Երբ ձեր երեխան իրեն լավ չի զգում, դուք ուզում եք անել հնարավոր ամեն բան, որպեսզի օգնեք նրան ավելի լավ զգալ: Ստամոքսի ցավերը շատ տարածված են, և կարող են առաջանալ ցանկացած պատճառից: Արտակարգ իրավիճակները բացառելով, ձեր երեխային սփոփելը և բնական օգնություն ցույց տալը՝ կարող է օգնել ձեզ մեղմել երեխայի անհանգստությունը:
Բացառել արտակարգ իրավիճակները
1․ Իմացեք, երբ դիմել բժշկի: Ստամոքսի ցավը, երբեմն, կարող է ունենալ լուրջ պատճառ կամ հանդիսանալ բժշկական որևէ խնդրի նշան: Սովորաբար նման պայմաններում ձեր երեխան կունենա մի շարք ախտանիշներ:
Անմիջապես զանգահարեք բժշկի, եթե ձեր երեխան ունի՝
- Անընդհատ ցավ որովայնի աջ մասում (կույր աղիքի բորբոքման ախտանիշ)
- Ցավ որովայնի միայն մեկ հատուկ հատվածում
- Ուժգին կամ արագորեն վատթարացող ցավ
- Ցավը տևում է ավելի քան 24 ժամ
- Որովայնի վրա ճնշում գործադրելիս առաջացող կարմրություն
- Այտուցված որովայն
- Հպման ժամանակ որովայնը ամուր է կամ կարկամած
- Աճուկային հատվածում ցավ կամ այտուց (ներառյալ ամորձիները)
- Ցավ միզելու ժամանակ
- Բարձր ջերմություն
- Հաճախակի փսխումներ կամ փորլուծություն, ջուրը օրգանիզմում պահելու անկարողություն
- Արյան առկայություն կղանքում, փսխման զանգվածում կամ ռեկտալ արյունահոսություն
- Վերջերս տարած որովայնի վնասվածք
2․ Իմացեք, թե երբ պետք է դիմել թունաբանական կենտրոն: Ստամոքսի ցավը կարող է լինել թունավոր ինչ-որ բան կուլ տալու հետևանք, ինչպիսիք են՝ քիմիական նյութերը, դեղամիջոցները, մաքրող միջոցները կամ այլ վտանգավոր նյութեր: Եթե ձեր երեխան ընդունել է (կամ կարծում եք, որ նա ընդունել է) ոչ ուտելի առարկա կամ հեղուկ, ապա զանգահարեք ձեր տեղամասային թունաբանական կենտրոն: Ահա մի քանի նշաններ, որոնք կհուշեն, որ ձեր երեխան հնարավոր է թունավորվել է՝
- Հանկարծակի փսխում կամ փորլուծություն
- Կրծքավանդակի ցավ
- Գլխացավ
- Տեսողության վատացում
- Հագուստի վրա հանկարծակի առաջացած բծեր
- Շշմածություն
- Սարսուռ
- Ջերմության բարձրացում
- Շուրթերի, բերանի կամ մաշկի այրոցի զգացողություն
- Առատ թքարտադրություն
- Բերանից տհաճ հոտի առկայություն
- Դժվարացած շնչառություն
Հանգստացրեք ձեր երեխային`
1․ Նրանց մտքից հանեք ստամոքսի ցավը: Ժամանցային պատմությունները, կինոնկարները և սեղանի խաղերը կարող են օգնել ձեր երեխային մոռանալ ստամոքսի ցավի մասին: Արեք ամեն բան զվարճանալու համար՝ մինչ սպասում եք, որ ցավն անցնի։
2․ Երեխան կարող է տաք լոգանք ընդունել: Տաք ջուրն կօգնի ձեր երեխային հանգստանալ և իրեն ավելի լավ զգալ: Բացի այդ, լոգանքները կարող են նաև զվարճալի լինել: Ինչ-որ փուչիկներ և լոգանքի խաղալիքներ նետեք ջուրը՝ խրախուսելով երեխային մի որոշ ժամանակով մոռանալ ստամոքսի ցավի մասին։
3․ Խնդրեք երեխային ջուր խմել: Եթե ձեր երեխայի ստամոքսի ցավը արտակարգ իրավիճակ չէ, ապա դրա պատճառը կարող է լինել նույնքան պարզ, որքան թեթև ջրազրկումն է: Առաջարկեք և խրախուսեք ձեր երեխային մի քիչ ջուր խմել։ Դուք կարող եք նաև մի քիչ մրգեր (օրինակ՝ ձմերուկ կամ նարինջ) ավելացնել ջրին՝ ջրի համն ավելի հաճելի դարձնելու համար։
4․ Ձեր երեխային տվեք դյուրամարս սնունդ: Դյուրամարս սպիտակ սնունդը կարող է օգնել ներծծել ձեր երեխայի փորիկում լողացող ավելորդ թթուները։ Ամբողջական ցորենից պատրաստված հացի մի բարակ կտորը, ինչպես նաև չոր կռեկերը կամ եփած բրինձը շատ լավ տարբերակներ են։
