Նորածին երեխային առաջին անգամ հագուստ հագցնելը կարող է բավականին նյարդային գործընթաց լինել, բայց դա չպետք է այդպես լինի։ Իմանալով, թե ինչպես անվտանգ կերպով հագցնել և հանել ձեր երեխայի հագուստը, դուք ձեզ օր-օրի ավելի վստահ կզգաք ձեր բալիկին խնամելու ընթացքում։ Դուք պետք է հաշվի առնեք եղանակային պայմանները և օդի ջերմաստիճանը, որպեսզի համոզվեք, որ ձեր նորածինը անվտանգ և հարմարավետ հագուստ է հագել, հատկապես շատ բարձր ջերմաստիճանային պայմանների դեպքում։ Ինչպես նաև, անվտանգության հետ կապված որոշ խորհուրդներ կօգնեն ձեզ ձեր նորածնի համար ընտրել ճիշտ հագուստ։
Նորածնին հագուստ հագցնելն ու հանվեցնելը
1․ Պառկեցրեք ձեր երեխային ամուր մակերեսի վրա կամ ձեր ծնկներին։ Ձեր նորածին երեխան պետք է պառկած լինի մեջքի վրա՝ այն ընթացքում, երբ դուք փոխում եք նրա հագուստը, դրա համար հատկացրեք հարթ, ամուր մակերես՝ երեխայի հագուստը փոխելու համար։ Դուք նաև կարող եք սկզբնական շրջանում, երբ ձեր երեխան դեռ փոքր է, որպես շորերը փոխելու վայր օգտագործել ձեր ծնկները։ Սա կարող է երեխային օգնել զգալ իրեն ավելի ապահով։
- Դուք գուցե ցանկանաք գնել երեխայի շորերը փոխելու համար նախատեսված հատուկ բարուրի սեղան, կամ գոնե ուրվագծված բարձիկ՝ շորերը և տակդիրը փոխելու համար։ Քանզի դուք բավականին շատ ժամանակ եք անցկացնելու ձեր երեխայի շորերը և տակդիրները փոխելու վրա, ապա սա իրականում լավ ներդրում կլինի։
- Շորերը փոխելու համար նախատեսված վայրը այնպես դասավորեք, որ ստիպված չլինեք երեխայի շորերը կամ տակդիրը փոխելու ընթացքում ծալել ծնկները կամ կռանալ, քանզի սա կարող է վնասել ձեր մեջքը։
2․ Ձգեք շապիկների և կոմբինեզոնների պարանոցի հատվածը, որպեսզի ձեր երեխայի գլուխը հեշտությամբ անցնի դրանց միջով։ Երբ երեխային հագցնում եք շապիկ կամ կոմբինեզոն, կամ վերջիններս հանում եք՝ ձգեք դրանց պարանոցի հատվածը ձեր ձեռքերով։ Նորածինները չեն սիրում, որ իրենց գլխի վրա ինչ-որ բան է լինում և նրանք կարող են այդ ընթացքում լացել։ Շապիկների պարանոցի հատվածը ձգելը, ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար կհեշտացնի հագնվելու և հանվելու պրոցեսը։
- Որոշ շապիկներ և կոմբինեզոններ պարանոցի հատվածում ունենում են կոճակներ, որոնք արձակելով դուք կկարողանաք հեշտորեն այն անցկացնել ձեր երեխայի գլխի վրայով։
3․ Պառկեցրեք ձեր երեխային արձակված կոճակներով կամ բացված շղթայով հագուստի վրա։ Ձեր նախընտրած հագուստը երեխային հագցնելուց առաջ դուք պետք է նախապատրաստեք այն՝ արձակեք բոլոր կոճակներն ու բացեք շղթաները (կայծակաճարմանդները) և տեղադրեք այն երեխայի հագուստը փոխելու համար նախատեսված վայրում։ Սա թույլ կտա ձեզ պառկեցնել երեխային գիշերանոցների, շապիկների կամ կոմբինեզոնների վրա և հեշտությամբ այս շորերը հագցնել նրա ձեռքերի և ոտքերի վրա։
4․ Սկզբից հագցրեք գիշերանոցի ոտքերը։ Մտցրեք ձեր նորածնի ոտքերը գիշերանոցի մեջ՝ ինչից հետո նոր հագցրեք ձեռքերը։ Կոճկեք կոճակները կամ ձգեք շղթան, որպեսզի հագուստը դուրս չգա երեխայի վրայից՝ մինչդեռ աշխատում եք նրա ձեռքերը հագցնելու վրա։
- Եթե տաբատը, որը ուզում եք հագցնել ձեր երեխային, առանձին է հագուստի վերևի հատվածից, ապա սկզբից հագցրեք կոմբինեզոնը, ապա նոր տաբատը։
5․ Քաշեք ձեր երեխայի ձեռքր հագուստի թևքի միջով։ Մի փորձեք ձեր երեխայի ձեռքը մտցնել շապիկի, կոմբինեզոնի կամ այլ հագուստի թևքի մեջ։ Մտցրեք ձեր ցուցամատը, միջնամատն ու բութ մատը հագուստի թևքի միջով և բռնեք ձեր երեխայի ձեռքը։ Այնուհետև զգուշորեն քաշեք ձեր երեխայի ձեռքը հագուստի թևքի միջով։
- Երբ երեխային հագցնում եք կոմբինեզոն կամ շապիկ, որը անցնում է նրա գլխի վրայով, ապա սկզբից հագցրեք գլխի հատվածը և հագուստը քաշեք ներքև։ Այնուհետև հագուստի թևքերի միջով բռնեք երեխայի ձեռքերը և զգուշորեն քաշեք՝ մինչև ձեռքերը ամբողջովին չլինեն հագուստի մեջ։
6․ Կոճկեք կոճակներն ու ամրացրեք շղթաները։ Երբ ձեր երեխայի ձեռքերն ու ոտքերը արդեն ամբողջովին հագուստի մեջ են՝ հարմարեցրեք հագուստի գոտկատեղի և պարանոցի հատվածները, այնուհետև կոճկեք կոճակներն ու ամրացրեք շղթաները։ Համոզվեք, որ կոճակները ճիշտ եք կոճկել՝ մի գծով։ Եթե հագուստը շղթայով է, ապա ուշադիր եղեք վերջինս ձգելու ժամանակ, որպեսզի չվնասեք երեխայի մաշկը, ինչպես նաև շղթայի բռնակը պետք է ուղղված լինի ներքև՝ հեռու երեխայի դեմքից։ Կայծակաճարմանդով շատ հագուստներ ունենում են կտորի հատված, որը ծածկում է շղթան՝ այդպիսով պաշտպանելով ձեր նորածնին այդ պինդ մետաղի կտորից։
- Կոմբինեզոնները սովորաբար կոճկվում են շեքի շրջանում։ Քաշեք հագուստը երեխայի գոտկատեղի և կոնքի վրայով, ինչից հետո ամրացրեք կոճակները նրա ոտքերի արանքում։
7․ Եթե ձեր երեխայի հագուստը չի ծածկում նրա տոտիկները, ապա նրան պետք է հագցնել գուլպաներ։ Շատ կարևոր է ծածկած պահել ձեր երեխայի ոտքերը։ Եթե ձեր երեխային հագցնում եք այնպիսի գիշերանոցներ կամ տաբատներ, որոնք ծածկում են նրա տոտիկները, ապա պետք չէ անհանգստանալ գուլպաների համար։ Սակայն, եթե տաբատները չեն ծածկում ոտքերը, ապա ձեր երեխայի տոտիկներին հագցրեք գուլպաներ՝ նրանց տաք պահելու համար։
- Հաճախ ստուգեք երեխայի գուլպաները՝ համոզվելու համար, որ դրանք դուրս չեն եկել ոտքերի վրայից։ Երեխաները հեշտությամբ կարող են հանել իրենց գուլպաները, հատկապես, եթե գուլպաները փոքր-ինչ մեծ են նրանց վրա։
