Ինչպես գղտացնել քնած երեխային

 

 

ԲԱԺԻՆՆԵՐ

  1. Ընտրել գղտացնելու ճիշտ մեթոդ
  2. Ստեղծել իդեալական միջավայր երեխային գղտացնելու համար
  3. Հասկանալ ձեր երեխայի գղտալու սովորությունները

Երբ երեխան գղտում է, նա հանում է իր ստամոքսում եղած գազը և դրա շնորհիվ իրեն ավելի հանգիստ է զգում: Փոքր երեխաների մեծ մասը, որոնք սիրում են գիշերները ուտել, հաճախ ուտելիս քնում են, բայց միևնույն է, պետք է գղտան: Այսպիսով, կարևոր է գտնել գղտալու համար հարմար դիրք, որը թույլ կտա ձեր երեխային գղտալ, բայց չարթնանալ: Եթե դուք գղտալու համար ստեղծում եք ճիշտ միջավայր և գտնում եք երեխային գղտացնելու ճիշտ մեթոդ՝ հիմնվելով նրա ուտելու և քնելու օրինաչափության վրա, ապա չպետք է որևէ դժվարություն ունենաք ձեր քնած երեխային գղտացնելիս:

Ինչպես ընտրել գղտացնելու ճիշտ մեթոդ

  1. Գրկեք ձեր երեխային և գղտացրեք: Այս տեխնիկան հարմար է այն երեխաների համար, որոնք քնում են փորիկի վրա կամ սիրում են քնելիս փաթաթվել ձեզ:
  • Դանդաղորեն տեղափոխեք երեխային ձեր մարմնի մոտ, որպեսզի նրան չարթնացնեք:
  • Թույլ տվեք ձեր երեխայի գլուխը կամ կզակը հենվի ձեր ուսին, ապա երեխային բարձրացնելու համար ափով գրկեք հետույքը, որպեսզի այդ ընթացքում երեխան չսահի։
  • Ձեր մյուս ձեռքը դրեք երեխայի մեջքին և նրբորեն թփթփացրեք այն՝ օգնելով նրան գղտալ:
  • Եթե ձեր երեխան արդեն կարողանում է վերահսկել իր գլուխն ու պարանոցը, ապա երեխային գղտացնելու համար կարող եք փորձել նրան պահել ձեր ուսից մի փոքր հեռավորության վրա: Ձեր երեխայի որովայնը դրեք ձեր ուսի մոտ և նրբորեն սեղմեք երեխայի որովայնը՝ օգտագործելով ձեր ուսը: Համոզվեք, որ ձեր երեխան այս ընթացքում հանգիստ է շնչում, մի ձեռքի ափով պահեք երեխայի հետույքից, իսկ մյուս ձեռքը դրեք մեջքին: Շարունակեք ուսով նրբորեն սեղմել երեխայի որովայնը, մինչև նա գղտա:
  1. Պառկեցրեք ձեր երեխային և գղտացրեք: Այս մեթոդը հարմար է, եթե դուք արդեն պառկած եք ձեր երեխայի կողքին և կերակրում եք նրան, քանի որ ձեզանից միայն պահանջվում է ձեր երեխային մոտեցնել դեպի ձեզ և նրա գլուխն ու որովայնը հենել ձեր ծնկներին:
  • Երեխային դրեք ձեր գոքը՝ ձեր մարմնին ուղղահայաց դիրքով:
  • Երեխայի որովայնը հպեք ձեր ոտքին և ձեր ոտքով նրբորեն ճնշում գործադրեք երեխայի որովայնի վրա: Համոզվեք, որ ձեր երեխայի գլուխը գտնվում է ձեր ծնկների մակարդակին, որպեսզի արյունը չկուտակվի նրա գլխի մեջ։
  • Երեխայի գլուխը թեքեք մի կողմի վրա, որպեսզի նա կարողանա հանգիստ շնչել նույնիսկ այն ժամանակ, երբ պառկած է փորիկի վրա:
  • Ձեր ձեռքերի օգնությամբ պահեք երեխայի գլուխը՝ ձեր բթամատը և ցուցամատը դնելով կզակի կամ ծնոտի վրա՝ ականջի անմիջապես ներքևում: Ձեր ձեռքը մի դրեք երեխայի պարանոցի կամ կոկորդի վրա, քանի որ հաստատ չեք ցանկանում խեղդել ձեր երեխային կամ խոչընդոտել նրա շնչառությանը:
  • Սպասեք մինչև ձեր երեխան գղտա։
  1. Երեխային հենեք ձեր մարմնին: Այս տեխնիկան լավագույնն է այն երեխաների համար, որոնք սիրում են քնել իրենց որովայնի վրա, և նրանց համար, ովքեր շատ խորն են քնում, քանի որ այս դեպքում դժվար կլիներ երեխային բերել պետքական դիրքի՝ առանց նրան արթնացնելու:
  • Նախ նստեք հարմարավետ աթոռի կամ բազմոցի վրա և մի փոքր հետ թեքվեք՝ կազմելով 130 աստիճանի անկյուն: Աթոռին կամ բազմոցին նստելու փոխարեն կարող եք մահճակալում ձեր գլխի տակ մի քանի բարձ դնել և այդպիսով բարձրացնել ձեր իրանը:
  • Երեխային դանդաղորեն բարձրացրեք ձեր մարմնին: Պահեք նրան դեմքով դեպի ներքև: Երեխայի գլուխը պետք է լինի ձեր կրծքին հենված, իսկ փորիկը՝ ձեր փորին:
  • Մի ձեռքով պահեք երեխայի հետույքից, իսկ մյուս ձեռքը դրեք երեխայի մեջքին՝ նրան նրբորեն թփթփացնելու համար:
  • Շարունակեք թեթևակի թփթփացնել ձեր երեխայի մեջքին, մինչև նա գղտա:

Ինչպես երեխային գղտացնելու համար ստեղծել իդեալական միջավայր

  1. Ձեր երեխային կերակրեք հանգիստ, ուշադրությունը չշեղող սենյակում կամ տարածքում, որպեսզի կրճատեք գղտոցների քանակը: Երեխաների մեծամասնությունը, եթե կերակրման ընթացքում շեղվում է բարձր ձայներից կամ խոսակցություններից, ապա ավելի հավանական է, որ կարող է ավելի շատ օդ կուլ տալ և ավելի հաճախ գղտալ:
  2. Մի անհանգստացեք, եթե ձեր երեխան գղտալու ընթացքում փսխում կամ թքում է: Սա գղտալու մաս է կազմում և տեղի է ունենում այն պատճառով, որ ձեր երեխայի ստամոքսի օդը սովորաբար թակարդված է լինում հենց նոր կերած կաթի մեջ, այնպես որ, երբ օդը դուրս է գալիս՝ կաթը դուրս է գալիս օդի հետ միասին: Կարող եք նկատել, որ կաթը դուրս է գալիս նաև ձեր երեխայի քթից: Շատ երեխաների դեպքում, գղտալու ընթացքում բերանից և քթից կաթի դուրս գալը սովորական երևույթ է, այնպես որ այդ պարագայում մի անհանգստացեք:
  • Փսխում կարող է առաջանալ նաև ռեֆլյուքսի հետևանքով: Ռեֆլյուքսը տեղի է ունենում այն դեպքում, երբ կաթն ու ստամոքսահյութը երեխայի ստամոքսից հետ են հոսում և դուրս գալիս երեխայի բերանից, ինչի արդյունքում երեխան փսխում է: Եթե ձեր երեխան շարունակում է մեծ քանակությամբ կաթ փսխել, ապա գուցե փորձեք երեխային գղտացնել ուղղաձիգ դիրքով՝ գրկած կամ հենած վիճակում, որպեսզի կաթը չհոսի դեպի բերանի խոռոչ:
  • Երբ ձեր երեխան դառնա 12-24 ամսական՝ նա կդադարի փսխել։
  1. Երբ երեխային գղտացնում եք, ձեր ուսին կամ կրծքավանդակին մաքուր շոր փռեք: Սա կօգնի ձեզ խուսափել ձեր հագուստը երեխայի փսխման զանգվածներով կեղտոտվելուց: Դուք կարող եք նաև մաքուր կտորով սրբել ձեր երեխայի բերանը և քիթը, երբ նա գղտում է:
  2. Խուսափեք ձեր երեխային ստիպողաբար գղտացնելուց, եթե երեխան ուտելուց հետո իրեն հանգիստ է զգում: Քանի դեռ ձեր երեխան հանգիստ է և գազեր չունի, ապա ամբողջովին նորմալ է, որ նա չի գղտում ամեն կերակրվելուց հետո: Ձեր երեխան կարող է գղտալ հաջորդ կերակրման ժամանակ կամ նույնիսկ գղտալ ավելի շատ՝ ինչը ևս նորմալ է:
  • Ձեր երեխայի մեջքին թփթփացնելիս դա արեք նրբորեն, քանի որ մեջքը կոպտորեն թփթփացնելը նրան չի օգնի ավելի արագ կամ հեշտությամբ գղտալ:

Ինչպես հասկանալ ձեր երեխայի գղտալու սովորությունները

  1. Կերակրելու ընթացքում ուշադրություն դարձրեք, եթե երեխան գալարվում է կամ անհանգիստ է: Քանի որ երեխաների մեծ մասը չի կարող ձեզ պարզապես ասել, թե երբ է իրեն պետք գղտալ, ուստի կարևոր է հասկանալ ձեր երեխայի մարմնի լեզուն՝ իմանալու համար, թե երբ է նա անհանգիստ և երբ ունի գղտալու կարիք: Սովորաբար երեխաների մեծամասնությունը, որոնց անհրաժեշտ է գղտալ, կերակրման ընթացքում դես ու դեն են ընկնում և դառնում են նկատելիորեն անհանգիստ:
  • Գղտալն անհրաժեշտ է նորածիններին, քանի որ նրանք պետք է կաթ խմելու արդյունքում ստամոքսում հավաքված գազը դուրս հանեն այնտեղից: Այսպիսով, կարևոր է խրախուսել երեխային գղտալ, հատկապես, երբ երեխան կերակրման ընթացքում քնում է:
  • Երեխաների մեծ մասն ինքնուրույն գղտում է մոտավորապես երկու ամսական հասակում, իսկ դադարում է գղտալ՝ մոտավորապես չորսից վեց ամսականում, այնպես որ դրանից հետո կարիք չկա անհանգստանալ նրանց գղտացնելու համար:
  1. Կերակրելուց հետո հետևեք ձեր երեխայի գղտոցներին: Ուշադրություն դարձրեք, թե յուրաքանչյուր կերակրման ավարտից հետո որքան հաճախ է երեխային հարկավոր գղտալ: Եթե ձեր երեխան օրվա ընթացքում շատ չի գղտում, ապա հավանականությունը մեծ է, որ ձեզ հարկավոր չէ անհանգստանալ գիշերվա ընթացքում նրան գղտացնելու համար:
  • Գիշերային ժամերին կերակրվող երեխաներից շատերին հարկավոր չէ գղտալ, քանի որ նրանք գիշերն ուտելուց ավելի քիչ են անհանգիստ շարժումներ անում և արդյունքում ավելի քիչ են օդ կուլ տալիս:
  1. Հիշեք, որ որոշ նորածիններ կարող են ավելի հաճախ գղտալ, քան մյուսները: Դա կարող է կապված լինել նրանց կերակրման եղանակից, օրինակ՝ շշով կերակրվող նորածինները սովորաբար ավելի շատ են օդ կուլ տալիս և ավելի շատ են գազեր ունենում, քան կրծքով կերակրվողները:
  • Ընդհանրապես, կրծքով կերակրվող նորածինների մեծ մասը պետք է գղտա, երբ փոխում եք կուրծքը և երբ կերակրումն ավարտում եք: Շշով կերակրվող երեխաները սովորաբար պետք է գղտան յուրաքանչյուր 60-90 գրամ կաթ խմելուց հետո:
  • Եթե ձեր երեխային շշով եք կերակրում, ապա փնտրեք կերակրման համար հատուկ շշեր, որոնք կերակրման ընթացքում դուրս են հանում օդը՝ այդպիսով նվազեցնելով ձեր երեխայի փորիկի ներսում թակարդված օդի քանակությունը:

 

Խորհուրդներ

  • Փորձեք խոսել ձեր երեխայի հետ` օգնելով նրան գղտալ: Երեխայի հետ հանգիստ և խրախուսական տոնով խոսելը կամ երգելը թուլացնում և հանգստացնում է նրան, և օգնում է երեխային գղտալ: