Ինչպես բուժել ձեր երեխայի պարանոցի ցանավորումը
Այն փաստը, որ ձեր երեխայի պարանոցին առկա է ցանավորում, կարող է շատ վախենալու և անհանգստացնող լինել։ Բայց բարեբախտաբար, ներկայումս կան երեխայի պարանոցի ցանավորման բուժման բազում տարբերակներ։ Ամենալավ տարբերակը սովորաբար ախտահարված հատվածին պարզապես լոսյոն կամ քսուք քսելն է։ Եթե ցանը կապված է ջերմային ազդեցության հետ, ապա փորձեք հովացնել ձեր երեխային՝ նրա վրայից հագուստը հանելու, դրա փոխարեն բամբակյա կամ այլ շնչող կտորից հագուստ հագցնելու և ցանի վրա սառը թրջոց դնելու միջոցով։ Եթե ցանավորումը ժամանակի ընթացքում գնալով վատանում է, կամ չնայած բուժմանը՝ չի անցնում, ապա կապվեք ձեր երեխայի բժշկի հետ։
Օգտագործեք առանց դեղատոմսի, հասանելի բուժման միջոցներ
1․ Երեխային լողացնելիս օգտագործեք նուրբ, առանց հոտի օճառներ։ Տարբեր ապրանքատեսակների օգտագործման եղանակները կախված արտադրողից կարող են տարբերվել, սակայն հիմնականում պետք է մաքրող միջոցը մի փոքր ավելացնել փափուկ, խոնավ կտորի վրա, այնուհետև տրորել այն՝ մինչև չառաջանա մի փոքր փրփուր։ Այնուհետև օգտագործեք այդ կտորը ձեր երեխայի ցանը զգուշորեն լվանալու համար։
- Անհոտ մանկական մաքրող միջոցները շատ նուրբ են և հատուկ մշակված են հենց մանկական զգայուն մաշկի համար։
- Երեխայի պարանոցը լվանալուց հետո պարզաջրեք այն գոլ ջրով և նրբորեն չորացրեք։ Թույլ տվեք ջրի մի փոքր հատվածին ինքնուրույն գոլորշիանալ երեխայի պարանոցից՝ բորբոքումը հանգստացնելու համար։
2․ Լողանալուց հետո երեխայի պարանոցին քսեք անհոտ խոնավեցնող քսուք։ Խոնավեցնող քսուքները կարող են օգնել ձեր երեխային բուժվել պարանոցի ցանավորումից։ Չնայած տարբեր ապրանքատեսակների օգտագործման եղանակները կախված արտադրողից կարող են տարբերվել, սակայն հիմնականում դուք կարող եք լոգանքից հետո ձեր գնած խոնավեցնող քսուքը բարակ շերտով զգուշորեն քսել ձեր երեխայի պարանոցին։
3․ Ձեր երեխայի պարանոցին բարակ շերտով քսեք մաշկը պաշտպանող յուղաքսուք։ A & D յուղաքսուքը, Aquaphor-ը և նմանատիպ այլ ապրանքատեսակներ կարող են բուժել գրգռված և չոր մաշկը։ Այս ապրանքատեսակներից որևէ մեկը փոքր քանակությամբ ավելացրեք ձեր մատի ծայրին և քսեք այն ձեր երեխայի ցանի վրա։
- Նմանատիպ եղանակով ձեր երեխայի պարանոցին կարող եք քսել նաև կալամինի լոսյոն (այն սովորաբար օգտագործվում է փոքր ցանավորումներն ու մաշկի գրգռվածությունները բուժելու նպատակով)։
4․ Եթե բուժման այլ մեթոդները չեն օգնում, ապա փորձեք հիդրոկորտիզոն պարունակող քսուք։ Հիդրոկորտիզոնը բավականին ուժեղ դեղամիջոց է, որը օգտագործվում է մաշկը առողջ վիճակի բերելու համար։ Փոքր քանակությամբ (մոտավորապես ոլոռի հատիկի չափի) տեղադրեք ձեր մատի ծայրին, այնուհետև բարակ շերտով քսեք այն ձեր երեխայի ցանի վրա։
