարեկան երեխաների դեպքում կարելի է օգտագործել նաև մանկական օղակով սլինգ։ Այն նաև կարելի է օգտագործել առանց ձեռքերի օգնության երեխային կրծքով կերակրելու համար։
- Փափուկ կառուցվածք ունեցող կրման հարմարանքները նախատեսված են ուսապարկի պես կրելու համար։ Դուք պետք է ձեր երեխային տեղադրեք այդ հարմարանքի մեջ։ Այն իր մեջ ունի փափուկ բարձիկներ՝ ձեր և ձեր երեխայի հարմարավետությունը ապահովելու համար։
5․ Վերացրեք գրգռիչ ազդակները: Երեխան կարող է անհանգիստ դառնալ, երբ գտնվում է որևէ գրգռիչ ազդակի անընդհատ ազդեցության տակ: Ձեր երեխայի վրա կարող են ազդել խաղալիքները, հեռուստացույցը, աղմուկը կամ մարդկանց բազմությունը: Ձեր երեխան կարող է դյուրագրգիռ դառնալ, հարվածել ձեզ կամ չափից շատ ակտիվանալ: Երբ նկատում եք, որ երեխան ենթարկվում է այսպիսի գրգռիչ ազդակների ազդեցությանը, ապա փորձեք երեխային մի փոքր հանգիստ տալ։
6․ Ուշադրություն դարձրեք երեխայի վրա: Երեխաները շատ ուշադրության կարիք ունեն: Ձեր երեխան կարող է կամակոր դառնալ, երբ ցանկանում է, որ դուք գրկեք իրեն կամ խաղաք իր հետ: Համբերատար եղեք ձեր երեխայի նկատմամբ և հիշեք, որ նա ի վիճակի չէ ինքն իրեն շատ երկար զբաղեցնել:
Ինչպես երեխային հանգստացնել ձայների միջոցով
1․ Երգեք ձեր փոքրիկի համար: Երեխայի համար երգելը ոչ միայն կբարձրացնի նրա տրամադրությունը, այն նաև կուժեղացնի ձեր միջև կապը և կնպաստի ձեր երեխայի զարգացմանը: Մի՛ ամաչեք ձեր երեխայի համար երգելուց: Եթե անգամ դուք վատ եք երգում, միևնույնն է երեխան դրա մասին չի իմանա:
- Երբեք ձեր երեխայի ականջներին ականջակալներ մի դրեք:
2․ Հանգստացրեք ձեր երեխային: Երբ փորձում եք հանգստացնել ձեր երեխային ճոճելու կամ օրորելու միջոցով, ապա փորձեք այդ ընթացքում շշնջալով խոսել կամ «շշշ» ասել ձեր երեխային: Այս աղմուկները նմանեցվում են մոր արգանդի աղմուկների հետ և կարող են ձեր երեխային հարմարավետության մեծ զգացողություն պարգևել:
3․ Օգտագործեք «սպիտակ աղմուկի սարքը»: Սպիտակ աղմուկը նույնպես հիշեցնում է երեխաներին իրենց մոր արգանդը: Արգանդում գտնվելու ընթացքում ձեր երեխան սովոր էր ձայներ լսելու, ինչպես օրինակ՝ ձեր սրտի զարկերը և մարդկանց խոսակցությունները: Որոշ երեխաների համար կարող է դժվար լինել կատարյալ լռության մեջ քնելն ու քնած մնալը։ Սպիտակ աղմուկի սարքերը կարող են նաև արգելափակել ցանկացած այլ աղմուկ, որը կարող է խաթարել ձեր երեխայի քունը:
- Չափից շատ մի բարձրացրեք սարքի ձայնը: Համոզվեք նաև, որ սարքը ձեր երեխայի հասանելիության սահմաններից դուրս է:
Ինչպես վերացնել դիսկոմֆորտը
1․ Պարզեք ձեր երեխան շոգու՞մ է, թե՞ մրսում: Նորմալ է, որ անհանգստանում եք ձեր երեխային տաք պահելու համար: Բայց հիշեք, որ ձեր երեխան՝ իրեն հարմարավետ զգալու համար, պետք է հագնի նույն քանակությամբ հագուստ, որքան որ դուք եք կրում: Ձեր մարմինը նույնպես կարող է օգնել կարգավորել ձեր երեխայի մարմնի ջերմաստիճանը: Երբ երեխային ձեր գիրկն եք պահում, մանավանդ մաշկից մաշկ հպման դեպքում, ապա ձեր երեխան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ վերմակների կարիք չի ունենա։
- Ստուգեք՝ արդյոք ձեր երեխան քրտնու՞մ է, թե՞ դողում է:
- Կան կարծիքներ, որ գերտաքացումը կարող է հանգեցնել ՆՀՀ-ի առաջացման (նորածինների հանկարծամանության համախտանիշ):
2․ Գղտացրեք ձեր երեխային: Ձեր երեխան կարող է անհանգիստ դառնալ, եթե կերակրման ավարտից հետո կամ դրա ընթացքում գղտալու կարիք ունի: Փորձեք գղտացնել ձեր երեխային յուրաքանչյուր կերակրումից հետո, անկախ այն բանից՝ շշով, թե կրծքով եք կերակրում նրան: Եթե ձեր երեխան կերակրման կեսից անհանգիստ է թվում, ապա փորձեք նրան գղտացնել կերակրման ընթացքում։
- Եթե շշով եք կերակրում ձեր երեխային, ապա շշի կեսը դատարկվելուն պես գղտացրեք նրան։
- Եթե կրծքով եք կերակրում, ապա փորձեք գղտացնել ձեր երեխային, երբ փոխում եք կուրծքը:
3․ Օգնեք ձեր երեխային բաց թողնել գազերը: Եթե ձեր երեխան գազերը բաց թողնելու կարիք ունենա, ապա դրա պատճառով նա կարող է դառնալ շատ անհանգիստ: Մինչև ձեր երեխան չսկսի քայլել կամ չոչ անել, գազերը ինքնուրույն բաց թողնելը կարող է շատ դժվար լինել նրա համար: Կան մի քանի եղանակներ, որոնցով կարող եք փորձել օգնել ձեր երեխային բաց թողնել գազերը: Եթե գազերը դառնում են մշտական խնդիր, ապա կարող եք փորձել փոխել արհեստական կաթնախառնուրդը, տարբեր շշեր փորձել կամ զրուցել ձեր երեխայի մանկաբույժի հետ:
- Փորձեք ձեր երեխային մեջքի վրա պառկեցնել և նրա ոտքերով հեծանիվ քշելու շարժումներ անել:
- Երեխայի որովայնը մերսելը նույնպես կարող է որոշակի հանգստություն պարգևել նրան:
- Երեխային պառկեցրեք որովայնի վրա և օգնեք նրան փոքր-ինչ բարձրացնել կրծքավանդակը:
Խորհուրդներ
- Փորձեք մի քանի տեխնիկա, մինչև գտնեք այն տեխնիկան, որն օգնում է հանգստացնել ձեր երեխային:
- Եղեք համբերատար։
Զգուշացում
- Երբեք մի թափահարեք երեխային: Երբեմն նորածիններն առանց պատճառի լաց են լինում: Եթե չափից շատ եք նյարդայնացել, ապա երեխային դրեք անվտանգ վայրում, օրինակ՝ օրորոցում, և մի քանի րոպեով դուրս եկեք սենյակից: