Ձեր հղիության 21-րդ շաբաթը
Այս հոդվածում
- Երեխայի զարգացումը
- Այս շաբաթ ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները
- Ախտանիշներ
- Խորհուրդներ զուգընկերների համար
- Հատուկ նկատառումներ
21-րդ շաբաթում արդեն սկսվում է ձեր հղիության 2-րդ կեսը։ Երեխայի մեծանալուն հետ մեկտեղ դուք կկարողանաք ավելի շատ զգալ նրա շարժումները։ Ինչպես նաև հնարավոր է սկսեք ձեզ վրա զգալ օրգանիզմում պահվող հավելյալ հեղուկների ազդեցությունը։
Քանի՞ ամիս է 21 շաբաթական հղիությունը։ 5 ամիս և 1 շաբաթ
Ո՞ր եռամսյակն է։ 2-րդ եռամսյակ
Քանի՞ շաբաթ է մնացել։ 19 շաբաթ
Ձեր երեխայի զարգացումը 21-րդ շաբաթում
21-րդ շաբաթում երեխայի գլխի գագաթից մինչև նրա հետույքը ընկած երկարությունը կազմելու է մոտավորապես 18,1 սանտիմետր։ Երեխայի հասակը՝ հաշված նրա գլխի գագաթից մինչև նրա կրունկները լինելու է մոտ 25,9 սանտիմետր։ Այս շաբաթ երեխան կշռելու է մոտավորապես 398 գրամ։
Մարսողություն
Դեռևս երեխայի սննդանյութերի մեծ մասը նրան է հասնում ընկերքի միջոցով։ Բայց դա չի խանգարում, որ նրա մարսողական համակարգը զարգանա և հասունանա՝ պատրաստվելով ծնվելուց հետո գործելուն։
- Ենթաստամոքսային գեղձը սկսում է արտադրել հատուկ ֆերմենտներ, որոնք ճեղքում են սնունդը՝ նպաստելով մարսողությանը
- Բարակ աղիքները գնալով երկարում են և սկսում են երեխայի կուլ տված ամնիոտիկ հեղուկից (պտղաջրեր) ներծծել որոշ սննդանյութեր
Արյան կարմիր բջիջներ
Մինչև այս պահը ձեր երեխայի արյան կարմիր բջիջների մեծ մասը արտադրում էր նրա լյարդը։ Բայց այժմ այդ գործը իր վրա է վերցնում ոսկրածուծը։ 24-րդ շաբաթից սկսած ոսկրածուծը դառնում է երեխայի արյան կարմիր բջիջների հիմնական արտադրողը։
Կոպեր
Ձեր երեխայի կոպերը, որոնք 11-րդ շաբաթից սկսած փակված և միացած էին միմյանց, արդեն սկսում են առանձնանալ։
Այս շաբաթ ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները
Այս շաբաթ դուք կարող եք դեռևս ունենալ՝
- Մեջքի ցավ
- Հակում դեպի սնունդը
- Մոռացկոտություն
- Սրտխառնոց
- Ոտքերի մկանների ջղաձգումներ
- Քթի փակվածություն
- Կլոր կապանի ցավ
- Մաշկի փոփոխություններ
Հղիությունը նաև փոփոխության է ենթարկում ձեր արյան շրջանառությունը։ Դրա պատճառով դուք կարող եք ձեր ոտքերի և հատկապես սրունքների հատվածում նկատել այտուցվածություն կամ վարիկոզ լայնացած երակներ։
Այտուցներ
Միայն ձեր փորիկը չէ, որ գնալով մեծանալու է։ Ձեր ոտնաթաթերն ու սրունքները նույնպես մեծանալու են։ Հղի կանանց մինչև 80%-ի մոտ դիտվում է ոտքերի տարբեր աստիճանի այտուցվածություն։ Ոտնաթաթերի և սրունքների այտուցվածությունը սովորաբար ավելի է ուժգնանում՝
- Օրվա վերջում
- Երկար ժամանակ կանգնած կամ նստած մնալուց հետո
- Տաք եղանակին
Վարիկոզ լայնացած երակներ
Վարիկոզ երակները այտուցված, ոլորված երակներ են, որոնք ունեն մանուշակագույն կամ կապույտ գունավորում և արտափքվում են մաշկի մակերեսից։ Այս խնդիրը ավելի տարածված է հղիների մոտ, ինչը կապված է հղիության ընթացքում արգանդի քաշի ավելացման, հորմոնային փոփոխությունների և օրգանիզմում հեղուկների հավելյալ քանակի պահման հետ։
