Այս հոդվածում
- Պատճառներ
- Բուժում
- Բժշկական խորհրդատվություն
- Կանխարգելում
Ձեր երեխան արթնացել է։ Նա կամակոր է, տխուր և նյարդային։ Շատ դժվար է նրան կերակրելը՝ քթի փակվածության պատճառով։ Քնելը նույնպես դարձել է դժվար։ Դուք մտածում եք, թե ինչ կարելի է անել, որպեսզի թեթևացնեք ձեր բալիկի վիճակը։
Միևնույն ժամանակ դուք նաև անհանգստանում եք։ Արդյո՞ք երեխաների համար մրսածությունը նորմալ երևույթ է։ Ե՞րբ պետք է մտածել բժշկին դիմելու մասին։ Եվ ի՞նչ անել, եթե մրսածությունը գնալով վատանում է։
Ինչպես և բոլորի՝ երեխաների մոտ նույնպես անընդհատ առաջանում է մրսածություն։ Դա նշանակում է, որ ձեր փոքրիկը ամբողջովին նորմալ երեխա է։ Շատ դեպքերում դուք պարզապես պետք է թույլ տաք, որ մրսածությունն ինքնուրույն անցնի։ Բայց կան որոշ բաներ, որ դուք կարող եք անել, որպեսզի ձեր երեխան իրեն ավելի հարմարավետ զգա։
Իսկ ինչ վերաբերվում է ձեր անհանգստությանը, ապա դա նույնպես լիովին նորմալ է։ Բոլոր ծնողներն էլ անհանգստանում են իրենց երեխաների համար, հատկապես երբ նրանք հիվանդանում են։ Թեև լինում են դեպքեր, երբ մրսածությունը կարող է անհանգստության պատճառ դառնալ, այնուամենայնիվ, երեխաների մեծամասնությունը շատ թեթև է տանում այն և այնքան արագ է վերադառնում իր սովորական վիճակին, որ դուք անգամ չեք հասցնում նկատել։
Ինչի՞ց կարող է ձեր երեխայի մոտ առաջանալ մրսածություն
Նորածինների մոտ, ժամանակ առ ժամանակ, փակվում (խցանվում) են քթի խոռոչները, բայց այդ փակվածությունը սովորաբար լինում է աննշան և կապված չէ որևէ հիվանդության հետ։ Երբ խոսում ենք այն մասին, որ երեխայի մոտ դիտվում է տեղը տեղին մրսածություն՝ փակ և ծորացող քթով, ապա, ամենայն հավանականությամբ, երեխան վարակվել է որևէ վիրուսով։ Չնայած նրան, որ մենք փորձում ենք մեր հնարավորության սահմաններում անել ամեն բան, որպեսզի պաշտպանենք մեր երեխաներին վիրուսներից՝ հատկապես նանց կյանքի առաջին մի քանի ամիսներին, այնուամենայնիվ, մրսածությունը պատահում է։
Ձեր երեխան կարող է վարակվել վիրուսով հետևյալ դեպքերում՝
- Երբ ինչ-որ մեկը հազում կամ փռշտում է նրա մոտ
- Եթե հիվանդ մարդը համբուրում է երեխային (դուք հանգիստ կարող եք ասել ձեր հյուրերին, որ չհամբուրեն ձեր բալիկին)
- Եթե եղել է անմիջական շփում մրսածություն ունեցող մարդու և ձեր երեխայի միջև
- Եթե ձեր երեխան շփման մեջ է մտնում որևէ մակերեսի կամ խաղալիքի հետ, որը աղտոտված է վիրուսներով
Մրսածության նշանները
Երբեմն դժվար է լինում տարբերակել մի քանի փռշտոցը կամ քթի քիչ փակվածությունը իսկական վիրուսից։ Մրսածության նշանները երեխայից երեխա տարբերվում են, ինչպես նաև ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված մրսածության վիրուսի տեսակից։ Դուք կարող եք վստահորեն ասել, որ գործ ունեք վիրուսի հետ, եթե՝
