Ձեր հղիության 27-րդ շաբաթը
Այս հոդվածում`
- Երեխայի զարգացումը
- Այս շաբաթ ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները
- Խնամքի վերաբերյալ խորհուրդներ
- Խորհուրդներ զուգընկերների համար
- Բժշկի այցերը
- Խորհուրդ տրվող ապրանքատեսակներ
- Հատուկ նկատառումներ
Հղիության 27-րդ շաբաթում ձեր երեխան զբաղված է լինելու իր ուղեղում նոր նյարդային կապեր ստեղծելով, ինչպես նաև նա մարզելու է այն մկանները, որոնք անհրաժեշտ են նրան ծնվելուց հետո շնչելու համար։ Իսկ այդ ժամանակ դուք գտնվելու եք ձեր հղիության 2-րդ եռամսյակի վերջին շաբաթում։
Քանի՞ ամիս է 27 շաբաթական հղիությունը։ 6 ամիս և 3 շաբաթ
Ո՞ր եռամսյակն է։ 2-րդ եռամսյակ
Քանի շաբաթ է մնացել։ 13 շաբաթ
Ձեր երեխայի զարգացումը 27-րդ շաբաթում
Հղիության 27-րդ շաբաթում երեխայի երկարությունը նրա գլխի գագաթից մինչև հետույքը կազմում է մոտ 24,4 սանտիմետր, իսկ նրա հասակը՝ հաշված նրա գլխի գագաթից մինչև կրունկները կազմում է մոտավորապես 34,7 սանտիմետր։ Այս շաբաթ ձեր երեխան կշռելու է մոտ 1039 գրամ։
Ուղեղը
Ձեր երեխայի ուղեղը այժմ ավելի ակտիվ է, քան այն երբևէ եղել է։ Ուղեղի տարբեր հատվածներում ձևավորվում են նեյրոններն ու սինափսները (այն հատվածը, որտեղ իրար հանդիպում են ուղեղի բջիջները), որոնք սկսում են ստեղծել բարդ միացումների մի նոր համակարգ։
Թոքեր
Ձեր երեխայի թոքերը շարունակում են հասունանալ և պատրաստվել ծնվելուց հետո շնչելուն։ Թոքերի մանր օդատար բշտերը (ալվեոլներ) գնալով ընդլայնվում են, ինչը կօգնի երեխային ծնվելուց հետո շնչել և կատարել գազափոխանակություն, միևնույն ժամանակ նաև թոքերի բջիջները արտադրում են քիչ քանակությամբ սուրֆակտանտ, ինչը անհրաժեշտ է ալվեոլներին սմքելուց պաշտպանելու համար։
Երեխան նաև կատարում է ամնիոտիկ հեղուկի «պրակտիկ ներշնչումներ», ինչը թոքերի զարգացմանը նպաստող շատ կարևոր պայման է։ Երեխան իր ժամանակի 10-20%-ը ծախսում է այդ պրակտիկ ներշնչումները կատարելու վրա։
Ապրելիությունը արգանդից դուրս
27 շաբաթականից շուտ ծնված երեխաները համարվում են ծայրահեղ անհաս և պահանջում են խնամքի բարձր մակարդակ։ Սակայն հետազոտությունները փաստում են, որ 27-րդ շաբաթում ծնված երեխաների 90%-ը գոյատևում են նորածնային ինտենսիվ խնամքի բաժանմունքում ստացած աջակցող միջոցառումների շնորհիվ։
Այս շաբաթ ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները
Հղիության 3-րդ եռամսյակին մոտենալը իր հետ սովորաբար բերում է նաև ախտանիշների և հղիության հետ կապված դիսկոմֆորտների մի նոր հավաքակազմ։ Այս շաբաթ դուք կարող եք նկատել կրծքերի և թութքի էական աճ, քանի որ հղիության հետ կապված հորմոնները շարունակում են ազդել ձեր օրգան համակարգերի վրա (ներառյալ մարսողության) և դուք շարունակում եք կայուն կերպով ավելացնել քաշ։
Կրծքերի աճը
Քաշի առողջ ավելացումը կազմում է հղիության անհրաժեշտ մասը։ Քաշի ավելացման մի մասը բաժին է ընկնում ձեր մեջ աճող երեխային, ընկերքին, ամնիոտիկ հեղուկին և արգանդին։ Ձեր օրգանիզմի արտադրած հավելյալ արյունը, ինչպես նաև ձեր օրգանիզմում պահվող ջուրը նույնպես դեր են խաղում քաշի ավելացման մեջ։ Թերևս զարմանալի չէ, բայց ձեր կրծքերը նույնպես պատասխանատու են հղիության ընթացքում ավելացած քաշի մի մասի համար։