Վարիկոզ լայնացած երակները կարող են լինել ցավոտ, առաջացնել ոտքի մկանների ջղաձգումներ, կամ բերել ոտքերում ծանրության զգացողության առաջացման։ Նրանք սովորաբար արտահայտված են լինում ոտքերի վրա, բայց նաև կարող են առաջանալ ամոթույքի կամ ուղիղ աղիքի հատվածում։ Ուղիղ աղիքում՝ հետանցքից ներս տեղակայված վարիկոզ լայնացած երակները ավելի հայտնի են թութք անվանմամբ։
Պայքարը այտուցների դեմ
Դուք ոչինչ չեք կարող անել ձեր օրգանիզմում պահվող հավելյալ հեղուկների, ինչպես նաև հորմոնային այն փոփոխությունների հետ, որոնք բերում են ոտքերի այտուցվածության, սակայն դուք կարող եք փորձել նվազեցնել դիսկոմֆորտը։
- Շատ հեղուկ խմեք։ Չնայած նրան, որ սա կարող է լոգիկայից դուրս թվալ, սակայն շատ հեղուկներ խմելը կարող է օգնել օրգանիզմից հեռացնել այն արգասիքները, որոնք կարող են բերել այտուցների առաջացման։ Որքան հնարավոր է շատ հակված եղեք որպես հիմնական հեղուկ օգտագործել ջուրը։
- Փոխեք ձեր գուլպաները։ Գնեք հատուկ էլաստիկ, աջակցող գուլպաներ։
- Փոխեք ձեր դիրքը։ Ձգողության ուժը հեղուկները քաշում է ներքև, դրա համար նստած կամ պառկած դիրքում փորձեք ոտքերը որքան հնարավոր է բարձր պահել։ Եթե ստիպված եք երկար ժամանակով կանգնած մնալ, ապա օգտագործեք աթոռակ՝ նրա վրա մեկ ոտքը հենելու համար։
- Շարժվեք։ Օրվա ընթացքում մի փոքր մարզվեք կամ կարճ դադարներ վերցրեք և պարզապես քայլեք սենյակով մեկ։
- Մտեք ջրի մեջ։ Եթե ձեր բժիշկը ասում է, որ դուք կարող եք լողալ կամ լոգանք ընդունել, ապա արեք դա։ Ձեր մարմնից դուրս գտնվող հեղուկի գործադրած ճնշման շնորհիվ ձեր ոտքերում կուտակված հավելյալ հեղուկը ետ կմղվի դեպի ձեր երակային համակարգ, ինչը կօգնի նվազեցնել այտուցվածությունը։ Եթե չեք կարող լողալ կամ լոգանք ընդունել, ապա պարզապես դրեք ձեր ոտքերը տաք ջրով թասի մեջ։
- Փոխեք ձեր կոշիկները։ Հնարավոր է կարիք լինի փոխել կոշիկի չափսը կամ ընդհանրապես անցնել այլ ոճի կոշիկների, որպեսզի գտնեք ձեր այտուցված ոտքերի համար հարմարավետ կոշիկ։
Պայքարը վարիկոզ լայնացած երակների դեմ
Դեպքերի մեծամասնությունում բժիշկները անհրաժեշտություն չեն գտնում հղիության ընթացքում բուժել այտուցվածությունը կամ վարիկոզ լայնացած երակները։ Վերջիններս սովորաբար ինքնուրույն անցնում են՝ երեխայի ծնվելուց հետո։ Բայց դուք կարող եք փորձել կանխարգելել կամ թեթևացնել վարիկոզ լայնացած երակների առաջացումը։
- Փորձեք երկար ժամանակ նույն դիրքում կանգնած կամ նստած չմնալ։
- Որքան հնարավոր է շատ բարձր պահեք ձեր ոտքերը։
- Հնարավորության դեպքում շարժվեք և մարզվեք։
- Փորձեք չխաչել ձեր ոտքերը։
- Հետևեք հղիության ընթացքում քաշի ավելացման խորհուրդ տրվող ուղեցույցերին։
- Քնեք ձախ կողքի վրա թեքված։
- Կրեք հարմարավետ ու լայն հագուստ և ներքնազգեստ։
- Փորկապությունը կանխելու համար սնվեք առողջ և բալանսավորված, ինչպես նաև խմեք շատ հեղուկներ։
- Աղիքները դատարկելիս ճիգեր մի գործադրեք։
21-րդ շաբաթի ձեր անելիքների ցանկը
- Խմեք շատ քանակությամբ առողջարար հեղուկներ։
- Կատարեք ձեզ համար անվնաս ֆիզիկական ակտիվություն։
- Հնարավորության դեպքում բարձր պահեք ձեր ոտքերը։
- Խոսեք ձեր անհանգստությունների մասին ձեր զուգընկերոջ հետ։
Խորհուրդ զուգընկերների համար
Հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսը կարող է անդրադառնալ հղիության ընթացքի և երեխայի վրա։ Այն նաև կարող է ազդել ձեր ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Դուք կարող եք փորձել ձեր ընտանիքին առողջ պահել՝ անելով ամեն-ինչ, որպեսզի նվազեցնեք ձեր և ձեր զուգընկերոջ սթրեսը, ներառյալ՝
- Պարբերաբար մարզվեք
- Փորձեք հանգստացնող տեխնիկաներ, օրինակ՝ խորը շնչառությամբ վարժություններ, մկանների պրոգրեսիվ ռելաքսացիա և մեդիտացիա։
- Սովորեք ճանաչել սթրեսի նշանները։
- Շուտ պառկեք քնելու։
- Տան հետ կապված որոշ գործերի փոխարեն փորձեք ուրիշ որևէ զվարճալի բանով զբաղվել։
- Եթե կարող եք, ապա մի օր արձակուրդ վերցրեք՝ միասին ժամանակ անցկացնելու համար։
- Խոսեք միմյանց հետ այն բաների մասին, որոնք ձեզ անհանգստացնում են։
- Անհրաժեշտության դեպքում՝ սթրեսի դեմ պայքարելու համար, խոսեք հոգեկան առողջության ոլորտի մասնագետի հետ։
Սթրեսը մեր ամենօրյա կյանքի նորմալ մասն է կազմում, և միշտ չէ, որ այն վատ է։ Սթրեսը կարող է մոտիվացնել և դրդել ձեզ, որ ձեր կյանքում կատարեք դրական փոփոխություններ (կամ պարզապես պատրաստեք ապագա երեխայի սենյակը)։ Բայց եթե սթրեսը դառնում է ընկճող, ապա շատ կարևոր է դրա դեմ պայքարի համար քայլել ձեռնարկելը։
Բժշկի առաջիկա այցերը
- Ձեր հաջորդ ռուտին պրենատալ այցը ամենայն հավանականությամբ լինելու է 24-րդ շաբաթում։
- Դուք կարող եք սպասել, որ 24-28-րդ շաբաթների ընթացքում կանցնեք գեստացիոն դիաբետի սքրինինգային հետազոտություն։
Հեշտոցային արյունահոսություն
Հղիության ընթացքում շատ բաներ կարող են բերել հեշտոցային արյունահոսությանը։ Որոշ խնդիրներ շատ չնչին են և ոչ ձեր, ոչ էլ ձեր երեխայի համար որևէ վտանգ չեն ներկայացնում։ Որպես օրինակ՝ դուք կարող եք ունենալ թեթև արյունահոսություն՝
- Սեռական հարաբերությունից հետո
- Բժշկի մոտ կոնքի հետազոտությունից հետո
- Եթե ձեր արգանդի պարանոցը բորբոքված է կամ այն ունի գերաճ (պոլիպ)
Սակայն արյունահոսությունը երբեմն կարող է բարդության զարգացման նշան լինել, օրինակ՝
- Ինֆեկցիա
- Ցածր տեղակայված պլացենտա
- Արգանդի պարանոցի վաղաժամ բացվել
- Վաղաժամ ծննդաբերություն
- Պլացենտայի շերտազատում արգանդից
Մինչդեռ արյունահոսության որոշ պատճառներ անվտանգ են, սակայն դուք չեք կարող դա իմանալ, քանի դեռ չեք հետազոտվել։ Այդ իսկ պատճառով ցանկացած արյունահոսությանը վերաբերվեք որպես անհետաձգելի վիճակի՝ մինչև չապացուցվի հակառակը։ Անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ կամ գնացեք շտապ բուժօգնության բաժանմունք՝ հետազոտվելու համար։ Պատճառը իմանալը կարող է օգնել ձեզ հանգստանալ, ինչպես նաև դա կարող է օգնել ձեր բժշկին որքան հնարավոր է շուտ սկսել բուժել առաջացող բարդությունները։
Մի քանի խոսքի MyKid-ից
Հղիության առաջին կեսի ընթացքում դուք գուցե ունեցել եք հղիության թեստի դրական պատասխան, լսել եք երեխայի սրտի զարկերը և գերձայնային հետազոտությամբ տեսել եք ձեր երեխայի պատկերը։ Բայց այժմ՝ հղիության 2-րդ կեսում, երբ դուք արդեն տեսնում եք, թե ինչպես է մեծանում ձեր փորը և փորից ներս զգում եք երեխայի խաղը, այդ ամենը հղիությունը դարձնում է ավելի իրական։
Հաջորդ շաբաթ ձեր երեխան կսկսի բացահայտել շոշափելիքի զգայարանը, իսկ դուք կսկսեք զգալ, թե ինչպես է ձեր արգանդը երբեմն ինքնաբերաբար ձգվում։