- Ձեր երեխայի քթից հոսում է․ լորձը սկզբից կարող է լինել թափանցիկ, այնուհետև գնալով խտանալ՝ մրսածության խորանալուն զուգընթաց
- Նա հաճախակի փռշտում է
- Նա ունի ջերմության տատանումներ (մրսածության համար բնորոշ է 38,3-38,9 °C ջերմաստիճան)
- Նա ունի ախորժակի անկում
- Նրա մոտ ուժեղացել է թքարտադրությունը
- Նրա համար կարող է դժվար լինել ուտելը կամ քնելը՝ քթահոսության և կոկորդի ցավի պատճառով
- Նրա մոտ կա հազ
- Նա ավելի կամակոր է քան սովորաբար
Արդյո՞ք երեխաների համար մրսածությունը սովորական երևույթ է
Գոյություն ունի մրսածության ավելի քան 100 շտամ, և ձեր երեխան իր կյանքի առաջին երկու տարիների ընթացքում առնչվելու է այդ շտամներից մի քանիսի հետ։ Փաստացի, քանզի փոքրիկների իմունային համակարգը դեռևս լավ զարգացած չէ, և նրանք դեռ չեն շփվել շատ վիրուսների հետ՝ նրանց մոտ ավելի հաճախ է առաջանում մրսածություն քան ավելի մեծ երեխաների և մեծահասակների մոտ։ Փորձագետները նշում են, որ երեխաները՝ մինչև երկու տարեկան դառնալը, պետք է մոտավորապես 8-10 անգամ հիվանդացած լինեն մրսածությամբ։
Մրսածության անհանգստացնող նշանները
Կա մեկ առանձին դեպք, երբ դուք, անկախ ամեն ինչից, պարտավոր եք անմիջապես զանգել ձեր բժշկին՝ երեխայի մրսածության դեպքում, այն է, երբ երեխան փոքր է երեք ամսականից։ Չնայած նրան, որ երեք ամսական կամ ավելի փոքր բալիկներից շատերը թեթև են տանում մրսածությունը, որոշ երեխաների մոտ, այն, ինչ նման է սովորական մրսածությանը, իրականում կարող է ավելի լուրջ խնդիր լինել, հատկապես, երբ երեխան վարակվել է վիրուսով կամ ունի այլ վարակ, օրինակ՝ ՌՍՎ, բրոնխիոլիտ, կրուպ, թոքաբորբ կամ գրիպ։
Դուք զգուշության նկատառումներից ելնելով ՝պետք է անմիջապես կապնվեք ձեր բժշկի հետ, եթե ձեր նորածնի մոտ զարգացել են մրսածությանը բնորոշ նշաններ։ Բժիշկը ձեզ կասի, թե արդյո՞ք անհրաժեշտ է կատարել այց, և ինչ այլ միջոցներ պետք է ձեռնարկել։
Ավելի մեծ բալիկների դեպքում, եթե նրանց ախտանիշները մեղմ են և նրանք իրենց ընդհանուր առմամբ լավ են զգում, դուք իհարկե կարող եք զանգել ձեր բժշկին խորհուրդի համար, բայց չկա անհրաժեշտություն երեխային բժշկի տանելու։
Այնումանենայնիվ, եթե ձեր երեխայի մոտ առկա է հետևյալ անհանգստացնող նշաններից որևէ մեկը, ապա պետք է մտածել բժշկին դիմելու մասին․
- Ձեր երեխան դժվարանում է շնչել․ նրա քթանցնքերը լայն բացվում են ամեն շնչելուն զուգընթաց, անրակի շրջանի մաշկը ներքաշվում է ներշնչելիս, կամ նրա կրծքավանդակը ձգվում և ներքաշվում է շնչելու ժամանակ։
- Ձեր երեխայի շուրթերը կամ եղունգները կապտել են։
- Ձեր երեխան շատ քնկոտ է կամ սովորականից շատ կամակոր։
- Ձեր երեխայի ականջը ցավում է։
- Ձեր երեխայի հազը տևում է մեկ շաբաթից ավելի։
- Ձեր երեխայի քթահոսությունը շարունակվում է ավելի քան 10-14 օր։
- Ձեր երեխայի ջերմաստիճանը 38,9-ից բարձր է։
- Ձեր երեխան լավանալու փոխարեն, կարծես թե, գնալով վատանում է։
- Ձեր երեխան չի խմում կամ ուտում և նրա մոտ առկա են ջրազրկման նշաններ (օրինակ՝ տակդիրները ավելի չոր են)։
- Ձեր ծնողական բնազդը հուշում է ձեզ, որ ինչ-որ բան այն չէ։
Ի՞նչ կարող եք անել, ախտանիշները թեթևացնելու համար
Չնայած նրան, որ դուք կցանկանայիք, որ ձեր երեխայի բոլոր ախտանիշները անհետանան, երբ խոսքը գնում է մրսածության մասին, դուք պետք է պարզապես համակերպվեք դրանց հետ։
Առանց դեղատոմսի բաց թողնվող մրսածության և հազի դեմ դեղամիջոցները անվտանգ չեն երեխանրի համար, իսկ անտիբիոտիկները օգտագործվում են բակտերիալ ինֆեկցիաների դեպքում, այլ ոչ թե վիրուսային։
Բարեբախտաբար, մրսածության ամենատհաճ երևույթները՝ լցված և փակ քիթը, ինչպես նաև ցածր աստիճանի տենդը, սովորաբար տևում են ընդամենը մի քանի օր։ Ձեր երեխայի հազը կարող է դեռ պահպանվել մեկ շաբաթ կամ ավելի․ քթահոսությունը նույնպես կարող է ձգձգվել։
Վերևում ասվածից բացի կան որոշ պարզ գործողություններ, որոնք դուք կարող եք փորձել՝ ձեր երեխայի ախտանիշները թեթևացնելու, կամ գոնե նրան տհաճ զգացողություններից մի-քիչ ազատելու համար։
Ստորև նշված է այն ամենն ինչ կարող եք փորձել՝․
- Աղային լուծույթով քթի կաթիլներ, որից հետո պետք է տանձիկով մաքրել ձեր բալիկի քթային անցուղիները։
- Սառը խոնավեցուցիչը կպահի ձեր երեխայի քթային անցուղիները խոնավ, թույլ կտա լորձաթաղանթին մնալ բարակ և այդպիսով կհեշտացնի շնչառությունը։
- Եթե ձեր երեխան հազում է կամ նրա քիթը շատ փակ է, կարելի է երեխային տանել բաղնիք և միացնել տաք ջուրն այնքան ժամանակ, մինչև բաղնիքը չպատվի գոլորշով և երեխային այնտեղ պահել մոտ 15 րոպե։
- Նույն ազդեցությունը նաև կարող է ունենալ տաք լոգանքը։ Միշտ մնացեք ձեր երեխայի հետ, երբ նա ջրի մոտ է։
- Մեղրը վտանգավոր է 1 տարեկանից փոքր երեխաների համար, բայց եթե ձեր բալիկը 1 տարեկանից մեծ է, ապա մեկ գդալ մեղրը կարող է թեթևացնել հազը։
- Պարացետամոլը (ացետամինոֆեն) կամ իբուպրոֆենը կարող են օգնել ցանկացած ծագման տենդի կամ կոկորդի ցավի դեպքում․ միշտ խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ դեղաչափը ճշտելու համար։ Իբուպրոֆենը խորհուրդ չի տրվում վեց ամսականից փորք երեխաների համար, ինչպես նաև երեխաներին երբեք չպետք է տալ ասպիրին։
- Տվեք ձեր երեխային շատ ջուր կամ այլ հեղուկներ և թույլ տվեք նրան հանգստանալ։
Ե՞րբ դիմել բժշկի
Հիշեցնենք, որ եթե ձեր բալիկը երեք ամսականից փոքր է և ունի մրսածությանը բնորոշ նշաններ, ապա անհապաղ պետք է կապնվեք ձեր բժշկի հետ: Ձեզ ամենայն հավանականությամբ կասեն, որ տանեք երեխային բժշկի մոտ։
Ցանկացած այլ, ավելի մեծ երեխայի պետք է տանել բժշկի, եթե նրա մոտ առկա են դժվարացած շնչառության նշաններ (սուլող շնչառություն կամ կրծքավանդակի ներքաշում)։ Մրսածության դեպքում հիմնականում լինում է ցածր տենդ՝ 38,9 աստիճանից ցածր: Այսպիսով, եթե ձեր երեխան մրսածության դեպքում ունի ավելի բարձր ջերմություն, ապա կա բժշկի գնալու, կամ վերջինիս զանգելու կարիք։ Այն երեխաները, որոնք մրսածության դեպքում դառնում են ջրազրկված կամ շատ քնկոտ, պետք է հնարավորինս շուտ զննվեն բժշկի կողմից։
Ի՞նչ է անելու ձեր բժիշկը։
Երբ դուք տանեք ձեր բալիկին բժշկի մոտ, նա՝
- Կստուգի ձեր բալիկի կենսական նշանները, կլսի նրա շնչառությունը, կզննի նրա ականջներն ու կոկորդը, և հարցեր կտա ձեզ ձեր երեխայի ախտանիշների և հիվանդության ընթացքի մասին։
- Եթե ձեր բժիշկը կասկածի, որ ձեր երեխայի մոտ առկա է ավելի լուրջ վիրուս քան մրսածության վիրուսն է, ապա նա կարող է քթից կամ կոկորդից վերցնել քսուք՝ հայտնաբերելու համար վիրուսը կամ այն վարակը, որը հանդիսանում է ձեր երեխայի հիվանդության պատճառը։
- Շատ հազվադեպ, եթե ձեր երեխան ծանր հիվանդ է, որպես օրինակ՝ եթե նա խիստ ջրազրկված է կամ ունի շնչառական խնդիրներ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հոսիպտալացնել երեխային։
- Կախված ախտորոշումից, ձեր բժիշկը կարող է նշանակել դեղորայք, օրինակ՝ հակաբիոտիկներ բակտերիալ վարակի դեպքում, կամ շնչառական դեղամիջոցներ (բրոնխոլայնիչներ և ստերոիդներ) սուլող շնչառության դեպքում։
- Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել առանց դեղատոմսի բաց թողնվող, հակատենդային դեղամիջոցներ։ Միշտ խորհրդակցեք ձեր բժշկի հետ, թե որ դեղամիջոցներն ու դեղաչափերն են անվտանգ ձեր երեխայի համար։
Եթե ձեր երեխան դեռ հազում է
Երեխաների դեպքում տարածված է երկարատև հազը, անգամ երբ նրանց մրսածության ախտանիշները նահանջել են։ Հազը կարող է տևել մեկ շաբաթ, իսկ երբեմն ավելի երկար։ Մինչդեռ հազը չի խանգարում ձեր երեխային կամ չի առաջացնում շնչառության հետ կապված խնդիրներ, կարիք չկա անհանգստանալու։
Սակայն, եթե անցել է ավելի քան մեկ շաբաթ և հազը դեռ չի պակասել, դուք պետք է կապնվեք ձեր բժշկի հետ, հետագա քայլերը հասկանալու համար։
Դուք պետք է անմիջապես զանգեք ձեր բժշկին, եթե՝
- Հազը գնալով սաստկանում է և տենդը վերադարձել է։
- Ձեր երեխայի հազը ուղեկցվում է սուլող շնչառությամբ։
- Եթե ձեր երեխան դժվարանում է շնչել հազի հետ մեկտեղ, նրա կրծքավանդակը ներքաշվում է կամ նա կապտում է, դուք պետք է անհապաղ տանեք ձեր բալիկին շտապ օգնության բաժանմունք։