Սովորաբար կրծքերի չափսերը կախված են նրանց միջի ճարպային հյուսվածքի քանակից։ Իսկ հղիության ընթացքում կրծքերի ներսում աճում են կաթ արտադրող հյուսվածքները, որոնք պատրաստվում են երեխայի ծնվելուն։ Այս հյուսվածքի աճը փոխում է ձեր կրծքերի ձևը և քաշը։
Թութք
Թութքը շատ տարածված է հղիության այս շրջանում՝ այն առաջանում է հղի կանանց մոտավորապես 25-35%-ի մոտ։ Փորկապության պատճառով աղիքների գործելու ժամանակ ճիգեր գործադրելը, ինչպես նաև ձեր աճող արգանդի կողմից դեպի ներքև ճնշման գործադրումը կարող են բերել ձեր ուղիղ աղիքի անոթների լայնացման։ Թութքը կարող է ցավոտ լինել, քոր գալ և արյունահոսել։ Այն կարող է նաև աղիքները դատարկելու գործընթացը դարձնել բավականին ցավոտ։
Խնամքի վերաբերյալ խորհուրդներ
Կրծքերի փոփոխությունները և թութքը դասվում են հղիության հետ կապված ախտանիշների շարքին, որոնք նաև շատ տարածված են հետծննդաբերական շրջանում։ Այդ իսկ պատճառով դեռևս հղիության ընթացքում սովորելը, թե ինչպես պայքարել այս խնդիրների դեմ, ոչ միայն կօգնի ձեզ զգալ ավելի հարմարավետ, այլ նաև այդ գիտելիքները կծառայեն ձեզ ինչպես եկող շաբաթների ընթացքում, այնպես էլ ծննդաբերությունից հետո։
Պայքարը մեծացած կրծքերի դեմ
Որոշ հղի կանանց մոտ հղիության ընթացքում կրծքերի չափսերի փոփոխությունները չնչին են լինում, բայց ոմանց մոտ այդ փոփոխությունները լինում են ակնառու։ Ավելի մեծ և ծանր կրծքերը կարող են անհարմարություն պատճառել և բերել մեջքի ցավի, հատկապես, եթե ձեր մինչև հղիությունը ունեցած կրծկալները նախատեսված չեն հավելյալ քաշը պահելու համար։ Անհարմարությունը նվազեցնելու համար դուք կարող եք՝
- Համոզվեք, որ դուք ունեք հարմարավետ, աջակցող կրծկալ, որը համապատասխանում է ձեր կրծքերի փոխված չափսերին։
- Ընտրեք ավելի լայն և բարձիկներով ամրացման հատվածներով կրծկալներ, որոնք ավելի լավ են բաշխում ծանրությունը և նվազեցնում են ուսերի շրջանում առաջացող դիսկոմֆորտը։
- Եթե գիշերը անկողնում քնելուց անհարմարություն եք զգում, ապա փորձեք քնել հարմարավետ սպորտային կրծկալներով։
- Եթե ձեր կրծքերի փոփոխության հետ կապված ունեք որևէ անհանգստություն, ապա այդ մասին խոսեք ձեզ հսկող բժշկի հետ։
Պայքարը թութքի դեմ
Հղիության առաջ գնալու և ձեր փորիկի մեծանալու և ծանրանալու հետ մեկտեղ թութքը կարող է դառնալ լուրջ խնդիր։ Ահա մի քանի տարբերական՝ ձեր դիսկոմֆորտը թեթևացնելու համար․
- Խուսափեք երկար ժամանակ կանգնած մնալուց։
- Աղիքների գործունեությունը կանոնավոր պահելու համար օգտագործեք բավականաչափ բջջանք պարունակող առողջ սնունդ, ինչպիսին են՝ ամբողջական ցորեն, կտավատ, մրգեր իրենց կլեպով, բանջարեղեն, շագանակագույն բրինձ և ոսպ։
- Ձեր մարսողական համակարգը շարժման մեջ պահելու և կղանքը փափուկ պահելու համար շատ ջուր խմեք։
- Աղիքները դատարկելիս ճիգեր մի գործադրեք (փորկապության պատճառով ճիգեր գործադրելը իրականում կարող է բերել թութքի առաջացման)։
- Պարբերաբար մարզվեք՝ աղիքների գործունեությանը նպաստելու համար։
- Լոգանք ընդունեք՝ նստելով տաք կամ սառը ջրով թասի մեջ։ Դուք կարող եք գնել հատուկ այս նպատակի համար նախատեսված թասեր, որոնք հագցվում են հենց զուգարանակոնքի վրա, կամ կարող եք պարզապես այս նպատակով լոգարանում մի քանի սանտիմետր ջուր լցնել։
- Խոսեք ձեր բժշկի հետ կղանքը փափկացնող անվնաս միջոցների և ցավն ու քորը թեթևացնող քսուքների մասին։