- Դուք կարող եք նաև զբոսանքի դուրս գալուց երեխային տաբատի տակից հագցնել ռետուզ՝ նրա ոտքերը տաք պահելու համար։ Որպես հավելյալ բոնուս՝ սա նաև կարող է օգնել, որ գուլպաները մնան երեխայի ոտքերի վրա։
8․ Երեխայի թաթիկներին հագցրեք բարակ ձեռնոցներ՝ քերծվածքներից պաշտպանելու համար։ Երեխաների եղունգները բավականին սուր են և արագ են աճում և նրանք շատ հաճախ տրորում են իրենց երեսը, ինչը կարող է հանգեցնել քերծվածքների առաջացման։ Ձեր նորածին երեխան կարող է այնքան ուժեղ ճանկռել իր երեսը, որ նրա վրա մնան հետքեր, կամ անգամ վնասվի մաշկի ամբողջականությունը։ Եթե նկատել եք, որ ձեր նորածինը հաճախ է ճանկռում իր դեմքը, ապա կարող եք նրա թաթիկներին հագցնել բարակ ձեռնոցներ՝ ինքնավնասումը կանխելու համար։
- Այսպիսի բարակ ձեռնոցները շատ արդյունավետ են ձեր նորածնի դեմքը քերծվածքներից պաշտպանելու հարցում, բայց ձեր բալիկը՝ մեծանալով, ի վերջո, կսովորի, թե ինչպես հանել այդ ձեռնոցները։
Ջերմաստիճանին հարմարվելը
1․ Օգտագործեք «մեկ շերտ ավել» կանոնը՝ ձեր երեխային շորեր հագցնելիս։ Կա մի շատ լավ կանոն, որը կարող եք հիշել՝ ձեր երեխային շորեր հագցնելիս․ այն է, որ պետք է երեխային հագցնել մեկ շերտով ավել հագուստ, քան դուք եք հագել։ Այս կանոնը կօգնի ձեզ հագցնել երեխային այնպես, որ նա իրեն հարմարավետ զգա։
- Որպես օրինակ՝ եթե դուք ձեզ հարմարավետ եք զգում 1 շերտ հագուստով, օրինակ՝ կտորե տաբատ և երկարաթև շապիկ, ապա ձեր երեխային հարկավոր կլինի 2 շերտ, օրինակ՝ ներքնաշապիկ և երկարաթև գիշերանոց։
- Վաղաժամ ծնված երեխաների դեպքում պետք է օգտագործել հագուստի 2 հավելյալ շերտ։
2․ Ցուրտ եղանակներին ձեր երեխայի հագուստները հագցրեք մի քանի շերտով։ Նորածինները հեշտորեն կորցնում են իրենց մարմնի ջերմությունը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է նրանց տաք պահելը։ Դա անելու ամենալավ եղանակը ձեր երեխային մի քանի շերտ հագուստ հագցնելն է, և անհրաժեշտության դեպքում նոր շերտեր ավելացնելը կամ հանելը։
- Որպես օրինակ, դուք կարող եք ձեր նորածնին հագցնել երկարաթև կոմբինեզոն, իսկ վրայից թեթև կարդիգան կամ սվիտեր։ Այս պարագայում դուք կարող եք հանել կարդիգանը, եթե երեխան սկսի շոգել, կամ կարող եք ավելացնել հագուստի ևս մեկ շերտ, օրինակ՝ վերարկու, ձեր երեխային զբոսանքի տանելու համար։
- Մի մոռացեք նաև գլխարկի մասին՝ ձեր երեխայի գլուխը տաք պահելու համար։ Գլխարկները շատ կարևոր են հատկապես ցուրտ եղանակներին, որովհետև նորածին երեխաները իրենց մարմնի ջերմության զգալի մասը կորցնում են գլխի միջոցով։