Ինչպե՞ս հետագայում կանխարգելել մրսածությունը
Որոշ չափով դուք պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ երեխաները իրենց կյանքի առաջին երկու տարիների ընթացքում մի քանի անգամ ունենում են մրսածություն։ Երբ նրանց իմունային համակարգը գնալով ուժեղանա, համապատասխանաբար կքչանան նաև մրսածության դեպքերը, բայց անգամ ավելի մեծ երեխաները ավելի հաճախ են ունենում մրսածություն քան մենք կցանկանայինք։ Սակայն կան նախազգուշական միջոցներ, որոնց միջոցով կարող եք նվազեցնել մրսածության ռիսկը։
Քանզի մրսածությունը կարող է վտանգավոր լինել երեք ամսականից փոքր երեխաների համար, նրանց դեպքում դուք պետք է լինեք հատկապես զգույշ։ Ձեր բժիշկը կարող է խնդրել ձեզ խուսափել մարդաշատ վայրերից՝ առաջին երեք ամիսների ընթացքում, և դուք ձեր հերթին կարող եք ձեր երեխային տեսակցության եկած մարդկանց ասել, որպեսզի լվանան իրենց ձեռքրեը ձեր երեխային գրկելուց առաջ։ Ցանկացած մարդ, ում մոտ կան հիվանդության ախտանիշներ չպետք է այցելեն ձեր բալիկին (դուք ունեք իրավունք ասելու նրանց այդ մասին)։
Ընդհանուր նախազգուշական միջոցները, որոնք կարող են նվազեցնել ձեր երեխայի մրսածության հավանականությունը հետևյալն են՝
- Ստիպեք ցանկածաց մարդու, ով պետք է շփվի ձեր երեխայի հետ, լվանալ ձեռքերը
- Բոլոր խնամակալները պետք է փռշտան և հազան իրենց արմունկների մեջ, այլ ոչ թե ձեռքերին
- Հաճախակի լվացեք ձեր բալիկի ձեռքերը, հատկապես եթե նա դրսում է եղել այլ երեխաների հետ կամ այնպիսի հասարակական վայրերում է եղել, որտեղ կուտակվում են մեծ քանակությամբ մարդիկ
- Ժամանակին կատարեք ձեր երեխայի բոլոր պատվաստումները
Մի քանի խոսքի MyKid-ից
Շատ սթրեսային է, երբ երեխան հիվանդանում է մրսածությամբ։ Անգամ թեթևակի մրսածությունը կարող է մեծ խնդիր լինել երեխայի համար։ Հանգիստ եղեք, քանի որ շատ նորմալ է, որ երեխաների մոտ լինում է մրսածություն: Ցավոք, դուք պետք է պատրաստ լինեք, որ ձեր բալիկը իր կյանքի առաջին երկու տարիների ընթացքում մի քանի անգամ կունենա մրսածություն։ Երեխաների մեծամասնույթունը լավ են տանում մրսածությունը և մի քանի օրվա ընթացքում առողջանում են (սակայն այդ նյարդայնացնող հազը կարող է պահպանվել որոշ ժամանակ)։
Խնդրում ենք հիշեք, որ ձեր բժիշկը միշտ պատրաստ է ձեզ օգնել ցանկացած հարցում, և պետք է առանց երկմտելու զանգել նրան, եթե ձեր բալիկը շատ փոքր է կամ ունի որևէ անհանգստացնող ախտանիշ։ Հիշեք միշտ վստահել ձեր բնազդներին։ Մեզանից շատերը զգում են, երբ մեր երեխայի հետ մի բան իսկապես այն չէ, և միշտ ավելի լավ է ցանկացած հարցով կամ խնդրով փնտրել օգնություն։