- Մի օգտագործեք հիդրոկորտիզոնի քսուքը ձեր երեխայի դեմքի վրա։ Սա անելը կարող է բերել անցանկալի կողմնակի ազդեցությունների զարգացման։
- Հիդրոկորտիզոնի քսուքը նախատեսված է միայն կարճատև օգտագործման համար։ Եթե հասկանում եք, որ այդ քսուքը ձեզ անհրաժեշտ է մի քանի օրից ավել օգտագործելու համար, ապա գնացեք բժշկի՝ ավելի երկարատև օգտագործման այլ տարբերակ ընտրելու համար։
- 2 տարեկանից փոքր երեխաների պարագայում չպետք է օգտագործել առանց դեղատոմսի վաճառվող 1%-անոց հիդրոկորտիզոնի քսուքը, եթե իհարկե այն չի նշանակվել բժշկի կողմից։
5․ Եթե երեխայի մոտ առկա է կաթնախտ, կանդիդա կամ սնկային այլ վարակ, ապա նրա պարանոցին քսեք սնկային վարակի դեմ օգտագործվող քսուքներ։ Եթե երեխայի մոտ բժիշկը ախտորոշել է սնկային վարակի հետ ասոցացված պարանոցի ցանավորում, ապա դուք այն պետք է բուժեք հակասնկային քսուքներով։ Հակասնկային քսուքների օգտագործման եղանակները տարբերվում են կախված նրանից, թե որ ապրանքանիշն եք գնել։ Սակայն, հիմնականում դուք պետք է պարզապես ձեր մատի ծայրով վերցնեք այդ քսուքից և զգուշորեն մերսեք այն ձեր երեխայի պարանոցի ախտահարված մաշկի վրա։
- Լոտրիմին կոչվող հակասնկային քսուքը նույնպես կարող է օգտակար լինել, եթե ձեր երեխայի մոտ առկա է սնկային վարակի հետ կապակցված ցանավորում։
- Ձեր բժիշկը երեխայի մոտ սնկային բարակի հետ ասոցացված պարանոցի ցանավորում ախտորոշելուց հետո կնշանակի առանց դեղատոմսի վաճառվող լավագույն քսուքը ձեր երեխայի համար։
- Համոզվեք, որ քսուքը քսելուց հետո մանրակրկիտ լվացել եք ձեր ձեռքերը, քանզի այս վարակը հեշտորեն կարող է տարածվել։ Մի դիպչեք երեխայի մարմնի այլ հատվածներին կամ ինքներդ ձեզ՝ մինչև չլվանաք ձեր ձեռքերը։
Ստացեք բժշկական օգնություն
1․ Զանգեք ձեր բժշկին, եթե ցանավորումը պահպանվում է երկար ժամանակ։ Եթե ցանավորումը մի քանի ժամվա ընթացքում ակնհայտորեն չի լավանում, ապա խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ։ Գուցե ցանավորումը այլ հիվանդության հետևանք լինի։
- Ցանավորման այլ տարածված պատճառներն են՝ դերմատիտ, էկզեմա, մաշկի վարակիչ հիվանդություններ, շփաբորբ (իմպետիգո), վարակիչ հիվանդություններ և այլ բորբոքային հիվանդություններ։
2․ Կապվեք ձեր բժշկի հետ, եթե ցանավորումը գնալով վատանում է։ Եթե ձեր երեխայի պարանոցի վրայի ցանավորումը ավելի է կարմրել, կամ դարձել է ճաքճքված կամ փխրուն, ապա խոսեք ձեր բժշկի հետ։ Դուք նաև պետք է դիմեք բժշկի, եթե ձեր երեխան լաց է լինում ցանի հետևանքով առաջացած ակնհայտ գրգռված մաշկի պատճառով։
- Հիշեք, որ շփաբորբի նման ախտահարումները կարող են արագորեն տարածվել և վերածվել շատ լուրջ խնդրի։ Շփաբորբի դեպքում ցանավորումը մի քանի օր հետո կդառնա բավականին ցավոտ։
3․ Գրանցեք այն բոլոր կարևոր ինֆորմացիան, որը կօգնի ձեր մանկաբույժին կատարել ճիշտ ախտորոշում։ Հիշեք, թե երբ է ցանը առաջին անգամ առաջացել և ինչպես է ախտահարված հատվածը տարածվել կամ սահմանափակվել։ Բժշկին նաև կարող են հետաքրքրել հետևյալ հարցերը՝
- Ցանը գնալով ավելի է լավացե՞լ, թե՞ վատացել է։
- Երբևէ ցանը տաք եղե՞լ է։
- Ցանի առաջացումից հետո ձեր երեխան դարձե՞լ է ավելի գրգրռված և կամակոր, թե՞ ոչ։
- Ցանի առաջանալուց առաջ արդյո՞ք սկսել եք երեխային տալ որևէ նոր սննդատեսակ, դեղամիջոց կամ կաթնախառնուրդ։
4․ Օգտագործեք այնպիսի դեղեր, որոնք կօգնեն վերահսկել ցանի պատճառը հանդիսացող հիվանդությունները։ Եթե ձեր երեխայի բժիշկը որոշել է, որ ցանը առաջացել է հիմքում ընկած որևէ հիվանդության հետևանքով (էկզեմա կամ պսորիազ, որպես օրինակ), ապա նա ամենայն հավանականությամբ կնշանակի կորտիկոստերոիդային քսուք կամ յուղաքսուք։
- Կորտիկոստերոիդային քսուքների օգտագործման եղանակները տարբերվում են կախված նրանից, թե որ արտադրողի ապրանքատեսակն եք օգտագործում, բայց սովորաբար դուք պարզապես կարող եք երեխայի մաշկի ախտահարված հատվածին բարակ շերտով քսել այդ քսուքը։
5․ Այդքան շատ մի անհանգստացեք երեխայի պարանոցի կարմրության պատճառով։ Երեխաների մոտ շատ տարածված է պարանոցի ծալքերի հատվածում մի փոքր կարմրության առկայությունը։ Այդ կարմրությունը առաջանում է սեբորեային մաշկաբորբ կոչվող վիճակի հետևանքով և պետք է, որ ինքն իրեն անհետանա։ Սակայն եթե երեխայի ծնվելուց 1-2 օր հետո կարմրությունը դեռ չի վերացել, ապա կապվեք ձեր երեխայի մանկաբույժի հետ։
Կանխարգելեք պարանոցի ցանավորումը
1․ Ձեր երեխայի պարանոցը պահեք մաքուր և չոր ։ Հավանականությունը, որ մաքուր և չոր մաշկի վրա կառաջանա ցանավորում շատ քիչ է։ Նորածիններին պետք է լողացնել շաբաթը ընդամենը 3 անգամ՝ մինչև նրանք չսկսեն չոչ անել, սակայն դուք միշտ էլ պետք է ձեր երեխային մաքրեք ոտքից՝ գլուխ։
- Եթե ցանկանում եք ձեր երեխային ավելի հաճախ լողացնել, ապա դրանում չկա որևէ խնդիր, եթե իհարկե դրա պատճառով երեխայի մաշկը չի չորանում։
2․ Որքան հնարավոր է չորացրեք երեխայի լոզերը։ Թույլ մի տվեք, որ երեխայի լոզերը կուտակվեն նրա պարանոցի վրա, որտեղ նրանք կարող են առաջացնել ցանավորում։ Երեխայի բերանը, կզակը և պարանոցը սրբելու համար օգտագործեք փափուկ կտոր, որպեսզի կանխեք այդ հատվածներում լոզերի կուտակումը։
3․ Ձեր երեխայի համար նվազեցրեք տան օդի ջերմաստիճանը և խոնավությունը։ Եթե ձեր երեխայի պարանոցի ցանը առաջացել է ջերմային ազդեցության հետևանքով, ապա միացրեք օդորակիչը կամ օդափոխիչը։ Սա կօգնի հանգստացնել ձեր երեխայի պարանոցի ցանավորումը։