5․ Առաջարկեք երեխային հավի տաք արգանակ: Հավի արգանակը (հատկապես այն արգանակը, որը պատրաստված է հավի իրական ոսկորներից) մեղմ, սննդարար և դյուրամարս սնունդ է: Տաք հեղուկը նույնպես հանգստացնում է: Հատկապես, եթե ձեր երեխան հրաժարվում է ուտել, փորձեք երեխային առաջարկել հավի արգանակ, որը կօգնի երեխայի և՛ սնուցմանը, և՛ կապահովի հեղուկների բավարար քանակը։
- Եթե ձեր երեխան հավ չի ուտում, դրա փոխարեն կարող եք առաջարկել բանջարեղենային արգանակ։
6․ Երեխային ջերմություն տվեք: Երբեմն, գրկախառնությունները և համբույրները լավագույն դեղամիջոցն են: Եթե ձեր երեխան զգում է, որ իրեն սիրում են և աջակցում իր համար տհաճ ժամանակահատվածի ընթացքում, ապա ավելի քիչ հավանական է, որ երեխան կապրի բացասական զգացողություններ: Երեխային տվեք շատ ջերմություն և ուշադրություն՝ նրան ավելի երջանիկ և հանգիստ դարձնելու համար:
7․ Խրախուսեք ձեր երեխային հանգստանալ: Ձեր երեխան պետք է հանգստանա՝ ուժերը վերականգնելու և բուժվելու համար: Երեխան գուցե ցանկանա բարձը հպել իր ստամոքսին: Միասին նստեք բազկաթոռին կամ պառկեք նրան կողքին և տրորեք երեխայի որովայնը։
- Եթե ձեզ թվում է, որ երեխան գազեր ունի, ապա առաջարկեք երեխային պարկել կողքի վրա։
Բնական միջոցներ`
1․ Տվեք երեխային պապայա, կոճապղպեղ կամ անանուխի մաստակ: Պապայան, կոճապղպեղը և անանուխը հիանալի միջոցներ են ստամոքսի անհանգստությունները մեղմացնելու համար: Պապայայի, կոճապղպեղի և անանուխի մաստակներն հասանելի են ցանկացած դեղատանը և մասնագիտացված խանութ-սրահներում: Սրանք նման են քաղցրավենիքի և լավ համ ունեն, ինչի արդյունքում ավելի հավանական է, որ ձեր երեխան այն կուտի:
- Միշտ համոզվեք, որ կարդացել եք փաթեթավորումը՝ տեսնելու համար, թե երեխան օրվա ընթացքում քանի մաստակ կարող է ծամել: Համոզված եղեք նաև, որ ձեր երեխան բավականին մեծ է մաստակ օգտագործելու համար։
2․ Ձեր երեխայի ստամոքսը հանգստացնելու համար թեյ պատրաստեք: Կոճապղպեղը և անանուխը նաև հասանելի են թեյերի տեսքով: Այս տաք ըմպելիքներն աշխատում են արագ՝ մեղմելով ստամոքսում առաջացած տհաճ զգացողությունները: Ձեր երեխայի համար պատրաստեք մի բաժակ տաք անանուխով կամ կոճապղպեղով թեյ: Կարող եք մի փոքր մեղր ավելացնել, եթե ձեր երեխային այդպես ավելի դուր կգա:
- Խուսափեք թեյի մեջ սպիտակ շաքար ավելացնելուց, քանի որ այն կարող է գրգռել երեխայի ստամոքսը:
- Եթե ձեր երեխան 2 տարեկանից փոքր է, ապա պետք չէ ավելացնել նաև մեղր: Քանի որ նորածինների ու փոքրիկների մարսողական համակարգը լավ զարգացած չէ, նրանց մոտ մեղրը կարող է առաջացնել վտանգավոր հիվանդություն, որը կոչվում է մանկական բոտուլիզմ։
3․ Երեխայի փորի վրա որևէ տաք բան դրեք: Ջերմությունն օգնում է թեթևացնել տհաճության զգացումը՝ խթանելով ձեր երեխայի ստամոքսի մկանների ռելաքսացիան։ Օգտագործեք ավանդական ջրով լի պարկեր (տիկ), կամ միկրոալիքային վառարանում տաքացրեք որևէ կտոր։
4․ Մերսեք ձեր երեխայի որովայնը: Ձեռքերի փափուկ հպումով շրջանաձև տրորեք ձեր երեխայի ստամոքսի շուրջ: Սա պետք է որոշակիորեն թեթևացնի ցավը՝ միաժամանակ նպաստելով երեխայի մկանների ռելաքսացիային: Շարունակեք այս գործողությունը 5-10 րոպե: Խուսափեք ձեռքը շատ արագ շարժելուց կամ շատ ուժեղ սեղմելուց։