Ձեր 11 ամսական երեխայի զարգացումը
11 ամսականում ձեր երեխայի համար հիմնական կետերն ու ամենօրյա խորհուրդները
Ձեր փոքրիկի ծննդյան առաջին տարեդարձին մոտենալուն զուգահեռ՝ դուք, հավանաբար, շատ տարբեր հույզեր եք զգում: Դուք ունեք ևս մեկ ամիս, երբ եր երեխան դեռ պաշտոնապես ձեր մանկիկն է, ուրեմն կլանեք հնարավորինս ամեն ինչ այդ մեկ ամսում: Ահա այն ամենն ինչ կարող եք ակնկալել ձեր երեխայի մանկահասակության վերջին ամսվա ընթացքում:
Պետք է իմանալ՝
- Թույլ տվեք ձեզ զգալ
- Ինքներդ ձեզ տվեք սահմանված կարգը խախտելու թույլտվություն
- Իմացեք, որ պարտադիր չէ ծննդյան օրը ճոխ նշել
Ձեր երեխայի առաջին ծննդյան տարեդարձին մոտենալուն զուգահեռ, թույլ տվեք ինքներդ ձեզ զգալ այս հուզական ժամանակահատվածը: Որտե՞ղ գնաց անցած տարին: Ինչպե՞ս այդքան արագ անցավ: Ինչպե՞ս կարող է երկրի վրա այդքան դժվարը և այդքան հրաշալին միաժամանակ գոյություն ունենալ: Սրանք այն հարցերն են, որոնք բոլոր ծնողները տալիս են իրենք իրենց, ուստի մենք ամբողջությամբ դա հասկանում ենք:
Ձեր երեխայի գալիք ծննդյան առաջին տարեդարձի հանգամանքը կարող է շատ հույզեր առաջացնել, այնպես որ այս ամիս որոշ ժամանակ հատկացրեք այդ հուզական ապրումների միջով անցնելու համար: Անկախ նրանից, թե ձեզ պետք է լաց լինել, հեկեկալ ձեր երեխայի նորածին ժամանակվա հագուստի վրա, որը արդեն վաղուց հավաքել և պահել էիք , կամ ստեղծել 100 էջանոց ֆոտո ալբոմ` ձեր երեխայի առաջին տարին վերհիշելու համար, արեք այն, ինչ ձեզ հարկավոր է: Այդ կերպ, երբ ձեր երեխայի ծննդյան առաջին տարեդարձի օրը վերջապես գա, դուք պատրաստ կլինեք ժպիտը ձեր դեմքին տոնել այն:
Արդեն 11 երկար ամիս է, ինչ դուք սահմանել եք ձեր փոքրիկի համար առօրյա ռեժիմ, քնի ժամանակացույց և առողջ սովորություններ, բայց այս ամիս, ինքներդ ձեզ թույլ տվեք խախտել այդ սահմանված կարգը: «Հանգստյան օր» վերցրեք և ձեր փոքրիկի համար արկածներ ստեղծեք՝ զանգահարեք և ընկերոջը հրավիրեք նախաճաշի, ծանոթացրեք ձեր երեխային մանկական շատրվանների կամ փակ ջրային զբոսայգիների ուրախության հետ:
Եկեք անկեղծ լինենք, ձեր երեխան գաղափար չունի, թե ինչ է ծննդյան տարեդարձը և գաղափար չի էլ ունենա, եթե հսկայական, Pinterest-ում կամ Instagram-ում հրապարակման արժանի երեկույթ չկազմակերպեք: Հետևաբար, մի անհանգստացեք, եթե զգում եք, որ չունեք տարածք, էներգիա, կարողություն կամ ֆինանսներ ձեր երեխայի առաջին ծննդյան տարեդարձը տոնելու համար: Ձեր փոքրիկի ծննդյան օրը դարձրեք այնպիսին, ինչպիսին ցանկանում եք, լինի դա երեկույթ կամ ընտանեկան ընթրիք` խանութից գնված թխվածքներով:
Ձեր մեծացող երեխան
11 ամսականում աղջիկներից շատերը կշռում են 8.7 կգ և ունեն 72.9 սմ հասակ, մինչդեռ տղաների մեծամասնությունը կշռում են միջինը 9.4 կգ և ունեն 74.7 սմ հասակ:
Ձեր երեխայի զարգացման մեջ ամենամեծ փոփոխություններից մեկը, որը տեղի է ունենում, երբ նա կամաց-կամաց սկսում է քայլել, այն է, որ նա կկորցնի իր թմբլիկ երեխայի տեսքը և կսկի նիհարել։ Քայլելը շատ էներգիա է խլում և այդ քաղցրիկ փոքրիկ տոտիկները փոխարինվելու են ավելի նիհար և մկանոտ ոտքերով, ինչը երեխային կապահովի անհրաժեշտ հզորությամբ՝ տնով մեկ շրջելու համար։
Զարգացման հիմնաքարեր
Ահա այն ֆիզիկական և մտավոր զարգացման ցուցանիշները, որոնց կարող եք հետևել այս ամիս.
Մարմնի զարգացում
- Սողում է (չոչ է անում)
- Կանգնում է առանց օգնության
- Քայլում է և / կամ քայլեր է անում
- Մատնանշում է իրեր կամ գնում է իր ուզած իրերը վերցնելու
- Ձեռքերով վերցնում է փոքր ուտելիքները և ինքնուրույն ուտում
- Շաղակրատում և ընդօրինակում է որոշ բառեր
- Ձեռքը թափահարելով «հրաժեշտ» է անում
- Սկսում է պարզ բառեր ասել`«Մամա» և «Պապա»
- Գլորվում է մեջքից փորի վրա և փորից դեպի մեջք
- Կարողանում է դասավորել խաղալիքները, բաժակները կամ ամանները
Գլխուղեղի զարգացում
- Ավելի լավ է տեսնում գույները
- Հատուկ նախապատվություն է տալիս սննդի համերին և կառուցվածքին
- Ցույց է տալիս հետաքրքրասիրություն և ուսումնասիրում է, թե ինչպես են իրերը գործում
- Արտահայտում է մորից բաժանման անհանգստություն
- Ցույց է տալիս իր անձնային անհատականության գծերը
- Խոսքերին նշանակություն է տալիս, օրինակ՝ գնում է կոշիկները հագնելու, երբ ասում եք, որ տեղ պիտի գնաք
- Հասկանում է պարզ մեկ բառային արտահայտություններ կամ խնդրանքներ
- Սիրում է երաժշտություն և պար
- Ընդօրինակում է կենդանիների ձայներ
Երբ է պետք անհանգստանալ
Անհանգստանալ պետք է, եթե ձեր փոքրիկը չի փորձում սողալ (չոչ անել), ի վիճակի չէ ինքնուրույն նստել, կարծես չի պատասխանում ձեզ կամ չի փորձում շփվել ձեզ հետ: Այս դեպքում կապվեք ձեր երեխայի մանկաբույժի հետ:
Հուշում MyKid-ից
Խոսեք բժշկի հետ, եթե երեխան չի փորձում սողալ (չոչ անել) կամ չի կարողանում ինքնուրույն նստել:
Ձեր կյանքի մեկ օրը
11 ամսականում ձեր երեխան լինելու է ակտիվ, էներգիայով լի և պատրաստ ուսումնասիրելու իրեն շրջապատող աշխարհը: Երեխայի խնամքի ամենօրյա օրակարգը կարող է այսպիսին լինել՝
- 7.00 – Արթնանալու ժամ, կերակրում
- 8.00 – Նախաճաշ մրգերով, մածունով (յոգուրտով) կամ ձվածեղով
- 10.00 – Առավոտյան քնի ժամ
- 12:30 – Ճաշ
- 14.00 – Ցերեկային քնի ժամ
- 17.30 – Ընթրիք և ժամանց
- 19.00 – Սկսվում է քնից առաջ կատարվող ամենօրյա գործողությունները
- 19.30 – Անջատվում են լույսերը, քնելու ժամանակն է
Երեխայի խնամքի հիմունքներ
Այս տարիքում երեխաները սովորում են քայլել: Որոշ երեխաներ սկսում են քայլել իրենց ոտքերի ծայրերին: Թեև ձեր փոքրիկ բալերինան գուցե այդպես հիասքանչ տեսք ունի, այնուամենայնիվ պետք է մտածեք, արդյոք ոտքերի ծայրերին քայլելը կարող է վնասակար լինել, եթե այն կրի երկարատև բնույթ:
Բարեբախտաբար, ոտքերի ծայրին քայլելը հիմնականում լիովին նորմալ է, և ձեր երեխան ի վերջո ինքնուրույն կդադարի այդպես քայլել: Մինչ այդ, դուք կարող եք պարզապես խրախուսել ձեր փոքրիկի առաջին քայլերը և թույլ տալ նրան, որ նա ինքնուրույն հասկանա, թե ինչպես պետք է ճիշտ քայլել:
Երբ երեխան սովորում է ավելի ու ավելի վստահ քայլել տանը և ամբողջ աշխարհով մեկ, դուք կարող եք աջակցել ձեր երեխայի ձեռք բերած նոր հմտություններին՝ թույլ տալով նրան հնարավորինս շատ ոտաբոբիկ քայլել: Թեև դուք հավանաբար չեք ցանկանում թույլ տալ, որ ձեր երեխան ոտաբոբիկ վազվզի այգում, այնուամենայնիվ երբ տանն եք, թույլ տվեք, որ ձեր երեխայի ոտքերը լինեն մերկ՝ առանց գուլպաների կամ կոշիկների, որպեսզի ապահովվի լավագույն միջավայրը երեխայի քայլելու հմտությունները զարգացնելու համար:
Երեխայի կերակրումը և սնուցումը
Կրծքի կամ արհեստական կաթի 450-550 ունցիայի հետ մեկտեղ, ձեր փոքրիկի սննդակարգը պետք է ներառի նաև բավականաչափ թարմ սնունդ.
- Մրգեր
- Բանջարեղեն
- Հացահատիկ
- Յոգուրտ
- Միս կամ սպիտակուցի այլ աղբյուրներ
Այնուամենայնիվ, դուք դեռ պետք է խուսափեք խեղդելու վտանգ ունեցող սննդատեսակներից, ինչպիսիք են՝ ընկույզը, ադիբուդին և ամբողջական խաղողը:
Հաջորդ ամիսից սկսած կարող եք ձեր երեխային ծանոթացնել կովի կաթի կամ կաթի այլընտրանքային տարբերակների հետ, բայց այս ամիս շարունակեք երեխային կերակրել թարմ կամ սառեցված հալեցված կրծքի կամ արհեստական կաթով: Դուք ձեր 11 ամսական երեխային կարող եք տալ նույնիսկ ջուր կերակուրի հետ միասին, բայց խուսափեք հյութերից, եթե դա չի առաջարկվել մանկաբույժի կողմից բժշկական նկատառումներով, օրինակ՝ փորկապության դեպքում:
Եթե ձեր փոքրիկը շուտ է պարկում քնելու, կամ սովորական կերակուր ուտելու համար նրանից պահանջվում է մեկ ժամ ժամանակ, ապա պետք է ձեզ հարց տաք, արդյոք պետք է սկսել ճաշել ամբողջ ընտանիքով միաժամանակ: Այնուամենայնիվ, ապացուցված է, որ ընտանիքով սեղան նստելն ունի դրական ազդեցություններ, ինչպիսիք են փոքրիկի ցածր ՄԶԻ-ն (մարմնի զանգվածի ինդեքս) և երեխաների մոտ դրական հոգեբանական ազդեցությունը: Ուստի սկսեք հաստատել առողջ սովորություններ և ճաշեք ընտանիքի անդամներով:
Այնուամենայնիվ, եթե ընտանիքով ճաշելը հարմար չէ, մի՛ անհանգստացեք, արեք այնպես, ինչպես հարմար է և՛ ձեզ, և՛ ընտանիքին: Անկախ նրանից, արդյոք միասին եք ուտում որպես ընտանիք, թէ ոչ, միասին ուտելը նաև հիանալի հնարավորություն է ձեր երեխայի համար սեղանի շուրջ ցանկալի պահվածք ձևավորելու համար, ինչպիսիք են՝
- Սպասքի ճիշտ օգտագործումը
- Սովորական բաժակից կամ ծծակով բաժակից խմելը
- Միասին նոր կերակրատեսակներ փորձելը
Այս տարիքում ձեր երեխան կսկսի նախապատվություններ տալ որոշակի կերակուրներին և կարող է դեմքը ծամածռել կամ դեմքով զզվանք արտահայտել, երբ նրան նոր կերակուրներ առաջարկեք: Բայց հանձնվել պետք չէ: Առաջին հերթին շարունակեք երեխային տալ առողջ սնունդ և փորձեք միասին զվարճալի արկած դարձնել նոր կերակրատեսակների փորձարկումը:
Ձեռքերով կերակուր ուտելը և խառնաշփոթ ստեղծելը շատ զվարճալի է ձեր փոքրիկի համար, ուստի թույլ տվեք երեխային ուտելու ժամանակ ստեղծել իրեն հաճելի խառնաշփոթը: Այս տարիքում կարևոր է զվարճալի դարձնել ուտելու ընթացքը երեխաների համար, այնպես որ երբեք մի ստիպեք նրանց ուտել, այլ թույլ տվեք, որ իրենք ինքնուրույն անեն դա, բայց մի մոռացեք երեխային տալ առողջ և սննդարար կերակուրներ:
Չնայած ձեր երեխան շուտով դառնալու է 1 տարեկան, դուք դեռ կարող եք շարունակել երեխային կրծքով կերակրել այնքան ժամանակ, որքան ցանկանում եք, և այնքան ժամանակ, քանի դեռ փոխշահավետ է ձեզ և ձեր երեխայի համար: Եթե ցանկանում եք հղիանալ, կամ արդեն իսկ հղի եք, դուք միևնույն է կարող եք շարունակել երեխայի կրծքով կերակրումը նույնիսկ հղիության ընթացքում, եթե ցանկանաք։
Այդ ընթացքում դուք կարող եք նկատել մի շարք փոփոխություններ, օրինակ ձեր պտուկները կարող են դառնալ ավելի զգայուն, կամ ձեր երեխան նույնիսկ կարող է հրաժարվել կաթից, քանի որ նրա համը փոխվել է: Հղիության ընթացքում կրծքով կերակրումները դադարեցնելու որևէ բժշկական պատճառ չկա: Ստացեք նախածննդյան վիտամիններ, սնվեք առողջ և բալանսավորված սննդակարգով` համոզված լինելով, որ ի վիճակի եք ապահովել ձեր երկու երեխաների կաթի և սնուցման անհրաժեշտ պահանջները:
Քուն
11 ամսականում ձեր փոքրիկը պետք է լավ քնի գիշերային ժամերին, և կարող եք առավոտյան և ցերեկային քունը փոխարինել միայն մեկ ցերեկային ավելի երկար քնով: Նույնիսկ եթե ձեր երեխան սկսում է պայքարել դրա դեմ, նրան դեռ պետք է այդ ցերեկային քունը, այնպես որ հետևեք դրան: Բայց հիշեք, որ կյանքը կատարյալ չէ, երբեմն ցերեկային քունը բաց թողնելը չի փչացնի ձեր երեխայի քունը հավիտյան:
Որոշ նորածինների մոտ կարող է դիտվել նաև փոքր-ինչ քնի հետընթաց 11 ամսական հասակում՝ նրանք կարող են գիշերային քնի ընթացքում արթնանան և սկսեն ակտիվ քայլել, կամ բաց թողնեն իրենց ցերեկային քնի ժամերը։ Սա գուցե կապված է արագ աճի կամ պարզապես անցումային շրջանի հետ, երբ ձեր փոքրիկը սովորում է քայլել և հարմարվել ավելի ակտիվ ապրելակերպին: Մնացեք հետևողական և առաջարկեք հարմարավետություն, միևույն ժամանակ թույլ տվեք ձեր երեխային ինքնուրույն վերադառնալ անկողին և շարունակել քունը:
Առողջություն և անվտանգություն
Չնայած ձեր երեխան մոտենում է մանկահասակ տարիքին՝ առաջիկա ամիսների ընթացքում դեռ կշարունակեն ծկլթալ նրա կաթնատամները: Երեխայի առաջին ատամները սովորաբար սկսում են ծկլթալ մոտ 6-8 ամսականում / թեպետ ներկա պրակտիական ցույց է տալիս, որ այս տարիքն էլ է հարաբերական, քանի որ հաճախ լինում են դեպքեր,որ ատամները ծկլթում են անգամ 4 ամսականում/ և շարունակում են ծկլթալ մանկության ողջ ընթացքում:
10-ից 13 ամսականի ընթացքում ձեր երեխայի մոտ կսկսեն ծկլթալ կենտրոնական և կողմնային կտրիչները՝ ինչպես վերին, այնպես էլ ստորին լնդերի վրա: Նվազեցրեք երեխայի ատամների ծկլթման անհարմարությունը ՈՍՀԲԴ-ների (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր) քաշին համապատասխան դեղաչափերով, կամ տվեք երեխային հատուկ խաղալիքներ, որոնք նախատեսված են ծկլթող ատամների համար, կամ խոնավ, սառը թրջոցներով շփեք երեխայի լնդերը:
Այս ամիս ամենակարևոր բաներից մեկը, որ կարող եք անել, ձեր տունը անվտանգ սարքելն է ձեր փոքրիկ մագլցողի համար։ Իհարկե, բոլոր երեխաները տարբեր են, և որոշները կարող են ավելի արկածային և հետաքրքրասեր լինել քան մնացածը, բայց 11 ամսականում երեխաների մեծամասնությունը ավելի ունակ են մագլցելու տարբեր տեղեր, քան ձեզ թվում է։ Հատկապես, երբ երեխաները տեսնում են, որ այն, ինչ ուզում են նրանց հասանելի չէ, ապա նրանք կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի հասնեն իրենց նպատակին։
Ցավոք, շատ երեխաներ մագլցելու ընթացքում ստանում են տարբեր վնասվածքներ կամ խճճվում են շերտավարագույրների պարանների մեջ, ուստի նայեք տնով մեկ և հնարավորինս արեք այնպես, որ ձեր տունը անվնաս լինի ձեր փոքրիկի և իր մագլցելու նոր հմտությունների համար՝
- Տեղադրեք կողպեքներ անգամ բարձր դարակների և դռների վրա
- Վերացրեք շերտավարագույրների բոլոր պարանները ձեր տնից
- Իջեցրեք օրորոցի ներքնակը
- Համոզվեք, որ կահույքը հեռու է պատուհաններից