- Եթե հնարավոր չէ իջեցնել տան ջերմաստիճանը, ապա երեխային տարեք որևէ հով վայր, օրինակ՝ առևտրի կենտրոն։
4․ Անմիջականորեն սառեցրեք երեխայի մաշկը։ Կան երեխայի մաշկը սառեցնելու մի քանի եղանակներ։ Որպես օրինակ երեխան կարող է ընդունել սառը լոգանք, կամ դուք կարող եք նրա պարանոցին դնել սառը, խոնավ թրջոց։ Այս սառեցնող գործողությունները կթեթևացնեն ցանի հետևանքով առաջացող քորը և բորբոքումը և թույլ չեն տա, որ այն տարածվի։
5․ Հանեք ավելորդ հագուստը։ Եթե ձեր երեխան փաթաթված է հաստ վերմակների կամ հաստ հագուստի մեջ, ապա հանեք դրանք, որպեսզի օդը կարողանա սառեցնել ձեր երեխայի պարանոցը։ Օդափոխությունը լավացնելը, օրենքով, պետք է նվազեցնի ցանավորման ծանրությունը։
6․ Հագցրեք ձեր երեխային շնչող, բամբակյա հագուստ։ Բամբակը ներծծում է մարմնի խոնավությունը, ինչը նշանակում է, որ ցանը բուժվելու հնարավորություն կստանա առանց քրտինքի պատճառով անընդհատ սրվելու։ Բամբակը նաև հիպոալերգիկ է, ինչը նշանակում է, որ այն երեխայի մոտ չի կարող առաջացնել ցանավորում՝ ի տարբերություն այլ գործվածքների։
7․ Մի ենթարկեք ձեր երեխային ալերգենների ներգործությանը։ Որպես օրինակ՝ եթե ձեր բժիշկը որոշել է, որ ձեր երեխայի պարանոցի ցանավորումը առաջացել է սննդային ալերգիայի պատճառով, ապա դուք պետք է այդ սնունդը հեռու պահեք ձեր երեխայից և սնունդ գնելիս ուշադիր ստուգեք պիտակները՝ համոզելու համար, որ ձեր երեխան հանկարծակի չի շփվի այդ սննդատեսակի հետ։
Մասնագետի խորհուրդ
Հետևեք այս խորհուրդներին, եթե ձեր երեխայի մոտ առաջացել է պարանոցի ցանավորում
- Հիշեք, թե տանը ինչ միջոցներ եք փորձել։ Գրեք մի տեղ, թե երբ է խնդիրը սկսվել և որքան ժամանակ է այն շարունակվում, ինչպես նաև նշեք, թե ինչ հաճախականությամբ և կոնկրետ ինչ բուժման մեթոդներ եք փորձել։ Նաև ներառեք այնպիսի բնորոշիչներ, ինչպիսիք են՝ ցանի հատվածի քորը, ցավը, կամ արդյոք տան անդամներից որևէ մեկը ունի նմանատիպ ախտանիշներ, թե ոչ։
Խորհուրդներ
- Միշտ հետևեք դեղամիջոցների, լոսյոնների, քսուքների և մաշկի խնամքի այլ պարագաների օգտագործման ցուցումներին և եղանակներին
Զգուշացումներ
- Կապվեք ձեր մանկաբույժի հետ, եթե ձեր երեխայի մոտ առաջացել է ցանավորում կամ դուք ունեք այլ մտավախություններ
- Ցանկացած ցանավորում, որը արագորեն տարածվում է կամ անհարմարություն է պատճառում երեխային, պետք է հնարավորինս շուտ բուժել
- Երեխայի մաշկին քսուքներ քսելուց հետո անմիջապես լվացեք ձեր ձեռքերը, որպեսզի կանխարգելեք ցանի տարածումը
- Արեք այնպես, որ քսուքները չանցնեն ձեր երեխայի աչքերին, ինչպես նաև քթի և բերանի մեջ