27-րդ շաբաթվա ձեր անելիքների ցանկը
- Կերեք առողջ սնունդ, այդ թվում նաև բջջանքի մեծ քանակությամբ մթերքներ
- Խմեք շատ քանակությամբ առողջ հեղուկներ
- Գտեք հարմարավետ, աջակցող կրծկալ
- Ձեր գնումների ցանկին ավելացրեք բջջանքով և մագնեզիումով հարուստ մթերքներ
- Սկսեք ուսումնասիրել ավտոմեքենայի մանկական նստատեղի տարբերակները
Խորհուրդներ զուգընկերների համար
Շատ հիվանդանոցներ պահանջում են, որ մինչև երեխային ծննդատնից տուն տանելը ծնողները ավտոմեքենայի մեջ ունենան ճիշտ տեղադրված և նորածինների համար նախատեսված ավտոմեքենայի մանկական նստատեղ։ Ձեր հղի զուգընկերը ամենայն հավանականությամբ արդեն ուսումնասիրել է մանկական նստատեղերի տարբեր տեսակներ, սակայն եթե դա այդպես չէ, ապա սա այն պարտադիր բաներից մեկն է, որը դուք կարող եք ինքնուրույն ընտրել։ Մինչև ավտոմեքենայի մանկական նստատեղ ընտրելը՝
- Իմացեք, որ մասնագետները խորհուրդ են տալիս, որ նորածինները և երեխաները ավտոմեքենայում երթևեկեն դեմքով դեպի հետ՝ որքան հնարավոր է երկար։ Ինչպես միայն նորածինների համար նախատեսված, այնպես էլ ձևափոխվող նստատեղերը առաջարկում են այս տարբերակները, բայց տարբեր ապրանքատեսակներ և արտադրողներ ունենում են դեպի հետ նայող ավտոմեքենայի նստատեղերի համար հասակի և քաշի տարբեր սահմանափակումներ։
- Կրկին մտածեք՝ մինչև օգտագործված ապրանք գնելը։ Սպառողների զեկույցները խորհուրդ են տալիս խուսափել ավտոմեքենայի օգտագործված մանկական նստատեղ գնելուց, քանի որ այդ դեպքում դժվար է լինում որոշել վթարների պատմությունը, պիտանելիության ժամկետը և ապրանքի հետ կապված խնդիրները։
- Եթե ավտոմեքենայի մանկական նստատեղը տեղադրելու հետ ունենում եք խնդիրներ, ապա օգնություն խնդրեք մասնագետներից։ Ձեզ կարող են օգնել խանութի վաճառողները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանները։
Ձեր բժշկի աշխատասենյակում
Հիվանդությունների վերահսկման կենտրոնը խորհուրդ է տալիս, որ բոլոր հղի կանայք՝ հղիության 27-36-րդ շաբաթների ընթացքում ստանան կապույտ հազի պատվաստում։ Քանի որ նորածինները մինչև 2 ամսականը չեն կարող պատվաստվել կապույտ հազի դեմ, ապա շատ կարևոր է, որ դուք պատվաստման շնորհիվ ձեր օրգանիզմում սինթեզեք հակամարմիններ և դրանք մինչև ծնվելը փոխանցեք ձեր երեխային։
Հակամարմիններ սինթեզելու և դրանք երեխային փոխանցելու համար անհրաժեշտ է ժամանակ։ Ձեր հակամարմինային պատասխանը առավելագույնին հասցնելու համար լավ կլինի, որ պատվաստվեք հղիության 27-րդ շաբաթին որքան հնարավոր է մոտ ժամկետներում։ Պատվաստանյութը անվտանգ է ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար։
Պատվաստման ամենատարածված կողմնակ ազդեցություններ են՝
- Ներարկման հատվածում ցավ, կարմրություն կամ այտուցվածություն
- Մարմնի ցավեր
- Հոգնածություն
- Տենդ
Պատվաստվելուց հետո դուք այլևս չեք վարակվել կապույտ հազով և բնականաբար չեք փոխանցի այն ձեր երեխային, իսկ ձեր իմունիտետի շնորհիվ՝ ծնվելուց հետո ձեր երեխան ավելի լավ պաշտպանված կլինի այդ հիվանդության դեմ։ Սակայն այլ մարդիկ, որոնք պատվաստված չեն այս հիվանդության դեմ, միևնույնն է կարող են այս լուրջ հիվանդությունը փոխանցել ձեր երեխային։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ բացի ձեզնից նաև ձեր զուգընկերը և նաև այն մարդիկ, որոնք երեխայի ծնվելուց հետո նրա հետ լինելու են սերտ շփման մեջ, նույնպես ստանան կապույտ հազի պատվաստում։
Առաջիկա բժշկի այցերը
Ձեր հերթական ռուտին պրենատալ այցը ամենայն հավանականությամբ կլինի 28-րդ շաբաթում (հաջորդ շաբաթ)։
Առաջիկա հետազոտությունները կարող են լինել՝
- Հաջորդ շաբաթ ռեզուս հակամարմինների (Rh) հետազոտություն
- 32-րդ շաբաթից հետո բարձր ռիսկային հղիությունների հետազոտություններ
Խորհուրդ տրվող ապրանքատեսակներ
Անգամ եթե պլանավորում եք երեխայի ծնվելուց հետո նրա նորածնային շրջանում տնից դուրս չգալ, ապա միևնույնն է ձեզ անհրաժեշտ է լինելու ավտոմեքենայի անվտանգ մանկական նստատեղ, որը պետք է երեխային հիվանդանոցից կամ ծննդատնից տուն բերելու, ինչպես նաև բժշկին այցելելու համար (ինչը առաջին տարվա ընթացքում բավականին հաճախ եք անելու)։
Ձեր ընտանիքի ապրելաոճին համապատասխան մեքենայի մանկական նստատեղ ընտրելը բավականին շատ ուսումնասիրություններ է պահանջում։ Ընտրության շրջանակը նեղացնելու համար կարող եք ծանոթանալ անվտանգության ներկայիս ուղեցույցներին, ինչպես նաև խորհուրդ հարցնել վստահելի ընտանիքներից, ընկերներից կամ մասնագիտական աղբյուրներից։
Հատուկ նկատառումներ
Հղիության 20-րդ շաբաթականից սկսած ձեզ հսկող բժիշկը ամենայն հավանականությամբ սկսել է չափել ձեր արգանդի չափսերը (որը հայտնի է հատակի բարձրություն անվամբ), ինչը օգնում է հետևել ձեր երեխայի աճին։ Եթե պրենատալ զննման ժամանակ ձեր բժիշկը նշում է, որ ձեր արգանդը զգացվում կամ չափվում է ավելի փոքր, քան կանխատեսվում էր այդ շաբաթում, ապա նա կարող է նշանակել գերձայնային հետազոտություն՝ երեխայի աճը ստուգելու համար։
Ներարգանդային աճի հապաղում
Ներարգանդային աճի հապաղումը (ՆԱՀ) նշանակում է, որ երեխան կանխատեսվածի պես չի աճում։ Բացի արգանդի հատակից կանխատեսվածից փոքր բարձրությունը և գերձայնային հետազոտության չափումները, դուք հնարավոր է չունենաք ՆԱՀ-ի այլ ակնառու նշաններ։
ՆԱՀ-ը ունի մի շարք պատճառներ, ներառյալ մոր և երեխայի առողջության հետ կապված գործոնները, կամ հղիության հետ կախված որևէ խնդիր, օրինակ՝ ընկերքի տեղակայման հետ կապված խնդիրներ։ Հղիության ընթացքում տարբեր միջոցների, ինչպիսին են՝ ալկոհոլը, թմրանյութերը կամ ծխելը, չարաշահումը կարող են բերել աճի հետ կապված խնդիրների։ Այս խնդիրը բուժելու համար ձեր բժիշկը պետք է գտնի և բուժի դրա հիմքում ընկած պատճառը։ Բուժումը նաև կարող է ներառել՝
- Ավելի հաճախ մոնիտորինգ
- Գերձայնային հետազոտություն
- Բարձր ռիսկային հղիություններին հատուկ հետազոտություններ, օրինակ՝ ոչ-սթրեսային թեստ, կծկումների թեստ և բիոֆիզիկական պրոֆիլ
- Անկողնային ռեժիմ
- Ամբուլատոր բուժում՝ ներերակային սնուցման և այլ դեղորայքներով
Մի քանի խոսք MyKid-ից
Հաջորդ շաբաթ ձեր հղիության 3-րդ եռամսյակի առաջին շաբաթն է, ինչի հետ միասին նաև սկսելու եք ավելի հաճախակի այցելել ձեզ հսկող բժշկին, ինչը նշանակում է, որ դուք ավելի շատ հնարավորություններ կունենաք ձեզ հուզող հարցերը ձեր բժշկի հետ քննարկելու համար։ Այս ժամանակը նաև օգտագործեք ձեզ հսկող բժշկի հետ ավելի լավ հարաբերություններ ձևավորելու համար, որպեսզի միասին ավելի վստահ անցնեք դեպի ձեր հղիության վերջին շրջանը և պատրաստ լինեք դիմավորել ձեր երեխային։