3․ Տաք եղանակներին ձեր երեխայի հագուստը նվազեցրեք մինչև մեկ շերտ։ Երբ օդի ջերմաստիճանը այնքան է աճում, որ դուք զգում եք, որ ուզում եք հնարավորինս քիչ հագուստ կրել, ապա կարող եք ձեր երեխային հագցնել ընդամենը մեկ շերտ հագուստ, օրինակ՝ կարճաթև կոմբինեզոն։ Դուք կարող եք երեխային նաև հագցնել թեթև բամբակյա գլխարկ։
- Տաք եղանակին գիշերը երեխային կարող եք հագցնել թեթև բամբակյա գիշերանոց։
4․ Տնից դուրս գալուց օգտագործեք վերնահագուստ։ Եթե պլանավորում եք դուրս գալ տնից զբոսնելու, կամ պարզապես պետք է ձեր երեխային տանեք դեպի մեքենան կամ ավտոբուսային կանգառ, ապա հոգացեք, որ ձեր երեխան հագած լինի հագուստի հավելյալ շերտ և ունենա որևէ վերնահագուստ։ Սա հատկապես կարևոր է ցուրտ եղանակներին, որպեսզի ձեր երեխան չմրսի։ Նաև լավ միտք է ավտոմեքենայի մանկական նստատեղին (քարսիթ) փռել վերմակ՝ երեխային վատ եղանակից պաշտպանելու համար։
- Ցուրտ եղանակին ձեր նորածին երեխայի հետ տնից դուրս գալուց ձեզ հետ անպայման վերցրեք գլխարկ, ձեռնոցներ, վերարկու և տաք կոշիկներ։
- Եթե դուրս եք գալիս զբոսնելու արևոտ եղանակին, ապա երեխային հագցրեք արևապաշտպան գլխարկ՝ նրա գլուխը արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանելու համար։
- Ինչպես նաև, ցուրտ եղանակին ձեր նորածնին զբոսանքի տանելուց՝ վերմակով ծածկեք նրան ոտքերի մատերից մինչև պարանոցը։ Համոզվեք, որ վերմակը ամուր ծածկում է երեխային բոլոր կողմերից և նա չի կարող անել այնպես, որ վերմակը բարձրանա և ծածկի իր երեսը։
5․ Ստուգեք ձեր երեխայի մաշկը, որպեսզի համոզվեք, որ այն շատ տաք չէ։ Գերտաքացումը շատ լուրջ խնդիր է, քանզի այն կարող է մեծացնել ձեր նորածին երեխայի հանկարծակի մահվան համախտանիշի ռիսկը (ՆՀՄՀ)։ Որպեսզի վստահ լինեք, որ ձեր երեխային չի սպառնում գերտաքացումը՝ ժամը մեկ, կամ երբ կարծում եք, որ երեխան շոգում է, ստուգեք նրա մաշկը։ Եթե ձեր երեխայի մաշկը տաք է թվում կամ քրտնած է, ապա ամենայն հավանականությամբ նա շոգում է։ Այս դեպքում հանեք երեխայի վրայից հագուստի մի շերտ, կամ նրան հագցրեք ավելի բարակ կտորից հագուստ՝ օրինակ բրդյա գիշերանոցի փոխարեն հագցրեք բամբակյա գիշերանոց։
Ինչպես անվտանգ հագցնել երեխային
1․ Ընտրեք 100%-անոց բամբակից հագուստ։ Բամբակը շնչող կտոր է և այն չի գրգռում երեխայի մաշկը, այդ իսկ պատճառով սա ձեր երեխայի համար լավագույն տարբերակն է։ Օրգանական բամբակը կարող է էլ ավելի նուրբ լինել ձեր նորածնի մաշկի համար, բայց միևնույն ժամանակ այն կարող է բավականին թանկ լինել։
- Խուսափեք սինթետիկ կտորներից, որոնք կարող են բերել գրգռման կամ գերտաքացման։
2․ Ընտրեք այնպիսի հագուստ, որը հեշտ է հագցնելն ու հանելը։ Նորածինները սովորաբար չեն սիրում հագնվելու կամ հանվելու գործընթացը, և նրանք կարող են անգամ լացել այդ ընթացքում։ Այն հագուստները, որոնք դժվար է հագցնելը կամ հանելը էլ ավելի են վատացնում իրավիճակը, այդ իսկ պատճառով ընտրեք այնպիսի հագուստ, որոնք հեշտորեն կարող եք հագցնել և հանել։ Սա կհեշտացնի ինչպես ձեր, այնպես էլ ձեր բալիկի կյանքը։ Որոշ լավ տարբերակներ են՝
- Շապիկներ, կոմբինեզոններ և գիշերանոցներ, որոնք առջևից ամբողջովին բացվում են։
- Ոտքի թաթերը ծածկող տաբատներ և գիշերանոցներ։
- Այնպիսի շապիկներ կամ կոմբինեզոններ, որոնք պարանոցի հատվածում ունեն կոճակներ։
3․ Դրսից տուն վերադառնալիս հանեք հագուստի հավելյալ շերտը։ Եթե տնից դուրս գալուց առաջ երեխային հագցրել եք հագուստի մի քանի հավելյալ շերտ, որպեսզի նա չմրսի, ապա տուն վերադառնալուն պես դուք պետք է հանեք այդ հավելյալ հագուստը։ Սա կօգնի կանխարգելել գերտաքացումը։
- Որպես օրինակ՝ եթե ձեր երեխան գիշերանոցի վրայից կրում է վերարկու և հաստ գործվածքից գլխարկ, ապա տուն վերադառնալիս պետք է հանեք վերարկուն և գլխարկը։ Հաստ գործվածքից գլխարկը փոխարինեք ավելի թեթև բանով, օրինակ՝ բամբակյա գլխարկով։
4․ Գիշերը ձեր երեխային տաք պահելու համար կարող եք օգտագործել քնապարկ։ Գիշերը երեխային տաք պահելու համար քնապարկերը ավելի անվտանգ են՝ ի համեմատ վերմակների։ Քնապարկը դարձրեք ձեր երեխայի գիշերային հագուստի մի մասը։ Ցուրտ եղանակին ձեր երեխայի գիշերանոցի վրայից հագցրեք բրդյա քնապարկ։ Իսկ տաք եղանակին, ձեր երեխայի բամբակյա կոմբինեզոնի վրայից հագցրեք թեթև բամբակյա քնապարկ։
5․ Խուսափեք այնպիսի հագուստներից, որոնք կարող են վտանգավոր լինել։ Հագուստի որոշ տեսակներ կարող են բավականին վտանգավոր լինել ձեր երեխայի առողջության համար, և դրանցից պետք է խուսափել։ Հագուստների այլ տեսակներ կարող են պարզապես դժվարացնել ձեր երեխայի շորերը կամ տակդիրը փոխելու գործընթացը։
- Նեղ և չձգվող հագուստ։ Այս տեսակի հագուստը կարող է խանգարել ձեր նորածին երեխայի շնչառությանը և արյան շրջանառությանը։
- Լարեր կամ թելեր պարունակող հագուստ։ Լարերը կամ թելերը կարող են փաթաթվել ձեր երեխայի պարանոցի շուրջ և մեծացնել շնչահեղձության ռիսկը։
- Այնպիսի հագուստ, որի շղթան ձգվում է, կամ կոճակները ամրացվում են ետևում, այլ ոչ թե դիմացը։ Այսպիսի հագուստները դժվարացնում են շորերը և տակդիրը փոխելու գործընթացը։
- Ոտքերի շրջանում շղթաներ կամ կոճակներ չունեցող հագուստ։ Այսպիսի հագուստը կրկին դժվարացնում է տակդիրը փոխելու գործընթացը։
Խորհուրդներ
- Նորածինները շատ արագ են մեծանում, այդ իսկ պատճառով պետք չէ ձեր բալիկի համար մի անգամից նույն չափսի շատ հագուստ գնել։